
Քառասուն տարի առաջ բրիտանացի գրող Քլայվ Բարկերը հրատարակեց «The Hellbound Heart» կարճ վիպակը։ Այդ ժամանակ նա արդեն հայտնի էր «Արյան գրքեր» սարսափ պատմվածքների ժողովածուով, իսկ Սթիվեն Քինգը հրապարակայնորեն նրան անվանում էր հորրոր ժանրի ապագա։ Վիպակում կա մի քանի հերոս, մի տուն և մի զարդատուփ, որը, մեղմ ասած, բացվում է ոչ այնքան սովորական ձևով։ Ոչ ոք չէր սպասում, որ այս պատմությունից մի ամբողջ ֆրանշիզ կծնվի։
Բարկերին դուր չէին գալիս իր նախորդ ստեղծագործությունների էկրանավորումները, ուստի նա որոշեց ինքնուրույն նկարահանել «Դժոխքի դռները բացողը» (Hellraiser, 1987)։ Հետո տեղի ունեցավ այն, ինչ սարսափ ժանրում հազվադեպ է պատահում․ քառասուն տարվա ընթացքում ստեղծվեց տասնմեկ ֆիլմ, կոմիքսներ և մի կերպար, որին գրքում անունով նույնիսկ չեն կոչում։ Փինհեդ մականունը հորինել են նկարահանման հրապարակում, իսկ այսօր այն ճանաչում են նույնիսկ նրանք, ովքեր «Դժոխքի դռները բացողը» ֆիլմերից ոչ մեկը չեն դիտել։
2026-ի հոկտեմբերի 8-ին՝ վիպակի հրատարակումից ուղիղ չորս տասնամյակ անց, թողարկվում է Clive Barker’s Hellraiser: Revival խաղը։ Դրա մասին դեռ կհասցնենք խոսել, իսկ առայժմ PAN-ը կանդրադառնա ֆիլմերին՝ 1987-ի դասականից մինչև այն մասը, որը նկարահանել են ընդամենը երեք շաբաթում, որպեսզի ստուդիան չկորցնի ֆրանշիզի իրավունքները։ Դրանցից մի քանիսն իսկապես արժի դիտել, մյուսների մասին էլ կարելի է պատկերացում կազմել մեր ամփոփումից։
Սա Բարկերի ռեժիսորական դեբյուտն է։ Ֆիլմը նկարահանվել է Լոնդոնում՝ 1986-ի աշնանը, ինչի պատճառով ամերիկյան ընտանիքի մասին պատմությունն բավական բրիտանական տեսք ունի։ Բյուջեն կազմել է մոտ մեկ միլիոն դոլար, իսկ ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է մոտ 14,6 միլիոն։
Գլխավոր հերոսը՝ Լարին, կնոջ՝ Ջուլիայի հետ տեղափոխվում է իր մահացած մոր տուն։ Բայց այս տունը սովորական տուն չէ։ Երբ Լարիի արյունը պատահաբար կաթում է ձեղնահարկի հատակին, այն հարություն է տալիս նրա եղբորը՝ Ֆրենկին, որին ավելի վաղ պատառոտել էին սենոբիտները։ Սրանք ֆրանշիզի գլխավոր անտագոնիստներն են՝ դժոխային արարածներ, որոնց սիրելի զբաղմունքը մեղավորներին անասելի տառապանքներ պատճառելն է։

Բայց առաջին ֆիլմում հիմնական չարագործները մարդիկ են։ Ֆրենկը հաճույքի համար պատրաստ է ամեն ինչի, Ջուլիան պատրաստ է սպանել հանուն նրա, իսկ սենոբիտներն իրենց պահում են գրեթե քաղաքավարի և հայտնվում են միայն նրանց մոտ, ովքեր ինքնուրույն բացել են զարդատուփը։

Իր ժամանակի համար սա բավական անսովոր ֆիլմ էր․ սարսափ՝ առանց սլեշերի և առանց դասական «բուգիմենի»՝ որպես գլխավոր չարագործի։ Արդյունքում քննադատների կարծիքները բաժանվեցին։ Բրիտանական ամսագրերից մեկը ֆիլմն անվանեց լավագույն բրիտանական սարսափ ֆիլմը, իսկ Ռոջեր Էբերթը գրեց, որ դրանում երևակայության պակաս կա։ Ժամանակն, իհարկե, ամեն ինչ իր տեղը դրեց։ Ֆիլմը դարձավ կուլտային դասական, այնպես որ, երևի, առաջիններն էին ճիշտ։
Սցենարը գրել է Փիթեր Ատկինսը՝ Բարկերի պատմության հիման վրա։ Ռենդլին ընտրեցին որպես ռեժիսոր, քանի որ նա արդեն աշխատել էր Բարկերի հետ առաջին ֆիլմի վրա։ Առաջին մասի տիտրերում նրա անունը չկա, բայց նա ֆիլմի մոնտաժողներից մեկն էր։

Այստեղ ֆիլմն անում է այն, ինչ սովորաբար պետք է անի լավ սիքվելը․ մեծացնում է մասշտաբը, ցույց է տալիս հենց դժոխքը և ավելի մանրամասն բացում ֆրանշիզի դիցաբանությունը։ Պարզվում է, որ Փինհեդը բրիտանական բանակի նախկին կապիտան Էլիոթ Սպենսերն է, որը ժամանակին չափազանց սերտ առնչություն է ունեցել գեհենական զարդատուփի հետ։

Ֆինանսական խնդիրների պատճառով New World ստուդիան կրճատեց բյուջեն։ MPAA-ն սկզբում ֆիլմին X վարկանիշ տվեց, իսկ ԱՄՆ-ում այն հավաքեց մոտ 12 միլիոն դոլար։ Առաջին մասի ընտանեկան դրաման այստեղ գրեթե ամբողջությամբ անհետանում է, փոխարենը հայտնվում է ավելի մեծ մասշտաբ և ավելի հարուստ աշխարհ։ Շատերը սա համարում են սերիայի լավագույն մասը, և դրա հետ վիճելը բավական դժվար է։
Սա սերիայի առաջին ֆիլմն է, որը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս և թողարկվել Dimension ստուդիայի կողմից։ Բյուջեն կազմել է 5 միլիոն դոլար, իսկ ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 12,5 միլիոն։ Բարկերի անունը նշված է որպես գործադիր պրոդյուսեր, բայց գրողն իրականում գրեթե չի մասնակցել ֆիլմի ստեղծմանը մինչև պոստպրոդաքշնի փուլը։

Թոնի Ռենդլը պետք է վերադառնար ռեժիսորական աթոռին, սակայն պրոդյուսերները նրա տեսլականը չափազանց մռայլ համարեցին և հրավիրեցին Հիկոքսին, որը նախկինում նկարահանել էր «Մոմե արձանների թանգարանը» (Waxwork, 1988)։ Այս անգամ Փինհեդը բաժանվում է երկու մասի․ մեկը մարդ Էլիոթ Սպենսերն է, մյուսը՝ սենոբիտը։ Սպենսերի ազդեցությունից զրկված Փինհեդը դառնում է բացարձակ չարիք և խախտում սենոբիտների խիստ կանոնները։ Եթե նախկինում նրանք գործում էին որոշակի կարգուկանոնի համաձայն, ապա հիմա Փինհեդը պարզապես սպանում է բոլորին՝ առանց խտրականության։ Նոր սենոբիտներն էլ արդեն տեխնոլոգիական դարաշրջանին համապատասխան տեսք ունեն․ նրանց գլխին հայտնվում են տեսախցիկներ, կոմպակտ սկավառակներ և այլ մանրուքներ։ Իսկ ինքը՝ Փինհեդը, նույնիսկ կատակներ է անում։

Ստուդիան ակնհայտորեն ցանկանում էր «Դժոխքի դռները բացողը» վերածել «Ուրբաթ, 13»-ի նման ֆրանշիզի։ Եվ, կարելի է ասել, ստացավ իր ուզածը։ Որպես ինքնուրույն տրիքվել՝ ֆիլմը երբեմն նույնիսկ զվարճալի է։ Բայց առաջին երկու մասերի հետ այն արդեն շատ քիչ ընդհանրություն ունի։
Չորրորդ մասի բյուջեն կազմել է 4 միլիոն դոլար, իսկ հասույթը՝ 9,3 միլիոն։ Սա սերիայի վերջին ֆիլմն է, որը թողարկվել է կինոթատրոններում։ Ու այս ֆիլմի ստեղծման պատմությունը, թերևս, ավելի խառն է, քան հենց ֆիլմը։

Հատուկ էֆեկտների վարպետ Յագերին մինչև նկարահանումների ավարտը փոխարինեցին Չեփելով, և երկուսն էլ հրաժարվեցին իրենց անունները տիտրերում նշելուց։ Յագերի առաջին տարբերակը տևում էր 110 րոպե, իսկ Փինհեդը հայտնվում էր միայն քառասուներորդ րոպեին։ Miramax-ը, սակայն, պահանջեց վերափոխել սյուժեն և մեծացնել Փինհեդի դերը։ Արդյունքում ֆիլմը կրճատվեց մինչև 85 րոպե։
Սյուժեն ընդգրկում է միանգամից երեք դարաշրջան։ XVIII դարում վարպետ Ֆիլիպ Լեմարշանը պատրաստում է զարդատուփը դքսի համար։ XX դարում նրա սերունդը՝ ճարտարապետ Ջոն Մերչանտը, դրա նմանությամբ շենք է կառուցում։ Իսկ XXII դարում ինժեներ Փոլ Մերչանտը տիեզերակայանում պայքարում է Փինհեդի դեմ։ Այո, այո, այս ֆիլմում Փինհեդը թռչում է տիեզերք։ «Ուրբաթ, 13»-ի Ջեյսոնը նրան կհասնի միայն հինգ տարի անց։

Ինքնին զարդատուփի ծագումը բացատրելու գաղափարը վատը չէր։ Սակայն ստուդիայի միջամտությունը, ըստ էության, փչացրեց ամբողջ նախագիծը։ Սցենարիստ Փիթեր Ատկինսը հետագայում ֆիլմի մասին կարտահայտվի բավական կոշտ և ոչ այնքան հարգալից տոնով։
Սա սերիայի առաջին մասն է, որը միանգամից թողարկվեց տնային կրիչների վրա։ Սարսափ ֆիլմերի ապագա վարպետ Սքոթ Դերիքսոնի համար սա լիամետրաժ ռեժիսորական դեբյուտն էր։ Սցենարը նա գրել էր Փոլ Հարիս Բորդմանի հետ համատեղ։

Բարկերը որոշ ժամանակ բանակցում էր ֆրանշիզ վերադառնալու շուրջ, սակայն ստուդիայի հետ տարաձայնությունների պատճառով նրան հեռացրին նախագծից։

Գլխավոր հերոսը կոռումպացված դետեկտիվ Ջոզեֆ Թորնն է։ Հանցագործության վայրում նա գտնում է զարդատուփը, և դրանից հետո նրա կյանքը սկսում է քանդվել։ Դերիքսոնի ֆիլմն ավելի շատ նեո-նուար է հիշեցնում, քան դասական «Դժոխքի դռները բացողը»։ Այստեղ ավելի քիչ է բացահայտ բռնությունը, իսկ հիմնական շեշտը դրված է հոգեբանության վրա։ Փինհեդը երկրորդական կերպար է՝ գլխավոր չարագործի բազմաթիվ դեմքերից միայն մեկը։ Իսկ գլխավոր հերոսը ամբողջ ընթացքում հայտնվում է իր սեփական «դժոխքներում»։
Կարճ ասած՝ եթե ֆիլմի վերնագրից հանեին «Դժոխքի դռները բացողը» մասը, կստացվեր ոչ այնքան վատ դետեկտիվ։ Եվ քննադատներն էլ, հավանաբար, այդքան չէին ոտնատակ տա այն։
Այս ֆիլմից սկսվեց Ռիկ Բոտայի դարաշրջանը։ «Դժոխքի որոնումները» նկարահանվել է 2001-ին Վանկուվերում, իսկ կրիչների վրա լույս է տեսել 2002-ի հոկտեմբերի 15-ին։ Սցենարը գրել են Քարլ Դյուպրեն և Թիմ Դեյը։

