AM
27 Հոկտեմբեր 2026 - 10:23 AMT

Երևանն ու Բրյուսելը կարևորել են տնտեսական դիմակայունությունն ու տարածաշրջանային խաղաղությունը

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի էներգետիկ ու տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին՝ առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով արտաքին առևտրի դիվերսիֆիկացման գործընթացին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայկական արտադրանքի համար Եվրամիության առևտրային ինքնավար միջոցների վերաբերյալ կարգավորման ընդունմամբ ստեղծված հնարավորություններն ամբողջությամբ օգտագործելու կարևորությունը։

Հանդիպման մասնակիցները նաև մտքեր են փոխանակել խաղաղության հետագա ամրապնդման և դրա հետևողական ինստիտուցիոնալացման համար անհրաժեշտ հնարավոր գործողությունների վերաբերյալ։ Քննարկման առարկա են դարձել նաև Հայաստանի մասնակցությամբ, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությանը համապատասխան, տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերը։

Կողմերն անդրադարձել են նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի շփումներին։

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։