AM
8 Հունվար 2004 - 19:06 AMT

ՖՐԱՆՍԻԱՆ ՄՂՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԳ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Ֆրանսիայի կառավարությունը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը մղում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Ինչպես հաղորդում Է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին նախօրեին լրագրողներին է հայտարարել վերջերս ազատ արձակված Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Իսկենդեր Համիդովը: Վկայակոչելով իր աղբյուրները` նա նշել է, որ դրան նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբում նախագահող եւս մեկ երկիր` Ռուսաստանը, որը ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագրեր է կնքում Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ երկրին` ԱՄՆ-ին, ապա նախկին նախարարի կարծիքով, Վաշինգտոնի համար տարբերություն չկա, թե ում վերահսկողության ներքո կլինի Լեռնային Ղարաբաղը: «Նրա համար գլխավորը տարածաշրջանում իր նավթային շահերի իրագործումն է»,- հայտարարել է նա: