Ցեղասպանության հարցերին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հոլոքոստի գծով մասնագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Երուսաղեմի «Յեադ Վաշեմ» ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Յեհուդա Բաուէրին հրավիրել է մասնակցելու 2005թ. ապրիլին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված գիտաժողովին: Պրոֆեսորը սիրով ընդունել է հրավերը` խոստանալով անպայման այցելել Հայաստան: ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Անդրանիկ Մարգարյանը Շվեդիայի մայրաքաղաքում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է լրագրողներին, որ համաժողովի աշխատանքի ավարտի հետ չի ավարտվում ցեղասպանության կանխարգելմանն ուղղված աշխատանքը եւ գիտաժողովին մասնակցած յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա այստեղ հնչած մոտեցումներն իրագործել կյանքում: Ընդ որում հարկավոր է հիշել, որ ցեղասպանությունները կանխարգելելու համար պետք է դրանք ճանաչել, ավելացրել է նա: «Հայաստանը չէր ցանկանա, որ այն, ինչ վերապրել է հայ ժողովուրդը 20-րդ դարասկզբին կրկնվեր երբեւէ որեւէ տեղ»,- ասել է Ա.Մարգարյանը:





