
Սուպերհերոսական կինոյի «մահվան» մասին լուրերը հերթական անգամ չափազանցված դուրս եկան։ «Սարդ-մարդը․ Նոր օր» (Spider-Man: Brand New Day) ֆիլմը, ըստ որոշ աղբյուրների, արդեն առաջին ուիքէնդին համաշխարհային վարձույթում հավաքել է գրեթե մեկ միլիարդ դոլար։ Սա կինոյի պատմության մեջ երկրորդ ամենահաջող մեկնարկն է՝ «Վրիժառուները․ Վերջնախաղ» (Avengers: Endgame, 2019) կինոկոմիքսից հետո, ինչպես նաև Սարդ-մարդու մասին բոլոր ֆիլմերի շարքում լավագույն արդյունքը՝ գերազանցելով անգամ «Տունդարձի ուղի չկա» (Spider-Man: No Way Home, 2021) մուլտիվերսալ իրադարձությունը։
Այս ամենը տեղի ունեցավ ժամանակահատվածում, երբ կինոսիրողներն ու ինդուստրիան չէին դադարում վիճել` արդյո՞ք սուպերհերոսական ժանրը դեռ կենդանի է, թե՞ արդեն սպառել է իրեն։ Հանդիսատեսի հոգնածությունն անվերջ շարունակություններից, նոստալգիայի շահագործումից ու կանխատեսելի սյուժետային լուծումներից չի անհետացել։ Սակայն հենց այս կերպարը, ոչ թե պայմանական Սուպերմենը կամ Բեթմենը, հերթական անգամ ապացուցեց, որ հարցը ոչ թե ժանրի, այլ այն հերոսի մեջ է, որի շուրջ կառուցվում է պատմությունը։
PAN-ի համար սա նաև լավ առիթ է հասկանալու, թե ինչու է այդպես, ու անցնելու Սարդ-մարդու երկար, երբեմն խճճված, բայց զարմանալիորեն հետևողական էկրանային պատմության ճանապարհով։
Փիթեր Փարքերին ստեղծել են Սթեն Լին ու Սթիվ Դիտկոն 1962-ին։ Հենց սկզբից նա տարբերվում էր իր ժամանակի գրեթե բոլոր սուպերհերոսներից։ Նա ոչ միլիարդատեր էր, ոչ այլմոլորակային, ոչ էլ գիտափորձի մասնակից զինվորական։ Նա ընդամենը ամաչկոտ դպրոցական էր Քուինսից, որը ռադիոակտիվ սարդի խայթոցից հետո ձեռք էր բերել արտասովոր ունակություններ։ Սակայն դրանց հետ միասին նրա ուսերին ընկավ նաև պատասխանատվություն, որը նա սկզբում փորձում էր ծառայեցնել սեփական շահերին, ոչ թե հերոսությանը։

Քեռի Բենի մահը, որն անմիջական հետևանքն էր Փիթերի եսասիրական որոշման, ձևակերպեց այն սկզբունքը, որը մինչ օրս անփոփոխ է մնացել յուրաքանչյուր լուրջ էկրանավորման մեջ. ուժը ենթադրում է պատասխանատվություն, իսկ մեղքի զգացումը երբեք ամբողջությամբ չի անհետանում։ Սա ընտրյալի մասին պատմություն չի։ Սա պատմություն է մի մարդու մասին, ով մշտապես ուշանում է, չի հասցնում ու միշտ իրեն մեղավոր է զգում։ Թերևս հենց այդ պատճառով էլ Սարդ-մարդու կերպարը նույնքան համոզիչ է տարբեր սերունդների ու մշակույթների համար. անհանգստությունն ու սեփական անձից բավարարված չլինելու զգացումը համամարդկային փորձառություններ են։
Թոբի Մագուայերի մասնակցությամբ Սեմ Ռեյմիի եռագրությունը (Spider-Man, 2002; Spider-Man 2, 2004; Spider-Man 3, 2007) մինչ օրս համարվում է ժանրի կարևորագույն էտալոններից մեկը, թեև այսօր դրա վիզուալ լեզուն երբեմն նույնիսկ միամիտ է թվում։ Ռեյմին սուպերհերոսական ֆիլմերին մոտենում էր որպես էպիկական դրամայի՝ լցնելով դրանք չափազանցված էմոցիաներով, գոթական չարագործներով, անկման ու հատուցման գրեթե կրոնական սիմվոլիկայով։ Նրա Փիթերն ը ամաչկոտ է, կաշկանդված ու ինքնամփոփ, ու հենց այդ պատճառով դիմակը նրա համար դառնում է իսկական ազատագրում։ Թեև երրորդ ֆիլմը ծանրաբեռնված սյուժեի պատճառով զգալիորեն թուլացրեց եռագրությունը, առաջին երկու մասերը սահմանեցին նշաձող, որին ժանրը փորձում էր հասնել դեռ երկար տարիներ։

Էնդրյու Գարֆիլդի մասնակցությամբ Մարկ Ուեբի դիլոգիան (The Amazing Spider-Man, 2012; The Amazing Spider-Man 2, 2014) ներկայացրեց Սարդ-մարդու ավելի ժամանակակից կերպարը։ Նրա Փիթերը իրոնիկ է, ինքնավստահ, ավելի մոտ տեխնոլոգիաներին ու զգալիորեն ավելի բաց։ Ֆիլմերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Գվեն Սթեյսիի հետ հարաբերություններին, որոնք պատմության առանցքային էմոցիոնալ գծերից են։ Տեխնիկական տեսանկյունից սրանք բավականին պինդ ֆիլմեր են, իսկ գլխավոր դերակատարների միջև քիմիան շատերի կարծիքով նույնիսկ գերազանցում է Ռեյմիի եռագրությանը։ Սակայն ստուդիական միջամտությունն ու ապագա կինոտիեզերքի կառուցման անհրաժեշտությունը խանգարեցին, որ այս տարբերակն ամբողջությամբ բացահայտի իր ներուժն ու ձևավորի սեփական ինքնատիպ ոճը։

Թոմ Հոլանդի մասնակցությամբ Marvel Cinematic Universe-ի եռագրությունը (Spider-Man: Homecoming, 2017; Spider-Man: Far From Home, 2019; Spider-Man: No Way Home, 2021) գիտակցաբար վերադարձավ կերպարի սկզբնական գաղափարին։ Այստեղ Սարդ-մարդը կրկին սովորական դպրոցական է, որը դեռ փորձում է հասկանալ սեփական ուժն ու պատասխանատվությունը։ Պատմության կենտրոնում ոչ թե անպարտելի հերոսն է, այլ դեռահասը, որը սովորում է համատեղել սովորական կյանքն ու սուպերհերոսի պարտականությունները։

«Տունդարձի ուղի չկա» ֆիլմը այս գաղափարը հասցրեց իր տրամաբանական գագաթնակետին՝ առաջին անգամ նույն էկրանին միավորելով Սարդ-մարդու երեք կինեմատոգրաֆիկ մարմնավորումները։ Իսկ «Նոր օր»-ը շարունակում է այդ պատմությունը՝ ներկայացնելով Փիթերին, ով զրկվել է նախկին աջակցությունից ու ստիպված է կրկին ինքնուրույն կառուցել սեփական կյանքը։
Եթե խաղարկային ֆիլմերը հիմնականում վերապատմում էին նույն կենսագրությունը տարբեր մեկնաբանություններով, ապա անիմացիան դարձավ ստեղծագործական ամենահամարձակ էքսպերիմենտների հարթակը։

«Սարդ-մարդը․ Տիեզերքների միջով» (Spider-Man: Into the Spider-Verse, 2018) ու «Սարդ-մարդը․ Տիեզերքների սարդոստայնը» (Spider-Man: Across the Spider-Verse, 2023) ոչ միայն բացառիկ սուպերհերոսական ֆիլմեր են, այլ նաև վերջին տասնամյակի ամենահամարձակ ու նորարարական մեյնսթրիմ անիմացիոն նախագծերից։ Այստեղ մուլտիվերսը պարզապես տարբեր հերոսների հանդիպման պատրվակ չի։ Այն վերածվում է մետաֆորի, որի միջոցով պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր Սարդ-մարդ կրում է կորստի ու պատասխանատվության նույն բեռը՝ պարզապես տարբեր պայմաններում։

Բրուքլինցի սևամորթ դեռահաս Մայլզ Մորալեսը ապացուցում է, որ Սարդ-մարդու էությունը կապված չէ ոչ անվան, ոչ արտաքինի, ոչ էլ ծագման հետ։ Այդ կերպարի հիմքում պատասխանատվության, կորստի ու ճիշտ ընտրություն կատարելու պատմությունն է, որը կարող է վերաբերել ցանկացած մարդու։
Մեծ էկրանին զուգահեռ Սարդ-մարդը գրեթե երբեք չի անհետացել հեռուստատեսությունից։ Դեռևս 1967-ին լույս տեսավ առաջին անիմացիոն շարքը, որն աշխարհին նվիրեց մինչ օրս ճանաչելի երաժշտական թեման։

1970-ականների վերջին թողարկվեց Նիկոլաս Հեմոնդի մասնակցությամբ խաղարկային հեռուստասերիալը, իսկ ճապոնական Toei ստուդիան ստեղծեց իր յուրահատուկ տարբերակը՝ հսկայական մարտական ռոբոտով։ Այդ ադապտացիան դարձավ վառ օրինակ, թե ինչպես կարող է լոկալ մշակույթը արմատապե վերաիմաստավորել օտար սկզբնաղբյուրը։

1990-ականներին մի ամբողջ սերունդ մեծացավ «Սարդ-մարդ» (Spider-Man: The Animated Series, 1994–1998) անիմացիոն շարքով, որը դարձավ իր ժամանակի ամենաերկարատև ու սյուժետային առումով ամենահավակնոտ նախագծերից մեկը։

2008-ին փոքր էկրաններ բարձրացավ վիզուալ առումով ավելի հասուն ու ոճականորեն ավելի համարձակ «Գրանդիոզ Սարդ-մարդը» (The Spectacular Spider-Man) անիմացիոն սերիալը, իսկ 2010-ականներին Marvel-ը կենտրոնացավ ավելի երիտասարդ լսարանի վրա՝ ներկայացնելով «Մեծն Սարդ-մարդը» (Ultimate Spider-Man) ու «Սարդ-մարդը» (Marvel’s Spider-Man) անիմացիոն սերիալները։

Յուրաքանչյուր շրջանում փոխվում էր պատմելու ձևը, հումորի չափաբաժինն ու ընդհանուր տոնայնությունը՝ գրեթե նուարային լրջությունից մինչև թեթև, կատակերգական մոտեցում։ Սակայն մի բան անփոփոխ էր մնում՝ մեղքի զգացումն ու պատասխանատվության գաղափարը, որոնք մշտապես եղել են Սարդ-մարդու կերպարի հիմքում։
Եթե ամբողջ այս պատմությանը նայենք մեկ ամբողջության մեջ, ապա կտեսնենք հստակ օրինաչափություն։
Վաղ շրջանի էկրանավորումները ներկայացնում էին միայնակ հերոսի, ով լուռ կրում էր իր բեռը ու գրեթե երբեք չէր ապավինում ուրիշների օգնությանը։ Թոբի Մագուայերի մարմնավորած Փիթերը հազվադեպ էր իր ցավն ու պատասխանատվությունը կիսում որևիցե մեկի հետ։ Նրա պայքարը հիմնականում ներքին էր, իսկ միայնությունը՝ կերպարի անբաժանելի մասը։

Մարկ Ուեբի դիլոգիան առաջին քայլն արեց այդ պատկերացումից դուրս գալու ուղղությամբ։ Այստեղ սիրային պատմությունն այլևս զուտ հավելում չէր հերոսի համար, այլ լիարժեք ու հավասարազոր բաղադրիչ, որը ձևավորում էր պատմության էմոցիոնալ առանցքը։ Գվեն Սթեյսին դարձավ ոչ թե երկրորդական կերպար, այլ Փիթերի կյանքի ու զարգացման կարևորագույն մասը։
MCU-ի եռագրությունն այս փոփոխությունն ավելի հեռուն տարավ։ Թոմ Հոլանդի Փիթերը շրջապատված է ուսուցիչներով, ընկերներով ու դաշնակիցներով։ Նա այլևս մեկուսացած հերոս չէ, այլ մարդկանց միջև գոյություն ունեցող հարաբերությունների ամբողջական համակարգի մի մասնիկը։ Սա բավականին ճշգրիտ արտացոլում է նաև ժամանակակից մշակույթի վերաբերմունքը հոգեկան առողջության նկատմամբ. այլևս ընդունված չէ լուռ կրել սեփական ցավը, օգնություն խնդրելը թուլության նշան չէ, այլ բնական ու առողջ ընտրություն։

Անիմացիոն ֆիլմերն այս գաղափարը զարգացրին ևս մեկ քայլ դեպի առաջ։ Դրանք ոչ միայն բազմապատկեցին Սարդ-մարդու կերպարը, այլ նաև բառացիորեն մարմնավորեցին այն միտքը, որ կորստի, ցավի ու պատասխանատվության փորձառությունը բացառիկ չէ։ Տարբեր աշխարհներում, տարբեր ժամանակներում ու տարբեր մարդկանց կյանքում նույն պատմությունը կրկնվում է նոր ձևերով։ Յուրաքանչյուր Սարդ-մարդ տարբեր է, սակայն նրանց միավորում է նույն բարոյական ընտրությունը։
Սա, թերևս, Սարդ-մարդու ամենամեծ գաղտնիքն է։ Նա ստեղծվել էր որպես ընկերներ չունեցող, ամաչկոտ դեռահաս, բայց էկրանային ավելի քան վաթսուն տարվա ընթացքում աստիճանաբար ազատվեց իր միայնությունից՝ չկորցնելով այն, ինչը միշտ եղել է կերպարի հիմքում։ Մեղքի զգացումը, պատասխանատվության գիտակցումը ու ճիշտ վարվելու ցանկությունը, նույնիսկ երբ դա չափազանց դժվար է, շարունակում են մնալ նրա գլխավոր հատկանիշները։

Հենց այդ պատճառով էլ Սարդ-մարդը ճանաչելի է մնում ցանկացած համազգեստով, ցանկացած դարաշրջանում ու ցանկացած դերասանի մարմնավորմամբ։ Նրա հերթական ֆինանսական հաջողությունը պատահականություն չի ու ոչ էլ նոստալգիայի արդյունք։ Այն ապացուցում է, որ այս պատմության հիմնական բանաձևը շարունակում է գործել նույն ուժով, ինչ տասնամյակներ առաջ։ Որովհետև Սարդ-մարդու պատմությունն առաջին հերթին ոչ թե տիեզերքներ փրկելու կամ երկնաքերերի միջև ճոճվելու, այլ սովորական մարդու մասին է, ով միշտ փորձում է ճիշտ վարվել, նույնիսկ եթե չի հասցնում ամեն ինչ ուղղել։