Ֆիլմի գլխավոր հետաքրքրություններից մեկը օրիգինալ ֆիլմի հերոսուհի Քիրստիի վերադարձն է։ Նրան վերադարձնելու գաղափարը հենց Բոտայինն էր։ Բացի այդ, Բոտան Բարկերին ցույց էր տվել ֆիլմի սևագիր մոնտաժը, իսկ վերջինս մի քանի խորհուրդ էր տվել, այդ թվում՝ երրորդ արարի վերաբերյալ։ Սա վերջին անգամն էր, երբ Բարկերը մասնակցում էր վիդեո-սիքվելներից մեկի ստեղծմանը։
Rotten Tomatoes-ում ֆիլմն ունի 0%, սակայն իրականում սա բավական կոկիկ պատմություն է և հաստատ սերիայի վատագույն մասը չէ։
Ֆիլմը նկարահանվել է Ռումինիայում 2002-ին, սակայն անմիջապես կրիչներով լույս է տեսել միայն 2005-ի հունիսի 7-ին։
Նիլ Մարշալ Սթիվենսի նախնական սցենարը «Դժոխքի դռները բացողի» հետ ընդհանրապես կապ չուներ։ Սակայն պրոդյուսերներն այն հարմարեցրին ֆրանշիզին, քանի որ դրանից առաջ ստուդիան մերժել էր Փիթեր Բրիգսի «Hellraiser: Lament» գաղափարը՝ այն չափազանց թանկ համարելով։ Բացի այդ, Բոբ Վայնշտեյնը պահանջել էր ֆիլմ նկարահանել ճապոնական հորրորի ոգով։

Լրագրող Էմի Քլայնը ժամանում է Բուխարեստ՝ հետաքննելու «Մեռյալներ» աղանդի անդամի սպանության և հարություն առնելու տեսագրությունը։ Աղանդի առաջնորդ Վինթեր Լեմարշանը՝ զարդատուփի ստեղծողի սերունդը, կարծում է, որ պետք է դառնա սենոբիտների տիրակալը։ Նա սպանում և կենդանացնում է իր հետևորդներին՝ փնտրելով այն մարդուն, որն ընդունակ է բացել զարդատուփը։ Փինհեդը, սակայն, նրան արհամարհում է։

Գումար խնայելու համար ֆիլմը նկարահանվել է «Դժոխային աշխարհի» հետ միաժամանակ՝ 2002-ի հոկտեմբերից դեկտեմբեր։ Նկարահանող խմբի ամերիկացի անդամները դժվարությամբ էին հասկանում ռումինացի աշխատողներին ու դերասաններին, այնպես որ լեզվական խոչընդոտը դարձավ նկարահանումների գլխավոր խնդիրներից մեկը։
Rotten Tomatoes-ում ֆիլմն ունի 13%։
Սցենարը գրվել է Ջոել Սոյսոնի «Dark Can’t Breathe» պատմվածքի հիման վրա։ Սկզբնական պատմվածքը «Դժոխքի դռները բացողի» հետ ոչ մի կապ չուներ։ DVD-ով ֆիլմը լույս է տեսել 2005-ի սեպտեմբերի 6-ին։ Այն նկարահանվել է Ռումինիայում՝ «Մեռյալի» հետ միաժամանակ։ Պատճառը միայն գումար խնայելը չէր․ հեղինակային իրավունքների մասին պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտ էր ֆրանշիզից ևս մեկ ֆիլմ նկարահանել։

Մի խումբ ընկերներ հավաքվում են երեկույթի՝ «Դժոխքի դռները բացողը» սերիայի հիման վրա ստեղծված Hellworld առցանց խաղի միջոցով ստացված հրավերով։ Նրանց ընկերը` Ադամը, նախկինում ինքնասպանություն էր գործել՝ խաղով չափազանց տարվելու հետևանքով։ Երեկույթի տանտերը, որին մարմնավորում է Լենս Հենրիքսենը, Ադամի հայրն է, իսկ տեղի ունեցող իրադարձությունները մասամբ պայմանավորված են պսիխոդելիկի օգտագործմամբ։

Սա ավելի շատ երիտասարդական սլեշեր է, քան «Դժոխքի դռները բացողը»։ Հենրի Քավիլն այստեղ խաղացել է իր առաջին դերերից մեկում, իսկ Հենրիքսենը մի ժամանակ հրաժարվել էր առաջին ֆիլմում Ֆրենկի դերից՝ «Near Dark»-ում նկարահանվելու համար։
Զավեշտալին այն է, որ սա վերջին ֆիլմն է, որտեղ Դուգլաս Բրեդլին մարմնավորել է Փինհեդին։ Իսկ այդ տիեզերքի հիման վրա ստեղծված իսկական խաղը լույս կտեսնի միայն քսանմեկ տարի անց։
Այս ֆիլմը նկարահանել են հաշված շաբաթների ընթացքում։ Պատճառը պարզ էր․ Dimension-ը պարտավոր էր ֆրանշիզից ևս մեկ ֆիլմ թողարկել, այլապես կկորցներ դրա հեղինակային իրավունքները։ Բյուջեն կազմել է մոտ 300 հազար դոլար, տևողությունը՝ 75 րոպե։ Նկարահանումները Լոս Անջելեսում տևել են ընդամենը երեք շաբաթ։
![]()
Դուգլաս Բրեդլին հրաժարվեց խաղալ Փինհեդի դերը՝ կարդալով սցենարը և իմանալով նկարահանման ժամկետների մասին։ Արդյունքում առաջին անգամ Փինհեդին մարմնավորեց մեկ այլ դերասան՝ Ստեֆան Սմիթ Քոլինզը։ Ֆիլմը ցուցադրվել է Կալիֆոռնիայի մեկ կինոթատրոնում 2011-ի մարտի 18-ին, իսկ DVD-ով լույս է տեսել հոկտեմբերի 18-ին։
Ընկերներ Նիկոն և Սթիվենը մեկնում են Մեքսիկա, գտնում են զարդատուփը և անհետանում։ Մեկ տարի անց նրանց ընտանիքները հավաքվում են ընթրիքի, և պարզվում է, որ Նիկոն սպանել է Սթիվենին ու հիմա կրում է նրա մաշկը։ Այո, հենց այդպիսի տարօրինակ սյուժե։

Բարկերը հրապարակայնորեն հայտարարել էր, որ այս ֆիլմի հետ ոչ մի կապ չունի։ Rotten Tomatoes-ում այն ունի 0%, իսկ Dread Central-ը ֆիլմը համեմատել է The Asylum ստուդիայի արտադրած կինոաղբի հետ։ Սա սերիայի միակ ֆիլմն է, որի դեպքում ամենակարևորը ֆիլմը հասցնելն էր թողարկման, ոչ թե հանդիսատեսին գոհացնելը։
Թանիկլիֆը սցենարը գրել և ֆիլմը նկարահանել է ինքնուրույն։ Բյուջեն կազմել է 350 հազար դոլար, իսկ նկարահանումները Օկլահոմայում տևել են երեք շաբաթ։ Դրանից առաջ նա երկար տարիներ աշխատել էր սերիայի դիմահարդարման և հատուկ էֆեկտների վրա։ Dimension-ին կրկին անհրաժեշտ էր ֆիլմ նկարահանել՝ հեղինակային իրավունքները պահպանելու համար, և այս անգամ ստուդիան նրան հնարավորություն տվեց իրականացնել իր գաղափարը։

Երեք դետեկտիվ հետաքննում են «Ուսուցիչ» մականունով սերիական մարդասպանի սպանությունները։ Նրա հանցագործությունները հիմնված են տասը պատվիրանների վրա։ Պարզվում է, որ մարդասպանը հենց ինքը՝ դետեկտիվ Շոն Քարթերն է։ Այստեղ դժոխքը ներկայացված է որպես բյուրոկրատական կազմակերպություն՝ Ստիգիական ինկվիզիցիա։ Աուդիտորին խաղում է հենց Թանիկլիֆը։ Ֆիլմում հայտնվում է նաև Հոֆիել հրեշտակը, իսկ Փինհեդը վերջում արտաքսվում է երկիր։ Պարզվում է՝ նույնիսկ դժոխքում հաշվետվություններ են պետք։

Սա սերիայի առաջին ֆիլմն է, որտեղ դիցաբանության մեջ հայտնվում է դրախտը։ Բրեդլին կրկին հրաժարվեց խաղալ, իսկ դերը ստացավ Փոլ Թ. Թեյլորը։ Ֆիլմի թողարկումը, սակայն, հետաձգվեց Հարվի Վայնշտեյնի հետ կապված սկանդալի պատճառով։ Այն կրիչներով լույս տեսավ 2018-ի փետրվարի 13-ին։ Այդուհանդերձ, քննադատների կարծիքով՝ ֆիլմն ավելի հաջողված է, քան դրան նախորդող մի քանի մաս։
Վայնշտեյնը դատվեց, Miramax-ը կորցրեց իրավունքները, իսկ նոր սեփականատերը որոշեց ֆրանշիզին տալ թանկարժեք ռեբութի հնարավորություն՝ այս անգամ սթրիմինգային ծառայության համար։
Ֆիլմը Hulu-ում ցուցադրվեց 2022-ի հոկտեմբերի 7-ին, իսկ ԱՄՆ-ից դուրս այն տարածել է Paramount-ը։ Բյուջեն կազմել է 14 միլիոն դոլար։ Սցենարը գրել են Բեն Քոլինզը և Լյուկ Փիոտրովսկին՝ Դևիդ Գոյերի պատմության հիման վրա։ Պրոդյուսերների թվում էին Գոյերը և Քլայվ Բարկերը։

Spyglass Media Group-ը ռեբութի մշակումը սկսել էր դեռ 2019-ի մայիսին։ Գլխավոր հերոսուհին՝ Ռայլին, որին մարմնավորում է Օդեսա Ազիոնը, նախկին թմրամոլ է։ Նա ապրում է եղբոր՝ Մեթի, նրա ընկերոջ՝ Քոլինի և հարևանուհու՝ Նորայի հետ։
Կախվածության թեման բավական լավ է նստում հաճույքի և ցավի գաղափարի վրա։
Տեղական «Փինհեդի» դերը խաղացել է Ջեյմի Քլեյթոնը, սակայն այս տարբերակում կերպարը կոչվում է Քահանա։ Բրուքներն ասում էր, որ իրենք չէին ցանկանում պարզապես կրկնօրինակել Բրեդլիին, որովհետև դա անհնար կլիներ։

Ֆիլմը անտեսում է նախորդ բոլոր մասերը՝ նույնիսկ լավագույնները։ Rotten Tomatoes-ում այն ունի 65%, իսկ Metacritic-ի գնահատականը 55 է։ Քննադատներին հատկապես տպավորել էին նոր սենոբիտները։ Այս ֆիլմը չի հասնում առաջին երկու մասերի մակարդակին, բայց սերիայի համար, այնուամենայնիվ, նկատելի քայլ է առաջ։
Առաջին և երկրորդ մասերը հաստատ արժի դիտել։ Մնացածներից հետաքրքիր են «Դժոխքի որոնումները»՝ Քիրստիի վերադարձի շնորհիվ, «Ինֆերնոն»՝ որպես դետեկտիվ պատմություն, և «Դատավճիռը»՝ դժոխքի բավականին անսովոր պատկերման համար։
«Հայտնությունները» ավելի լավ է թողնել ամենահանդուրժող կինոդիտողին, իսկ 2022-ի ռեբութը գնահատել ամբողջ շարքը դիտելուց հետո։
Իսկ առաջիկա խաղը, ըստ ամենայնի, կվերադարձնի այն ամենը, ինչի համար սիրում էին այս սերիան՝ զարդատուփը, լաբիրինթոսը և Դուգլաս Բրեդլիին։