
Ավարտվում է Նոբելյան շաբաթը: Ավանդաբար առաջինը հայտարարվեց ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում մրցանակը, իսկ հետո, ըստ հերթականության՝ ֆիզիկայի, քիմիայի, գրականության, խաղաղության և տնտեսագիտության: Նոբելյան շաբաթվա ընթացքում ընդունված է խոսել այն մասին, թե ինչպես են համառությունը, արիությունն ու գործընկերների կարծիքին հակառակ գնալու պատրաստակամությունը բերում մեծ հայտնագործությունների: Դա մաքուր ճշմարտություն է. Բարի Մարշալը 1984-ին խմեց Helicobacter pylori բակտերիաների կուլտուրան՝ ապացուցելու համար, որ դրանք առաջացնում են ստամոքսի խոց, իսկ 21 տարի անց ստացավ իր Նոբելյան մրցանակը: Վերներ Ֆորսմանը 1929-ին կաթետեր մտցրեց սեփական սիրտն ու նույնպես ստացավ մրցանակ, ճիշտ է՝ 27 տարի անց:
Բայց այս ամենի հակառակ կողմն էլ կա: Գիտության պատմության մեջ Մարշալի նման յուրաքանչյուր գիտնականի դիմաց եղել են բազմաթիվ մարդիկ, որոնք նույնպես գնացել են հոսանքին հակառակ, նույնպես ռիսկի են ենթարկել իրենց և ուրիշներին, բայց ստացել են բոլորովին այլ արդյունք։ Ու կինոն ավելի հաճախ դիմում է հենց նման խելառներին, որովհետև, ի վերջո, «ձանձրալի» գիտությամբ զբաղվող Նոբելյան դափնեկիրների լաբորատորիաները հազվադեպ են պայթում:
PAN-ը ներկայացնում է տասը ֆիլմ կինոգիտնականների մասին, ովքեր արհամարհել են էթիկայի հանձնաժողովները, գրախոսություններն ու ողջամտությունը՝ թքած ունենալով նաև անվտանգության կանոնների վրա:
Բժշկական ֆակուլտետի ուսանող Հերբերտ Ուեսթը համալսարան է գալիս լուսարձակող կանաչ հեղուկով լի սրվակով։ Այդ հեղուկը կարող է վերադարձնել մեռյալներին: Դա ինքնին ահագին բան է, բայց Ուեսթն ունի նաև կազմակերպչական ունակություններ. ֆիլմի սկզբում նա արդեն հասցրել է վիճել գիտական հանրության հետ, որովհետև նրա նախորդ աշխատանքները Շվեյցարիայում ավարտվել են սկանդալով:

Ռեժիսոր Սթյուարտ Գորդոնը Լավքրաֆթի ստեղծագործության ազատ էկրանավորումը նկարահանել է որպես սև կատակերգություն, իսկ հրաշալի Ջեֆրի Քոմբսը Ուեսթին խաղում է լրիվ լուրջ դեմքով: Հերոսի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նա ընդհանրապես խնդիր չի տեսնում իր գործողությունների մեջ. վերակենդանացված դիակները ագրեսիվ են ու անվերահսկելի, բայց գիտական տեսանկյունից Ուեսթի համար դրանք պարզապես «կողմնակի էֆեկտներ» են:

Ուեսթը չի ձգտում փառքի կամ փողի, այլ իսկապես չի հասկանում, թե ինչու են պետք էթիկական սահմանափակումները, եթե գիտափորձը լավ է ընթանում: Երբ նրա գլխավոր ընդդիմախոսը՝ պրոֆեսոր Հիլլը, փորձում է գողանալ հայտնագործությունը, Ուեսթը «առաջինը մնալու» խնդիրը լուծում է ամենածայրահեղ եղանակով, ինչից հետո ֆիլմը վերածվում է փաստարկի՝ հօգուտ այն բանի, որ գիտական բանավեճերն ավելի լավ է վարել ամսագրերում:
Սեթ Բրանդլը, ում մարմնավորում է էլի հրաշալի Ջեֆ Գոլդբլումը, հայտնագործել է տելեպորտացիան: Սովորական գիտնականն անմիջապես կսկսեր դրամաշնորհի հայտ գրել, սակայն Բրանդլը որոշում է սարքավորումը փորձարկել իր վրա՝ ընդ որում՝ ընկերուհու հետ վիճաբանությունից ու մի շիշ գինուց հետո:

Հենց իրադարձությունների այս հաջորդականությունն էլ Դևիդ Քրոնենբերգի ֆիլմը դարձնում է իսկապես գիտական. այն ցույց է տալիս, որ ցանկացած գիտափորձի ամենավտանգավոր տարրը ոչ թե սարքն է, այլ փորձարարի տրամադրությունը: Խցիկում Բրանդլի հետ հայտնվում է սովորական մի ճանճ, ու համակարգիչը, նման իրավիճակի համար հրահանգներ չունենալով, ազնվորեն միավորում է երկու օրգանիզմները:

Հետագա ֆիլմը ծավալվում է որպես հիվանդության բժշկական պատմություն. սկզբում ավելանում են հերոսի էներգիան ու ուժը, հետո նա սկսում է տարօրինակ սնունդ ուտել, հետո էլ կորցնում է ատամներն ու ականջները: Ընդ որում, Բրանդլը մինչև վերջ մնում է գիտնական ու գրանցում է իր դիտարկումները, նույնիսկ երբ դրանք վերաբերում են իր իսկ քայքայմանը: Նա հանցագործ չի, չունի չար մտադրություն, ու հենց սրանում է ֆիլմի գլխավոր սարսափը. ոչ ոքի պետք չեն չարագործներ, եթե կան վատ որոշումներ ու լավ սարքավորումներ:
Հոգեֆիզիոլոգ Էդի Ջեսափը (Ուիլյամ Հերթ) ուսումնասիրում է մարդկային գիտակցությունն ու որոշում է, որ դա անելու լավագույն միջոցը սենսորային դեպրիվացիայի մեկուսացնող խցիկ մտնելն ու մեքսիկական ցեղից ձեռք բերված հալյուցինոգեն սնկեր ուտելն է: Սցենարը գրել է Փեդի Չայեֆսկին՝ սեփական վեպի հիման վրա, իսկ հերոսի նախատիպը մասամբ իրական հետազոտող Ջոն Լիլին է, ով փորձարկումներ էր անում այսպիսի զգայական մեկուսացման հետ:

Ռեժիսոր Քեն Ռասելը սեանսները վերածում է վիզուալ հալյուցինացիաների, իսկ հետո ֆիլմն անում է այն, ինչ նրանից չես սպասում. Ջեսափի փորձերը բերում են ֆիզիկական փոփոխությունների: Նա մասամբ ռեգրես է ապրում մինչև նախնադարյան վիճակ՝ հայտնվելով կենդանաբանական այգում՝ հոշոտված կենդանու կողքին:

Ֆիլմն առաջ է քաշում բավական համարձակ մի գաղափար. գիտակցությունն ու մարմինն ավելի սերտորեն են կապված, քան ընդունված է կարծել: Արժի նշել, որ Ջեսափը միակն է այս ցուցակում, ով ինչ-որ պահի այնուամենայնիվ կանգ է առնում: Կինոքննադատներին դա սովորաբար չի դուր գալիս, բայց հերոսի կենսագրության տեսանկյունից սա ամենախելամիտ որոշումն է ամբողջ ֆիլմում:
Մերի Շելիի անմահ վեպի գլխավոր հերոսը Ջեյմս Ուեյլի դասական ֆիլմում Վիկտորից դարձել է Հենրի Ֆրանկենշթեյն (Քոլին Քլայվ): Մնացած առումներով սա նույն ամբիցիոզ գիտնականն է, ով գերեզմանոցներից և դիահերձարանից գողացված մարմնի մասերից հավաքում է իր գլխավոր գլուխգործոցը:

Նրա մարգինալությունը սահմանվում է դեռ առաջին տեսարաններից. Հենրին հեռացել է համալսարանից, որովհետև պրոֆեսորները ծայրահեղական են համարել նրա գաղափարները, ու բնակություն է հաստատել լքված աշտարակում: Ֆրանկենշթեյնի օգնական Ֆրիցը գիտնականի հանձնարարությամբ էակի համար նախատեսված ուղեղը բերելիս պատահաբար կոտրում է տարան ու, ավելի լավ ելք չգտնելով, փոխարենը վերցնում է մի հանցագործի ուղեղ: Գիտական տեսանկյունից սա ծայրահեղ մեթոդաբանական սխալ է, որն ինքը՝ Հենրին, հայտնաբերելու է նախագծի մեկնարկից հետո: «Այն ողջ է» գոռալու հայտնի տեսարանն արված է այնպես, որ հանդիսատեսն ուրախանա հերոսի հետ միասին ու միայն հետո հասկանա, որ պետք չէր ուրախանալ:

Ֆիլմի գլխավոր եզրակացությունը նույնն է, ինչ գրքում. արարիչը չի մտածել, թե ինչպես է վարվելու արդյունքի հետ: Արարածը չունի ոչ կացարան, ոչ կրթություն, ոչ սոցիալական հմտություններ, իսկ գիտնականը չունի ոչ մի ծրագիր հաջողության դեպքում: Ի դեպ, մինչ օրս դա գիտական նախագծերի ամենահաճախ հանդիպող թերությունն է:
Ջեք Գրիֆինը, ում փայլուն մարմնավորում է Քլոդ Ռեյնսը, բացահայտում է անտեսանելիության բանաձևը, բայց չի նկատում, որ բաղադրությունը ներառում է նաև մարդու մոտ խելագարություն առաջացնող նյութ: Ջեյմս Ուեյլը նկարահանել է Հերբերտ Ուելսի գրքի էկրանավորումը, որում 1933-ի հատուկ էֆեկտները մինչ օրս համոզիչ են թվում, իսկ գլխավոր դրաման ծավալվում է ոչ թե լաբորատորիայում, այլ հերոսի գլխում:

Սկզբում Գրիֆինը երազում է գիտական ճանաչման մասին, հետո՝ փողի, հետո՝ ամբողջ աշխարհին իշխելու, ու յուրաքանչյուր փուլ անցնում է նախորդից ավելի արագ: Նա սկսում է մանր խուլիգանությունից. հանում է շորերն ու վախեցնում գյուղի բնակիչներին: Իսկ ավարտում է երկաթուղում դիվերսիաներով և սպանություններով: Ֆիլմը ցույց է տալիս, որ հայտնագործությունը, որը տալիս է լիակատար անպատժելիություն, ավելի արագ է փոխում հեղինակին, քան ցանկացած թմրանյութ: Իսկ քանի որ բանաձևն ինքնին թունավոր է, ստացվում է վատ հայտնագործություն, վատ հետևանքներ ու սխալն ընդունելու զրոյական պատրաստակամություն:
Քլայվն ու Էլզան, որոնց մարմնավորում են Էդրիեն Բրոուդին և Սարա Փոլին, աշխատում են կենսատեխնոլոգիական ընկերությունում ու ստեղծում են կենդանիների հիբրիդներ դեղագործական կարիքների համար: Երբ ղեկավարությունն արգելում է նրանց հաջորդ քայլը՝ մարդկային ԴՆԹ-ի ավելացումը, նրանք դա անում են գաղտնի:

Ռեժիսոր Վինչենցո Նատալին խնամքով ցույց է տալիս, թե ինչպես է գիտական նախագիծը վերածվում ընտանեկան դրամայի. Դրեն անունով էակը արագ աճում է, սովորում, կապվում, իսկ հերոսները ստիպված են որոշել, թե ով է նա իրենց համար: Էլզան օգտագործել է սեփական գենետիկական նյութը, նրա դրդապատճառները դուրս են գիտական շրջանակներից, ու ֆիլմը դա չի թաքցնում:

Սա ցուցակի միակ ֆիլմն է, որտեղ էթիկական կոնֆլիկտը տեղի է ունենում նույն մասնագիտության ու նույն տանը բնակվող մարդկանց միջև: Այնուհետև իրադարձությունները ծավալվում են այնպես, որ ընկերությունից ազատվելու հարցը դառնում է հերոսների խնդիրներից ամենաաննշանը: Ֆիլմը հրաշալի ցույց է տալիս, որ կանոնները խախտելն ավելի հեշտ է, քան հետո հետևանքների հետ ապրելը:
Դոկտոր Մորոն՝ Չարլզ Լոուտոնի կատարմամբ, վտարվել էր գիտական աշխարհից վիվիսեկցիայի պատճառով ու այժմ ապրում է արևադարձային կղզում, որտեղ վիրաբուժության օգնությամբ կենդանիներին վերածում է մարդկանց նմանակների: Սա Ուելսի վեպի առաջին էկրանավորումն է, ու Մեծ Բրիտանիայում այն արգելվեց գրեթե քառորդ դարով:

Լոուտոնը Մորոյին խաղում է որպես քաղաքավարի, մեղմ ու անթերի դաստիարակված մարդու, և այդ վարքագիծը նրան դարձնում է ավելի վտանգավոր, քան ճչացող ու ձեռքերը թափահարող ցանկացած չարագործ: Մորոն առաջնորդվում է համակարգով՝ արարածների համար գրված օրենքների ժողովածուով, իսկ մեղավորների համար գործում է ցավի տունը: Նա հետևողական գիտնական է, ու նրան պակասում է միայն մի բան՝ հասկանալը, որ իր խնամյալները տառապում են:

