
2015-2019 թվականներին Netflix-ը ցուցադրեց Marvel-ի սուպերհերոսների մասին հինգ սերիալ՝ «Դեյրդևիլ» (Daredevil), «Ջեսիկա Ջոնս» (Jessica Jones), «Լյուկ Քեյջ» (Luke Cage), «Երկաթյա բռունցք» (Iron Fist) և «Պատժողը» (The Punisher)։ Սա Marvel-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքի առանձին ճյուղն էր՝ նախատեսված ավելի մեծահասակ լսարանի համար։ Այստեղ չկային վառ համազգեստներ, ամեն քայլափոխի հնչող տափակ կատակներ ու հերթական պատմությունը աշխարհի փրկության մասին։ Փոխարենը՝ Նյու Յորքի մութ փողոցներ էին, տրավմաներ, կախվածություններ, կոռուպցիա ու դաժան ծեծկռտուքներ։ Նախագիծը մեծ էր։ Հինգ առանձին սերիալները պետք է ի վերջո միավորվեին «Պաշտպանները» (The Defenders) քրոսովերում՝ մոտավորապես այնպես, ինչպես MCU-ի հերոսներն էին միավորվում «Վրիժառուներում» (Avengers)։
Իհարկե, ամեն ինչ չէ, որ լավ ստացվեց։ Բայց այս շարքի մի քանի սերիալ մինչ օրս համարվում է սուպերհերոսների մասին լավագույն էկրանավորումներից։ PAN-ն առանձին ներկայացնում է յուրաքանչյուր նախագիծ՝ ինչն աշխատեց, ինչը՝ ոչ, ու ինչու ամբողջ այս էքսպերիմենտն, ի վերջո, ավարտվեց։
«Դեյրդևիլի» առաջին եթերաշրջանը թողարկվեց 2015-ին և անմիջապես այնպիսի նշաձող սահմանեց, որին հետագայում փորձում էին հասնել ֆրանշիզի մյուս սերիալները։ Հաջողվեց միայն մեկին։

Մեթյու Մերդոքը ցերեկները կույր փաստաբան է, իսկ գիշերը՝ դիմակավորված «վրիժառու», ով պայքարում է Դժոխային խոհանոց (Hell’s Kitchen) կոչվող թաղամասի հանցավորության դեմ։ Սերիալի հիմքում նուարային էսթետիկան է՝ կեղտոտ աստիճանավանդակներ, աղոտ լույս, նեղ միջանցքներում տեղի ունեցող արյունալի ծեծկռտուքներ։ Երրորդ էպիզոդում մեկ կադրով նկարահանված հայտնի միջանցքային մենամարտը դարձավ սերիալի այցեքարտն ու մինչ օրս համարվում է սուպերհերոսական կինոյում լավագույն մարտական տեսարաններից մեկը։

Առաջին եթերաշրջանի գլխավոր ձեռքբերումը, սակայն, Ուիլսոն Ֆիսկն էր՝ Վինսենթ Դ’Օնոֆրիոյի հիանալի կատարմամբ։ Ֆիսկին ներկայացրել էին ոչ թե որպես հերթական կարիկատուրային հրեշի, այլ որպես մարդ՝ իր տրամաբանությամբ, տրավմաներով և նույնիսկ սիրո մասին յուրահատուկ պատկերացումներով։ Այսպիսի բան կոմիքսների էկրանավորումներում այնքան էլ հաճախ չես հանդիպի։ Սովորաբար չարագործը գոյություն ունի մի պարզ պատճառով՝ հերոսը պետք է վերջում նրան հաղթի։

Երկրորդ եթերաշրջանում հայտնվեցին Պատժողն ու Էլեկտրան, բայց սերիալը սկսեց կորցնել կենտրոնացումը։ Սյուժեն բաժանվեց իրար հետ թույլ կապված երկու գծի, ընկավ պատմության տեմպը։ 2018-ին թողարկված երրորդ եթերաշրջանը «Դեյրդևիլին» վերադարձրեց նախկին մակարդակին։ Պատմությունը կրկին կենտրոնացավ Մերդոքի և Ֆիսկի դիմակայության վրա, իսկ քննադատները եթերաշրջանն անվանեցին լավագույններից մեկըNetflix-ի ամբողջ շարքում։ Ու հենց այդ ժամանակ Marvel-ն ու Netflix-ը հայտարարեցին սերիալի փակման մասին։ Այն չեղարկվեց լավագույն եթերաշրջանի թողարկումից գրեթե անմիջապես հետո։

«Դեյրդևիլի» գլխավոր առավելություններն են էքշնի ու դրամայի հավասարակշռությունը, մարտերի որակյալ բեմադրությունն ու կերպարների մանրակրկիտ մշակումը։ Թույլ կողմը ձգձգվածությունն է։ Նույնիսկ լավագույն եթերաշրջաններում կան էպիզոդներ, որտեղ սյուժեն կարծես տեղում դոփում է, իսկ հերոսները հերթով նույն միտքն են ասում՝ տարբեր բառերով։
«Ջեսիկա Ջոնսը» նույնպես թողարկվեց 2015-ին` դառնալով լիակատար հակապատկեր կենսուրախ սուպերհերոսական կինոյի համար։ Գլխավոր հերոսուհին սուպերուժերով օժտված մասնավոր դետեկտիվ է, ով հերոսի կարիերան թողել է Քիլգրեյվ անունով չարագործի հետ ունեցած տրավմատիկ հարաբերություններից հետո։ Քիլգրեյվը մարդկանց իր կամքին ենթարկելու ունակություն ունի։

Առաջին եթերաշրջանը, ըստ էության, հոգեբանական դրամա է՝ աբյուզի, ուրիշի կամքի նկատմամբ վերահսկողության ու հետտրավմատիկ խանգարման մասին։ Քիլգրեյվին մարմնավորել է Դեյվիդ Թենանտը։ Սա Marvel-ի ամբողջ տիեզերքի ամենասարսափելի չարագործներից մեկն է հենց այն պատճառով, որ նրա ուժը ֆիզիկական չէ, այլ հոգեբանական։ Նա կարող է ցանկացած մարդու ստիպել անել այն, ինչ ինքն է ուզում՝ գրեթե զրոյացնելով դիմադրելու հնարավորությունը։

Սերիալը չի փորձում ծանր թեմաները փաթեթավորել ու մատուցել այնպես, որ դրանք ավելի հարմար ընկալվեն։ Այն խոսում է դրանց մասին ուղիղ, առանց սուր անկյունները հարթելու։ Հենց դրա շնորհիվ առաջին եթերաշրջանը մինչ օրս համարվում է Netflix-ի ամբողջ շարքի ամենաուժեղ աշխատանքներից մեկը։

Ցավոք, երկրորդ և երրորդ եթերաշրջանները չկարողացան պահել նշաձողը։ Սերիալը ստիպված էր նոր կենտրոնական պատմություն գտնել, ինչն այնքան էլ համոզիչ չստացվեց։ Ջեսիկայի անցյալին ու ուժերի ձեռքբերմանը վերաբերող թեմաները ավելի քիչ հետաքրքիր էին, քան Քիլգրեյվի հետ նրա դիմակայությունը։

Քրիստեն Ռիթերը ամբողջ սերիալի ընթացքում պահպանում է ցինիկ, կյանքից հոգնած դետեկտիվի կերպարը։ Սկզբում դա հիանալի աշխատում է մթնոլորտի համար, բայց ժամանակի ընթացքում կերպարի այդ նույն մատուցումը սկսում է հոգնեցնել։ Այդուհանդերձ, հենց տրավմայի մասին անկեղծ խոսակցությունը սուպերհերոսական շոուի ժանրի միջոցով այս սերիալի ուժեղ կողմն է։ 2015-ի համար սա բավականին համարձակ քայլ էր։
«Լյուկ Քեյջը» թողարկվեց 2016-ին ու դարձավ Marvel-ի առաջին սերիալը, որի գլխավոր հերոսը սևամորթ սուպերհերոս էր։ Գործողությունները տեղի են ունենում Հարլեմում։ Լյուկը նախկին բանտարկյալ է՝ անխոցելի մաշկով ու գերմարդկային ուժով, ով փորձում է հանգիստ կյանքով ապրել։ Բայց, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, հանգիստ կյանքը երկար չի տևում։ Լյուկը ներքաշվում է իր թաղամասում հանցավորության դեմ պայքարի մեջ։

Սերիալն աչքի է ընկնում վիզուալ ոճով և երաժշտությամբ։ Հիփ-հոփն ու սոուլը հնչում են գրեթե յուրաքանչյուր տեսարանում, իսկ Հարլեմը այստեղ պարզապես գործողությունների վայր չէ։ Այն պատմություն ու մշակույթ ունեցող լիարժեք կերպար է։ Առաջին եթերաշրջանի առաջին կեսը կենտրոնացած է Քոթոնմաութ անունով անտագոնիստի՝ խարիզմատիկ հանցավոր հեղինակության վրա, ում դրդապատճառները հասկանալի ու տրամաբանական են։ Սակայն խնդիրն այն է, որ եթերաշրջանի կեսին՝ այս չարագործի մահից հետո, սերիալը կտրուկ կորցնում է որակը։

Նրա փոխարեն հայտնվում է նոր հակառակորդ՝ շատ ավելի քիչ հետաքրքիր, ու եթերաշրջանի երկրորդ կեսում զգալիորեն ընկնում են թե տեմպը, և թե լարվածությունը։ 2018-ին թողարկված երկրորդ եթերաշրջանը փորձում է շտկել խնդիրը, բայց բախվում է նույն հիվանդությանը՝ չափազանց երկար սյուժե և ոչ այնքան ուժեղ գլխավոր կոնֆլիկտ, որը կկարողանար տասներեք էպիզոդի ընթացքում պահպանել հետաքրքրությունը։

Սերիալի գլխավոր առավելությունը նրա եզակի մշակութային ինքնությունն է, որը չուներ ֆրանշիզի որևէ այլ նախագիծ։ Բացի այդ, Լյուկ Քեյջն իսկապես հետաքրքիր գլխավոր հերոս է։ Նրա սուպերուժը սցենարիստներին հնարավորություն է տալիս խոսել սևամորթ տղամարդու անխոցելիության մասին՝ այն կապելով իրական սոցիալական խնդիրների հետ։Թույլ կողմն էլ կառուցվածքային է։ Երկու եթերաշրջաններին էլ չբավականացրեց այնքան ուժեղ անտագոնիստ, որը կկարողանար ամբողջ պատմության ընթացքում պահպանել լարվածությունը։
«Երկաթյա բռունցքը» համարվում է Netflix-ի շարքի ամենաանհաջող սերիալը, ու դա ընդունում են գրեթե բոլորը՝ նույնիսկ ֆրանշիզի ստեղծողները։ Գլխավոր հերոս Դեննի Ռենդը հարուստ կորպորացիայի ժառանգորդ է։ Մանկության տարիներին նա փրկվում է ավիավթարից, մեծանում առեղծվածային Կուն-Լուն քաղաքում և դառնում Երկաթյա բռունցքի մոգական ուժի կրողը։

Սերիալի առաջին մեծ խնդիրը դերասան Ֆինն Ջոնսն է։ Նրան քննադատում էին ֆիզիկական թույլ պատրաստվածության և մարտարվեստի վարպետի դերում ոչ համոզիչ լինելու համար։ Սա հատկապես լուրջ խնդիր է մի կերպարի դեպքում, ում հիմնական սուպերունակությունը հենց մարտական հմտություններն են։

Երկրորդ խնդիրը առաջին եթերաշրջանի սյուժեն է, որը հաճախ պարզապես դոփում է տեղում։ Էպիզոդների մեծ մասը նվիրված է Դեննիի հոր ընկերության շուրջ ծավալվող կորպորատիվ ինտրիգներին, այլ ոչ թե այն արկածներին ու մարտերին, որոնք մարդիկ սպասում էին նման սերիալից։

2018-ին թողարկված երկրորդ եթերաշրջանը զգալիորեն ավելի լավն էր։ Փոխվեց մարտական տեսարանների խորեոգրաֆը, արագացավ պատմության տեմպը, և սերիալը վերջապես որոշակի դինամիկա ստացավ։ Բայց արդեն ուշ էր։ Սերիալի հեղինակությունն այնքան էր վնասվել, որ երկրորդ եթերաշրջանը դարձավ վերջինը։

Հետաքրքիր է, որ Դեննի Ռենդի կերպարը վատ չէր աշխատում «Պաշտպանները» քրոսովերում ու «Լյուկ Քեյջ» սերիալում։ Այսինքն՝ խնդիրը ոչ այնքան բուն հերոսի, որքան նրա սոլո շոուի մեջ էր։ Թույլ դերասանական կազմ, դանդաղ սյուժե ու անհասկանալի բեմադրված էքշն առաջին եթերաշրջանում։ Սերիալի տապալման գրեթե իդեալական բաղադրատոմս։
«Պատժողը» սկզբում հայտնվեց «Դեյրդևիլի» երկրորդ եթերաշրջանում։ Ընտանիքը կորցրած ու հանցավոր աշխարհից վրեժ լուծող վետերան Ֆրենկ Քասլի կերպարն այնքան լավ ընդունվեց, որ Netflix-ը 2017-ին նրան առանձին սերիալ նվիրեց։

Ի տարբերություն ֆրանշիզի մյուս նախագծերի՝ այստեղ չկան սուպերուժեր, մոգություն կամ միստիկա։ Սա կոշտ, արյունալի մարտաֆիլմ է ու միաժամանակ ռազմական դրամա՝ վետերանի մասին, ով պատերազմից հետո չի կարողանում իր տեղը գտնել խաղաղ կյանքում։ Ֆրենկը մեթոդաբար ոչնչացնում է իր ընտանիքի մահվան համար պատասխանատու հանցավոր ցանցը։ Առանձնահատուկ է Ջոն Բերնթալի խաղը։ Նրա Պատժողը համարվում է այս կերպարի լավագույն կինեմատոգրաֆիկ մարմնավորումներից մեկը։

Առաջին եթերաշրջանը լարված թրիլլեր է ռազմական գերատեսչության ներսում տեղի ունեցող դավադրության մասին։ Սերիալը չի վախենում վետերանների հետտրավմատիկ խանգարումը ներկայացնել որպես լուրջ թեմա, այլ ոչ թե պարզապես էքշնի ֆոն։ 2019-ին թողարկված երկրորդ եթերաշրջանը մի փոքր ավելի թույլ է։ Գլխավոր չարագործն իր խորությամբ չի հասնում առաջին եթերաշրջանի կերպարներին, իսկ որոշ սյուժետային գծեր կարող են ավելորդ թվալ։

Այնուամենայնիվ, սերիալը փակվեց ոչ թե որակի պատճառով, այլ նույն կոմերցիոն պատճառներով, ինչ շարքի մյուս նախագծերը։ «Պատժողը» բռնության ու դրա հետևանքների նկատմամբ ազնիվ ու կոշտ հայացք է՝ առանց ավելորդ փիլիսոփայության։
«Պաշտպանները» 2017-ին թողարկված մինի-սերիալ է, որը պետք է մեկ պատմության մեջ միավորեր Դեյրդևիլին, Ջեսիկա Ջոնսին, Լյուկ Քեյջին և Երկաթյա բռունցքին։ Թղթի վրա գաղափարը հիանալի էր։ Տոնայնությամբ ու ոճով իրարից բավական տարբեր չորս հերոսներ ստիպված են միավորվել ընդհանուր սպառնալիքի՝ «Ձեռք» հնագույն կազմակերպության դեմ։

Գործնականում, սակայն, սա հիասթափություն էր։ Ութ էպիզոդը չափազանց քիչ էր, որպեսզի պատշաճ կերպով բացահայտվեր հանցավորության դեմ պայքարի տարբեր մեթոդներ ունեցող չորս հերոսների միջև կոնֆլիկտը։ Ավելին, եթերաժամանակի զգալի մասը ծախսվում էր զուտ հերոսներին միավորելու վրա, այլ ոչ թե պատմությունը զարգացնելու։

«Ձեռք» կազմակերպությունը, որը «Դեյրդևիլի» ու «Երկաթյա բռունցքի» մի քանի եթերաշրջանների միջանցիկ թեման էր, քրոսովերում ստացավ չափազանց թույլ ավարտ՝ այդքան երկար զարգացվող սյուժետային գծի համար։ Դերասանների միջև քիմիան, սակայն, լավ էր աշխատում։ Այն տեսարանները, որտեղ հերոսները պարզապես զրուցում են ու հարաբերություններ պարզում, կենդանի են և հաճախ՝ սրամիտ։ Բայց որպես միասնական պատմություն «Պաշտպանները» թույլ է։ Չափազանց քիչ ժամանակ, թույլ գլխավոր չարագործ ու զգացողություն, որ քրոսովերը գոյություն ունի ավելի շատ ձևական անհրաժեշտությունից ելնելով, քան հետաքրքիր պատմություն ստեղծելու համար։

Հենց սա էլ դարձավ ամբողջ ֆրանշիզի ավելի մեծ խնդրի ախտանիշը։ Marvel-ի կինեմատոգրաֆիկ մոդելի հաջողությունը սերիալային ձևաչափում պարզապես կրկնօրինակելու փորձը հաշվի չէր առել մի կարևոր բան․ սերիալը նույն պատմությունը չէ, պարզապես ավելի երկար։ Այն պատմություն կառուցելու բոլորովին այլ ձև է պահանջում։