AM
2 Փետրվար 2011 - 07:47 AMT

Բաքվում Բրայզայի աշխատանքի գերակա ուղղությունը կլինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան ասել է, որ դեսպանի պաշտոնում նրա գործունեության գերակա ուղղությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է: Բրայզան նման հայտարարությամբ հանդես է եկել իր պատվին Ամերիկա-ադրբեջանական առևտրի պալատի կազմակերպած ընդունելության ժամանակ (USACC):

Բրայզան նշել է, որ իր նպատակն է խթանել երկու երկրների միջև կապերը և հավելել, որ Ադրբեջանն առաջարկում է հնարավորությունների և համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, որոնք դուրս են գալիս նավթագազային ոլորտի սահմաններից:

Մեթյու Բրայզան չի հաստատվել ԱՄՆ Սենատի կողմից, այլ դեսպան է նշանակվել նախագահ Բարաք Օմաբայի կողմից: ԱՄՆ Սահմանադրության համաձայն, նախագահի առաջարկած թեկնածուներին պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: Սակայն այն շրջանում, երբ Կոնգրեսը նստաշրջանների միջև արձակուրդում է գտնվում, նախագահը կարող է միանձնյա կադրային նշանակումներ իրականացնել:

Նախագահի հրամանը նրա ընտրյալին հնարավորություն է տալիս անմիջապես ձեռնամուխ լինել նոր պարտականություններին` չսպասելով սենատի հաստատմանը: Բայց այն դեպքում, եթե սենատորները չհաստատեն թեկնածությունը մինչև Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի ավարտը (2011-ի նոյեմբեր-դեկտեմբեր), այդ հրամանը կդադարի գործել:

Նախագահն իրավունք ունի նշանակում կատարել առանց Կոնգրեսի հավանության, եթե այս կամ այն թեկնածուն սպասում է քննարկման 147 օր: