AM
26 Հոկտեմբեր 2026 - 08:30 AMT

Դու կարող ես ամեն ինչ տեսնել․ հինգ վավերագրական ֆիլմ, որոնք իսկապես ցնցում են

26 Հոկտեմբեր 2026

2026 թվականի սեպտեմբերին Թելուրայդի կինոփառատոնում անակնկալ ցուցադրությամբ ներկայացվեց «Դու կարող ես ամեն ինչ տեսնել» (You Can See Everything) վավերագրական ֆիլմը։ Այն նկարահանել են Նեյթան Ֆիլդերն ու Լենս Օպենհայմը՝ A24-ի համար։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին Theranos ընկերության հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսն է, որը ներդրողներին խաբելու համար դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Բանտ մեկնելուց ընդամենը 34 օր առաջ Հոլմսը նկարահանող խմբին հրավիրել էր իր տուն։ Սկզբում ֆիլմը նման է սովորական դիմանկարային վավերագրական ֆիլմի, բայց հետո վերածվում է շատ ավելի տարօրինակ ու անկանխատեսելի պատմության։ Առաջին դիտողներից շատերը դժվարանում եյ բացատրել, թե ինչ են հենց նոր տեսել էկրանին։

Այս ֆիլմը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ երբեմն վավերագրական կինոն կարող է շատ ավելի ցնցող լինել, քան ցանկացած գեղարվեստական ֆիլմ։ PAN-ն առանձնացրել է հինգ վավերագրական ֆիլմ, որոնք կարող են երկար ժամանակ հանգիստ չտալ կինոդիտողին։ Դրանցից յուրաքանչյուրի հիմքում իրական պատմություն է, իսկ որոշ դրվագներ այնքան անհավանական են, որ դժվար է մոռանալ։

1. «Դու կարող ես ամեն ինչ տեսնել» (You Can See Everything, 2026)

Էլիզաբեթ Հոլմսը ստեղծել էր Theranos ընկերությունը, որը խոստանում էր հեղափոխություն անել բժշկության մեջ։ Ընկերության տեխնոլոգիան, իբր, կարող էր ընդամենը մի քանի կաթիլ արյան միջոցով տասնյակ հետազոտություններ կատարել։ Սա նշանակում էր, որ այլևս անհրաժեշտ չէին լինի մեծ քանակությամբ արյուն վերցնելու ու լաբորատոր բազմաթիվ անալիզներ հանձնելու երկար ու անհարմար պրոցեսները։ Միայն թե կար մի խնդիր․ խոստացված տեխնոլոգիան իրականում չէր աշխատում այնպես, ինչպես ներկայացվում էր։ Այնուամենայնիվ, Հոլմսը շարունակում էր ներդրողներին համոզել, որ ամեն ինչ կարգին է։

Նեյթան Ֆիլդերն ու Լենս Օպենհայմը նկարահանել են Հոլմսի կյանքը՝ բանտ մեկնելուց առաջ մնացած 34 օրվա ընթացքում։ Ֆիլդերը հայտնի է իր զուսպ, երբեմն անհարմարության աստիճան առօրյա ոճով և հաճախ ինքն էլ հայտնվում է տեսախցիկի առջև։ Օպենհայմը հիմնականում աշխատում է կադրից դուրս։ Հոլմսը նրանց թույլ է տալիս նկարահանել իր տունն ու առօրյան, բայց որքան երկար ես հետևում այդ կյանքին, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում։

Ֆիլմն աստիճանաբար դադարում է միայն մեկ մարդու դիմանկար լինել։ Այն սկսում է ուսումնասիրել նաև վավերագրական կինոյի սահմանները։ Որքանո՞վ կարող ենք վստահել այն ամենին, ինչ տեսնում ենք էկրանին։ Ե՞րբ է տեսախցիկը պարզապես արձանագրում իրականությունը, ու ե՞րբ է նկարահանման գործընթացն ինքնին դառնում իրադարձությունների մի մասը։

Ֆիլմում իրական կադրերը հերթագայվում են դերասանների մասնակցությամբ բեմադրված տեսարաններով։ Արդյունքում երբեմն դժվար է հասկանալ՝ որտեղ է ավարտվում իրականությունը, և որտեղ սկսվում բեմադրությունը։ Հեղինակները պատրաստի պատասխաններ չեն առաջարկում, ու ոչ արդարացնում են Հոլմսին, ոչ էլ ամեն ինչ բացատրում մեկ պարզ եզրակացությամբ։ Ֆիլմը շատ ավելի տարօրինակ ու բարդ է, քան կարող է թվալ սկզբում։ Մանրամասները չենք բացահայտի․ այս դեպքում ավելի լավ է սեփական աչքերով տեսնել։

2. «Սպանության ակտը» (The Act of Killing, 2012)

1965–1966 թվականներին Ինդոնեզիայում տեղի ունեցան զանգվածային սպանություններ։ Կոմունիստների համակիր լինելու մեջ մեղադրվող հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին, իսկ բազմաթիվ մասնակիցներ այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել։ Տասնամյակներ անց նրանցից ոմանք շարունակում են ապրել հասարակության մեջ՝ որպես հարգված քաղաքացիներ, և առանց առանձնապես թաքցնելու պատմում են իրենց արածի մասին։

Ռեժիսոր Ջոշուա Օպենհայմերը սկզբում ցանկանում էր աշխատել սպանություններից փրկված մարդկանց հետ, սակայն դա դժվարանում էր իշխանությունների խոչընդոտների պատճառով։ Այդ ժամանակ նա դիմեց հենց մարդասպաններին և առաջարկեց նկարահանել իրենց պատմությունները՝ այնպես, ինչպես իրենք կուզենային դրանք ներկայացնել։

Նրանք սիրով համաձայնեցին։ Բայց այստեղ սկսվում է ամենատարօրինակ մասը։ Ֆիլմի հերոսները որոշում են վերարտադրել իրենց անցյալը՝ օգտագործելով իրենց սիրելի կինոժանրերը։ Գանգստերական ֆիլմե՞ր են սիրում՝ թող գանգստերական ֆիլմ լինի։ Վեսթերնե՞ր՝ ուրեմն վեսթերն։ Նույնիսկ մյուզիքլի համար է տեղ գտնվում։ Նրանք մարմնավորում են թե իրենց, թե իրենց զոհերին՝ կարծես պատմում են ոչ թե իրական մարդկանց սպանությունների, այլ ինչ-որ զվարճալի արկածի մասին։

Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Անվար Կոնգոն, երիտասարդ տարիներին սև շուկայում կինոյի տոմսեր էր վաճառում, իսկ հետո դարձավ մարդասպանների խմբի ղեկավարներից մեկը։ Նա մանրամասն ցույց է տալիս, թե ինչպես էր սպանում մարդկանց։ Սկզբում նույնիսկ հպարտանում է իր հնարամտությամբ։ Եվ հենց սա է ֆիլմի ամենասարսափելի կողմերից մեկը․ մարդը պատմում է սարսափելի արարքների մասին այնպիսի հանգստությամբ, կարծես բացատրում է, թե ինչպես է մեքենա վարում։

Սակայն նկարահանումների ընթացքում Անվարի վերաբերմունքը սեփական անցյալի նկատմամբ սկսում է փոխվել։ Նրա արձագանքները, հատկապես ֆիլմի վերջին հատվածում, շատ ավելի խոսուն են, քան ցանկացած մեկնաբանություն։ Այստեղ սարսափելի է ոչ միայն այն, ինչ տեսնում ես, այլև այն, թե ինչպես են մարդիկ կարողանում ապրել իրենց արածի հետ։

«Սպանության ակտը» առաջադրվել է «Օսկարի»՝ որպես լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ։ Գործադիր պրոդյուսերներն են հայտնի ռեժիսորներ Վերներ Հերցոգն ու Էրոլ Մորիսը։

3. «Խուտուտ» (Tickled, 2016)

Նորզելանդացի լրագրող Դեյվիդ Ֆարիերը սովորաբար թեթև ու զվարճալի թեմաներով նյութեր էր պատրաստում։ Մի օր համացանցում նա պատահաբար հանդիպեց խուտուտ տալու մրցումների մասին տեսանյութերի։ Դրանցում երիտասարդ տղամարդիկ պառկած էին ներքնակների վրա, իսկ մյուսները երկար ժամանակ խուտուտ էին տալիս նրանց։ Տարօրինակ էր, բայց ոչ այնքան, որ հնարավոր չլիներ ծիծաղել ու անցնել առաջ։

Ֆարիերը որոշեց կապ հաստատել մրցումների կազմակերպիչների հետ ու ընդամենը մի քանի հարց տալ։ Սակայն պատասխանները շատ ավելի տարօրինակ էին, քան տեսանյութերը։ Լրագրողին սկսեցին վիրավորական նամակներ ուղարկել, ապա` սպառնալ դատական հայցերով։ Այդ պահին պատմությունը դադարեց սովորական զվարճալի ռեպորտաժ լինել։ Ֆարիերը և օպերատոր Դիլան Ռիվը որոշեցին պարզել, թե իրականում ով է կանգնած այդ ամենի հետևում։

Հետաքննության ընթացքում նրանք զրուցում են նախկին մասնակիցների հետ։ Տղամարդիկ պատմում են, որ իրենց վճարում էին տեսանյութերում նկարահանվելու համար, բայց հետագայում ոմանք բախվում էին ճնշումների, հետապնդումների և դատական սպառնալիքների։ Հեղինակների ներկայացրած վարկածի համաձայն՝ այդ ամենի հետևում կանգնած էր մի մարդ, որը մեծ գումարներ էր ծախսում իր գործունեությունը գաղտնի պահելու համար։

Ֆարիերն ու Ռիվը մեկնում են ԱՄՆ, որտեղ նրանց վրա ճնշում գործադրելու փորձերը շարունակվում են։ Իրավաբանները փորձում են վախեցնել լրագրողներին, իսկ հետաքննությունն աստիճանաբար վերածվում է մի պատմության, որտեղ փողն ու դատական հայցերը կարող են դառնալ մարդկանց լռեցնելու միջոց։

Ամեն ինչ սկսվել էր խուտուտ տալու տեսանյութերից։ Հետո պարզվում է, որ այդ տարօրինակ զբաղմունքի շուրջ ձևավորվել է մի ամբողջ աշխարհ՝ իր գումարներով, գաղտնիքներով և մարդկանց ճակատագրերի վրա թողած ազդեցությամբ։ Երբեմն իրականությունն այնքան անհեթեթ է, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ինչն է ծիծաղելի, իսկ ինչը՝ վախենալու։

Մի կարևոր վերապահում, սակայն, կա․ ֆիլմում ներկայացված մեղադրանքներն ու եզրակացությունները հեղինակների հետաքննության արդյունքն են։ Նրանց կողմից հիշատակված անձինք հերքել են մեղադրանքների մի մասը։ Հենց այդ պատճառով էլ ֆիլմը դիտելիս արժի տարբերել փաստագրված իրադարձությունները հեղինակների մեկնաբանություններից։

4. «Ինքնակոչը» (The Imposter, 2012)

1994 թվականին Տեխասում անհետացավ 13-ամյա Նիկոլաս Բարքլին։ Երեք տարի անց՝ 1997-ին, նրա ընտանիքը լուր ստացավ Իսպանիայից, որ տղային գտել են՝ ողջ ու առողջ։ Հարազատները մեկնեցին նրա հետևից և տուն բերեցին մի երիտասարդի, որը ներկայացել էր որպես Նիկոլաս։ Միայն թե նա ամենևին էլ Նիկոլասը չէր։ Նա 23-ամյա ֆրանսիացի Ֆրեդերիկ Բուրդենն էր։

Բուրդենը ոչ միայն Նիկոլասից տասը տարով մեծ էր, այլև ուներ աչքերի այլ գույն, մուգ մազեր ու ֆրանսիական առոգանություն։ Այնուամենայնիվ, նա կարողացավ համոզել մարդկանց, որ անհետացած տղան ինքն է։ Իսկ ընտանիքն ընդունեց նրան։

Ռեժիսոր Բարթ Լեյթոնը պատմությունը կառուցում է իրական հերոսների հետ հարցազրույցների, արխիվային նյութերի և բեմադրված տեսարանների համադրությամբ։ Բուրդենն անձամբ է պատմում իր խաբեության մասին և դա անում է այնպիսի հանգստությամբ, որ երբեմն թվում է՝ նա պատմում է ոչ թե ուրիշի ինքնությունը յուրացնելու, այլ հաջողված հնարքի մասին։

Բայց ամենատագնապալին միայն Բուրդենի խաբեությունը չէ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր ընտանիքը չնկատել այդքան ակնհայտ տարբերությունները։ Նիկոլասի մայրն ու քույրը տարբեր կերպ են բացատրում, թե ինչու հավատացին նրան։ Ավելի ուշ ՀԴԲ-ի գործակալն ու մասնավոր խուզարկուն սկսում են ստուգել երիտասարդի պատմությունը և բազմաթիվ անհամապատասխանություններ հայտնաբերում։

Բուրդենի խաբեությունը բացահայտվում է, և նա դատապարտվում է ազատազրկման։ Բայց Նիկոլաս Բարքլիի իրական ճակատագիրը մնում է անհայտ։ Բուրդենը նաև ներկայացնում է իր վարկածը, թե ինչու ընտանիքն այդքան հեշտությամբ ընդունեց իրեն։ Այդ բացատրությունը ոչ պակաս անհանգստացնող է, քան բուն խաբեությունը։

Ֆիլմն ավարտելուց հետո մի հարց շարունակում է մնալ գլխում՝ ո՞ւմ հավատալ։ Եվ գուցե ավելի անհարմար է հարցը՝ արդյո՞ք մենք իսկապես ցանկանում ենք իմանալ ճշմարտությունը, երբ այն կարող է շատ ավելի սարսափելի լինել, քան մեր պատկերացումները։

5. «Ֆրիդմանների գերեվարումը» (Capturing the Friedmans, 2003)

1987 թվականին Նյու Յորքի Լոնգ Այլենդի Գրեյթ Նեք քաղաքում ձերբակալվեց դպրոցի ուսուցիչ Առնոլդ Ֆրիդմանը։ Նրան մեղադրեցին իր տանը համակարգչային դասերի հաճախող երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։ Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին նաև նրա 18-ամյա որդուն՝ Ջեսիին։

Ռեժիսոր Էնդրյու Ջարեցկին սկզբում բոլորովին այլ ֆիլմ էր նկարում՝ մանկական տոներին ելույթ ունեցող ծաղրածուների մասին։ Բայց երբ իմացավ Ֆրիդմանների ընտանիքի պատմության և հետաքննության ընթացքում նրանց արած տեսագրությունների մասին, որոշեց փոխել ֆիլմի ուղղությունը։ Այդ ընտանեկան տեսագրություններն էլ դարձան «Ֆրիդմանների գերեվարումը» ֆիլմի հիմքը։

Կադրերում ընտանիքի անդամները վիճում են, մեղադրում միմյանց, պաշտպանում տարբեր տեսակետներ։ Ոմանք փորձում են պահպանել ընտանիքը, մյուսները՝ հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Տեսախցիկը պարզապես արձանագրում է այդ ամենը, բայց դիտողը աստիճանաբար հայտնվում է մի իրավիճակում, որտեղ ավելի ու ավելի դժվար է կողմնորոշվել։

Առնոլդ Ֆրիդմանը խոստովանել էր մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պահելու փաստը, իսկ գործի ընթացքում նրան առաջադրված մեղադրանքներն ու դրանց վերաբերյալ ընդունած որոշումները տարբեր հարցեր են առաջացրել։ Ֆիլմում ներկայացվում են նաև հետաքննության մեթոդների և երեխաների հարցաքննությունների վերաբերյալ կասկածները։ Որոշ երեխաների պատմությունները փոխվում էին, իսկ ամբողջ գործընթացն ընթանում էր հասարակական մեծ աղմուկի և խուճապի պայմաններում։

Առնոլդը մահացավ բանտում 1995 թվականին, իսկ Ջեսին ազատ արձակվեց 2001-ին։ Բայց նույնիսկ դրանից հետո գործի շուրջ հարցերը չվերացան։ Ռեժիսորը պատրաստի դատավճիռ չի առաջարկում հանդիսատեսին։ Նա ներկայացնում է տեսագրությունները, հարցազրույցներն ու հակասական վկայությունները՝ թույլ տալով ինքնուրույն գնահատել դրանք։

Եվ հենց այստեղ է ֆիլմի ամենածանր կողմը։ Կինոդիտողը փորձում է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, ում կարելի է հավատալ և արդյոք ներկայացված նյութերը բավարար են վստահ եզրակացության գալու համար։ Ֆիլմի ավարտից հետո, սակայն, հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։