Բելա Լուգոշիի «Օրենսդիրի» կերպարը դառնում է ամենահիշարժաններից մեկը: Ֆիլմը մինչ օրս արդիական է մի պարզ դիտարկման շնորհիվ. ամենասարսափելի բաներն անում են մարդիկ, ովքեր վստահ են, որ ամեն ինչ ճիշտ են անում:
Սթյուարտ Գորդոնի ևս մեկ ֆիլմ՝ ըստ Լավքրաֆթի, նկարահանված նույն թիմով, ինչ «Ռեանիմատորը»: Դոկտոր Էդվարդ Պրետորիուսը ստեղծում է «Ռեզոնատոր»՝ սարք, որը խթանում է կոնաձև գեղձը և թույլ է տալիս տեսնել հարևան չափման էակներին: Գաղափարը վատը չէ, եթե հաշվի չառնենք այն, որ էակները նույնպես սկսում են տեսնել մարդկանց: Պրետորիուսն, ընդ որում, մնում է դասական մարգինալ. նա կարծում է, որ մարդկային ընկալման սահմանափակումները պարզապես տեխնիկական թերություն են, որը պետք է ուղղել: Նրա ասիստենտ Քրոուֆորդ Թիլինգհաստը (Ջեֆրի Քոմբս) ֆիլմի ամենախելամիտ կերպարն է, թեև վերջում նրա համար նույնպես հեշտ չի լինի:

Ֆիլմը հետաքրքիր է նրանով, որ գիտական հետաքրքրասիրությունը վերածում է ֆիզիոլոգիական կախվածության. հերոսներն այլևս չեն ցանկանում ստուգել հիպոթեզը, նրանք ցանկանում են ստանալ ևս մեկ չափաբաժին: Ֆիլմն ազնվորեն ցույց է տալիս, որ շատ գիտափորձեր շարունակվում են ոչ թե գիտական արժեքի պատճառով, այլ որովհետև կանգ առնելն այլևս անհնար է:
Պլաստիկ վիրաբույժ Ռոբերտ Լեդգարդը (Անտոնիո Բանդերաս) ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունից հետո մշակում է այրվածքների նկատմամբ կայուն արհեստական մաշկ՝ օգտագործելով տրանսգենային տեխնոլոգիա՝ խոզի գեներով: Գիտնական գործընկերները զգուշությամբ են վերաբերվում նրա աշխատանքին ու հիշեցնում են, որ մարդկանց վրա կլինիկական փորձարկումներն արգելված են: Լեդգարդը լսում է, համաձայնում և շարունակում է աշխատանքը մասնավոր կլինիկայում, որտեղ սենյակներից մեկում ապրում է առեղծվածային Վերան:

Պեդրո Ալմոդովարը նկարել է ոչ թե հորրոր, այլ մելոդրամա, որտեղ բժշկությունը ծառայում է որպես անձնական վրեժխնդրության գործիք, ու այդ պատճառով էլ ֆիլմը թվում է առանձնահատուկ տագնապալի. ամեն ինչ տեղի է ունենում գեղեցիկ կահավորված տանը, լավ լուսավորության տակ ու դասական երաժշտության ներքո:

Թե ճշգրիտ ինչ է տեղի ունենում Վերայի հետ և ինչու, ավելի լավ է իմանաք ինքներդ. սյուժեն կառուցված է թվիստի վրա, որը վերափոխում է այն ամենը, ինչ տեսել եք մինչ այդ: Մասնագիտական տեսանկյունից Լեդգարդը հիանալի մասնագետ է, իսկ մարդկային տեսանկյունից նրա արարքների պատճառն այնքան անձնական է, որ գիտությունը սևեռուն գաղափարից այլևս հնարավոր չէ տարբերել:
Ռեժիսոր Թոմ Սիքսը հանրությանը ներկայացրեց դոկտոր Հայտերին՝ թոշակառու վիրաբույժի, ով հայտնի էր դարձել սիամական քույր-եղբայրներին առանձնացնելով: Թոշակի անցնելուց հետո նա ձանձրացավ ու որոշեց զբաղվել հակառակ խնդրով՝ երեք մարդու միավորելով միասնական մարսողական համակարգի մեջ: Սա, թերևս, ամենաուղղակի օրինակն է այն բանի, թե ինչպես է մասնագիտացումը վերածվում սևեռուն գաղափարի:

Դիտեր Լազերը խաղում է Հայտերին՝ վախեցնող պրակտիկությամբ. նա դասախոսություններ է կարդում իր «պացիենտների» համար, քննարկում մեթոդիկան ու բացահայտորեն հպարտանում արդյունքով: Ֆիլմը մեծ սկանդալ առաջացրեց, շատ քննադատներ այն զզվելի են համարում, բայց մեր թեմայի տեսանկյունից այն զբաղեցնում է իր օրինական տեղը. սա միակ կինոկտավն է, որտեղ գիտնականն առաջընթացի, մարդկության փրկության կամ ճանաչողության մասին բառերի հետևում չի թաքցնում իրական դրդապատճառը: Հայտերին պարզապես հետաքրքիր է՝ կստացվի՞, թե՞ ոչ:

Նոբելյան կոմիտեն, պետք է ենթադրել, նման աշխատանքը չի քննարկի, իսկ էթիկայի հանձնաժողովները դրանում նոր բան չեն գտնի. ամեն ինչ նույնն է, միայն առանց ավելորդ ձևականությունների։