2004 թվականին Լեռնային Ղարաբաղը կշարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում որպես լիիրավ կողմ իր մասնակցության ապահովմանն ուղղված ջանքերը: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով, «երկարաժամկետ հեռանկարում ԼՂՀ ղեկավարության արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունը կմնա հանրապետության անկախության միջազգային ճանաչման հասնելը»: Նախարարը հիշեցրել է, որ ԼՂՀ կարգավիճակը որոշվել է դեռեւս 1991 թվականին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, որի ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գործնականում միաձայն հանդես եկավ հանրապետության անկախության օգտին: «Հենց այս հանգամանքը պետք է որոշիչ լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի իրավաբանական ամրագրման վերաբերյալ միջազգային պայմանագրի հարցում», – նշել է Ա.Ղուլյանը:





