AM
2 Մարտ 2011 - 06:45 AMT

Կարեն Նազարյան. Ադրբեջանի արկածախնդրությունը բարդացնում է բանակցությունների ճանապարհով ԼՂ հիմնախնդիրը լուծելու գործընթացը

Մարտի 1-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը: Նամակում, դատապարտելով Ադրբեջանի կողմից շարունակվող ամոթալի քարոզչությունը և ապատեղեկատվության տարածումը, մասնավորապես նշվում է, որ փորձելով ապակողմնորոշել միջազգային հանրությանը` Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված «անօրինական օկուպացման» մասին` առանց գեթ մեկ անգամ նշելու, թե ինչն է նախորդել այդ «օկուպացմանը»: «Իրականում, դրան նախորդել է Լեռնային Ղարաբաղում այն ժամանակի օրենքներին և օրենսդրությանը լիովին համապատասխան անցկացված հանրաքվեն, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընտրել է ինքնորոշումը: Ի պատասխան ժողովրդի օրինական իրավունքի կիրառմանը, Ադրբեջանի իշխանությունները սանձարզերծեցին լայնամասշտաբ ագրեսիա, էթնիկ զտումներ և ի վերջո` պատերազմ: Միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է Ադրբեջանի քաղաքներում ապրող անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործած անթիվ ոճրագործությունները և սարսափելի վայրագությունները: 1988թ. փետրվարին, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և սահմանադրական պահանջին` կիրառելու ինքնորոշման իր իրավունքը, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որն էլ իրականացրեց հայերի ջարդը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Այն զանգվածային սպանությունների առաջին դեպքն էր, որին հետևեցին Խորհրդային իշխանությունների կողմից նախաձեռնած դատավարությունները: Ադրբեջանն իր անկախությունը ձեռք բերելուց անմիջապես հետո ազատ արձակեց դատապարտված մարդասպաններին` հրապարակայնորեն նրանց հռչակելով ազգային հերոսներ»,- շեշտվում է նամակում:

Դեսպանի նամակում նշվում է նաև, որ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազնակերպությունների զեկույցները վկայում են, որ սումգաիթյան իրադարձությունները նպատակ ունեին ահաբեկել Ադրբեջանի մյուս շրջաններում բնակվող հայերին: 1988-1991թթ. Բաքվում, Գանձակում և այլ բնակավայրերում իրականացված ջարդերն ավելի քան զանգվածային ու բարբարոսական էին, որոնք հանգեցրին էթնիկ զտումների և շուրջ կես միլիոն հայերի տեղահանմանը:

Դեսպան Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահի և բարձր պաշտոնատարների կողմից այսօր շարունակվում են ռազմատենչ կոչերը և ելույթները` ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Շփման գծում ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար և միտումնավոր խախտում է զինադադարի ռեժիմը, էլ ավելի սրում արդեն իսկ լարված իրավիճակը: Արդյունքում, զոհված զինծառայողներին նախագահ Ալիևի կողմից շնորհվում են հերոսի կոչումներ ու նոր պատերազմի համար աջակցություն ստանալու նպատակով հասարակության շրջանում խրախուսվում են թշնամական և պատերազմական տրամադրություններն ընդդեմ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի: Ադրբեջանի այս արկածախնդրությունը վարկաբեկում է խաղաղ կարգավորումն ու բարդացնում բանակցությունների ճանապարհով լուծման հասնելու գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: