ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խորհրդարանում հանդիպում է ունեցել Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկի հետ, քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը: Նա բարձրաձայնել է վերոնշյալ գործընթացների վերաբերյալ խմբակցության տեսակետը։
Հանդիպմանը մասնակցել են նաև խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը։
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
Խորհրդարանում ողջունելով չեխ դիվանագետին՝ Նարեկ Կարապետյանը կարևորել է հայ-չեխական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Նա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել տարբեր ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության խորացման և առկա համագործակցային ներուժի առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտության վրա։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև մի շարք բնագավառներում, իր գնահատմամբ, գոյություն ունեցող բացթողումներին և խնդիրներին։ Կարապետյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ իր դիտարկումները՝ միաժամանակ առաջարկելով խնդիրների հնարավոր լուծումների և կարգավորման ուղղությամբ իր պատկերացումները։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդլայնվող համագործակցության շուրջ։ Քննարկվել են նաև Հայաստանի եվրոպական ձգտումներն ու այդ ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները։





