Եգիպտոսում ԱՄՆ նախկին դեսպան Ֆրենք Ուիզները գտնվում է Կահիրեում, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացնելու Եգիպտոսի իշխանությունների և հասարակայնության ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտում տեղի ունեցած ճեպազրույցում Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, Ուիզները Կահիրե է մեկնել որպես մարդ, որը զգալի կապեր ունի տեղի քաղաքական վերնախավի հետ: «Նրա խնդիրն է իշխանության ուժերին կոչ անել անցկացնել նախագահի ընտրություններ և ընթանալ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով: Ուղևորությունից հետո նա զեկուցելու է երկրում տիրող իրավիճակի մասին ԱՄՆ վարչակազմին»,- նշել է Քրոուլին:
Քրոուլին նաև հայտնել է Եգիպտոսից ամերիկյան քաղաքացիներին տարհանելու մասին: Նրա խոսքերով, երկրից ԱՄՆ կառավարության կողմից վարձված ինքնաթիռներով տեղափոխել են շուրջ 1.2 հազար ԱՄՆ քաղաքացիների:
«Եվս 1.4 հազար մարդ տեղափոխվելու է մոտ օրերը: Երկուշաբթի օրը վեց ինքնաթիռներ 9 չվերթ են կատարելու Կահիրեից Լառնակա, Աթենք և Ստամբուլ: Երեքշաբթի օրը մարդկանց մի մասը կտեղափոխվի Ֆրանկֆուրտ: Առաջիկայում սկսվելու է Ասուանից և Լուքսորից ԱՄՆ քաղաքացիների տարհանումը»,- ասել է Քրոուլին:





