Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը այսօր հերքել է հաղորդագրություններն այն մասին, թե Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշյուքուր Փաշա-զադեն դիմել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` խնդրելով միջոցներ ձեռնարկել «Հայաստանի կողմից վերահսկվող տարածքներում պատմական ու կրոնական հուշարձանների ավերումը կանխելու համար»: Մամլո ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ իրականում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի ուղերձը պատասխան է հանդիսացել Գարեգին Երկրորդի այն բողոք-նամակին, որով Վեհափառ Հայրապետը կոչ էր արել Ալլահշյուքուր Փաշա-զադեին միջնորդել` կասեցնելու համար Նախիջեւանում գտնվող Հին Ջուղայի հայոց գերեզմանոցի բազմաթիվ խաչքարերի բարբարոսական ոչնչացումը: «Մահմեդականների հոգեւոր առաջնորդն իր հերթին, Ջուղայի հայկական արձանագրություններով նշանավոր խաչքարերը վերագրելով ալբանական մշակույթին, իբրեւ «հակափաստարկ» նշել է թե իբր Լեռնային Ղարաբաղի տարածքում, մասնավորաբար Շուշիում եւ Զանգելանում, ոչնչացվում են ադրբեջանական հուշարձաններ»: Այդ առնչությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արք. Պարգեւ Մարտիրոսյանը հայտնել է, որ վերոհիշյալ հայտարարություններն անհիմն են, եւ 90-ական թվականներին ռազմական գործողությունների ավարտից ի վեր Լեռնային Ղարաբաղի տարածքում որեւէ պատմական հուշարձան չի ավերվել: Ադրբեջանական կողմի նման հայտարարությունները չեն նպաստում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը նպատակաուղղված ջանքերին, ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:





