Իսրայելում իսկապես խոսում էին, որ Հոսնի Մուբարաքը կարող է ապաստան գտնել հրեական պետությունում, բայց, դա, իհարկե, PR քայլ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է IzRus պորտալի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը: «Մուբարաքը դեռ պինդ է, և նույնիսկ եթե նրան «տապալեն», ապա նա իր համար շատ այլ վայրեր կգտնի ծերությունն անցկացնելու համար: Իսրայելում շոգ է, և հարկերը բարձր են, նրան պետք չէ հրեական պետությունը»,- նշել է նա:
Գոլդենշտեյնի կարծիքով, ողջախոհ մարդիկ Իսրայելում հուսով են, որ Մուբարաքը կմնա իշխանության ղեկին: «Այլապես արմատական իսլամիստները կարող են վերահսկողության տակ վերցնել ոչ միայն կառավարությունը, այլ նաև Մերձավոր Արևելքի ամենահզոր բանակը: Իսկ դա, ինքներդ հասկանում եք, ոչ մեկին պետք չէ»,- ասել է իսրայելցի փորձագետը:
Եգիպտոսում ցույցերը շարունակվում են արդեն 6-րդ օրը: Ցույցի մասնակիցները պահանջում են Եգիպտոսի նախագահ 82-ամյա Հոսնի Մուբարաքի անհապաղ հրաժարականը, որը երկիրը կառավարում է 1981-ից: Նրանք նաև հայտարարում են, որ երկրում պետք է անցկացվեն ժողովրդավարական բարեփոխումներ: Անկարգությունների հետևանքով մահացել է շուրջ 150 հոգի, 1000 մարդ վիրավորվել է: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն Մուբաքարի որդիների ընտանիքները գտնվում են Լոնդոնում, Եգիպտոսի նախագահը կարող է ապաստան խնդրել ցանկացած երկրում` ներառյալ Իսրայելը:





