
Նա կարող է մի քանի տարի ծախսել տեսախցիկի մշակման, մի ամբողջ տասնամյակ՝ նոր աշխարհ ստեղծելու, ու ևս մի քանի տարի՝ դերասաններին կանաչ ֆոնին լողալ սովորեցնելու վրա։ Ջեյմս Քեմերոնն այն ռեժիսորներից չի, որոնք երկու տարին մեկ նոր ֆիլմ են էկրաններ բարձրացնում։ Նրա համար կինոն ոչ այնքան արվեստ կամ արհեստ է, որքան տարիներ տևող ինժեներական խնդրի լուծում։ Բայց ինչո՞ւ է «Տերմինատորը», «Օտարները», «Տիտանիկն» ու «Ավատարն» աշխարհին նվիրած մարդն այդքան հազվադեպ ուրախացնում մեզ նոր ֆիլմերով, ու արդյո՞ք հենց նրա դանդաղկոտությունն է հաջողության գլխավոր գաղտնիքը։
Նոյեմբերի 23-ին լեգենդար ռեժիսորն այցելելու է Երևան։ Դրա առթիվ PAN-ը պատմում է Քեմերոն-պերֆեկցիոնիստի մասին։
Եթե թեմայի մեջ մարդուն խնդրենք նշել ռեժիսորի, ով կարողանում է կինոն վերածել հսկայական մշակութային իրադարձության, ապա Ջեյմս Քեմերոնի անունն, անկասկած, առաջիններից մեկը կլինի։ Նա մեզ է պարգևել մարդասպան կիբորգի, որը լրիվ անսպասելիորեն սովորում է լավ հայր լինել, Սիգուրնի Ուիվերին ուղարկել է այլմոլորակային հրեշների դեմ կենաց ու մահվան մարտի, ստիպել է Լեոնարդո ԴիԿապրիոյին սառույցի կտոր դառնալ Ատլանտյան օվկիանոսում ու միլիոնավոր մարդկանց տեղափոխել է հեռավոր մի մոլորակ, որտեղ նույնիսկ ծառերն են կարողանում հաղորդակցվել միմյանց հետ։
«Պիրանյա 2» (Piranha II: The Spawning, 1981)
«Տերմինատորը» (The Terminator, 1984)
«Օտարները» (Aliens, 1986)
«Անդունդը» (The Abyss, 1989)
«Տերմինատոր 2. Դատաստանի օրը» (Terminator 2: Judgment Day, 1991)
«Ճշմարտացի սուտ» (True Lies, 1994)
«Տիտանիկ» (Titanic, 1997)
«Ավատար» (Avatar, 2009)
«Ավատար. Ջրի ուղին» (Avatar: The Way of Water, 2022)
«Ավատար. Հուր և մոխիր» (Avatar: Fire and Ash, 2025)
Իր կարիերայի ընթացքում Քեմերոնը նկարել է տասը լիամետրաժ խաղարկային ֆիլմ։ Եթե չհաշվենք վավերագրական աշխատանքները, կարճամետրաժ ֆիլմերն ու պրոդյուսերական նախագծերը, ապա նրա ռեժիսորական ֆիլմագրությունը բավականին համեստ է մի մարդու համար, ով արդեն մի քանի տասնամյակ աշխատում է Հոլիվուդում։ «Տերմինատորի» ու «Տերմինատոր 2»-ի միջև անցել է յոթ տարի, «Տիտանիկի» ու առաջին «Ավատարի» միջև՝ տասներկու։ Իսկ «Ավատարի» թողարկումից հետո հանդիսատեսը ստիպված եղավ տասներեք տարի սպասել, մինչև նորից վերադառնա Պանդորա։

Համեմատության համար, այդ ընթացքում հոլիվուդյան շատ ռեժիսորներ հասցնում են մի ամբողջ ֆիլմագրություն նկարել։ Իսկ Քեմերոնը կարող է տարիներ շարունակ զբաղվել մեկ նախագծով՝ ասես մտադիր լինի ոչ թե թողարկել հերթական բլոկբաստերը, այլ կառուցել մի ամբողջ քաղաքակրթություն, ապահովել դրա ենթակառուցվածքներն ու անձամբ ստուգել, թե որքան լավ են տեղի բնակիչները կարողանում շնչել ջրի տակ։

Հարցը միայն այն չի, որ նա պերֆեկցիոնիստ է կամ սիրում է դանդաղ աշխատել։ Քեմերոնի մոտեցումն ընդհանրապես մի փոքր այլ ստրուկտուրա ունի, քան նրա գործընկերների մեծ մասի դեպքում։ Քեմերոնը ոչ այնքան օգտագործում է գոյություն ունեցող տեխնոլոգիաները, որքան պարբերաբար փորձում է հորինել դեռ գոյություն չունեցող տեխնոլոգիաներ՝ ստեղծելու համար ֆիլմեր, որոնք տվյալ պահին հնարավոր չի ստեղծել։ Ու սա, թերևս, նրա կարիերայի գլխավոր առանձնահատկություններից մեկն է։
Սկսենք նրանից, որ Ջեյմս Քեմերոնը չի զբաղվում բացառապես պատմություններ հորինելով ու տեսարաններ բեմադրելով։ Նրա հետաքրքրությունների շրջանակը շատ ավելի լայն է։ Նա հետաքրքրվում է ճարտարագիտությամբ, ռոբոտաշինությամբ, ստորջրյա հետազոտություններով, համակարգչային տեխնոլոգիաներով և ամենատարբեր մեխանիզմների կառուցվածքով։ Նրա մեջ զարմանալիորեն համատեղվում են ռեժիսորը, գյուտարարը, հետազոտողն ու այն մարդն, ում բացարձակապես չի բավարարում «եկեք պարզապես գեղեցիկ անենք» ասելը։ Նա պետք է հասկանա, թե ինչպես է դա աշխատում։
Կեմերոնի առաջին ֆիլմը
Այս հատկությունն ի հայտ է եկել դեռ նրա կարիերայի սկզբում։ Քեմերոնն այն ժամանակ ներկայիս ճանաչված հոլիվուդյան հեղինակը չէր, ում կինոստուդիաները պատրաստ են ցանկացած բյուջե տրամադրել։ Հակառակը՝ նրա առաջին քայլերը կինոարդյունաբերության մեջ բավականին անկանոն էին։ Նա հասցրել է աշխատել բեռնատարի վարորդ, զբաղվել ինքնակրթությամբ, ուսումնասիրել ֆիզիկա և ճարտարագիտություն, իսկ հետո մուտք է գործել կինոարդյունաբերություն՝ աշխատելով որպես հատուկ էֆեկտների նկարիչ։

Այս առումով նրա ճանապարհը դեպի ռեժիսուրա բավականին անսովոր էր։ Շատ ռեժիսորներ կինո են գալիս թատերական դպրոցներից, օպերատորական արվեստից կամ մոնտաժից։ Իսկ Քեմերոնը կինո է եկել` օժտված լինելով հետաքրքրասիրությամբ, ցանկանալով քանդել մեխանիզմը, տեսնել` ինչ կա դրա ներսում, հետո նորից հավաքել ու անել դա այնպես, որ այն տասն անգամ ավելի լավ աշխատի։

Հենց այդ պատճառով էլ նրա ֆիլմերում այդքան մեծ ուշադրություն է դարձվում շրջապատող աշխարհի ֆիզիկային։ Նույնիսկ ֆանտաստիկ տեխնոլոգիաները պետք է այնպիսի տեսք ունենան, ասես ունեն հստակ կառուցվածք, աշխատանքի սկզբունքներ ու սահմանափակումներ։ Նրա մեքենաները, ռոբոտները, տիեզերանավերն ու ստորջրյա սարքերը գոյություն ունեն ոչ թե զուտ գեղեցիկ պատկեր ստեղծելու համար։ Դրանք պետք է իրական թվան։

Հավանաբար հենց այստեղից էլ գալիս է տեխնիկական մանրամասների նկատմամբ նրա հայտնի սերը։ Քեմերոնը կարող է ժամերով քննարկել տեսախցիկի կառուցվածքը, ստորջրյա նկարահանումների առանձնահատկությունները կամ համակարգչային գրաֆիկայի հնարավորությունները։ Նրա համար այս ամենը ոչ թե օժանդակ գործիքներ են, այլ ստեղծագործական պրոցեսի լիարժեք մաս։ Եվ այստեղ էլ ի հայտ է գալիս առաջին պատճառը, թե ինչու է նա այդքան հազվադեպ նկարում. Քեմերոնը պատրաստ չի սկսել նկարահանումները, քանի դեռ չի գտել իր մտահղացումը կյանքի կոչելու միջոցը։
Ամենախոսուն օրինակն «Ավատարն» է։ Ֆիլմի պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ, քան հանդիսատեսն առաջին անգամ տեսել է Պանդորայի կապույտ բնակիչներին։ Քեմերոնը սցենարի նախնական տարբերակը գրել է դեռ 1995-ին։ Նույն այդ ժամանակ նա կինոստուդիային է ներկայացրել ֆանտաստիկ աշխարհի գաղափարը` բնակեցված էակներով, որոնք պետք է լրիվ իրական տեսք ունենան։ Սակայն նախագիծը հետաձգվել է. ռեժիսորը հասկանում էր, որ այդ ժամանակ գոյություն ունեցող տեխնոլոգիաները թույլ չէին տա ստանալ անհրաժեշտ արդյունքը։
![]()
Խոսքը զուտ համակարգչային գրաֆիկայի ոչ այնքան գեղեցիկ լինելու մասին չէր։ Քեմերոնին անհրաժեշտ էին կերպարներ, որոնց էմոցիաները, միմիկան ու շարժումները կընկալվեին որպես իրական։ Հանդիսատեսը պետք է տեսներ ոչ թե համակարգչային մոդել, այլ կենդանի էակ, որը կարող է կարեկցանք առաջացնել։ Ընդ որում, այդ էակը պետք է բնական կերպով գոյություն ունենար ֆանտաստիկ աշխարհում, փոխազդեր շրջակա միջավայրի հետ, շարժվեր, շնչեր և արտահայտեր էմոցիաները։
1990-ականներին դա գրեթե անհնար էր։ Համակարգչային գրաֆիկան արդեն թույլ էր տալիս ստեղծել տպավորիչ պատկերներ, բայց տպավորիչ պատկերի և համոզիչ թվային կերպարի միջև հսկայական անդունդ կար։ Ուստի Քեմերոնը պարզապես սպասեց։

Այդ ընթացքում նա զբաղվում էր այլ նախագծերով, ուսումնասիրում եռաչափ կինոյի հնարավորությունները, մասնակցում նոր տեսախցիկների մշակմանը և փորձարկում շարժումը որսալու (motion capture) տեխնոլոգիաները։ Ինչ-որ պահի պարզ դարձավ, որ անհրաժեշտ գործիքներն արդեն սկսում են ի հայտ գալ։ Ու այդ ժամանակ էլ ռեժիսորը վերադարձավ իր հին պատմությանը։
Vanity Fair-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ դեռ 1995-ին արդեն ուներ ապագա «Ավատարի» հիմնական գաղափարը, սակայն նախագիծը համարեցին իր ժամանակից շուտ ծնված։ Հետագայում նրան բառացիորեն անհրաժեշտ եղավ միավորել ու զարգացնել տարբեր տեխնոլոգիաներ, որպեսզի կարողանա իրականացնել իր սկզբնական մտահղացումը։

Քեմերոնն այն մարդկանցից չի, ովքեր ուղղակի օգտվում են համակարգչային արդյունաբերության ձեռքբերումներից։ Նա մասնակցել է այնպիսի գործիքների ստեղծմանը, որոնք հետագայում կարևոր դարձան ամբողջ կինոարվեստի համար։ Օրինակ՝ վիրտուալ տեսախցիկը թույլ տվեց նրան տեսնել թվային տարածությունն ու վիրտուալ կերպարներին այնպես, կարծես ինքն արդեն պատրաստի տեսարանի ներսում է։ Ռեժիսորը կարող էր տեսախցիկը տեղափոխել երևակայական Պանդորայի տարածքում, ընտրել դիտանկյուններ և կառուցել կոմպոզիցիան, թեև նկարահանման հրապարակում ֆիզիկապես գոյություն չունեին ո՛չ անտառը, ո՛չ հսկայական ծառերը, ո՛չ էլ կապույտ այլմոլորակայինները։

Ստացվում էր նկարահանման պրոցեսի յուրօրինակ բաժանում. սկզբում դերասանները մարմնավորում էին իրենց դերերը, իսկ հետո Քեմերոնը, ըստ էության, այդ կատարումները նկարահանում էր թվային տարածության մեջ։ Սա սկզբունքորեն փոխում էր կինոարտադրության բնույթը։ Ավանդական ռեժիսորը սովորաբար աշխատում է այն ամենի հետ, ինչ գտնվում է օբյեկտիվի առջև։ Իսկ Քեմերոնը ցանկանում էր կառավարել նույնիսկ այն, ինչը դեռ գոյություն չուներ։
Հենց այդ պատճառով էլ սպասելն «Ավատարի» դեպքում սովորական արտադրական ձգձգում չէր։ Ռեժիսորը չէր սպասում հարմար պահի, ազատ ժամանակացույցի կամ նույնիսկ համապատասխան բյուջեի։ Նա սպասում էր նոր կինոլեզվի հայտնվելուն։
Կա ևս մի պատճառ, թե ինչու են նրա նախագծերն այդքան երկար տևում։ Քեմերոնը ձգտում է վերահսկել ոչ միայն ֆիլմի գեղարվեստական կողմը, այլև դրա ստեղծման ողջ պրոցեսը։ Սովորական հոլիվուդյան համակարգում ռեժիսորը ստանում է սցենարը, հավաքում թիմը, սկսում նկարահանումները, իսկ հետո նյութը փոխանցում մոնտաժողներին ու վիզուալ էֆեկտների մասնագետներին։ Իհարկե, խոշոր նախագծերի ռեժիսորները կարող են ազդել արտադրության գրեթե բոլոր փուլերի վրա, բայց նրանցից քչերն են պատրաստ անձամբ խորանալ տեխնիկական մանրամասների մեջ։

Քեմերոնի դեպքում ամեն ինչ այլ է։ Նրա համար ֆիլմի արտադրությունը կարող է վերածվել առանձին գիտատեխնիկական ու գիտահետազոտական նախագծի։ Ընդ որում, հիմնական նկարահանումները սկսելուց առաջ հաճախ անհրաժեշտ է լինում լուծել այնպիսի խնդիրներ, որոնք ինքնին կարող են մի քանի տարի խլել։

Հիշենք «Անդունդը»։ Այսօր ստորջրյա նկարահանումներն այլևս ոչ ոքի չեն զարմացնում, բայց 1980-ականների վերջին ֆիլմի վրա աշխատանքը վերածվեց իսկական փորձության։ Գործողության զգալի մասը տեղի էր ունենում ստորջրյա միջավայրում, ու դերասանները ստիպված էին երկար ժամանակ անցկացնել ջրի տակ։ Նկարահանումների համար օգտագործվում էին հատուկ սարքավորված ջրավազաններ, լուսավորման բարդ համակարգեր ու ստորջրյա տեխնիկա։
Արտադրությունն ուղեկցվում էր տեխնիկական խնդիրներով, ուժասպառ անող պայմաններով ու կոնֆլիկտներով։ Նկարահանող խումբը, ըստ էության, հայտնվել էր փակ տարածքում, որտեղ ցանկացած բարդություն կարող էր հանգեցնել աշխատանքների դադարեցմանը։ Ինքը՝ Քեմերոնը, ձեռք բերեց չափազանց պահանջկոտ ռեժիսորի համբավ, ով մտադիր չի հրաժարվել իր մտահղացումներից։
Սակայն հենց «Անդունդի» ստեղծման ընթացքում թիմը ստացավ համակարգչային գրաֆիկայի առաջին իսկապես տպավորիչ էֆեկտներից մեկը՝ հանրահայտ ջրային շոշափուկը, որն ուսումնասիրում է ստորջրյա կայանն ու մարդկային դեմք ընդունում։ Այդ տեսարանը կարևոր հանգրվան դարձավ համակարգչային գրաֆիկայի պատմության մեջ։ Սա հետագա տասնամյակներին բոլորին էկրաններից զարմացնող թվային կերպարների նախապապն էր։

«Տերմինատոր 2»-ում Քեմերոնն ավելի հեռուն գնաց։ Հեղուկ մետաղից T-1000-ը իսկական հեղափոխություն էր իր ժամանակի համար։ Նրա մարմինը կարող էր փոխել ձևը, վերածվել տարբեր առարկաների և վերականգնել վնասվածքները։ Այս տեսարանները ստանալու համար անհրաժեշտ եղան համակարգչային գրաֆիկայի լրիվ նոր մոտեցումներ, իսկ էֆեկտների ստեղծումը դարձավ ֆիլմի արտադրության կարևորագույն մասերից մեկը։

Հենց այստեղ է ի հայտ գալիս քեմերոնյան պեդանտիզմը. նա չի ցանկանում պարզապես օգտագործել հասանելի միջոցները։ Եթե գոյություն ունեցող գործիքը թույլ չի տալիս ստանալ անհրաժեշտ արդյունքը, նրա թիմը սկսում է նոր լուծում փնտրել։ Այս առումով Քեմերոնը ավելի շատ հիշեցնում է ոչ թե հոլիվուդյան դասական ռեժիսորի, այլ խոշոր ինժեներական լաբորատորիայի ղեկավարի։ Միայն թե գիտական հրապարակման փոխարեն գիտափորձերի արդյունք է դառնում միլիոնավոր հանդիսատես ունեցող ֆիլմը։
Եթե հերթականությամբ դիտարկենք Քեմերոնի ֆիլմագրությունը, կնկատենք, որ նրա խոշոր նախագծերի միջև հաճախ շատ ավելին է տեղի ունենում, քան ժանրի կամ վիզուալ ոճի փոփոխությունը։ Յուրաքանչյուր նոր ֆիլմ դառնում է կինոարվեստի զարգացման հաջորդ փուլի հնարավորությունների յուրօրինակ ցուցադրություն։

«Տերմինատորը» ցույց տվեց, որ նույնիսկ համեմատաբար համեստ բյուջեն չի խանգարում ստեղծել համոզիչ ֆանտաստիկ աշխարհ, եթե ճիշտ օգտագործվեն գործնական էֆեկտները, մոնտաժն ու ռեժիսորական հնարամտությունը։ «Օտարները» ցույց տվեցին, թե ինչպես կարելի է Ռիդլի Սքոթի ատմոսֆերիկ լավքրաֆթյան մղձավանջը վերածել լայնածավալ մարտաֆիլմի՝ միևնույն ժամանակ պահպանելով սարսափի մթնոլորտը։

«Անդունդը» նոր մակարդակի բարձրացրեց թվային էֆեկտներն ու ստորջրյա նկարահանումները։ «Տերմինատոր 2»-ը համակարգչային գրաֆիկան հասցրեց նոր մակարդակի։ «Տիտանիկը» ցույց տվեց, որ պատմական աղետը կարելի է վերաշարադրել անհավանական մասշտաբով՝ համատեղելով հսկայական դեկորացիաները, գործնական էֆեկտները, թվային տեխնոլոգիաներն ու զանգվածային տեսարանների բարդ բեմադրությունը։

«Ավատարը» փոխեց motion capture-ի, վիրտուալ արտադրության ու եռաչափ կինոյի հնարավորությունների մասին պատկերացումները։ Վերջապես, «Ջրի ուղին» ստիպեց թիմին լուծել ևս մի խնդիր՝ դերասանների motion capture-ով գրանցված խաղը համոզիչ կերպով տեղափոխել ստորջրյա միջավայր։ Դրա համար անհրաժեշտ եղավ ստեղծել շարժումները որսալու լրիվ նոր, հատուկ համակարգ, որը կաշխատեր ջրի տակ, քանի որ սովորական տեխնոլոգիաները չէին կարող ապահովել անհրաժեշտ ճշգրտությունը։

Այլ կերպ ասած՝ Քեմերոնն անընդհատ բարձրացնում է սեփական հնարավորությունների նշաձողը։ Նա չի ցանկանում պարզապես կրկնել նախորդ ֆիլմի հաջողված լուծումը։ Նրան անհրաժեշտ է գտնել նոր խնդիր, որը մինչ այդ ոչ ոք նման մասշտաբով չի լուծել։ Սա բացատրում է նաև նախագծերի ընտրության նրա անսովոր ռազմավարությունը։ Քեմերոնն ինքն իրեն չի հարցնում, թե ինչ պատմություն կուզենար պատմել։ Նրան հետաքրքրում է նաև, թե անձամբ ինքը ինչ կարող է սովորել այդ պատմությունը կյանքի կոչելու ընթացքում։

Vanity Fair-ին տված հարցազրույցում ռեժիսորն ասել է, որ իրեն գրավում են այն նախագծերը, որոնց ընթացքում հնարավորություն կա որևէ նոր բան յուրացնելու՝ լինի դա տեխնիկական հմտություն, թե բոլորովին անծանոթ թեմա։ Նա խոստովանել է, որ չի ցանկանում կրկին անել այն, ինչ արդեն արել է։ Հենց այստեղ էլ առաջանում է հետաքրքիր պարադոքս. մարդն, ով միլիարդավոր դոլարներ է վաստակել սիքվելներով ու կինոֆրանշիզներով, ստեղծագործական առումով մշտապես ձգտում է նորարարության։ Նա կարող է կրկին վերադառնալ Տերմինատորին կամ Պանդորային, բայց նրա համար բավարար չի ծանոթ հնարքները վերարտադրելը։ Նա ամեն անգամ փորձում է անել մի բան, ինչը նախկինում չի արել։
Քեմերոնի՝ որպես ռեժիսորի դանդաղկոտության ամենահայտնի օրինակը «Տիտանիկի» ու «Ավատարի» միջև ընկած ժամանակահատվածն է։ 1997-ին էկրան բարձրանալուց հետո «Տիտանիկը» դարձավ կինոյի պատմության ամենախոշոր մշակութային և կոմերցիոն իրադարձություններից մեկը։ Ֆիլմն արժանացավ տասնմեկ «Օսկար» մրցանակի, համաշխարհային վարձույթում հավաքեց ավելի քան երկու միլիարդ դոլար ու Քեմերոնին դարձրեց Հոլիվուդի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը։

Թվում էր՝ ճիշտ ժամանակն է օգտվելու հաջողությունից ու թողարկելու ևս մի քանի մասշտաբային նախագիծ։ Կինոստուդիաներն, անկասկած, պատրաստ կլինեին տրամադրել նրան ցանկացած անհրաժեշտ միջոց։ Սակայն դրա փոխարեն Քեմերոնը երկար ժամանակով հեռացավ խաղարկային կինոյից։

Իհարկե, անարդար կլիներ պնդել, թե այդ ամբողջ ընթացքում նա ոչինչ չէր նկարում։ Ռեժիսորը զբաղված էր օվկիանոսի ուսումնասիրությանն առնչվող վավերագրական նախագծերով։ Դրանց թվում էին «Անդունդի ուրվականները» (Ghosts of the Abyss, 2003) ու «Խորջրյա այլմոլորակայինները» (Aliens of the Deep, 2005) ֆիլմերը, որոնցում նա օգտագործում էր նկարահանման հատուկ եռաչափ համակարգեր ու ուսումնասիրում օվկիանոսի խորքերը։

Քեմերոնն իսկապես տարվել էր ստորջրյա արշավներով։ Նա ոչ միայն նկարահանող խմբեր էր ուղարկում խորքերը, այլև անձամբ էր մասնակցում հետազոտություններին, ուսումնասիրում խորաջրյա սարքերի տեխնիկական հնարավորություններն ու աստիճանաբար դառնում օվկիանոսի խորքերի ամենահայտնի հետազոտողներից մեկը կինոաշխարհում։
Այս հետաքրքրությունը ժամանակավոր հոբբի չէր, որից ռեժիսորը հրաժարվեց Հոլիվուդ վերադառնալուց հետո։ 2012-ին նա միայնակ իջավ Համաշխարհային օվկիանոսի ամենախորը կետը՝ Մարիանյան իջվածքը, հասնելով մոտ 10 908 մետր խորության՝ հատուկ դրա համար ստեղծված Deepsea Challenger ապարատով։ Փաստորեն, այն ժամանակ, երբ հանդիսատեսը նրանից սպասում էր հերթական բլոկբաստերը, Քեմերոնը զբաղված էր լրիվ այլ մոլորակ ուսումնասիրելով. միայն թե ոչ թե տիեզերքում, այլ օվկիանոսի հատակին։

Սա նույնպես շատ բան է ասում նրա բնավորության մասին։ Նրա համար անհայտի ուսումնասիրությունը չի սահմանափակվում կինոարվեստով։ Ֆիլմերը, տեխնոլոգիաներն ու արշավները մեծ հետաքրքրասիրության տարբեր դրսևորումներն են։ Բացի այդ, օվկիանոսային հետազոտություններն օգնում էին նրան զարգացնել եռաչափ նկարահանման տեխնոլոգիաները, որոնք հետագայում պետք եկան «Ավատարի» ստեղծման ժամանակ։ Այսինքն՝ նույնիսկ նրա վավերագրական նախագծերը կարիերայի առանձին ճյուղ չէին. դրանք միաժամանակ ծառայում էին որպես ապագա խաղարկային կինոյի փորձարարական լաբորատորիա։
Ստացվում է, որ Քեմերոնը «Տիտանիկից» հետո ոչ թե անհետացավ, այլ իր մի արշավախումբը փոխարինեց մյուսով։
2009-ին առաջին «Ավատարի» թողարկումից հետո թվում էր, թե Քեմերոնը վերջապես գտել է կատարյալ բանաձևը։ Այդ պահին այն դարձավ կինոյի պատմության ամենաեկամտաբեր ֆիլմը, ստացավ երեք «Օսկար» մրցանակ ու ապացուցեց, որ հանդիսատեսը պատրաստ է հանուն նոր վիզուալ տպավորությունների մասսայաբար այցելել կինոթատրոններ։

Սակայն ռեժիսորի համար այդ հաջողությունը յուրօրինակ խնդիր դարձավ։ Նա ստեղծել էր այնքան մասշտաբային տիեզերք, որ դրա հետագա զարգացումը հսկայական ռեսուրսներ էր պահանջում։ Ու Քեմերոնը նախատեսել էր շարունակությունների մի ամբողջ շարք։ Եվ փոխարեն դրանք արագ ու առանձին-առանձին թողարկելու՝ կարճ ընդմիջումներով (ինչպես կաներ ցանկացած այլ ռեժիսոր), Քեմերոնը որոշեց միանգամից մի քանի ֆիլմի արտադրություն կազմակերպել։ Դա թույլ էր տալիս պահպանել ընդհանուր գեղարվեստական կոնցերտը, աշխատել նույն դերասանների ու դեկորացիաների հետ, ինչպես նաև ավելի արդյունավետ օգտագործել արդեն ստեղծված տեխնոլոգիաները։

Սակայն այս որոշումն ուներ նաև հակառակ կողմը. ռեժիսորն, ըստ էության, իր կյանքի զգալի մասը նվիրեց մեկ կինոֆրանշիզի։ «Ավատար. Ջրի ուղին» և «Ավատար. Հուր և մոխիրը» ֆիլմերի վրա աշխատանքը վերածվեց առանձին արտադրական մարաթոնի։ Ընդ որում, դժվարությունը միայն վիզուալ էֆեկտների քանակը չէր։ Քեմերոնը ցանկանում էր, որ համակարգչային կերպարներն այնքան բնական տեսք ունենան, որ հանդիսատեսն այլևս չնկատի դերասանի իրական խաղի և դրա թվային պատկերման միջև սահմանը։
![]()
Հատկապես բարդ էր ստորջրյա հատվածը։ Դերասանները ստիպված էին երկար ժամանակ շունչը պահել, աշխատել հատուկ ջրավազաններում ու կատարել բարդ շարժումներ՝ միաժամանակ փոխանցելով իրենց կերպարների էմոցիաները։ Ջրի տակ հնարավոր չէր օգտագործել սովորական motion capture համակարգերը. անդրադարձումները, օդի պղպջակներն ու լույսի տարածման առանձնահատկությունները լրացուցիչ տեխնիկական խնդիրներ էին ստեղծում։

Արդյունքում արտադրությունը վերածվեց հսկայական մեխանիզմի, որում ներգրավված էին հարյուրավոր մասնագետներ, նկարիչներ, ծրագրավորողներ, ինժեներներ և անիմատորներ։ Քեմերոնը պատմել է, որ «Ավատարի» վերջին երկու ֆիլմերի ստեղծումը, ըստ էության, կրկնակի աշխատանք էր պահանջում. նախ նկարահանվում էր դերասանների խաղը, ապա առանձին ստեղծվում էին վիրտուալ նկարահանումները, լուսավորությունը, տեսախցիկի շարժումները և բոլոր անհրաժեշտ կադրերը։ Յուրաքանչյուր ֆիլմում կան վիզուալ էֆեկտների հազարավոր դրվագներ, ու ռեժիսորը ձգտում էր, որ դրանցից յուրաքանչյուրն առավելագույնս համոզիչ լինի։

Այստեղ արժի ուշադրություն դարձնել մի դետալի։ Շատ ռեժիսորների համար համակարգչային գրաֆիկան արտադրությունը հեշտացնելու միջոց է։ Այլևս կարիք չկա կառուցել հսկայական դեկորացիաներ, փնտրել համապատասխան վայրեր, ստեղծել բարդ մեխանիզմներ ու դերասաններին վտանգի ենթարկել։ Ամեն ինչ կարելի է նկարել համակարգչով։
Քեմերոնի դեպքում հակառակն է։ Համակարգչային գրաֆիկան դառնում է ավելի բարդ արտադրական համակարգ ստեղծելու առիթ։ Նա չի օգտագործում թվային տեխնոլոգիաներն իրականության հետ ավելի քիչ աշխատելու համար։ Նա փորձում է դրանց օգնությամբ հնարավորինս ճշգրիտ վերարտադրել իրականությունը, որպեսզի հանդիսատեսը հավատա անհնարին աշխարհի գոյությանը։
Ի վերջո, եթե յուրաքանչյուր հաջորդ ֆիլմ պահանջում է նոր տեխնոլոգիաներ, նոր արտադրական պրոցեսներ ու մի քանի տարվա աշխատանք, ապա որտե՞ղ է սահմանը։ Որքա՞ն կարելի է կատարելագործել պատկերը, մինչև ժամանակի ու ռեսուրսների ծախսը չսկսի գերազանցել գեղարվեստական արդյունքի արժեքը։

Ինքը՝ Քեմերոնն առանձնապես չի անհանգստանում այս հակասությունից։ Նա սիրում է բարդ խնդիրներ ու մտադիր չի հրաժարվել դրանցից միայն այն պատճառով, որ դրանք չափազանց շատ ժամանակ (ու փող) են խլում։ Այնուամենայնիվ, նույնիսկ նա հասկանում է, որ այդպիսի աշխատաոճն անվերջ շարունակել չի ստացվի։ 2025-ին Associated Press-ին տված հարցազրույցում ռեժիսորը խոսել է կասկածների մասին` արդյո՞ք արժի անձամբ նկարել «Ավատարի» չորրորդ ու հինգերորդ մասերը։ Պատճառների թվում նա նշել է իր տարիքը, ժամանակային պարտավորություններն ու նոր տեխնոլոգիաների զարգացումը։
Քեմերոնին ներկայացնում են որպես մարդու, ում հետ չափազանց դժվար է աշխատել։ Նա կարող է լինել կտրուկ, պահանջկոտ, անհամբեր ու տեղի ունեցող ամեն ինչ վերահսկելու մոլուցքով տարված։

Նրա նկարահանման հրապարակները բազմիցս դարձել են կոնֆլիկտների վայր։ «Անդունդի» ու «Տիտանիկի» նկարահանման ընթացքում աշխատանքային պայմաններն այնքան ծանր էին, որ մասնակիցները պարբերաբար խոսում են իրենց ֆիզիկական ու հոգեբանական հյուծվածության մասին։ Հատկապես հայտնի է «Տիտանիկի» նկարահանումների պատմությունը։ Դերասաններն ու նկարահանող խմբի անդամները երկար ժամեր անցկացնում էին ջրում, աշխատում ցուրտ պայմաններում ու բախվում չափազանց լարված ժամանակացույցի։ Արտադրությունը դուրս էր գալիս սկզբնական ծրագրի սահմաններից, իսկ բյուջեն անընդհատ աճում էր։

Քեմերոնն այն մարդը չի, ով հեշտությամբ գնում է փոխզիջումների։ Եթե տեսարանը չէր ստացվում այնպես, ինչպես նա պատկերացնում էր, այն կարող էին կրկին ու կրկին նկարել։ Եթե տեխնիկական լուծումը չէր ապահովում անհրաժեշտ արդյունքը, փնտրում էին մեկ ուրիշը։ Բայց ամեն ինչ սովորական պերֆեկցիոնիզմով բացատրելը չափազանց պարզունակ կլիներ։ Պերֆեկցիոնիստը ձգտում է աշխատանքը հնարավորինս լավ անել։ Իսկ Քեմերոնը ձգտում է փոխել դրա իրականացման եղանակը։ Սրանք տարբեր բաներ են։

Նա չի ուզում, որ տեսարանը զուտ ավելի լավ տեսք ունենա։ Նա ուզում է հնարավոր դարձնել այնպիսի տեսարանի նկարահանումը, որը մինչև վերջերս ընդհանրապես անհնար էր։ Ու այստեղ նրա մոտեցումը սկսում է հիշեցնել գիտական հետազոտություն։ Կա վարկած, կա խնդիր, կան սահմանափակումներ, ու դրանից հետո սկսվում է գիտափորձերի մի ամբողջ շարք։ Երբեմն լուծումը արագ է գտնվում, երբեմն էլ անհրաժեշտ է լինում մշակել լրիվ նոր համակարգ։

Իհարկե, այս մոտեցումն իր գինն ունի։ Ամեն ֆիլմ չի, որ հեղափոխություն է պահանջում կինոարվեստում։ Լավ պատմությունը կարելի է պատմել առանց նոր տեսախցիկներ մշակելու, տարիներ շարունակ նախապատրաստվելու ու թվային մասնագետների հազարավոր աշխատակիցներից բաղկացած թիմեր ներգրավելու։ Բայց Քեմերոնի համար հետաքրքիր չի զբաղվել նրանով, ինչ ուրիշներն արդեն կարողանում են անել։ Նա անկեղծորեն խոսել է այն մասին, որ նախկինում իրեն առաջ էր մղում կինոյում ինչ-որ նոր բան ներդնելու և այնպիսի պատկերներ ստեղծելու ցանկությունը, որոնք հանդիսատեսը դեռ չի տեսել։ Նա նաև խոստովանել է, որ երբեմն իրեն բավականաչափ լավ կինեմատոգրաֆիստ չի համարել ու փորձել է լրացնել այդ բացը՝ փնտրելով վիզուալ պատմություն պատմելու նոր եղանակներ։
Սա բավականին հետաքրքիր խոստովանություն է։ Ինքնավստահ հոլիվուդյան հսկայի կերպարի հետևում թաքնված է մի մարդ, ով մշտապես փորձում է ինքն իրեն ապացուցել, որ ի վիճակի է անել մի բան, որն ուրիշ ոչ ոք չի կարողանում։
Կա ևս մի բացատրություն նրա համեմատաբար փոքր ֆիլմագրության համար, և այն, թերևս, ամենահետաքրքիրն է։ Քեմերոնը երբեք այնպիսի մարդու տպավորություն չի թողել, ով շահագրգռված է սեփական ֆիլմագրությունը պարբերաբար նոր աշխատանքներով համալրելու հարցում։ Նրան անհրաժեշտ չի ամեն տարի նոր նախագծով իր մասին հիշեցնել, մասնակցել մրցանակների համար պայքարին կամ մշտապես ներկա լինել ինֆորմացիոն դաշտում։
![]()
Նա կարող է տարիներ շարունակ զբաղվել մի ֆիլմով, իսկ հետո ևս մի քանի տարի ուսումնասիրել բոլորովին այլ ոլորտ։ Միևնույն ժամանակ, նրա հետաքրքրությունները հեռու են հանդիսատեսի սպասումներին համապատասխանելուց։ «Տիտանիկից» հետո հանդիսատեսը ցանկանում էր տեսնել ևս մեկ մեծամասշտաբ խաղարկային ֆիլմ։ Իսկ Քեմերոնը մեկնեց օվկիանոսն ուսումնասիրելու։ Առաջին «Ավատարից» հետո շատերը սպասում էին, որ նա կզբաղվի բոլորովին նոր պատմությամբ։ Սակայն դրա փոխարեն ռեժիսորը որոշեց հաջորդ տարիները նվիրել արդեն ստեղծված տիեզերքի ընդլայնմանն ու զարգացմանը։

Կարելի է ասել, որ նա նախագծերն ընտրում է ոչ թե դրանց առևտրային գրավչության, այլ իր առջև դրված խնդրի նկատմամբ սեփական հետաքրքրության աստիճանի հիման վրա։ Իհարկե, սա չի նշանակում, թե նրա համար փողն ու կինոստուդիաների շահերը նշանակություն չունեն։ Առանց «Ավատարի» հսկայական հասույթի հետագա բազմաթիվ փորձարարական նախագծերը պարզապես ֆինանսավորում չէին ստանա։
Սակայն Քեմերոնի համար ֆինանսական հաջողությունն ավելի շուտ նոր հնարավորություններ է բացում, քան դառնում վերջնանպատակ։ Նա չի ձգտում հնարավորինս շատ ֆիլմեր նկարել։ Նա ցանկանում է նկարել այնպիսի ֆիլմեր, որոնք ինքը բավականաչափ հետաքրքիր կհամարի` իր կյանքի մի քանի տարին դրանց նվիրելու համար։

Այստեղ կա մի կարևոր տարբերություն մյուս հեղինակների համեմատ։ Ռեժիսորի համար, ով հիմնականում նկարում է ոչ մեծ մասշտաբի դրամաներ, նոր նախագիծը կարող է նշանակել մի քանի ամսվա նախապատրաստություն, մի քանի ամսվա նկարահանում ու ևս որոշ ժամանակ՝ մոնտաժի համար։ Իսկ Քեմերոնի համար նոր նախագիծը կարող է նշանակել մի ամբողջ ենթակառուցվածքի ստեղծում, տեխնոլոգիաների մշակում, սարքավորումների նախագծում, դերասանների ու մասնագետների ուսուցում, իսկ երբեմն նույնիսկ իրական հետազոտական արշավախմբի կազմակերպում։
Այս կոնտեքստում նրա ֆիլմագրությունն արդեն այնքան էլ տարօրինակ չի թվում։ Պարտադիր չի, որ նա մյուսներից ավելի դանդաղ աշխատի։ Պարզապես նրա պատկերացումն այն մասին, թե ինչ է անհրաժեշտ մեկ ֆիլմ ստեղծելու համար, անհամեմատ ավելի լայն է։
Այնուամենայնիվ, սխալ կլիներ այս մոտեցումը ներկայացնել բացառապես որպես առավելություն։ Այն ունի նաև ակնհայտ թերություններ։
Առաջին հերթին Քեմերոնը կարող է դառնալ սեփական հավակնությունների պատանդը։ Որքան շատ ժամանակ է անցնում ֆիլմերի միջև, այնքան ավելի են մեծանում հանդիսատեսի սպասելիքները։ Յուրաքանչյուր նոր նախագիծ վերածվում է իրադարձության, որից պահանջում են ոչ թե զուտ լավ պատմություն, այլ հերթական հեղափոխություն։ Արդյունքում ռեժիսորը հայտնվում է բավականին տարօրինակ իրավիճակում. նրան բավարար չի լավ ֆիլմ նկարել։ Նա դեռ պետք է ապացուցի, որ սպասման մեջ անցկացրած բոլոր տարիներն արդարացված էին։

Մեկ այլ խնդիր։ Կինեմատոգրաֆը փոխվում է շատ ավելի արագ, քան նախկինում։ Այսօր հեղափոխական թվացող տեխնոլոգիաները մի քանի տարի անց կարող են սովորական դառնալ։ Վիզուալ լուծումները, որոնք 2000-ականների սկզբին ապշեցնում էին հանդիսատեսին, այսօր միայն ժպիտ են առաջացնում։ Նույնիսկ «Տերմինատոր 2»-ի համակարգչային գրաֆիկան, որը ժամանակին անհավանական էր թվում, այսօր ընկալվում է՝ հաշվի առնելով ֆիլմի տարիքը։

Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն. ֆիլմի գեղարվեստական արժեքը պարտադիր չի, որ կախված լինի օգտագործված տեխնոլոգիաների առաջադեմ լինելու աստիճանից։ «Տերմինատորը» մինչ օրս ազդեցիկ է ոչ թե այն պատճառով, որ այնտեղ կան 1984-ի համար տպավորիչ հատուկ էֆեկտներ։ «Օտարները» չեն կորցրել իրենց լարվածությունը, չնայած դրանց վիզուալ լուծումները վաղուց դադարել են տեխնիկական հրաշք լինել։ Իսկ «Տիտանիկը» շարունակում է մնալ ազդեցիկ էմոցիոնալ պատմություն՝ անկախ նրանից, թե այսօր որքան համոզիչ է թվում նավի համակարգչային պատկերը։

Հնարավոր է՝ հենց սա է այն, ինչի մասին Քեմերոնին արժի ավելի հաճախ հիշեցնել. տեխնոլոգիաները կարող են հնարավոր դարձնել ֆիլմի ստեղծումը, բայց ինքնուրույն չեն կարող այն հանճարեղ դարձնել։ Արդյո՞ք ռեժիսորը չափազանց մեծ ուշադրություն չի դարձնում կինոյի տեխնիկական կողմին՝ ի վնաս մյուս բաղադրիչների։ Օրինակ՝ «Ավատարը» ապշեցնում է իր վիզուալ աշխարհով, բայց սցենարը հաճախ քննադատության է արժանանում ծանոթ սյուժետային ստրուկտուրաներն օգտագործելու համար։ «Ջրի ուղին» ֆիլմում տեխնիկական նվաճումները երբեմն այնքան տպավորիչ են, որ ստվերում են դրամատուրգիան։ Հանդիսատեսը կարող է ժամերով հիանալ Պանդորայով, բայց միևնույն ժամանակ առանձնապես էմոցիոնալ կապ չզգալ տեղի ունեցող իրադարձությունների հետ։

Սա չի նշանակում, թե Քեմերոնի ֆիլմերը զուրկ են մարդկային պատմություններից։ Ընդհակառակը՝ էմոցիոնալ բաղադրիչը միշտ կարևոր տեղ է զբաղեցրել նրա ստեղծագործություններում։ Բայց երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տեխնիկական կատարելությունը նրա համար ինքնուրույն նպատակ է դարձել։ Ու սա, թերևս, նրա մեթոդի գլխավոր վտանգն է. մի օր կարող ես այնքան տարվել կատարյալ գործիքի ստեղծմամբ, որ մոռանաս, թե ընդհանրապես ինչի համար էիր պատրաստվում այն օգտագործել։
Այդուհանդերձ, Քեմերոնը մտադիր չէ իր կյանքի մնացած մասն անցկացնել բացառապես Պանդորայում։ Նրա ապագա նախագծերի թվում է «Հիրոսիմայի ուրվականները» (Ghosts of Hiroshima) ֆիլմը, որը հիմնված է Չարլզ Պելեգրինոյի գրքի վրա։ Այն պատմում է Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունների և միջուկային պայթյուններից փրկված մարդկանց ճակատագրերի մասին։

Այս նախագիծը ռեժիսորին վերադարձնում է թեմայի, որը միշտ գրավել է նրան. մարդկային տեխնոլոգիաների կործանարար ուժը, ռազմական ագրեսիայի հետևանքներն ու աղետները վերապրելու մարդկանց կարողությունը։ Տասնամյակներ անցկացնելով տերմինատորների ու այլմոլորակային քաղաքակրթությունների միջավայրում՝ Քեմերոնն այժմ պատրաստվում է անդրադառնալ մարդկության իրական պատմության ամենասարսափելի էջերից մեկին։
Զգացի՞ք իրոնիան։ Ռեժիսորն, ով տասնամյակներ շարունակ հորինել է ֆանտաստիկ աղետներ, այժմ ցանկանում է պատմել մի աղետի մասին, որի համար պետք չեն եղել ո՛չ այլմոլորակայիններ, ո՛չ արհեստական բանականություն, ո՛չ էլ ապագայի հորինված զենքեր։ Մարդկությունը հաջողությամբ գլուխ է հանել այդ գործից սեփական ուժերով։
![]()
Քեմերոնը խոսել է նաև «Ավատարի» չորրորդ և հինգերորդ մասերի ռեժիսուրայի վերաբերյալ իր ծրագրերը վերանայելու հնարավորության մասին։ Սա չի նշանակում, որ նա վերջնականապես հրաժարվել է շարունակություններից, բայց ցույց է տալիս, որ նույնիսկ նրա համար ֆրանշիզի մասշտաբներն ու դրա վրա ծախսվող ժամանակը լուրջ գործոն են դարձել։
Հնարավոր է՝ մի օր նա, այնուամենայնիվ, որոշի, որ արդեն կառուցել է բավականաչափ թվային աշխարհներ ու ժամանակն է վերադառնալ կինեմատոգրաֆի ավելի ավանդական ձևերին։ Թեև, դատելով Քեմերոնի բնավորությունից, նույնիսկ ավանդական ֆիլմի համար կարող է անհրաժեշտ լինել մի քանի նոր տեխնոլոգիա ու փոքրիկ ստորջրյա նավատորմ։
Եթե ամբողջությամբ դիտարկենք Ջեյմս Քեմերոնի կարիերան, պարզ կդառնա, որ նրա համեմատաբար կարճ ֆիլմագրությունը պատահականություն կամ ստեղծագործական ճգնաժամի հետևանք չի։ Դա կինոյի նկատմամբ նրա վերաբերմունքի արդյունքն է։
Նրա համար ֆիլմը պարզապես պատմություն չի, որը պետք է պատմել հանդիսատեսին։ Դա անհայտն ուսումնասիրելու, նոր տեխնոլոգիաներ յուրացնելու, սեփական հնարավորությունները փորձարկելու ու նոր բան անելու հնարավորություն է։

Այս առումով նրա կարիերան հիշեցնում է մեծ արշավախմբերի հաջորդականություն։ Սկզբում նա Տերմինատորին ապագայից բերեց ներկա, ապա ուսումնասիրեց քսենոմորֆների կենսաբանությունը, սուզվեց օվկիանոսի խորքերը, վերարտադրեց «Տիտանիկի» կործանումը, իսկ հետո Պանդորայում կառուցեց մի ամբողջ էկոհամակարգ։ Յուրաքանչյուր այդպիսի արշավախումբ ժամանակ է պահանջում։ Երբեմն՝ շատ մեծ քանակությամբ ժամանակ։ Իսկ Քեմերոնը երբեք առանձնապես չի մտահոգվել արագությամբ։
Նա համեմատաբար քիչ ֆիլմեր է նկարել, բայց դրանցից գրեթե յուրաքանչյուրը նկատելի հետք է թողել կինեմատոգրաֆի պատմության մեջ։ Նրա ոչ բոլոր ֆիլմերն են հավասարապես հաջողված, ոչ բոլոր փորձերն են նույնքան հաջող ստացվել, ու ամեն տեխնոլոգիական նվաճում չէ, որ ինքնաբերաբար վերածվում է գեղարվեստական հայտնագործության։ Բայց նա ունի մի հազվագյուտ հատկություն. չի ցանկանում կրկնել սեփական հաջողությունները։
Հոլիվուդում, որտեղ ընդունված է շահագործել պոպուլյար բանաձևերը մինչև դրանց լիակատար սպառումը, սա գրեթե արտառոց դիրքորոշում է։ Ռեժիսորների մեծ մասն ուզում է պատմել հաջորդ պատմությունը։ Իսկ Քեմերոնը նախ ցանկանում է պարզել՝ հնարավո՞ր է արդյոք այն պատմել այնպես, ինչպես ինքն է մտահղացել։ Հետո պարզվում է, որ դրա համար անհրաժեշտ է նոր տեսախցիկ հորինել, հսկայական ջրավազան կառուցել, դերասաններին շունչը պահել սովորեցնել, մի քանի հազար համակարգչային մոդել ստեղծել ու ծախսել ևս հինգ տարի։ Դատելով ամեն ինչից, դա նրան ամենևին չի վախեցնում։
Ջեյմս Քեմերոնը քիչ ֆիլմեր է նկարում ոչ թե ասելիք չունենալու պատճառով։ Պարզապես ամեն անգամ նրան չի բավարարում այն, ինչ կինեմատոգրաֆն արդեն կարողանում է ասել։