
Նախորդ շաբաթ աշխարհը տեսավ պատմության ամենաթանկարժեք թվային մեդիա պրոդուկտը. լույս տեսավ Grand Theft Auto VI համակարգչային խաղը։ Միլիոնավոր գեյմերներ կրկին վիրտուալ աշխարհում են, որտեղ կարելի է գրեթե ամեն ինչ. առևանգել ավտոմեքենաներ, թալանել բանկեր, հայտնվել փոխհրաձգությունների կիզակետում ու փորձել հարստանալ գոնե վիրտուալ աշխարհում։ Այս անգամ Rockstar Games-ը վերադարձրել է մեզ Վայս Սիթի՝ քաղաք, որն արդեն մի անգամ դարձել է ութսունականների Մայամիի խաղային տարբերակը։
Բայց մինչև նոր արկածներին անցնելը, եկեք հիշենք շարքի մի հետաքրքիր առանձնահատկություն. GTA-ն երբեք զուտ համակարգչային խաղ չի եղել։ Այն ավելի շատ յուրահատուկ ինտերակտիվ կինոփառատոն է։ Ֆիլմերն այստեղ հանդես չեն գալիս որպես թեթևակի ակնարկներ կամ թաքնված հղումներ. դրանք դառնում են լիարժեք խաղային աշխարհի հիմքը, ձևավորում հերոսների բնավորությունը, սյուժետային շրջադարձները, քաղաքների ճարտարապետությունն ու անգամ մեքենա վարելու ոճը։
Դժվար է պատկերացնել Vice City-ն առանց «Սպիով դեմքի», San Andreas-ը՝ առանց «Մայլի տղեքի», իսկ GTA V-ը՝ առանց «Տապի»։ Երբեմն Rockstar-ը գրեթե ամբողջությամբ հայտնի կինոտեսարանները տեղափոխում է խաղի մեջ, երբեմն` մի քանի ֆիլմից հավաքում լրիվ նոր պատմություն, իսկ երբեմն էլ բավարարվում է ընդամենը մի քանի հեշտ ճանաչելի մանրուքով։
PAN-ը կփորձի պարզել, թե որ ֆիլմերն ու սերիալներն են ազդել Grand Theft Auto-ի յուրաքանչյուր մասի ստեղծման վրա՝ առաջին երկչափ խաղերից մինչև GTA VI-ը։ Արդյունքում ունենք պատմություն այն մասին, թե ինչպես Հոլիվուդն օգնեց Rockstar-ին ստեղծել համակարգչային խաղերի ամենաճանաչելի ֆրանշիզներից մեկը։
Առաջին Grand Theft Auto-ն չուներ ոչ կինեմատոգրաֆիկ գրաֆիկա, ոչ ճյուղավորված սյուժեներ, ոչ էլ հիշվող կերպարներ։ Տեսախցիկը քաղաքին նայում էր վերևից, մեքենաները հիշեցնում էին փոքրիկ գունավոր տուփեր, իսկ հետիոտները միանգամից անհետանում էին անիվների տակ։ Բայց արդեն այն ժամանակ հեղինակները հստակ պատկերացնում էին, թե ինչ մթնոլորտ են ուզում ստեղծել. խաղացողը պետք է իրեն զգա կրիմինալ կինոյի կերպար` ինքնուրույն որոշելով գործողությունների ընթացքը։
Այստեղ կարող ենք առանձնացնել մի քանի կարևոր կինեմատոգրաֆիկ ուղենիշ։ Ամենահետաքրքիր զուգահեռներից մեկը Սեմ Պեկինպայի «Փախուստը» (The Getaway, 1972) ֆիլմն է։ Սա պատմություն է պրոֆեսիոնալ կողոպտիչի մասին, ով ձախողվելուց հետո կնոջ հետ փորձում է փախչել իրեն հետապնդողներից։ Ավտոմոբիլային հետապնդումներ, փոխհրաձգություններ, ոստիկանական շրջափակումներ ու վտանգի մշտական զգացում. այս ամենը լիովին համապատասխանում է GTA-ի առաջին մասերի ոգուն։ Ավելի ուշ Սեմ Հաուզերը հիշել է, որ ֆիլմը նայելուց հետո ինքն էլ էր ուզում բանկ թալանել։

Փիթեր Յեյթսի «Բուլիթը» (Bullitt, 1968) նույնպես կարևոր ուղենիշ է։ Ֆիլմը հայտնի դարձավ կինոյի պատմության ամենահայտնի ավտոմոբիլային հետապնդումներից մեկով։ Սթիվ Մակքուինը Ford Mustang-ի ղեկին հետապնդում է հանցագործներին Սան Ֆրանցիսկոյի փողոցներում։ Բնական է, որ նման ֆիլմը պետք է ոգեշնչման աղբյուր դառնար խաղի համար, որում մեքենաներն ու հետապնդումները հիմնական զվարճանքներից էին։

Ուիլյամ Ֆրիդկինի «Ֆրանսիական կապը» (The French Connection, 1971) պատմում է ոստիկանների, թմրանյութերի ապօրինի շրջանառության ու մեծ քաղաքի հանցավոր աշխարհի մասին։ Ֆիլմն օգնել է ձևավորել փողոցային հանցավորության այն մթնոլորտը, որը հետագայում դարձավ GTA-ի անբաժանելի մասը։

Բնականաբար, պետք է հիշել նաև Ռոն Հովարդի «Ավտոմեքենաների մեծ կողոպուտը» (The Grand Theft Auto, 1977) ֆիլմը։ Խաղային շարքի անվան հետ նմանությունն ակնհայտ է, բայց չափազանցություն կլիներ պնդել, որ հենց այս ֆիլմն է դարձել ամբողջ գաղափարի անմիջական աղբյուրը։
Երկրորդ մասի գործողությունները տեղափոխվել են Anywhere City՝ մռայլ ֆուտուրիստիկ մեգապոլիս, որտեղ մի քանի հանցավոր խմբավորում պայքարում են ազդեցության համար, իսկ կորպորացիաներն ու կրիմինալ կազմակերպությունները գրեթե չեն տարբերվում միմյանցից։ Այստեղ արդեն զգացվում է ոչ այնքան դասական գանգստերական կինոյի, որքան ութսունականների հակաուտոպիաների ու գիտական ֆանտաստիկայի ազդեցությունը։
Փոլ Վերհուվենի «Ռոբոկոպը» (RoboCop, 1987) ամենահարմար համեմատություններից է։ Կորպորատիվ իշխանություն, հասարակական անհավասարություն, տեխնոլոգիական առաջընթաց, որը չգիտես ինչու չի բարելավում մարդկանց կյանքն ու հանցավորության մեջ թաղված քաղաք։ Այս ամենը հեշտությամբ կարելի է պատկերացնել GTA 2-ի աշխարհում։

Թերրի Գիլիամի «Բրազիլիան» (Brazil, 1985) նույնպես հետաքրքիր համեմատության նյութ է։ Անհեթեթության հասնող բյուրոկրատիա, գրոտեսկային ճարտարապետություն, մռայլ ապագա ու զգացողություն, որ ամբողջ աշխարհը վաղուց խելագարվել է։ Այդուհանդերձ, ֆիլմի անմիջական ազդեցությունը խաղի վրա հաստատված չէ։

Վերջապես, չի կարելի մոռանալ ութսունականների կիբերպանկը, հատկապես «Մաքս Հեդրում. Ապագայում` 20 րոպեով» (Max Headroom: 20 Minutes into the Future, 1985) հեռուստաֆիլմը։ Կորպորացիաներ, լրատվամիջոցների մանիպուլյացիաներ, տեխնոլոգիական հակաուտոպիա ու հասարակություն, որտեղ մարդկային կյանքը վաղուց վերածվել է սպառվող նյութի։ Այդուհանդերձ, GTA 2-ը չունի հետագա խաղերի նման ակնհայտ կինեմատոգրաֆիկ նախատիպ։ Դրա աշխարհն ավելի շուտ միավորում է գիտական ֆանտաստիկայի, կրիմինալ կինոյի ու հակաուտոպիաների արդեն ծանոթ պատկերները։
Հենց երրորդ մասը Grand Theft Auto-ն վերածեց համաշխարհային ֆենոմենի։ Անցումը լիարժեք եռաչափ աշխարհի Rockstar-ին հնարավորություն տվեց անել այն, ինչը նախկինում գրեթե անհնար էր. ստեղծել հսկայական ինտերակտիվ քաղաք, որտեղ խաղացողը կարող էր ոչ միայն առաջադրանքներ կատարել, այլև ինքնուրույն ապրել սեփական պատմությունը։ Դրա հետ մեկտեղ փոխվեց նաև շարքի կինեմատոգրաֆիկ լեզուն։ Այսուհետ GTA-ն ավելի ու ավելի էր հիշեցնում Մարտին Սկորսեզեի և Մայքլ Մաննի կրիմինալ ֆիլմերը։
Մարտին Սկորսեզեի «Փառահեղ տղաները» (Goodfellas, 1990) գլխավոր հիմքերից մեկն է։ Ֆիլմը պատմում է մաֆիոզ Հենրի Հիլի կյանքի, հանցավոր աշխարհում նրա վերելքի, մյուս գանգստերների հետ հարաբերությունների ու սեփական կյանքի աստիճանական կործանման մասին։ GTA III-ում կարելի է գտնել բազմաթիվ նմանություններ. հանցավոր ընտանիքներ, դավաճանություններ, իշխանության համար պայքար և մշտական հավասարակշռություն շքեղության ու բռնության միջև։

Մայքլ Մաննի «Տապը» (Heat, 1995) ևս ֆունդամենտալ ոգեշնչման աղբյուր է ամբողջ շարքի համար։ Ֆիլմը պատմում է պրոֆեսիոնալ հանցագործ Նիլ Մաքքոլիի ու ոստիկան Վինսենթ Հաննայի հակամարտության մասին։ Այստեղ հանցագործությունը ներկայացված է որպես աշխատանք, որը պահանջում է կարգապահություն, պրոֆեսիոնալիզմ ու սառնասիրտ հաշվարկ։ Հենց այս մոտեցումը հետագայում կդառնա GTA-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը։

Սկորսեզեի «Տաքսու վարորդը» (Taxi Driver, 1976) ավելի շուտ մթնոլորտային ազդեցության աղբյուր է։ Կեղտոտ փողոցներ, հասարակության հատակում հայտնված մարդիկ, մենություն ու մեծ քաղաքի օտարացնող մթնոլորտ։ Լիբերթի Սիթին ամենահյուրընկալ մեգապոլիսը չէ, ու այս առումով ֆիլմը հիանալի փոխանցում է քաղաքի տրամադրությունը։

Չպետք է մոռանալ նաև «Սոպրանոները» (The Sopranos, 1999–2007) սերիալի մասին։ Դրա ազդեցությունը GTA-ի աշխարհի վրա դժվար է գերագնահատել։ Մաֆիոզների առօրյան, ընտանեկան խնդիրները, ներքին հակասությունները և սովորական կյանքի ու կազմակերպված հանցավորության տարօրինակ համադրությունը հետագայում հատկապես նկատելի կլինեն GTA IV-ում
Եթե անհրաժեշտ լիներ ընտրել շարքի այն խաղը, որն ամենից շատ է հիշեցնում կոնկրետ ֆիլմ, ապա անկասկած դա կլիներ Vice City-ն։ Ընդ որում, ոգեշնչման գլխավոր աղբյուրն այնքան ակնհայտ է, որ երբեմն թվում է, թե Rockstar-ը որոշել է խաղացողներին հնարավորություն տալ սեփական մաշկի վրա զգալ «Սպիով դեմքի» իրադարձությունները։
Խաղի գործողությունները տեղի են ունենում 1986-ին։ Գլխավոր հերոս Թոմի Վերսետտին դուրս է գալիս բանտից, հայտնվում թմրանյութերի ձախողված գործարքի կենտրոնում ու աստիճանաբար սկսում կառուցել սեփական կրիմինալ կայսրությունը։ Ծանո՞թ պատմություն է։ Իհարկե։

Բրայան Դե Պալմայի «Սպիով դեմքը» (Scarface, 1983) Vice City-ի գլխավոր կինեմատոգրաֆիկ հիմքն է։ Թոմի Վերսետտին շատ առումներով հիշեցնում է Թոնի Մոնտանային. երկուսն էլ սկսում են գրեթե զրոյից, երկուսն էլ բռնկուն բնավորություն ունեն, երկուսն էլ աստիճանաբար նվաճում են իշխանությունը հանցավոր աշխարհում ու ձեռք բերում շքեղ առանձնատներ։ Նույնիսկ Վերսետտիի առանձնատան ինտերիերն է ակնհայտորեն հիշեցնում Մոնտանայի հայտնի նստավայրը։

Բայց Vice City-ն չի սահմանափակվում միայն մի ֆիլմով։ Բրայան Դե Պալմայի «Կարլիտոյի ուղին» (Carlito’s Way, 1993) նույնպես չափազանց կարևոր ուղենիշ է։ Ֆիլմի կենտրոնում նախկին հանցագործ Կարլիտո Բրիգանտեն է, ով փորձում է թողնել հանցավոր անցյալը, բայց հանգամանքները շարունակ հետ են բերում նրան նախկին կյանքին։ Ֆիլմի ազդեցությունը հատկապես նկատելի է Թոմիի նյարդային փաստաբան Քեն Ռոզենբերգի կերպարում, ով հիշեցնում է «Կարլիտոյի ուղին» ֆիլմում Շոն Փենի մարմնավորած կերպարին։

Ուիլյամ Ֆրիդկինի «Ապրել ու մեռնել Լոս Անջելեսում» (To Live and Die in L.A., 1985) ֆիլմը աղբյուր է դարձել Vice City-ի մի քանի սյուժետային դրվագի համար։ Մասնավորապես, կեղծարարների դեմ պայքարի մասին ֆիլմը զուգահեռներ ունի խաղի` տպարանի ու կեղծ փողերի արտադրության հետ կապված քվեսթերի շղթայի հետ։ Մաննի «Տապը» նույնպես նկատելի հետք է թողել։ Հատկապես դա վերաբերում է Malibu ակումբի սյուժետային գծին, որտեղ Թոմին թիմ է հավաքում՝ խոշոր կողոպուտ իրականացնելու համար։ Պրոֆեսիոնալ հանցագործներ, գործողության նախապատրաստում, դերերի բաշխում ու փոխհրաձգություն կողոպուտից հետո. այս ամենը հիշեցնում է Մայքլ Մանի հայտնի ֆիլմը։

Եվ, իհարկե, չի կարելի շրջանցել «Մայամիի ոստիկանությունը» (Miami Vice, 1984–1989) հեռուստասերիալը։ Հենց այն է Vice City-ին տվել նրա վիզուալ ինքնությունը՝ պաստելային գույներ, նեոնային ցուցանակներ, թանկարժեք մեքենաներ, սպիտակ կոստյումներ, զբոսանավեր, արմավենիներ ու ութսունականների երաժշտություն։ Rockstar-ն այնքան մանրակրկիտ է ուսումնասիրել սերիալը, որ խաղի որոշ կերպարներ ու սյուժետային իրավիճակներ գրեթե ամբողջությամբ տեղափոխվել են այնտեղից։ Vice City-ն պարզապես ութսունականներին տեղի ունեցող խաղ չէ։ Այն իսկական սիրո խոստովանություն է այդ ժամանակաշրջանի կրիմինալ կինոյին։
Ութսունականների շքեղ Մայամիից հետո Rockstar-ը խաղացողներին տեղափոխեց լրիվ այլ Ամերիկա՝ իննսունականների սկզբի Լոս Անջելես, որտեղ թանկարժեք կոստյումների ու առանձնատների փոխարեն առաջին պլան են դուրս եկել փողոցային բանդաները, թմրանյութերը, ոստիկանության կոռուպցիան ու գոյատևման պայքարը։
Եթե Vice City-ն նվիրված էր շքեղությանը հանցավոր աշխարհում, ապա San Andreas-ն իսկական ձոն դարձավ ամերիկյան գետտոների կյանքի մասին գանգստերական ֆիլմերին։ Ջոն Սինգլթոնի «Մայլի տղեքը» (Boyz n the Hood, 1991) ոգեշնչման գլխավոր աղբյուրներից մեկն է։ Հարավային Լոս Անջելեսի հանցավոր միջավայրից դուրս գալու փորձեր անող երիտասարդ Թրե Սթայլզի պատմությունը շատ առումներով զուգահեռներ ունի Կառլ Ջոնսոնի ճակատագրի հետ։ Աղքատ թաղամասերի մթնոլորտը, փողոցային խմբավորումները, սոցիալական անհավասարությունն ու բռնության մշտական վտանգը գրեթե ամբողջությամբ բնորոշում են San Andreas-ի սկիզբը։

Հյուզ եղբայրների «Հասարակական սպառնալիքը» (Menace II Society, 1993) նույնպես չափազանց կարևոր ֆիլմ է։ Այն ներկայացնում է Լոս Անջելեսի հանցավոր միջավայրում մեծացած երիտասարդների կյանքը, որտեղ բռնությունը դարձել է առօրյայի մի մասը։ Ֆիլմի ազդեցությունը նկատելի է ոչ միայն San Andreas-ի ընդհանուր մթնոլորտում, այլև առանձին կերպարներում, բանդայի անդամների արտաքին տեսքում ու անգամ որոշ սյուժետային դրվագներում։ Ֆիլմի գլխավոր հերոսի մոր սպանության հայտնի տեսարանը զուգահեռներ ունի Կառլ Ջոնսոնի անցյալի հետ։

Դենիս Հոփերի «Գույները» (Colors, 1988) ֆիլմը Լոս Անջելեսի փողոցային խմբավորումների ու իրավիճակը վերահսկել փորձող ոստիկանական ստորաբաժանումների հակամարտության մասին է։ Հենց այստեղ կարելի է կարևոր զուգահեռներ գտնել CRASH խմբավորման և կոռումպացված ոստիկաններ Թենփենիի ու Պուլասկիի հետ։

Բայց San Andreas-ը չի սահմանափակվում միայն Լոս Սանտոսով։ Մարիո Վան Փիբլզի «Նյու Ջեք Սիթին» (New Jack City, 1991) կարևոր ուղենիշ է թմրավաճառության ու հանցավոր կազմակերպություններ ներթափանցելու հետ կապված սյուժետային գծի համար։ Խաղի որոշ դրվագներ հիշեցնում են նարկոսինդիկատ ներթափանցած ոստիկանի պատմությունը։

Մարտին Սկորսեզեի «Կազինոն» (Casino, 1995) ակնհայտ ոգեշնչման աղբյուր է Լաս Վենտուրասի համար։ Շքեղ խաղատներ, մոլախաղեր, մաֆիայի շահեր ու խաղային բիզնեսի կուլիսային կյանք։ Մի պահ Կառլ Ջոնսոնը փողոցային գանգստերից վերածվում է մարդու, ով մասնակցում է սեփական խաղատան կառավարմանը։ Այստեղ արդեն զգացվում է լրիվ այլ կրիմինալ ավանդույթ։
Վերջապես, «Բուլիթը». Սան Ֆիերոյի ավտոմոբիլային դրվագներից մեկը գրեթե կրկնում է ֆիլմի հայտնի հետապնդումը։ Հավանաբար, կինեմատոգրաֆիկ ոգեշնչման աղբյուրների բազմազանության տեսանկյունից San Andreas-ը շարքի ամենահարուստ խաղն է։ Կարծես Rockstar-ը հավաքել է ամերիկյան կրիմինալ կինոյի մի ամբողջ տեսադարան ու այն վերածել հսկայական խաղային աշխարհի։
Vice City-ի ու San Andreas-ի վառ գույներից հետո Rockstar-ը անսպասելիորեն փոխեց խաղի տրամադրությունը։ GTA IV-ը շատ ավելի մռայլ է, ռեալիստիկ ու դրամատիկ։ Կարիկատուրային գանգստերի փոխարեն Նիկո Բելլիկն է՝ նախկին զինվորական Արևելյան Եվրոպայից, ով եկել է Ամերիկա՝ ավելի լավ կյանք գտնելու հույսով։ Պարզում է, որ ամերիկյան երազանքի գեղեցիկ ցուցանակի հետևում նույն հանցավոր աշխարհն է՝ իր բռնությամբ ու դավաճանություններով։
Հետաքրքիր է, որ ստեղծողները միտումնավոր չեն ցանկացել GTA IV-ի հիմքում որևէ կոնկրետ ֆիլմ կամ կինեմատոգրաֆիկ ժամանակաշրջան դնել։ Այդ իսկ պատճառով ուղղակի փոխառություններն այստեղ անհամեմատ ավելի քիչ են։ Այնուամենայնիվ, որոշ ֆիլմեր օգնում են ավելի լավ հասկանալ խաղի տրամադրությունը։ Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայրը» (Брат, 1997) շատ հետաքրքիր զուգահեռ է։ Դանիլա Բագրովն ու Նիկո Բելլիկը լրիվ տարբեր կերպարներ են, բայց նրանց միջև կա ընդհանուր բան. երկուսն էլ հայտնվում են հանցավոր աշխարհում, երկուսն էլ փորձում են իրենց տեղը գտնել նոր իրականության մեջ, իսկ կյանքի ու արդարության մասին նրանց պատկերացումները շարունակ բախվում են շրջապատող աշխարհի դաժանությանը։ Այդուհանդերձ, ֆիլմի անմիջական ազդեցությունը GTA IV-ի վրա հաստատված չէ։

«Եղբայր 2»-ը (Брат 2, 2000) ևս հետաքրքիր զուգահեռ է, հատկապես արևելաեվրոպացի հերոսի և ամերիկյան իրականության բախվելու կոնտեքստում։ Նիկոն, ինչպես և Դանիլան, հայտնվում է մի երկրում, որը խոստանում է շատ ավելին, քան իրականում կարող է տալ։

Մայքլ Մաննի «Տապը» կրկին հայտնվում է մեր ցուցակում։ GTA IV-ում բանկի հայտնի կողոպուտն այնքան նման է Մաննի ֆիլմի համապատասխան տեսարանին, որ կրիմինալ կինոյի երկրպագուները հաստատ կճանաչեն ծանոթ մոտիվները։ «Կարլիտոյի ուղին» նույնպես օգնում է հասկանալ Նիկոյի պատմության ողբերգական կողմը։ Գլխավոր հերոսը փորձում է թողնել բռնությունը, բայց անցյալը շարունակ հիշեցնում է իր մասին։
Ի տարբերություն Vice City-ի՝ GTA IV-ը ոչ այնքան վերարտադրում է ծանոթ ֆիլմերը, որքան օգտագործում դրանց լեզուն՝ ինքնուրույն քրեական դրամա ստեղծելու համար։ Սա արդեն պատմություն չի այն մասին, թե ինչպես դառնալ հանցավոր աշխարհի արքան։ Սա մի մարդու պատմություն է, ով աստիճանաբար հասկանում է, որ այդ աշխարհից դուրս գալը գրեթե անհնար է։
Հինգերորդ մասում Rockstar-ը կրկին վերադարձավ արևոտ Կալիֆոռնիա, բայց այս անգամ շեշտը դրեց մասշտաբային կրիմինալ կինոյի վրա։ Միակ գլխավոր հերոսի փոխարեն ունենք միանգամից երեքը. բանկերի նախկին կողոպտիչ Մայքլը, հավակնոտ Ֆրանկլինն ու բացարձակ խելագար Թրևորը։ Հենց կողոպուտների մասին ֆիլմերն էլ դարձել են GTA V-ի ոգեշնչման գլխավոր աղբյուրներից մեկը։
«Տապը» թերևս ամենաակնհայտ ուղենիշն է։ Մայքլ Դե Սանտան հիշեցնում է Ռոբերտ Դե Նիրոյի մարմնավորած Նիլ Մաքքոլիին. պրոֆեսիոնալ հանցագործ, ով փորձում է թողնել նախկին կյանքը, բայց չի կարող հրաժարվել վերջին մեծ գործարքից։ Երկու ստեղծագործություններում էլ կողոպուտները ներկայացված են ոչ թե որպես պատահական հանցագործություններ, այլ որպես մանրակրկիտ ծրագրված գործողություններ, որոնց համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ թիմ։

Բեն Աֆլեքի «Քաղաքը» (The Town, 2010) նույնպես կարևոր ֆիլմ է GTA V-ը հասկանալու համար։ Այստեղ կա կողոպտիչների թիմ, բարդ գործողություններ, հանցագործությունների նախապատրաստում ու հանցավոր աշխարհից դուրս գալու փորձեր։ Հատկապես հետաքրքիր է GTA V-ի սկզբի փոքր քաղաքում տեղի ունեցող կողոպուտը համեմատել այս ֆիլմի հետ։ Նույն Մայքլ Մաննի «Գողը» (Thief, 1981) ևս մի ֆիլմ է պրոֆեսիոնալ հանցագործի մասին, ով երազում է բավականաչափ գումար վաստակել, որպեսզի ընդմիշտ թողնի հանցավոր անցյալը։ Այս թեման հիանալի համադրվում է Մայքլի պատմության հետ։

Բայց ամենաանսպասելի կինեմատոգրաֆիկ ուղենիշը կապված է Թրևորի հետ։ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի «Բրոնսոնը» (Bronson, 2008) պատմում է բրիտանացի հանցագործ Չարլզ Բրոնսոնի մասին, ում մարմնավորել է Թոմ Հարդին։ Թրևորին իր ձայնն ու արտաքինը տվել է դերասան Սթիվեն Օգը։ Նա պատմել է, որ կերպարին ստեղծելիս ոգեշնչվել է Հարդիի խաղով։ Հետևաբար, երկու խելահեղ հերոսների նմանությունը պատահական չէ. երկուսն էլ անկանխատեսելի են, ագրեսիվ ու ունեն յուրահատուկ վերաբերմունք շրջապատող աշխարհի նկատմամբ։

Արժի հիշել նաև «Փառահեղ տղաներին»։ GTA V-ում քիչ չեն տեսարանները, որոնք հիշեցնում են Սկորսեզեի դասական գանգստերական կինոն, հատկապես հանցագործների, նրանց ընտանիքների ու կրիմինալ բիզնեսի փոխհարաբերությունների պատկերման առումով։ GTA V-ը դարձավ Rockstar-ի բոլոր նախորդ կինեմատոգրաֆիկ մոտեցումների յուրատեսակ միավորում։ Այստեղ կա թե գանգստերական դրամա, թե կինո կողոպուտների մասին, թե սոցիալական երգիծանք, ու թե խելահեղ մարտաֆիլմ։
Շարքն ունեցել է նաև առանձին խաղեր ու ճյուղավորումներ, որոնք նույնպես արժանի են ուշադրության։
Grand Theft Auto: London 1969 (1999) խաղում գործողությունները տեղափոխվում են վաթսունականների վերջի բրիտանական մայրաքաղաք։ Այստեղ հատկապես տեղին է հիշել Մայք Հոջեսի «Վերացնել Քարթերին» (Get Carter, 1971) ֆիլմը՝ Մայքլ Քեյնի մասնակցությամբ։ Սա իր ժամանակի ամենակարևոր բրիտանական կրիմինալ ֆիլմերից մեկն է, որը պատմում է հայրենի քաղաք վերադարձող գանգստերի մասին, ով ցանկանում է մաքրել հաշիվները իր թշնամիների հետ։
Grand Theft Auto: Liberty City Stories (2005) խաղը շարունակում է GTA III-ի ավանդույթներն ու հենվում ծանոթ մաֆիոզային ոճի վրա։ Այստեղ կրկին տեղին է հիշել «Փառահեղ տղաներին», «Տապն» ու «Սոպրանոները»։ Grand Theft Auto: Vice City Stories (2006) խաղը կրկին վերադարձնում է ութսունականների Մայամի։ Հետևաբար, գլխավոր ուղենիշներն են կրկին «Սպիով դեմքը», «Կարլիտոյի ուղին» ու «Մայամիի ոստիկանությունը»։ Grand Theft Auto: Chinatown Wars (2009) խաղն արդեն դիմում է հանցավոր աշխարհի մեկ այլ ավանդույթի՝ չինական տրիադաների մասին ֆիլմերին ու հոնկոնգյան մարտաֆիլմերին։ Այստեղ կարելի է հիշել Ջոն Վուի «Պինդ եփվածները» (Hard Boiled, 1992) ու քրեական կազմակերպությունների բախման մասին այլ ֆիլմեր։ Սակայն խաղում հստակ ուղղակի փոխառություններն ավելի դժվար է նկատել։
Եվ ահա` գլխավոր իրադարձությանը։ Նոյեմբերի 19-ին լույս տեսավ Grand Theft Auto VI-ը, որը մեզ կրկին տեղափոխում է Վայս Սիթի ու քաղաքը շրջապատող Լեոնիդա նահանգ։ Պատմության կենտրոնում Ջեյսոնն ու Լուսիան են՝ հանցագործ զույգ, որի կյանքն աստիճանաբար վերածվում է կողոպուտների, վտանգավոր ծանոթությունների ու հանցավոր աշխարհի հետ բախումների անվերջանալի շարքի։ Նրանց հարաբերություններն անխուսափելիորեն հիշեցնում են հանցագործ զույգերի մասին դասական պատմությունները։
Արթուր Փենի «Բոնին և Քլայդը» (Bonnie and Clyde, 1967) առաջին ֆիլմն է, որ գալիս է մտքիդ։ Երկու սիրահար հանցագործների պատմությունը, որոնք վերածվեցին ամերիկյան հանցավոր աշխարհի լեգենդի, վաղուց դարձել է ժողովրդական մշակույթի մի մասը։ GTA VI-ի դեպքում այս զուգահեռը հատկապես հետաքրքիր է, թեև Rockstar-ը չի հաստատել ֆիլմի անմիջական ազդեցությունը։

Օլիվեր Սթոունի «Մարդասպան ծնվածները» (Natural Born Killers, 1994) ևս հնարավոր ուղենիշ է համեմատության համար։ Զույգի պատմությունը, որը հանցագործությունները վերածում է իսկական մեդիաշոուի, լավ համադրվում է GTA-ի ժամանակակից երգիծանքի հետ՝ ուղղված սոցիալական ցանցերին, հեռուստատեսությանը և ամերիկյան աստղային մշակույթին։

Ռիդլի Սքոթի «Թելման և Լուիզան» (Thelma & Louise, 1991) հետաքրքիր զուգահեռ է։ Երկու կին մեկնում են ճամփորդության, որը հետզհետե վերածվում է օրենքից փախուստի։ Իհարկե, Ջեյսոնի ու Լուսիայի պատմությունը բոլորովին այլ է, բայց զույգի շուրջ կառուցված հանցավոր արկածի գաղափարն ինքնին որոշակի ասոցիացիաներ է առաջացնում։

Վերջապես, չպետք է մոռանալ, որ նոր խաղը վերադառնում է Վայս Սիթի։ Հետևաբար, «Մայամիի ոստիկանության» ու «Սպիով դեմքի» ժառանգությունը գրեթե անխուսափելիորեն ներկա է դրա ԴՆԹ-ում։ Միայն թե այս անգամ ութսունականների փոխարեն Rockstar-ը ներկայացնում է ժամանակակից Ֆլորիդան՝ ինֆլյուենսերներով, վիրուսային տեսանյութերով, համացանցային մշակույթով ու ամերիկյան խելահեղության նոր դրսևորումներով։

Գրեթե երեսուն տարվա ընթացքում Grand Theft Auto-ն անցել է անհավանական ճանապարհ։ Սկսելով որպես մեքենաների գողության ու հանցագործությունների մասին պարզ խաղ՝ այն աստիճանաբար վերածվել է ամերիկյան կյանքի մասին ամենամասշտաբային երգիծական ստեղծագործություններից մեկի։

Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունեցել է իր կինեմատոգրաֆիկ լեզուն։ GTA III-ը աշխարհին նայում էր Սկորսեզեի ու Մայքլ Մաննի աչքերով։ Vice City-ն երազում էր դառնալ «Սպիով դեմք»։ San Andreas-ը մեծացել էր գետտոների ու փողոցային բանդաների մասին ֆիլմերի վրա։ GTA IV-ը հանցավոր արկածը վերածեց չիրականացած ամերիկյան երազանքի մասին մռայլ պատմության։ Իսկ GTA V-ը այս ամենը միավորեց հոլիվուդյան մեծ մարտաֆիլմում։
Թերևս, հենց սա է Rockstar-ի հաջողության գաղտնիքը. ընկերությունը պարզապես չի կրկնօրինակում սիրելի ֆիլմերը, այլ վերածում է դրանք կենդանի աշխարհների, որտեղ հանդիսատեսը հնարավորություն է ստանում դառնալ գլխավոր հերոսը։