«Ես կիսում եմ նախագահ Օբամայի հույսերը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում կօգնի համաձայնության հասնել հիմնարար սկզբունքների շուրջ»,- հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Նա հիշեցրել է, որ Դովիլի հայտարարության մեջ Բարաք Օբաման Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ միասին արդեն հայտարարել է Կազանում կայանալիք հանդիպումից ակնկալիքների մասին:
«Հայտարարության մեջ նրանք հստակ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին կոչ են արել օգտագործել այս ժամանակահատվածն ու հանդիպումը Կազանում, որպեսզի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերվի: Եվ ես, իհարկե, լիովին համոզված եմ, որ այս հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով անհնար է: Նախագահները կոչ են արել Կազանում ավարտին հասցնել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, և ես կարծում եմ, որ դա արդեն ինքնին շատ բանի մասին է խոսում»,- հայտնել է Բրայզան, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:





