AM
17 Մայիս 2011 - 11:09 AMT

Ամերիկացի դիվանագետն առաջարկում է Կովկասում խաղաղությունն ամրապնդել թուրքական մեթոդներով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի անհաջողությունների պատճառը կայանում է նրանում, որ Հայաստանը պատրաստ չէ փոխզիջումների: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերրի Քավանոն` ելույթ ունենալով Բուրսայի Uludag համալսարանում «Անվտանգությունը Հարավային Կովկասում. թուրք-ադրբեջանական հարաբերություններ» խորհրդաժողովում:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի դերին, ապա Քավանոն նկատել է, որ օգտագործելով Ադրբեջանի հետ իր դաշնակցային հարաբերությունները` Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ կովկասյան խնդիրների լուծման գործում: «Մենք վկան դարձանք այն բանի, որ Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ դերի դեպքում այնպիսի ֆանտաստիկ նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Թբիլիսի-Կարսը, իրականություն դարձան: Ուստի ես հավատում եմ խաղաղությանը տարածաշրջանում: Թուրքիան պետք է կյանքի կոչի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կարգախոսը` «Խաղաղությունը տանը խաղաղություն է երկրի վրա» և Կովկասում: Ադրբեջանի տարեկան ռազմական բյուջեն կազմում է $3,5 մլրդ, այդ թիվը գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն: Ես վստահ եմ, որ այդ հսկայական միջոցները կարելի է խաղաղ նպատակներին ուղղել»,- ասել է ամերիկացի դիվանագետը, գրում է թուրքական Zaman թերթը:

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է: Նրա օրոք կոտորվեց Զմյուռնիայի ողջ հույն բնակչությունը, Կիլիկիայում մնացած հայերը, ասորիներն ու քրդերը: Փաստացիորեն, Աթաթուրքն ավարտեց Թալեաթ փաշայի` Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության քրիստոնյա բնակչության ոչնչացման գործը: