Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից առաջ հայտարարություն է հրապարակել՝ հիշեցնելով քարոզչության ավարտի ժամկետներն ու ընտրական օրենսդրությամբ սահմանված պահանջները։
ԿԸՀ-ից այդ թվում հորդորել են ընտրության օրն ուշադիր լինելր հագուստին՝ «որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ»։
«Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ, ԶԼՄ-ներ, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ,
Հիշեցնում ենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։ Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։
Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։
Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»,-ասվում է հայտարարության մեջ:





