ԱՄՆ դիրքորոշումը Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) առնչությամբ չի փոխվել: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ` վերջերս ատոմակայանի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված ԱՄՆ ենթադրվող ռազմավարության առնչությամբ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «պարզաբանման կարգով» տեղեկացրել է, որ Վաշինգտոնը Եվրամիության եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին հրապարակավ հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի «խորհրդային ժամանակաշրջանի բոլոր ատոմակայանները իրենց գործառնական ցիկլերի վերջում պատշաճ կերպով փակվեին»: «Մեզ անհանգստացնում են այդ հին ռեակտորների նախագծերում տեղ գտած կառուցվածքային թերությունները եւ դրանց ապահովությունը»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: «Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք հայկական կողմի մտահոգությունները էլեկտրամատակարարման խնդրի հետ կապված եւ գիտակցում ենք Մեծամորի ատոմակայանի դերը Հայաստանի համար, ինչպես նաեւ էներգածին այլընտրանքային աղբյուրների ստեղծման անհրաժեշտությունը` նախքան Հայաստանը կկարողանա փակել ատոմակայանը»,-հայտարարել է դեսպանատունը, ընդգծելով, որ ԱՄՆ կառավարությունը Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ իր քաղաքականության եւ ռազմավարության հետ կապված որեւէ այլ հայտարարություն չի արել:





