
Էկրանավորումը միշտ ռիսկային գործ է։ Գիրքն ու ֆիլմը գործում են տարբեր օրենքներով․ այն, ինչ ընթերցողին լարվածության մեջ է պահում հերոսի ներքին մենախոսության կամ մանրուքների դանդաղ կուտակման շնորհիվ, էկրանին երկու ժամվա ընթացքում չես կարող տեղավորել։ Հետևաբար, վատ էկրանավորումը միշտ չէ, որ ստեղծողների ծուլության կամ անտեղյակության հետևանք է։ Շատ հաճախ պատճառը պարզապես այն է, որ նրանք չեն հասկացել՝ ինչն է կոնկրետ այդ գիրքն արժեքավոր դարձնում։
PAN-ը ներկայացնում է տասը ֆիլմ, որոնք նկարահանվել են իսկապես ուժեղ գրական ստեղծագործությունների հիման վրա, սակայն որոնց հեղինակները կամ վախեցել են սկզբնաղբյուրից, կամ որոշել են, որ իրենք ավելի լավ գիտեն, կամ էլ պարզապես չեն կարողացել հաղթահարել առաջադրանքը։
Սթիվեն Քինգի ութհատորյակը ձևավորում է հսկայական մի աշխարհ, որտեղ վեսթերնը միախառնվում է ֆենթեզիի և պոստապոկալիպսիսի հետ, իսկ հրաձիգ Ռոլանդ Դիսքեյնը հետապնդում է Սևազգեստ մարդուն այրված ու ամայի հողերում, որտեղ միավորվում են իրականության անվերջ թվով տարբերակներ։ Գրքերի ուժը հենց դրանց մասշտաբի և պատմությունը հազարավոր էջերի ընթացքում դանդաղ ու անշտապ ծավալելու մեջ է։

Ֆիլմը այս ամենը սեղմեց մինչև ընդամենը իննսուն րոպե, սյուժեն կազմեց միանգամից մի քանի հատորների պատառիկներից ու բազմաշերտ սագան վերածեց միջակ մարտաֆիլմի՝ պորտալի ու գերբնական ունակություններով չարագործի մասին։ Ռոլանդը վերածվեց երկրորդական կերպարի, թեև գրքերում պատմության առանցքը հենց հրաձիգի ճանապարհն է։ Քինգի ստեղծագործության այն յուրահատուկ տոնայնությունից, որտեղ սարսափը, մելանխոլիան և աստվածաշնչյան մոտիվները կողք կողքի են գոյակցում, ոչինչ չմնաց։ Միայն տափակ էքշն՝ առանց որևէ առանձնահատուկ երանգի։
Ռիչարդ Մեթիսոնի վեպը, ըստ էության, փիլիսոփայական առակ է մենության և այն մասին, թե ինչպես է պատմության աչքում հրեշ դառնում նա, ով հայտնվել է փոքրամասնության մեջ։ Ռոբերտ Նևիլը ամեն գիշեր սպանում է վարակված վամպիրներին, սակայն գրքի ավարտը գլխիվայր շրջում է ամբողջ պատմությունը․ մուտանտների նոր քաղաքակրթության համար հենց Նևիլն է այն լեգենդար հրեշը, որը գալիս էր և քնած ժամանակ սպանում իրենց։

Ուիլ Սմիթի մասնակցությամբ ֆիլմն առաջին կեսում բավական ազնվորեն պահպանում է մենության մթնոլորտը, սակայն ամբողջությամբ հրաժարվում գրքի ավարտից։ Ընկալումը գլխիվայր շրջող ֆինալի փոխարեն այստեղ ստանում ենք հերոսական զոհաբերություն և մարդկության փրկություն՝ շիճուկի միջոցով։ Մեթիսոնը իր պատմությունը գրել էր «հրեշ» հասկացության հարաբերականության մասին, բայց արդյունքում ստացվեց ֆիլմ այն մասին, թե ինչպես է լավ տղան փրկում աշխարհը։ Այսինքն՝ ճիշտ այն, ինչի դեմ գրված էր գիրքը։
Մաքս Բրուքսի գիրքը կառուցված է որպես զոմբի-ապոկալիպսիսը վերապրած մարդկանց վկայությունների ժողովածու, որոնք գալիս են աշխարհի տարբեր ծայրերից․ զինվորականներ, քաղաքական գործիչներ, սովորական փրկվածներ։ Վեպի ուժը վավերագրական ճշմարտացիության, աշխարհաքաղաքականության և գոյատևման լոգիստիկայի մանրամասների, ինչպես նաև միասնական գլխավոր հերոսի բացակայության մեջ է։

Ֆիլմը գրքից թողեց միայն անվանումն ու զոմբի-ապոկալիպսիսի ընդհանուր գաղափարը՝ ավելացնելով Բրեդ Փիթին որպես աշխարհի միակ գլխավոր փրկչի, որը թռչում է մի մայրցամաքից մյուսը և մի քանի օրվա ընթացքում լուծում խնդիրը։ Գրքից գրեթե ոչինչ չի մնացել․ ոչ տեսակետների բազմազանությունը, ոչ ռեալիզմը, ոչ էլ այն զգացողությունը, որ աղետը վերաբերում է ամբողջ մոլորակին, այլ ոչ թե ՄԱԿ-ի մի գործակալի։

Արդյունքում ստացվեց վազող զոմբիների մասին սովորական բլոկբաստեր, որը Բրուքսի գրքի հետ մոտավորապես նույնքան կապ ունի, որքան թրեյլերը՝ բուն ֆիլմի հետ։
Քրիստոֆեր Պաոլինիի վեպը, որը գրվել է դեռահասի կողմից և հենց այդ պատճառով էլ լայնորեն ներկայացվել է որպես երիտասարդ հեղինակի պատմություն, ունի բավականին պարզ կառուցվածք․ տղան գտնում է վիշապի ձու, մեծանում վիշապի հետ, սովորում կախարդություն և աստիճանաբար ներքաշվում կայսրության դեմ մղվող պատերազմի մեջ։

Ֆիլմին հաջողվեց փչացնել նույնիսկ այս պարզ կառուցվածքը․ երկխոսություններն անբնական են, հատուկ էֆեկտները՝ էժանագին նույնիսկ 2006-ի չափանիշներով, իսկ դերասանական խաղը տեղ-տեղ այնքան թույլ է, որ հանդիսատեսի համար դժվար է հավատալ էկրանին կատարվող իրադարձություններին։

Գրքից դուրս են նետվել սյուժետային գծերի և կերպարների գրեթե կեսը, իսկ մնացածը ներկայացվել է այնքան շտապ, որ սկզբնաղբյուրը չկարդացած հանդիսատեսի համար պարզապես անհասկանալի է՝ ինչ է կատարվում։ Սիքվելներ, բնականաբար, չեղան։
Ֆիլիպ Փուլմանի «His Dark Materials» եռագրության առաջին գիրքը կոշտ ու խելացի ստեղծագործություն է զուգահեռ աշխարհի մասին, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի կենդանու տեսքով խոսող ուղեկից, ինչպես նաև կրոնական իշխանության հետ բացահայտ հակամարտության մասին։ Այդ իշխանությունը վերահսկում է մարդկանց մտքերը և փորձում վերահսկել երեխաների հոգիները։

Հենց հակակղերական առանցքն է գիրքը դարձնում այդքան սուր։ Ստուդիան, վախենալով հավատացյալ հանդիսատեսի արձագանքից, ֆիլմից կտրեց գրեթե ամբողջ այդ թեման՝ թողնելով գեղեցիկ վիզուալ, բայց զրկելով պատմությունը իմաստային միջուկից։

Գրքի ավարտը, որտեղ հերոսները ծանր որոշում են կայացնում, ֆիլմում ընդհանրապես բացակայում է․ պատմությունն ընդհատվում է դրական նոտայի վրա՝ կատարվածը զրկելով որևէ իրական կշռից։ Շարունակություն այդպես էլ չնկարահանվեց, իսկ եռագրության լիարժեք էկրանավորումը հանդիսատեսը ստացավ միայն տարիներ անց՝ հիանալի սերիալի տեսքով։
Այզեք Ազիմովի սկզբնաղբյուրը վեպ չէ, այլ միմյանց հետ կապված պատմվածքների ժողովածու, որոնք միավորված են ռոբոտատեխնիկայի երեք օրենքներով և այն գաղափարով, որ մեքենայական տրամաբանությունը կարող է հանգեցնել անսպասելի, բայց յուրովի ռացիոնալ եզրահանգումների։

Տեքստի արժեքը մտավոր հանելուկների, ֆորմալ կանոնների՝ իրականության պայմաններում բախվելու հանգիստ, գրեթե դետեկտիվային վերլուծության մեջ է։ Ֆիլմի սցենարը սկզբում ընդհանրապես կապ չուներ Ազիմովի ստեղծագործության հետ և գրվել էր որպես ինքնուրույն մարտաֆիլմ։ Գրողի անունն ու ռոբոտատեխնիկայի օրենքները ավելացվել են ավելի ուշ՝ նախագիծը հայտնի բրենդի հետ կապելու համար։

Արդյունքում ստացվեց Ուիլ Սմիթի մասնակցությամբ սովորական էքշն՝ մեքենաների ապստամբության մասին։ Սա այն ժանրն է, որից ինքը՝ Ազիմովը, գիտակցաբար խուսափում էր՝ իր պատմությունները կառուցելով հենց այն գաղափարի շուրջ, որ երեք օրենքները գրեթե անհնարին են դարձնում ռոբոտների ապստամբությունը։
Էնն Ռայսի «Վամպիրական ժամանակագրություններ» շարքը հայտնի է իր մանրամասն մշակված միֆոլոգիայով, անմահության, մեղքի և չարի բնույթի մասին հերոսների երկար փիլիսոփայական դատողություններով, ինչպես նաև ընդգծված էմոցիոնալ ու գոթական մթնոլորտով։

Ֆիլմի սյուժեն կառուցված է միանգամից շարքի երկու գրքերի հիման վրա՝ դեն նետելով կերպարների հոգեբանական խորությունը և թողնելով տպավորիչ, բայց դատարկ տեսարանների հավաքածու։ Լեստատը, որը Ռայսի ստեղծագործություններում բարդ ու հակասական կերպար է և հարյուրավոր էջերի ընթացքում խորհում է իր գոյության ու ընտրությունների մասին, ֆիլմում վերածվել է ներաշխարհից զուրկ ռոք-աստղի։

Երկխոսությունները, որոնք գրքում հնչում էին որպես գոյության իմաստի մասին մտորումներ, վերածվել են շաբլոնային արտահայտությունների։ Շարքի երկրպագուները ֆիլմը շատ սառն ընդունեցին, իսկ ինքը՝ Ռայսը, հրապարակայնորեն քննադատեց թե քասթինգը, թե սցենարը։
Սյուզան Քուփերի «Խավարը մոտենում է» գրքաշարը կելտական միֆոլոգիայի և անգլիական բնաշխարհի մեջ խորապես արմատավորված բրիտանական ֆենթեզի է՝ մռայլ, ձմեռային մթնոլորտով։ Այն պատմում է Ուիլ Սթենթոն անունով տղայի մասին, որը իմանում է, որ Լույսի հնագույն պահապաններից վերջինն է։

Ֆիլմը գործողությունները տեղափոխեց Միացյալ Նահանգներ, տոնայնությունը վերածեց դեռահասների համար նախատեսված արկածային մարտաֆիլմի և գրեթե ամբողջությամբ դատարկեց այն միֆոլոգիական հիմքից, որի համար, ի վերջո, արժեր գիրքը կարդալ։

Ինքը՝ Քուփերը, հրապարակայնորեն հրաժարվեց աջակցել նախագծին այն բանից հետո, երբ տեսավ, թե ինչի է վերածվել սցենարը։ Դրամարկղային հասույթն այնքան ցածր էր, որ շարքի շարունակության մասին խոսք անգամ չէր կարող լինել։
Օրսոն Սքոթ Քարդի վեպը հիմնված է հոգեբանական ուսումնասիրության վրա․ փոքրիկ տղային հյուծիչ մարտական սիմուլյացիաների միջոցով վերածում են հանճարեղ ռազմական ստրատեգի, և գիրքը մանրամասն ցույց է տալիս, թե ինչ գին է այդ պրոցեսը պահանջում երեխայի հոգեկան աշխարհից։

Այս ամենը տեղի է ունենում մինչև եզրափակիչ թվիստը՝ իր հսկայական բարոյական երկընտրանքով։ Ֆիլմը Էնդերին զենքի վերածելու երկար պրոցեսը սեղմեց մինչև մի քանի մոնտաժային դրվագ, ինչի հետևանքով անհետացավ ամենակարևորը՝ անհատականության աստիճանական կոտրման զգացողությունը։

Եզրափակիչ թվիստը, որի շուրջ կառուցված է ամբողջ գիրքը, ֆիլմում ներկայացվում է այնքան սեղմված, որ դրա էմոցիոնալ ազդեցությունը գրեթե զրոյական է։ Արդյունքում ստացվեց բավական լավ վիզուալով, սակայն բովանդակությամբ դատարկ պատմություն հանճարեղ երեխայի մասին, որը հաղթում է պատերազմը՝ առանց այն բարոյական ցնցման, հանուն որի գրվել էր գիրքը։
Քլայվ Լյուիսի երրորդ գիրքը կոմպակտ, բայց բովանդակալից ճանապարհորդություն է ծովով դեպի աշխարհի ծայրը, որտեղ արկածային սյուժեի հետևում թաքնված են պարզ քրիստոնեական այլաբանություններ ու Յուսթասի՝ ամբողջ շարքի ամենավառ կերպարներից մեկի հասունացման պատմությունը։

Ֆիլմը ավելացրեց կախարդական սրեր հավաքելու հորինված քվեստ, որը գրքում ընդհանրապես չկար՝ հանգիստ ճանապարհորդությունն ու բացահայտումների պատմությունը վերածելով ստանդարտ ֆենթեզի մարտաֆիլմի՝ չար ուժերի դեմ պարտադիր եզրափակիչ ճակատամարտով։
Ստեղծագործության այլաբանական շերտը գրեթե ամբողջությամբ անհետացավ, իսկ Յուսթասի վերադաստիարակումը, որը Լյուիսի մոտ կենտրոնական տեղ է զբաղեցնում, հասցվեց ընդամենը մի քանի տեսարանի։

Այս ֆիլմից հետո ստուդիան այդպես էլ չթողարկեց շարքի մնացած գրքերի էկրանավորումները․ հանդիսատեսի և քննադատների արձագանքն այնքան թույլ էր, որ շարունակության մասին խոսելն այլևս անիմաստ էր։