AM
17 Օգոստոս 2026 - 08:30 AMT

Կրակից ու սառույցից կերտված կինո, կամ ֆանֆիկ Մարտինի աշխարհի թեմայով

17 Օգոստոս 2026

Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Սառույցի և հրո երգը» (A Song of Ice and Fire) գրքաշարն առաջին հերթին տպավորիչ ճամփորդություն է մանրակրկիտ մտածված ու մշակված ֆենթեզի աշխարհում, այնքան մանրակրկիտ, որ ընթերցողն այդ ուղևորության ընթացքում սովորում է այդ աշխարհին, ճանաչում ու հասկանում այն։ Այս գրքաշարի վրա հիմնված «Գահերի խաղը» (Game of Thrones) սերիալը, չնայած իր ակնհայտ առավելություններին, աշխարհի նկարագրության առումով գրքերի անգամ մեկ տոկոսն էլ չի ապահովում։ Իսկ այ ընթերցանությունից հետո հավերժ մնում ես այդ աշխարհում։

PAN-ը հատուկ այս հոդվածի համար կարդացել է Մարտինի (դեռ անավարտ) գրքաշարը։ «Իսկ ի՞նչ կապ ունի դրա հետ կինոն», – կհարցնեք։ Պատասխանը շատ պարզ է. աշխարհի ընկալումն այնքան ամբողջական է, որ մենք փորձել ենք նկարագրել իրավիճակ, երբ Մարտինի ֆենթեզի աշխարհում գոյություն ունի… իսկական կինեմատոգրաֆ։ Այդ մոգական տեխնոլոգիայի մասին պատմում է Վեսթերոսում ապրած անհայտ մի մեյսթեր, ում գրած մագաղաթը հայտնաբերվել է լրիվ պատահաբար` Ցիտադելի գրադարանում։

Գլուխների մասին, որ հիշում են տեսածն ու սպիտակ մետաքսի վրա շարժվող տեսարանների մասին

Անհայտ մեյսթերի տրակտատը՝ հայտնաբերված Ցիտադելի ձեռագրերում։

Առաջին անգամ շարժվող պատկերների ականատեսը դարձա Հնաքաղաքում` բրդի առևտրով զբաղվող վաճառականի տան նկուղում, ուր ինձ էր բերել մի մարդ, ում մասին ավելի խոհեմ կլինի լռել: Սենյակը մութ էր. ավելի մութ, քան վայել է ազնիվ մարդու տան սենյակին, իսկ անկյունում, կոպիտ տակդիրի վրա, դրված էր խեժով պատված գլուխ: Այն չորացած էր, մուգ կապտավուն, փակ կոպերով, ու, խոստովանում եմ, սկզբում մտածեցի, որ ինձ բերել են այստեղ` ցույց տալու համար հերթական էժանագին աճպարարությունը: Սակայն երբ պատի մոտ շրջանակի վրա ձգված սպիտակ մետաքսե կտավը թույլ լուսավորվեց, ոչ այնպես, ինչպես լուսավորում է կրակը, ոչ էլ այնպես, ինչպես լուսավորում է լուսինը, այլ ինչ-որ երրորդ, անանուն լույսով, ու երբ տեսա, որ լույսն այդ հորդում է կապտավուն, մեռած գլխի բաց ու լրիվ կենդանի աչքերից, ես հասկացա, որ Արևելքի մասին պատմությունները բոլորովին էլ չափազանցված չէին։

Մետաքսի վրա հայտնվեց մի մարդ: Նա քայլում էր ճանապարհով, որը ես երբևէ չէի տեսել, թիկնոցով, ինչպիսիք վաղուց չեն կրում, ու նրա դեմքն այն մարդու դեմքն էր, ում մասին ինձ հաստատապես հայտնի էր, որ նա մահացած է արդեն ավելի քան քսան տարի: Նա կանգ առավ: Արտասանեց մի քանի բառ. ձայնը գալիս էր ոչ թե կտավից, այլ հենց գլխի բերանից, խուլ և տարօրինակ, ու ես զգացի, թե ինչպես արյունը սառեց երակներումս, որովհետև հասկացա. մենք տեսնում ենք ոչ դերասանների ներկայացում ու ոչ էլ կախարդի ստեղծած տեսիլք: Մենք տեսնում ենք այն, ինչ իրականում տեղի է ունեցել: Անցյալը կանգնած էր մեր առաջ՝ որպես կենդանի, անտարբեր այն պարզ հանգամանքի նկատմամբ, որ բոլոր նրանք, ովքեր հիշում էին դա, վաղուց արդեն մահացել են:

Չեմ ձևացնի, իբր այդ երեկո հասկացա, թե ինչի ականատես եմ դարձել: Հասկանալը եկավ ավելի ուշ՝ տարիների ընթերցանության, հարցուփորձերի ու ճամփորդությունների հետ միասին, հին արխիվների մատյանների և այն մարդկանց հետ զրույցների հետ, որոնք իրենց կյանքն անցկացրել էին դիտասրահների ու թափառաշրջիկ թատերախմբերի շրջանում: Այստեղ ես շարադրում եմ այն, ինչ հաջողվեց իմանալ այս արհեստի՝ ասշայան գլուխների արհեստի ծագման ու տարածման մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչի այն վերածվեց Յոթ Թագավորություններից յուրաքանչյուրում, քանզի այդ կերպարանափոխությունները խիստ տարբեր եղան, ու դրանցում, ինչպես հայելու մեջ, արտացոլվեց Վեսթերոսի յուրաքանչյուր ժողովրդի բարքը:

Բուն արհեստի մասին քիչ բան է հայտնի, ու այդ քիչն էլ խիստ կասկածելի է: Ասշայան կախարդները (իսկ նրանց մասին, կարծես, ոչ ոք ավելին ասել ի վիճակի չէ), ժամանակին սովորել են մարդկային գլուխները մշակել այնպես, որ դրանց աչքերը շարունակեն տեսնել ու հիշել շրջակա իրադարձությունները։ Թե ինչպես է դա արվում, ի՞նչ արյուն, ի՞նչ կախարդանք, ստվերների հետ ի՞նչ գործարք է այստեղ խառնված, կարծում եմ, չգիտի և ոչ մի մեյսթեր, որքան էլ որ իմ եղբայրակիցներից ոմանք գինու գավաթի շուրջ հակառակը ձևացնեն: Մշակված գլուխը տեսնում ու հիշում է: Այն հիշում է տեսածն այնպես, ինչպես չի կարող հիշել ոչ մի մահկանացու. ոչ թե հիշողության խամրող ու խաբուսիկ պատկերներ, այլ անձեռնմխելի, լիարժեք տեսարան, որը բավական է ուղղել սպիտակ մետաքսի վրա մութ սենյակում, որպեսզի այն նորից կենդանանա:

Բուն ծեսն ինքնին կարող է քնից զրկել ամենատոկուն ասպետին. հմտացած վարպետը, կամ ասշայցի, կամ վերջիններիս կողմից ուսուցանված մեկը, գլուխը ձեռքերում բռնած շրջում է ամրոցում, կամ զորքի ճամբարում, կամ մեծ ապարանքում` հարսանիքի ժամանակ։ Ընդ որում, մեռած գլխի աչքերը բաց են, դրանք ուշադիր նայում են, հետևում ու հիշում։ Երբ ծեսն ավարտված է, վարպետը տեղադրում է գլուխը սպիտակ մետաքսի կտորի առջև, հանգցնում բոլոր մոմերն ու ջահերը ու շշնջում իր հմայանքը։ Մեռած գլխի աչքերը կրկին բացվում են, լուսարձակում, ու այդ լույսը, մետաքսի վրա ընկնելով, ցույց է տալիս այն, ինչ տեսել է գլուխը ծեսի ընթացքում։

Ոմանք ասում են, որ ասշայցիներն այս արհեստի դիմաց վճարում են արյունով ոչ պակաս հոժարակամ, քան վերցնում են այն: Մյուսներն ասում են, որ Ասշայի ստվերներն իրենք են ընտրում, թե որ գլուխներին է վիճակված տեսնել, ու որոնց՝ մնալ որպես կույր ու անօգուտ մսի կտորներ: Ես բերում եմ երկու կարծիքներն էլ՝ հնարավորություն չունենալով հաստատել դրանցից և ոչ մեկը:

Զարմանալի է, բայց գլուխները պահպանում են նաև ձայնը, ու դա, ինձնից առավել գիտակ մարդկանց ընդհանուր կարծիքով, արհեստի էլ ավելի մութ մասն է, քան բուն տեսնելու ունակությունը: Պատկերը ցուցադրող գլուխը խոսում է նրանց ձայներով, ում տեսել է. այն կարող է երգել վաղուց մահացած երգչի երգը, կրկնել կես դար առաջ սատկած ձիու խրխնջոցը, հաղորդել ծովի աղմուկը, որին երբեք չի դիպել: Ոչ բոլորի սրտով է լսել հողում արդեն քսան տարի փտող մարդու ձայնը, որը հնչում է չորացած գլխի բերանից. ուստի որոշ դիտասրահներում մինչ օրս նախընտրում են համր պատկերներ՝ համարելով, որ ճշմարտությունն աչքերին էլ բավական է, իսկ մեռած բերանից ելնող ձայնը ավելորդ և ոչ բարեպաշտ շքեղություն է:

Գլուխները թանկ են, հազվագյուտ ու քմահաճ: Ոմանք վատ են աշխատում հենց սկզբից: Մյուսները, տարիներ շարունակ անխափան աշխատանքից հետո, հանկարծ սկսում են ցույց տալ այն, ինչ ոչ ոք իրենց չէր պատվիրել. դեմքեր, որոնց ոչ ոք չի ճանաչում, իրադարձություններ, որոնք ոչ ոք չի հիշում, իսկ երբեմն էլ, եթե հավատանք այն մարդկանց պատմություններին, ում ես հակված եմ ավելի վստահել, քան կցանկանայի՝ հանդիսատեսի մեջքի հետևում կանգնած ինչ-որ կերպարանք, թեև սենյակում, բացի հանդիսատեսից և գլխից, ուրիշ ոչ ոք ու ոչինչ չկա: Ես հանձն չեմ առնում դատել՝ արդյոք ամբողջությամբ ճշմարիտ են նման պատմությունները, բայց կնկատեմ, որ չափազանց հաճախ եմ լսել չափազանց տարբեր մարդկանց շուրթերից, որպեսզի արհամարհեմ դրանք որպես դատարկ ասեկոսեներ:

Առաջին գլուխները, եթե հավատանք Հնաքաղաքի ավանդություններին, Վեսթերոս են ընկել Դորնի միջոցով, ուր ծովով հասել են շատ ավելի վաղ, քան դրանց մասին կիմանային մյուս թագավորություններում։ Պատահական չէ, որ հենց Դորնն առաջինն առանց վախի ընդունեց նոր արհեստը, մինչդեռ հյուսիսն ու արևմուտքը երկար ժամանակ դրան նայում էին կասկածանքով, յուրաքանչյուրն իր ձևով: Սակայն այս մասին ավելի լավ է խոսել՝ դիտարկելով յուրաքանչյուր թագավորություն առանձին, քանզի այստեղ է սկսվում մեր թեմայի իսկական պատմությունը. պատմություն այն մասին, թե ինչպես միևնույն կախարդանքը, հայտնվելով տարբեր հողերում, վերածվեց յոթ միանգամայն տարբեր արվեստների:

Հյուսիսը գլուխներն ընդունեց մյուս թագավորություններից ավելի ուշ ու սիրեց դրանք մյուսներից ավելի պակաս. եթե «սիրել» բառով առհասարակ տեղին է նկարագրել հյուսիսցիների վերաբերմունքը որևէ բանի նկատմամբ: Այստեղ չեն կառուցում որմնանկարներով պատված պատերով ընդարձակ դիտասրահներ։ Այստեղ ավելի շուտ կգտնես ամրոցին կից ցածր գերանակապ մի սենյակ, որում օջախն ավելի թույլ է վառվում, քան հարկն է, իսկ հանդիսատեսները նստած են մուշտակները հագին ու գրեթե չեն զրուցում միմյանց հետ: Հյուսիսային պատկերները դանդաղ են ինչպես ձմեռը, ու նույնքան էլ անգութ: Սիրելի սյուժեն՝ մարդը միայնության մեջ ընդդեմ տարածության, ընդդեմ ցրտի, ընդդեմ սեփական ճակատագրի, ու գրեթե երբեք՝ ընդդեմ այլ մարդու, քանզի հյուսիսցին կարծում է, որ իսկական թշնամին միշտ ավելի մեծ է մսից ու արյունից կերտված ցանկացած հակառակորդից: Հյուսիսի բեմադրիչները հպարտանում են նրանով, որ գրեթե հնարանքի չեն դիմում՝ նախընտրելով գրանցել իրական իրադարձություններ. վայրենացածների հարձակում, երկար անցում, լորդի հուղարկավորություն, ու միայն դժկամությամբ, հարավային պատվիրատուների ճնշման տակ, համաձայնում են բեմադրված պատկերների՝ դրանք համարելով հասուն տղամարդուն ոչ վայել զբաղմունք: Ամենահայտնի հյուսիսային պատկերը մինչ օրս համարվում է «Ձյան միջով քայլող մարդը»՝ անվանմամբ և մտահղացմամբ պարզունակ մի տարեգրություն անանուն նիզակակրի մասին, որը միայնակ հաղթահարում է ձյան բազմաթիվ լիգաներ, որպեսզի զգուշացնի հեռավոր ամրոցին թշնամու մոտենալու մասին, ու հասնում դարպասներին արդեն ուժասպառ, ինչը չի խանգարում նրան ընկնելուց առաջ տեղ հասցնել լուրը:

Նրա վերջին քայլերը տեսած ու հիշած գլուխն, ինչպես ասում են, հիմա դրված է ինչ-որ տեղ Վինթերֆելում, ու հյուսիսցիները, ցուցադրելով այն հյուրերին, հպարտանում են նրանով, որ այդ պատկերում չկա ոչ մի հնարովի տեսարան. հպարտություն, որը հարավային հանդիսատեսը համարում է ավելի շուտ հոգնեցուցիչ, քան հիացմունքի արժանի: Այս խստության մեջ կա նաև իր հեգնանքը, որը նկատել է ինձնից առաջ մեկ այլ թափառաշրջիկ մեյսթեր. հյուսիսցին, որն արհամարհում է հարավային պատկերներն իրենց ճոխության համար, պատրաստ է, սակայն, ժամերով նայել, թե ինչպես է ինչ-որ խեղճուկրակ քայլում ձյան միջով, ու համարում է դա առավել արժանավայել տեսարան, քան երաժշտությամբ ու պարերով հարսանիքը: Ավելին. մեկ այլ անհայտ հյուսիսցի, բավարար հարուստ` ասշայան գլուխ ունենալու համար, ամբողջ այդ ընթացքում հետևել է խեղճին, իբրև չեզոք մի դիտորդ, ինչպես ծառերին նստած սև ագռավ` ոչնչով չօգնելով ու անգամ չքաջալերելով։

Արենների Հովիտը, հակառակը, տրվեց նոր արվեստին այն ողջ ավյունով, որին ընդունակ են ասպետական պատվի մասին երգերով դաստիարակված մարդիկ: Այստեղի պատկերները մրցաշարեր են, մենամարտեր, բարձր աշտարակների վրա կանգնած տիկնայք և այնպիսի ճերմակության թիկնոցներով ասպետներ, որ մեյսթերը, որը քիչ իրական մրցաշարեր չի տեսել, ակամայից հարց է տալիս իրեն, թե որտեղից են այդ մարդիկ այդքան մետաքս վերցնում: Հովտի բեմադրիչները պաշտում են լեռները՝ ոչ այնքան դրանց գեղեցկության, որքան վճռորոշ պահին հերոսին անդունդը գլորվել պարտադրելու հնարավորության համար, ինչը տեղական պատկերներում տեղի է ունենում այնպիսի հուզիչ հաստատունությամբ, որ տեղական ճաշակին ծանոթ հանդիսատեսը սկսում է մտովի հաշվել րոպեները մինչև անխուսափելի անկումը: Հովտի ամենափառաբանված պատկերը համարվում է «Լուսնային Դարպասների Ասպետը». պատմություն հանուն տիկնոջ պատվի մենամարտի մասին, որտեղ, ըստ սովորության, հակառակորդներից մեկը մարտի թեժ պահին ընկնում է բարձրությունից, իսկ տիկինը, սգալու փոխարեն, անմիջապես իր հայացքն ուղղում է հաղթողին, ինչը հանրությունը համարում է ոչ պակաս հուզիչ, քան բուն մենամարտը: Ես ինձ չեմ զրկի հաճույքից՝ նկատելու, որ Հովտում նկարահանվել է առնվազն երեք պատկեր՝ անվանումներով, որոնք տարբերվում են միայն զոհված ասպետի անունով, և որ տեղի հանդիսատեսները, կարծես, բնավ դրանում ոչ մի կրկնվող բան չեն գտնում. հավաստի նշան այն բանի, որ ոչ թե սյուժեն է նրանց պահում դիտասրահում, այլ հենց անկման այդ նույն խոստումը:

Եռաժանու Հողերն ու Երկաթե կղզիները, միավորված մեկ թագի ներքո, ստեղծեցին երկու տարբեր արվեստ, միմյանցից այնքան տարբեր, որ դժվար է հավատալ, թե դրանք ծնվել են միևնույն երկնքի տակ: Գետային հողերը, որոնք սեփական հողի վրա չափազանց հաճախ են պատերազմ տեսել, հակված են դեպի ողբերգությունը՝ դեպի ավերված ամրոցները, պաշարմամբ բաժանված ընտանիքները, փախստականներով լի ճանապարհներն ու այն հերոսները, որոնց քաջությունը գալիս է չափազանց ուշ` գոնե մեկ մարդու փրկելու համար: Գետային պատկերներից ամենահայտնին՝ «Կամուրջը Կույսի Լճակի մոտ», պատմում է գետանցման մասին, որը գերեզման դարձավ մի ամբողջ ջոկատի համար, ու ավարտվում, մյուս թագավորությունների սովորությանը հակառակ, ոչ թե հերոսի հաղթանակով կամ մահով, այլ դատարկ կամրջի երկար, տևողությամբ գրեթե անտանելի տեսարանով, որի վրայով այդպես էլ ոչ ոք չվերադարձավ. գետային հանդիսատեսն այս պատկերը համարում է իրենց արվեստի բարձրագույն նվաճումը, մինչդեռ արևմուտքից եկած հյուրերը այն համարում են պարզապես ձանձրալի, ինչի մասին չեն հոգնում հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում:

Երկաթե կղզիներն իրենց հերթին արհամարհում են գետային մելանխոլիան նույնքան բացահայտորեն, որքան արհամարհում են այն ամենը, ինչից աղի հոտ չի գալիս: Այստեղ պատկերն առանց փոթորկի, առանց նավի և առանց գոնե մեկ խեղդվածի բնավ պատկեր չի համարվում, իսկ հարավային հողերի սիրային պատմությունները երկաթածինները համարում են զբաղմունք, որը վայել է թերևս միայն կանանց ու մեյսթերներին: Փառաբանված «Նա հանձնեց նրան ծովին» ժապավենը պատմում է մի նավապետի մասին, ով խեղդել է սեփական որդուն՝ երդմանն ի քավություն. սյուժե, որը հարավային հանդիսատեսին սարսափի է մատնում, իսկ երկաթածինների շրջանում առաջացնում հավանության ծափողջյուններ, քանզի, ինչպես նրանցից մեկը նկատեց ինձ հետ զրուցելիս, «լավ պատմությունից պետք է աղի ու երկաթի հոտ գա, ոչ թե վարդի յուղի»:

Արևմտյան հողերն առաջինը հասկացան, որ նոր արվեստը ոչ միայն տեսարան է, այլև ոսկի բերող արհեստ, իսկ Լանիսթերները դա հասկացան Վեսթերոսի մյուս տներից ավելի արագ: Այստեղ կառուցում են դիտասրահներ, որպիսիք այլևս ոչ մի տեղ չես գտնի՝ սյուներով, ոսկեզօծ և թավշապատ բազկաթոռներով, և այստեղ էլ նկարահանում են այնքան թանկարժեք պատկերներ, որ դրանց մասին լեգենդները պտտվում են ոչ պակաս ակտիվորեն, քան հենց սյուժեների մասին: Մեյսթերի համար, որը ծանոթ է վեսթերոսյան տների մեծամասնությանը բնորոշ խնայողությանը, տարօրինակ է դիտել, թե ինչպիսի թեթևությամբ են արևմտյան պատվիրատուները ոսկի ծախսում մասսայական տեսարանների վրա, որոնցում հարյուրավոր դերակատարներ են զբաղված՝ հանուն մետաքսի վրա մի քանի ակնթարթների. բայց, ինչպես արդարացիորեն նկատեց այստեղի տեսարանների կազմակերպիչներից մեկը, «հարևանն արդեն նոր գլուխ է ձեռք բերել, ուրեմն ժլատությունն ավելի թանկ է նստում, քան շռայլությունը»: Արևմուտքի ամենահայտնի ու ամենասնանկացնող պատկերը դարձավ «Հացենու Բակի պաշարումը». հնարովի պաշարման մասին էպոս, որը պահանջեց միաժամանակ այնքան դերակատարներ, դեկորացիաներ ու գլուխներ, որ այն պատվիրած լորդը, ըստ լուրերի, ստիպված եղավ վաճառել իր անասունների կեսին՝ նախքան տեսարանը կփոխհատուցեր իր ծախսերը: Ի դեպ, այն փոխհատուցվեց ավելի քան բավարար, քանզի Լանիսպորտի դիտասրահները պատկերը ցուցադրում էին անընդմեջ երկու տարի շարունակ։ Այս հանգամանքը արևմտյան բնակիչները հիշատակում են շատ ավելի մեծ ուրախությամբ, քան կուրախանային պատվիրատուի հնարավոր սնանկացման դեպքում։

Վեսթերոսի ամենագեղեցիկ ու, ըստ մեյսթերի ճաշակի, ամենադատարկ պատկերների հայրենիքը դարձավ Տարածքը։ Այստեղ նկարահանում են այգիներ, հարսանիքներ, դավաճանություններ ու հաշտեցումներ, այստեղ երաժշտությունը չի լռում գրեթե ոչ մի պատկերում, իսկ հանդիսատեսը դիտասրահ է գալիս ոչ այնքան հանուն պատմության, որքան հանուն դեմքերի, որոնց ցանկանում են տեսնել նորից ու նորից: Հենց Տարածքում ծնվեց այն երկրպագությունը, որն այլ կերպ, քան տարօրինակ դժվարանում եմ անվանել. մարդիկ գնում են իրենց սիրելի դերակատարների փոքրիկ դիմանկարները, կախում դրանք իրենց տանն ու հարևանների հետ մինչև խռպոտելը վիճում այն մասին, թե ում ընտրյալն է մյուսներից գեղեցիկ. մի զբաղմունք, որի մեջ մեյսթերը գտնում է ավելի շատ ունայնություն, քան իմաստ, թեև ընդունում է դրա որոշակի անմեղությունը: Տարածքի ամենահայտնի դերակատարուհին, որի անունը մինչ օրս Հայգարդենում հնչեցնում են ոգեշնչմամբ ու հուզմունքով, նկարահանվել է մի քանի տասնյակ պատկերներում, որոնցից հանդիսատեսը հիշում է առավելապես հենց նրան, այլ ոչ թե սյուժեները, որոնցում նա հայտնվել է. մի հանգամանք, որի վերաբերյալ տեղի դիտասրահին ծաղիկներ մատակարարող մի սրամիտ այգեպան մի անգամ նկատեց, որ «Տարածքում գիտեն վարդ աճեցնել, բայց միշտ չէ, որ կարողանում են պատմություն աճեցնել»: Իսկ այստեղի պատկերներից լավագույնն արդարացիորեն համարում են «Այգին ամռան վերջին»՝ տխուր մի վիպակ դավաճանության, ներման ու թառամելու մասին, որը նկարահանվել է գույնի ու լույսի հանդեպ այնպիսի խնամքով, որ նույնիսկ ամենախիստ հյուսիսային հյուրը, այն մեկ անգամ տեսնելով, ընդունում է դրա որոշակի արժանիքները։

Փոթորկային հողերն արտադրում են պատկերներ՝ զուրկ որևէ սենտիմենտալությունից ու գրեթե զուրկ համբերությունից: Այստեղ սիրում են որոտ, մրրիկ, պաշարում և սրընթաց վրեժ, այստեղ պատկերները կարճ են, աղմկոտ և ձևվված այնպես, որպեսզի հանդիսատեսը չհասցնի շունչ քաշել մի բախման և հաջորդի միջև:

Փոթորկի Եզրի բեմադրիչները հայտնի են նրանով (ու այդ համբավը, նկատեմ, լիովին արժանի է), որ նախընտրում են նկարահանել իրական մրրիկներ՝ առավել ողորմած եղանակի սպասելու փոխարեն, ինչի պատճառով նկարահանումների ժամանակ դերակատարների զոհվելն այստեղ սովորական բան է, իսկ դրա մասին խոսում են նույն առօրյա առոգանությամբ, որով այլ կողմերում խոսում են անասունների անկման մասին: Ինչպես դիպուկ նկատեց մի անգամ այստեղի տեսարանների կազմակերպիչներից մեկը, «մեր պատկերներում ճշմարտանմանությունը հիմնականում ձեռք է բերվում նրանով, որ ցուցադրվածն իրականում տեղի է ունենում». մի արտահայտություն, որը ես համարում եմ միաժամանակ զուտ ճշմարտություն և բավարար առիթ՝ երբեք Փոթորկային հողերում որպես դերակատար չվարձվելու համար: Ամենափառաբանված տեղական պատկերը մնում է «Ջրի պատը». պատմություն պաշարման մասին՝ նկարահանված իսկական փոթորկի ժամանակ, որն, ըստ լուրերի, խլել է նկարահանման երեք մասնակցի կյանք և դրանով պատկերը դարձրել միայն ավելի պաշտելի տեղի հանդիսատեսների շրջանում, ինչը փոթորկային հանդիսատեսի բարքի մասին խոսում է իմ ցանկացած նկարագրությունից ավելի պերճախոս:

Դորնը, որն ասշայան գլուխների արհեստը մյուս թագավորություններից շուտ էր ընդունել, ստեղծեց արվեստ, որն ամենից քիչ էր նման մնացած բոլորին. զգայական, կրքոտ, թերասացության և սպասելիքների խաբեության վրա կառուցված արվեստ: Այստեղ մյուսներից շուտ սկսեցին նկարահանել ոչ թե մեկ իրադարձություն, այլ մի քանի հայացք միևնույն իրադարձությանը՝ ցուցադրելով հանդիսատեսին տարբեր մարդկանց հակասական հիշողություններն ու թողնելով, որ նա ինքը որոշի, թե նրանցից ով է ստում. հնարք, որը մյուս թագավորությունները համարում են կամ նրբագեղության գագաթնակետ, կամ պարզապես պատմությունն ուղիղ պատմելու դորնեցիների անկարողություն: Դորնի բեմադրիչները չեն վախենում ոչ պատմությունն առանց հստակ հանգուցալուծման թողնելուց, ոչ էլ սերը առանց երկրի այլ մասերում ընդունված ամոթխած լռելյայնությունների ցուցադրելուց, ինչի պատճառով դորնիական պատկերների հեղինակությունը մնացյալ Վեսթերոսում տատանվում է «անբարոյական» ու «անհասկանալի» բառերի միջև, մինչդեռ իրենք՝ դորնեցիները հարևաններին հատուցում են նույն արհամարհանքով՝ նրանց տեսարանները համարելով անհամ, ինչպես ոչ կծու ապուրը:

Այստեղի պատկերներից ամենահայտնին՝ «Երեք ճշմարտություն Արևային Նիզակի մասին», պատմում է մի սպանության մասին երեք անգամ. նկարող գլուխներից մեկը հետևում է մարդասպանին, մյուսը` այրուն, իսկ երրորդը` պատահական թափառականի։ Պատկերը ոչ մի անգամ ուղղակիորեն չի հայտնում հանդիսատեսին, թե երեք վարկածներից որն է ճիշտ. ես տեսել եմ այս պատկերը երկու անգամ և պետք է խոստովանեմ, որ մինչ օրս չեմ եկել վերջնական կարծիքի, ինչը, ենթադրում եմ, հենց դրա ստեղծողի նպատակն էր:

Այսպես նոր արհեստը, ծնունդ առնելով Ասշայի անհայտ արհեստանոցներում, տարածվեց Յոթ Թագավորություններով և յուրաքանչյուրում ստացավ սեփական դեմքը, ինչպես սեփական արտասանություն է ստանում միևնույն լեզուն՝ տարբեր ափերին հնչելով: Սակայն սխալ կլիներ կարծել, թե այս փոփոխությունները վերաբերում էին միայն արվեստին ու զվարճանքին: Գլուխները, որոնք հիշում են տեսածը, շուտով դարձան շատ ավելի լուրջ գործիք, քան պարզ տեսարանը, քանզի բավարար խելք ունեցող յուրաքանչյուր լորդ բավականին արագ հասկացավ պարզ ճշմարտությունը. նա, ով տիրապետում է գլուխներին, տիրապետում է նաև մարդկային հիշողությանը: Ներկայիս լորդի նախնուն որպես քաջարի հերոս ցուցադրող պատկերը ավելին արժի, քան բարդի ցանկացած երգ, քանզի երգը կարելի է համարել հնարանք, իսկ տեսարանին հավատում են այնպես, ինչպես սեփական աչքերին: Թշնամու պարտությունը ցուցադրելն էլ ավելի լավ է. թշնամուն որպես վախկոտ ցուցադրելը վճռորոշ ժամին՝ ամենալավն է:

Որոշ տներ սկսեցին գլուխներ գնել հազարներով, որպեսզի ոչ ոք չկարողանա տիրապետել նման զենքի. մյուսները, ընդհակառակը, ոչնչացնում էին անցանկալի պատկերներով գլուխները, երբեմն՝ այն մարդկանց հետ միասին, ովքեր փորձում էին դրանք պահպանել. գտնվում էին նաև այնպիսիները, որոնք փորձում էին գաղտնի նկարել ուրիշների խոսակցությունները, ինչի համար հատուցեցին բազմաթիվ կյանքերով, երբ խաբեությունը բացահայտվեց: Ցիտադելը մինչ օրս համաձայնության չի եկել՝ համարել նման պատկերները պատմությա՞ն, թե՞ կախարդանքի տարատեսակ, իսկ ես, խոստովանեմ, հանձն չեմ առնում լուծել այս վեճը. միայն կնկատեմ, որ երկու պատասխաններն էլ ինձ վախեցնում են գրեթե հավասարապես:

Քանզի այստեղ է թաքնված ճշմարտությունը, որ նոր արվեստը բացահայտեց ինձ ոչ անմիջապես, բայց բացահայտեց անշրջելիորեն: Պատկերը թվում է ամենաճշմարտացի վկայությունը, որ հասանելի է մարդուն. չէ՞ որ այն ցույց է տալիս ոչ թե պատմություն իրադարձության մասին, այլ բուն իրադարձությունը ճիշտ այնպես, ինչպես այն տեղի է ունեցել գլխի աչքերի առջև: Սակայն գլուխը տեսնում է միայն այն, ինչի վրա ուղղված է, և ոչ ավելին: Բավական է բեմադրիչը որոշի, թե որտեղ դնի գլուխը, և նա արդեն կառավարում է ճշմարտությունը, թեև ինքը, միգուցե, դա չի գիտակցում: Բավական է մարդը թաքնվի պատի հետևում, և գլուխը նրան բնավ չի տեսնի, կարծես նա գոյություն չի ունեցել: Բավական է նկարահանել ճակատամարտը դաշտի մի ծայրից, և հանդիսատեսը երբեք չի իմանա, թե ինչ էր կատարվում մյուս ծայրում: Այսպես արվեստը, որը թվում է ամենաազնիվը բոլորից, որոնց երբևէ տիրապետել է Վեսթերոսը, իրականում, պարզվում է, նաև ամենախաբուսիկն է, քանզի նրա խաբեությունն ավելի վտանգավոր է նրանով, որ թաքնվում է անհերքելի վկայության դիմակի տակ:

Այժմ ես ինձ մի հարց եմ տալիս, որը նախկինում մտքովս չէր անցել. ի՞նչ կլինի մեզ հետ, եթե մարդիկ սովորեն պահպանել ամեն ինչ: Եթե մի օր հնարավոր դառնա նորից տեսնել վաղուց մահացած թագավորի դեմքը, լսել երեսուն տարի առաջ փոշի դարձած մարդու ձայնը, նայել ճակատամարտին զոհվածի աչքերով կամ, որ ավելի վատ է՝ հետևել գաղտնի մի հանդիպման, որն աշխարհի հզորները կնախընտրեին ընդմիշտ թաքցնել: Դպիրն ունակ է ստել չարամտորեն կամ անգիտությամբ. երգիչը մոռանում է երգի բառերը կամ այլափոխում է դրանք ի գոհացումն պատվիրատուի. հաղթողը միշտ վերաշարադրում է տարեգրությունն իր հայեցողությամբ, ու մենք վաղուց վարժվել ենք ընդունել դա որպես ցանկացած պատմության անխուսափելի հատկություն: Սակայն գլուխը, որն իսկապես տեսել է իրադարձությունը, պահպանում է վկայությունն անկախ ապրողների կամքից՝ ոչ մեկից թույլտվություն չհարցնելով և չհոգալով այն մասին, թե ում է այն օգտակար և ում՝ ի վնաս: Միգուցե, հենց սրանում է թաքնված ամենավտանգավոր մոգությունը, որը երբևէ եկել է Ասշայից. ոչ թե նրանում, որ գլուխներն ունակ են ցույց տալ անցյալը, այլ նրանում, որ նրանք այլևս թույլ չեն տալիս մոռանալ այն:

Մի խելացի կին ժամանակին ասել էր. մոգությունը թուր է առանց բռնակի։ Անխուսափելիորեն վնասվելու ես։