AM
16 Հունվար 2011 - 13:41 AMT

Բակո Սահակյանը հունվարի 15-ին այցելել է Մարտակերտի շրջան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին այցելել է Մարտակերտի շրջան: Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Հովտաշեն, Կիչան և Նոր Ղազանչի գյուղերում նախագահը հանդիպում է ունեցել տեղի համայնքների ներկայացուցիչների հետ և քննարկել առկա հիմնախնդիրները:

Այնուհետև Վանք գյուղում երկրի ղեկավարը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Մարտակերտի շրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված խնդիրներ: Նախագահը նշել է, որ Մարտակերտի շրջանը պատերազմական գործողությունների հետևանքով հանրապետության ամենատուժած շրջաններից է, որն ունի նաև հսկայական ներուժ, և շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է ճիշտ օգտագործել այդ ներուժը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ շրջանի զարգացումը գտնվում է հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ միաժամանակ շեշտելով, որ ցանկալի արդյուքների հասնելու համար կարևոր է նաև տեղում աշխատանքների ճիշտ կազմակերպումը, և այս գործում մեծ դերակատարություն ունեն համայնքները:

Մարտակերտի շրջանում իրականացվող ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: