Առաջին կարգի օդաչու մայոր Կոնստանտին Կարդաշը զոհվել է երեկ Հայաստանում տեղի ունեցած ռուսական ռազմական ՄիԳ-29 կործանիչի վթարի արդյունքում: Այսօր տեղական ժամանակով ժամը 11:40 որոնողական խումբը հայտնաբերել է օդաչուի դիակը, հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նախնական տվյալներով, կատապուլտան գործել է գետնին ինքնաթիռի հարվածից: Դա տեղի է ունեցել Ջաջուռ գյուղի մոտ հանրապետության հյուսիս-արեւմուտքում, Գյումրիից ոչ հեռու: Նշենք, որ որոնողա-փրկարարական խումբը ինքնթիռի վայր ընկնելու տեղը` Ուրասար լեռան լանջին, հասել է առավոտյան 10.15: Նախօրեի երեկոյան ինքնաթիռի որոնումները դադարեցվել էին մթի եւ ձյան ուժեղացման պատճառով: Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանն է հաղորդել Ռուսաստանի Ռազմա-օդային ուժերի մամլո ծառայության պետ Ալեքսանդր Դրոբիշեւսկին, Գյումրիի ավիաբազայում տեղակայված ՄիԳ-29 կործանիչների թռիչքները ժամանակավորապես կասեցվել են մինչ հրամանատարության հատուկ կարգադրությունը, «մինչեւ չհայտնաբերվեն պատահարի պատճառները»:





