Եթե ԵՆ-ն հեռու մնա ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանին աջակցելուց, նա չի կարողանա ակնկալել Բաքվի աջակցությունը Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: Ըստ նրա, Եվրամիությունն իր քաղաքականությունն է վարում՝ հաստատելով թե հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Ինչ վերաբերում է Բարոզուի հայտարարությանը, ապա դա նշանակում է, որ Եվրամիությունը ակտիվ աջակցություն չի ցուցաբերի Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման հարցում»,-ասել է նա: Մուսաբեկովը հիշեցրել է, որ Բարոզուն ժամանել է Բաքու Nabucco-ի և այլ նախագծերի հետ կապված առաջարկություններով: Սակայն, չի կարելի Ադրբեջանից ինչ-որ բան ստանալ կամ ակնկալել, չաջակցելով նրան այն հարցերում, որտեղ Ադրբեջանն օգնության կարիք ունի»,-հայտարարել է նա, հաղորդում է SalamNews-ը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն Բաքվում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, նշել է, որ այն պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա. տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի ու խնդրի խաղաղ լուծման: Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները թողել են Բարոզուի ելույթից միայն «տարածքային ամբողջականությունը»:





