Հայաստանը միջազգային ատյաններից ընդդեմ Ադրբեջանի հայցերը հետ չի վերցրել, հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։
«Հայաստանը չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Մակունցը հայտարարել է, որ այո՛, խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարող է որոշում կայացվել հետ քաշել միմյանց դեմ հայցերը:
«Այն պարագայում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիր»,-ասել է նա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, մերժել է Ադրբեջանի ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում խոշտանգված և գլխատված հայ զինծառայող Հայկ Թորոյանի գործով կայացված վճիռը։
«Ադրբեջանը բողոք էր ներկայացրել այդ վճռի դեմ՝ ակնկալելով վերանայել արձանագրված խախտումները։ Սակայն նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատի հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած բողոքը։ Փաստացի, հունիսի 18-ի վճիռը մտել է ուժի մեջ՝ դառնալով կարևոր նախադեպ նմանատիպ գանգատների քննության համար։





