
Վերջապե՜ս։ Գրեթե տասը տարի սպասում էինք այս պահին, հույսն արդեն գրեթե մարել էր, բայց աստվածները վերջապես լսեցին մեր աղոթքները։ Ռիդլի Սքոթը հաստատել է, որ «Օտարը․ Պատգամ» (Alien: Covenant, 2017) ֆիլմը շարունակություն կունենա։ Վերջապես կիմանանք, թե ինչ է լինելու Դեյվիդ անունով խելագար անդրոիդի հետ։ Սքոթի խոսքով՝ Դեյվիդն իր համար ստեղծելու է «նոր, սքանչելի աշխարհ»։ Բայց մենք հո գիտենք, որ երբ Դեյվիդն ինչ-որ բան է ստեղծում, դրանից լավ է հեռու մնալ։
Թե երբ ֆիլմը կհայտնվի էկրաններին և ով է այն նկարահանելու, դեռ հայտնի չէ։ Բայց մինչ այդ կարելի է վերհիշել շարքի նախորդ ֆիլմերը։ PAN-ը դասակարգել է «Օտարի» մասին բոլոր ֆիլմերը՝ ամենաթույլից մինչև լավագույնը։ Բացահայտումներ չենք անի, բայց քսենոմորֆը երբեք շատ չի լինում։
Շարքի ամենաթույլ ֆիլմը։ Գործողությունները ծավալվում են ամերիկյան փոքրիկ քաղաքում, որտեղ արյունալի խնջույք են կազմակերպում մի բուռ քսենոմորֆներ, մի գիշատչաօտար (կամ օտարագիշատիչ՝ ինչպես կուզեք), այսինքն՝ Գիշատչից ծնված քսենոմորֆ, և մի հին գայլ՝ ի դեմս փորձառու, բայց ոչ այնքան խելացի այլմոլորակային որսորդի։

Այս ֆիլմից առաջ նկարահանվել էր ևս մեկ քրոսովեր, որի PG-13 տարիքային սահմանափակումն այնքան էր զայրացրել երկրպագուներին, որ նրանք չէին էլ ուզում նկատել Փոլ Վ․ Ս․ Անդերսոնի ֆիլմի հազվադեպ, բայց բավականին հաջողված լուծումները։ Ստուդիան էլ որոշեց՝ արյո՞ւն եք ուզում, արյուն էլ կստանաք։ Ու շարունակությունը վստահեց Շտրաուս եղբայրներին, որոնք արյունը բաց թողեցին ամբողջ ուժով՝ անջատելով մնացած ամեն ինչ, այդ թվում՝ սեփական ուղեղները։

Խնդիրներն ակնհայտ են հենց սկզբից։ Ռեժիսորները տեսարանների մեծ մասը նկարահանել են գիշերը և անձրևի տակ, ինչի պատճառով հաճախ պարզապես չի երևում, թե էկրանին ինչ է կատարվում։ Կերպարները շատ են, բայց նրանցից ոչ մեկը չի հիշվում, ու հանդիսատեսը դժվարանում է մտահոգվել որևէ մեկի ճակատագրով։ Սյուժեն էլ ոչինչ չի ավելացնում երկու ֆրանշիզներից և ոչ մեկին։

Ֆիլմում դաժանությունը շատ է, բայց դա այն սարսափ ֆիլմ չի դարձնում։ Արդյունքում ստացվել է ոչ թե հորրոր, այլ ավելի շուտ՝ հիմար կատակերգություն։ Չկա գոնե մի այնպիսի ուժեղ տեսարան, որի համար արժեր նորից միացնել ֆիլմն ու վերանայել այն։ Քննադատներն ու հանդիսատեսը ջախջախեցին ֆիլմը, և երկու ֆրանշիզները կրկին խաչասերելու գաղափարը մնաց դարակում։
Մեկուկես քսենոմորֆ տասից
Փոլ Վ․ Ս․ Անդերսոնի ֆիլմն ավելի լավն է, քան դրա շարունակությունը, բայց այն նույնպես թույլ է։ Չորրորդ ֆիլմի անհաջողությունից հետո ստուդիան մի կողմ էր դրել քսենոմորֆներին։ Բայց Գիշատչի հետ նրանց արկածների մասին կոմիքսներն ու համակարգչային խաղերը հաջողություն էին վայելում, ինչը ստիպեց պրոդյուսերներին քորել ծոծրակներն ու հարցնել՝ իսկ ինչո՞ւ ոչ։

Գաղափարը պարզ էր․ Անտարկտիդայի սառույցների տակ հայտնաբերում են հնագույն բուրգ, որտեղ Գիշատիչները դարեր շարունակ քսենոմորֆներ են աճեցնում՝ որսի համար։ Մարդկանց մի խումբ հայտնվում է այդ որսի հենց կենտրոնում։

Բուրգի դեկորացիաները լավ են պատրաստված, իսկ գաղափարն ինքնին բավական հետաքրքիր է։ Բայց կերպարները միաչափ են, երկխոսությունները՝ թույլ, իսկ քսենոմորֆներն այնքան էլ սարսափազդու չեն։ Դրանք վերածվել են սովորական հրեշների, որոնց պարզապես պետք է հաղթել։

Ֆիլմը էկրաններ բարձրացավ PG-13 տարիքային սահմանափակմամբ, ինչի պատճառով այստեղ բռնությունն ու արյունը շատ ավելի քիչ են, քան ակնկալում էին շարքի երկրպագուները։ Որպես մեկ երեկոյի ժամանց՝ ֆիլմն իր գործն անում է, բայց որպես քսենոմորֆների մասին սարսափ ֆիլմ՝ չի արդարացնում սպասելիքները։
Երեք քսենոմորֆ տասից
Չորրորդ ֆիլմը նկարահանել է ֆրանսիացի Ժան-Պիեռ Ժենեն, իսկ սցենարի հեղինակը Ջոս Ուիդոնն է, որը հետագայում պնդում էր, թե իր սցենարը բառացիորեն բռնաբարել են։

Գործողությունները տեղի են ունենում երրորդ ֆիլմից երկու հարյուր տարի անց։ Գիտնականները կլոնավորում են Ռիփլիին՝ նրանից քսենոմորֆների թագուհի ստանալու համար։ Բայց փորձի արդյունքում Ռիփլին այլևս սովորական մարդ չէ․ նա մասամբ քսենոմորֆ է։

Ֆիլմն աչքի է ընկնում իր գրոտեսկային վիզուալ ոճով, իսկ որոշ տեսարաններ իսկապես հաջողված են։ Օրինակ՝ ստորջրյա հետապնդումը։ Դերասանական կազմն էլ ուժեղ է՝ Վայնոնա Ռայդեր, Ռոն Փերլման, Դոմինիկ Պինյոն։
Բայց ֆիլմի ընդհանուր մթնոլորտը զգալիորեն տարբերվում է նախորդ մասերից․ սև հումորը շատ է, իսկ սարսափը գրեթե բացակայում է։ Ամենավիճահարույց պահը եզրափակիչ արարածն է՝ մարդու և քսենոմորֆի տարօրինակ խառնուրդը։

Ֆիլմը հետաքրքիր է որպես էքսպերիմենտալ աշխատանք, բայց որպես շարքի շարունակություն՝ ձախողված է։
Չորս քսենոմորֆ տասից
FX հեռուստաալիքի համար Նոա Հոուլիի ստեղծած սերիալի գործողությունները տեղի են ունենում 2120 թվականին՝ առաջին ֆիլմի իրադարձություններից երկու տարի առաջ։ Weyland-Yutani կորպորացիայի տիեզերանավը վթարի է ենթարկվում Երկրի վրա։ Նավում վտանգավոր արարածներ կան, իսկ վթարի վայրի մոտ մեկ այլ կորպորացիայի գիտական համալիրն է։

Գլխավոր հերոսուհին՝ Վենդին, որի դերը կատարում է Սիդնի Չանդլերը, մարդ է, որի գիտակցությունը տեղափոխել են սինթետիկ մարմին։
Սերիալը մեծ ուշադրություն է դարձնում այն հարցերին, թե ինչ է մարդը և ում է պատկանում արհեստական կյանքը։ Այն լավ է նկարահանված, դերասանական խաղը համոզիչ է, իսկ քսենոմորֆների մասնակցությամբ տեսարանները հատկապես հաջողված են։

Թերությունն այն է, որ կերպարները չափազանց շատ են, իսկ պատմությունը տեղ-տեղ չափազանց դանդաղ է զարգանում։ Սա ուժեղ աշխատանք է, բայց այն դեռ դժվար է համեմատել շարքի լավագույն ֆիլմերի հետ։
Վեց քսենոմորֆ տասից
Դեյվիդ Ֆինչերի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումներն այնքան բարդ էին, որ դրանց մասին պատմությունը կարող էր առանձին սարսափ ֆիլմի սյուժե դառնալ։ Սցենարը բազմիցս վերաշարադրվել է, ստուդիան անընդհատ միջամտել է ստեղծագործական գործընթացին, իսկ Ֆինչերն ինքը հետագայում բավական կոշտ է արտահայտվել ֆիլմի մասին։

Գործողությունները ծավալվում են տղամարդ դատապարտյալների համար նախատեսված բանտային մոլորակում։ Փրկարարական պարկուճի վթարից հետո Ռիփլին հայտնվում է այնտեղ։ Հենց սկզբում իմանում ենք, որ Նյուտն ու կապրալ Հիքսը մահացել են։ Այսպիսով՝ Ջեյմս Քեմերոնի ֆիլմի բոլոր ջանքերն ապարդյուն էին։

Փոխարենը՝ ֆիլմն ունի շատ մռայլ ու ամբողջական մթնոլորտ։ Այստեղ քսենոմորֆը կրկին մենակ է, իսկ հերոսները զենք չունեն։ Այդ պատճառով արարածը նույնքան սարսափազդու է, որքան առաջին ֆիլմում։ Ռիփլիի վերջնական որոշումն էլ համարձակ է ու տրամաբանական։
Ֆիլմն ունի որոշ անհարթություններ, բայց հաջողված տեսարաններն ու ուժեղ գաղափարը գերակշռում են։
Վեցուկես քսենոմորֆ տասից
Ռեժիսոր Ֆեդե Ալվարեսը նկարահանել է մի ֆիլմ, որն իր ոգով ամենամոտն է օրիգինալին։ Գործողությունները տեղի են ունենում առաջին և երկրորդ ֆիլմերի միջև։ Հեռավոր գաղութում ապրող մի խումբ երիտասարդներ որոշում են սարքավորումներ գողանալ լքված տիեզերակայանից, բայց այնտեղ հանդիպում են քսենոմորֆներին։

Գլխավոր հերոսուհի Ռեյնը՝ Քեյլի Սփեյնիի մարմնավորմամբ, և նրա «եղբայրը»՝ Էնդի անդրոիդը, որին խաղում է Դեյվիդ Ջոնսոնը, կենդանի ու համակրելի կերպարներ են։ Ջոնսոնի խաղն իսկապես շատ լավն է։
Իրական դեկորացիաներով ու ֆիզիկական մակետներով նկարահանված տեսարանները համոզիչ են։ Իսկ անկշռության պայմաններում քսենոմորֆների թթվային արյան հետ կապված դրվագը շարքի լավագույններից է, թեև ֆիզիկայի տեսանկյունից բացարձակապես անիրատեսական։

Ֆիլմի գլխավոր խնդիրը հին մասերին չափազանց հաճախ արված հղումներն են։ 2020 թվականին մահացած Յան Հոլմի թվային կերպարի վերարտադրությունը շատերին անհաջող թվաց։ Վեճեր առաջացրեց նաև եզրափակիչ արարածը. բարև, Ժան-Պիեռ։
Այնուամենայնիվ, «Հռոմուլոսը» ցույց տվեց, որ «Օտարը» կարող է կրկին սարսափազդու լինել և հաջողություն ունենալ հանդիսատեսի շրջանում։
Յոթ քսենոմորֆ տասից
Ռիդլի Սքոթը երեսուներեք տարի անց վերադարձավ «Օտարի» աշխարհ, բայց նոր սարսափ ֆիլմի փոխարեն նկարահանեց գիտաֆանտաստիկ կինոնկար՝ մեծ հարցադրումներով։

Գիտնականները հնագույն պատկերներ են հայտնաբերում ու ենթադրում, որ դրանցում նշված հեռավոր մոլորակում ապրում են մարդկության ստեղծողները։ Նրանք արշավախումբ են ուղարկում՝ պարզելու, թե ովքեր են այդ էակները և ինչ կապ ունեն մարդկանց հետ։
Ֆիլմն ունի շքեղ վիզուալ լուծումներ, իսկ դերասանական խաղը համոզիչ է։ Հատկապես հիշարժան են Մայքլ Ֆասբենդերը՝ անդրոիդ Դեյվիդի, և Նումի Ռապասը՝ Էլիզաբեթ Շոուի դերում։ Տեսարանը, որում հերոսուհին ինքնուրույն վիրահատում է իրեն, շարքի ամենաուժեղ դրվագներից է։

Բայց սյուժեն բազմաթիվ թույլ կողմեր էլ ունի․ կերպարները հաճախ անհասկանալի ու անտրամաբանական քայլեր են անում, իսկ ֆիլմը շատ հարցերի պատասխաններ չի տալիս։ Արդյունքում երկրպագուները բաժանվեցին երկու ճամբարի․ ոմանց դուր եկավ Սքոթի համարձակությունը, մյուսները պարզապես ուզում էին նորից տեսնել քսենոմորֆների մասին սովորական սարսափ ֆիլմ։
Այսօր «Պրոմեթևսն» ավելի բարձր են գնահատում, քան թողարկման տարում։
Յոթուկես քսենոմորֆ տասից
Սքոթը վերցրեց «Պրոմեթևսի» գաղափարները, բայց պատմության մեջ վերադարձրեց շարքի ծանոթ տարրերը, այդ թվում՝ հենց քսենոմորֆներին։ «Պատգամ» գաղութային տիեզերանավը ազդանշան է ստանում անհայտ մոլորակից և փոխում իր ուղղությունը։

Այս ֆիլմն ավելի շատ հարցեր է առաջադրում Դեյվիդի և ընդհանրապես արհեստական բանականության մասին։ Ի՞նչ է նա ուզում, և ի՞նչ է պատրաստվում անել հետո։ Մայքլ Ֆասբենդերը մարմնավորում է միանգամից երկու անդրոիդի՝ Դեյվիդին և Ուոլթերին։ Նրանց համատեղ տեսարանները ֆիլմի լավագույն մասն են։

Մարդկային նոր կերպարների խումբն ավելի թույլ է, քան «Պրոմեթևսում», իսկ հերոսների որոշումները կրկին հաճախ անտրամաբանական են։ Մյուս կողմից՝ ֆիլմի ավարտը ուժեղ ու մռայլ է․ Դեյվիդը ստանում է այն, ինչ ուզում էր, իսկ Դենիելսը՝ Քեթրին Ուոթերսթոնի մարմնավորած հերոսուհին, հայտնվում է ծուղակում։
Հենց այս ավարտն էլ հնարավոր շարունակությունն այդքան հետաքրքիր է դարձնում։ Սա անհարթություններով, բայց համարձակ ֆիլմ է։
Ինը քսենոմորֆ տասից
Ջեյմս Քեմերոնը նկարահանեց շարունակություն, որը բոլորովին նման չէ առաջին ֆիլմին, բայց ոչնչով չի զիջում նրան։ Փակ տարածքում ծավալվող սարսափի փոխարեն՝ ռազմական մարտաֆիլմ։ Ռիփլին ծովային հետևակի ջոկատի հետ վերադառնում է այն մոլորակ, որտեղ «Նոստրոմո» նավի անձնակազմն առաջին անգամ բախվեց քսենոմորֆին։

Ֆիլմի կառուցվածքը դրամատուրգիայի իսկական վարպետության դաս է։ Սկզբում ծանոթանում ենք հերոսներին, հետո նրանք հայտնվում են ծուղակում, իսկ լարվածությունն աստիճանաբար աճում է՝ մինչև վերջին պահը։ Սիգուրնի Ուիվերն այս դերի համար առաջադրվել է «Օսկարի»։ Հազվադեպ դեպք է, երբ ժանրային ֆիլմում դերասանական աշխատանքի համար նման անվանակարգ են ստանում։

Ռիփլին ու փոքրիկ Նյուտը ֆիլմի էմոցիոնալ կենտրոնն են։ Տեսարանը, որտեղ Ռիփլին բեռնիչ մեքենայով կռվում է քսենոմորֆների թագուհու դեմ, մինչ օրս համարվում է կինեմատոգրաֆի պատմության լավագույն դրվագներից մեկը, իսկ շատ հանդիսատեսներ «Օտարները» համարում են կինոյի պատմության լավագույն շարունակությունը։
Իննուկես քսենոմորֆ տասից
Առաջին ֆիլմը մինչ օրս շարունակում է մնալ լավագույնը։ Ռեժիսոր Ռիդլի Սքոթը վերցրել է մի պարզ պատմություն․ «Նոստրոմո» բեռնատար տիեզերանավի անձնակազմը ազդանշան է ստանում, վայրէջք կատարում անհայտ մոլորակի վրա և նավ բերում վտանգավոր արարածի։ Դրանից հետո բարդ սյուժեի կարիք այլևս չկա․ կան փակ տարածություն, մութ միջանցքներ և մարդկանց որսացող արարած։

Սարսափն այստեղ առաջանում է ոչ թե բռնության ցուցադրությունից, այլ դեպքերի դանդաղ զարգացումից։ Քսենոմորֆին հազվադեպ են ցույց տալիս, և հենց դա է ավելի ուժեղ դարձնում ֆիլմի ազդեցությունը։ Իսկ քսենոմորֆի ծննդյան դրվագը մի քանի սերունդի մղձավանջների մշտական աղբյուր է։

Նկարիչ Հ․ Ռ․ Գիգերի ստեղծած կերպարը քսենոմորֆին դարձրեց կինոյի պատմության ամենաճանաչելի հրեշներից մեկը։ Իսկ Սիգուրնի Ուիվերի մարմնավորած Ռիփլին դարձավ հերոսուհու նոր տեսակի օրինակ․ նա չի սպասում, որ ինչ-որ մեկը գա ու փրկի իրեն։

Ֆիլմն «Օսկար» է ստացել լավագույն վիզուալ էֆեկտների համար, և գրեթե կես դար անց էլ շարունակում է նույնքան սարսափազդու մնալ։
Տասը քսենոմորֆ տասից