ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հայց է ներկայացրել ընդդեմ Armplus.am կայքի՝ « 1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանադալ է հասունանում» հրապարակման համար։
Հայցադիմումի համաձայն՝ հոդվածում կատարված հրապարակային արտահայտությունները և ներկայացված փաստացի տվյալները, սուտ են, չեն համապատասխանում իրականությանը` զրպարտություն են, որոնք արատավորում են հայցվոր Հովիկ Աբրահամյանի պատիվը և արժանապատվությունը, ուստի, Աբրահամյանը ներկայացված հայցադիմումով պահանջոյմ է պարտավորեցնել կայքին՝ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ որպես զրպարտության համար փոխհատուցում ՍՊԸ-ից բռնագանձել 6 մլն դրամ, հայտնում է «Փաստինֆոն»:
Որպես հերքման տեքստ Աբրահամյանը պահանջում է, որ պատասխանողը կայքում և ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն 5 աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, հրապարակել հետևյալը․ «Հերքում ենք «1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանադալ է հասունանում» վերնագրով հոդվածում Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ մեր կողմից կատարված արտահայտությունները՝ խարդախության եղանակով խոշոր գումար շորթելու և ճնշում գործադրելու մասին, հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը»:
Հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արտուշ Ավագյանին։





