Հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից հետագայում Ադրբեջանին հանձնելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանում Հունգարիայի դեսպան Ֆերենց Կոնտրան: Նրա խոսքերով` այդ սպանությունը ծանր հանցագործություն է, եւ հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ կալանավորների հանձնման շուրջ պայմանագրի բացակայությունը, ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ դատավճիռ պետք է կայացնի Հունգարիայի դատարանը, եւ նա պետք է պատիժը կրի հունգարական բանտում: «Մենք չէինք ցանկանա, որպեսզի այդ սպանությունը Հունգարիային հակամարտության մեջ ներքաշելու պատճառ ծառայի», – ընդգծել է Ֆերենց Կոնտրան: Նրա խոսքերով` Հունգարիայի հասարակայնությունը արձագանքում է այդ սպանությանը որպես լիակատար անընդունելի: «Մենք սովոր չենք նման հանցագործությունների եւ չէինք ցանկանա, որպեսզի այդ դեպքն ինչ-որ մեկի կողմից օգտագործվի քաղաքական նպատակներով», – ասել է հունգարացի դեսպանը:





