
Երբ 30 տարի առաջ Սինձի Միկամին ներկայացրեց իր լեգենդար Resident Evil համակարգչային խաղը, քիչ խաղեր կարող էին իրենց կինեմատոգրաֆիկությամբ մրցել այս survival horror-ի հետ։ Զոմբիների հետ առանձնատանը փակված հատուկ ջոկատայինների պատմությունը պատրաստի սցենար էր՝ էկրաններ տեղափոխելու ու ոչ պակաս տպավորիչ սարսափ ֆիլմ դառնալու համար։ Այստեղ աշխատում էր ամեն ինչ. անհույս մթնոլորտը, սասփենսը, յուրաքանչյուր դռան հետևում դարանակալող վտանգը, խիզախ կերպարները, լորը։ Ցավոք, կինոյում Resident Evil-ի բախտը չբերեց հենց սկզբից ու շարունակում է չբերել մինչ օրս։
Վերջին փորձն արեց մոդայիկ ռեժիսոր Զաք Քրեգերը, ով իր նախորդ երկու կտավների շնորհիվ ձեռք էր բերել ինտելեկտուալ ու տաղանդավոր հորրոր մեյքերի համբավ։ Քրեգերի «Չարի կացարանը» (Resident Evil, 2026) սիրվել է կինոքննադատների կողմից, վարձույթում իրեն դրսևորում է հրաշալի, բայց խաղային շարքի երկրպագուները կրկին արդարացիորեն մտահոգված են, որովհետև Քրեգերի ֆիլմն ամեն ինչ է, բացի Resident Evil-ի էկրանավորում լինելուց։ PAN-ը դիտել է ֆիլմն ու կիսվում է տպավորություններով։

1996-ից հետո Capcom-ը ստեղծել է Resident Evil շարքի մոտ 30-ից 40 խաղ (նայած՝ ինչպես հաշվել). ահա թե ինչքան են երկրպագուները սիրում այս ֆրանշիզը։ Umbrella կորպորացիայի մշակած կենսաբանական զենքի պատճառով մարդկությանը պատուհասած աղետի մասին խաղային շարքն ունի իր հստակ միֆոլոգիան, իր կանոնները, կերպարներին, ճանաչելի մթնոլորտն ու այլ ատրիբուտներ, որոնց շնորհիվ survival horror ժանրի խաղերի մեծ քանակության մեջ կարելի է անթերի ճշգրտությամբ առանձնացնել հենց այս շարքը։ Ու էկրաններ տեղափոխելու ճանապարհին, դեռ անհասկանալի ու, մեր կարծիքով, լրիվ իռացիոնալ պատճառներով, այդ ֆունդամենտալ ու առանցքային ատրիբուտներից ոմանք, կամ բոլորը միասին, անհետանում են։

Էկրանավորման առաջին փորձը տեղի ունեցավ 2002 թ.-ին, ու այն վստահվեց խաղային մեկ այլ էկրանավորման՝ «Մահացու մենամարտի» (Mortal Kombat, 1995) հարցում իրեն լավ դրսևորված Փոլ Ու. Ս. Անդերսոնին (չխառնել Փոլ Թոմաս Անդերսոնի հետ)։ Նրա «Չարի կացարանը» (Resident Evil, 2002) ֆիլմ էր՝ ավելի շատ մոտիվներով (in-universe պատմություն), անհարթ, որոշ հրաշալի լուծումներով, բայց, ընդհանուր առմամբ, միջակություն։ Այդուհանդերձ, այն սկիզբ դրեց մի ամբողջ կինոֆրանշիզի, որում, առանց որևիցե հաջողության, խաղային շարքը շարունակում էին բռնաբարել Անդերսոնը, Ալեքսանդր Ուիթը, Ռասել Մալքեհին ու, իհարկե, վեց մասից բաղկացած այդ թյուրիմացության գլխավոր հերոսուհուն մարմնավորած Միլա Յովովիչը։

Այն, ինչ տեղի ունեցավ հետո, երկրպագուների համար հիշեցնում է ավելի շատ մղձավանջ, քան էկրանավորում։ 2021-ին էկրաններ բարձրացավ Յոհաննես Ռոբերտսի «Չարի կացարանը. Բարի գալուստ Ռաքուն սիթի» (Resident Evil: Welcome to Raccoon City) ֆիլմը՝ ցածր բյուջեով թրեշ, որը ստեղծվել էր զուտ հեղինակային իրավունքները պահպանելու համար։ Իսկ մեկ տարի անց Netflix-ը ցուցադրեց Էնդրյու Դենի «Չարի կացարանը» սերիալը, որի մասին ավելի լավ է ընդհանրապես լռենք։

Երբ հայտարարվեց, որ խաղի նոր էկրանավորումը իր վրա է վերցրել Քրեգերը, ով նաև անընդհատ խոսում էր իսկական երկրպագու լինելու մասին, հույսի շող արթնացավ առ այն, որ կինեմատոգրաֆիստները վերջապես վերջ կդնեն իրենց սնոբիզմին ու կսկսեն խաղերին վերաբերվել այնպես, ինչպես դրանք արժանի են։ Ցավոք, Քրեգերի ֆիլմում սնոբիզմը ոչ միայն չի անհետացել։ Նա երբեմն բացահայտ ծաղրի է ենթարկում այս մեդիումը՝ միաժամանակ, ինչը շատ տարօրինակ է, ամեն քայլափոխի սիրո խոստովանություն հնչեցնելով survival horror ժանրի հասցեին։ Ահա այդպիսի բարդ ու ոչ միանշանակ ստեղծագործող է Քրեգերը, ով կարող է միաժամանակ խփել և նալին, և մեխին, բայց մի բան միանշանակ է. Քրեգերի ֆիլմի կապը Resident Evil խաղային շարքի հետ խիստ նոմինալ է։

Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ֆիլմը վատն է, սկսենք ամենասկզբից։ Ֆիլմի գլխավոր հերոսը բժշկական պարագաների ու փոխպատվաստման համար նախատեսված օրգանների առաքմամբ զբաղվող Բրայանն է (Օսթին Աբրամս), ով պետք է ձնամրրիկի ժամանակ խիստ կարևոր բեռը հասցնի… Ռաքուն սիթի։ Ինչից հետո սկսվում է իսկական դժոխքը։

Այս կարճատև՝ մոտ 90 րոպեանոց ֆիլմը ոչ մի վայրկյան թույլ չի տա ձանձրանալ՝ սկսած առաջին կադրերից մինչև վերջինը։ Շքեղ օպերատորական լուծումներն ու հնարամիտ ռեժիսուրան, Հոլադեյ եղբայրների երաժշտության ուղեկցությամբ, կստեղծեն survival horror-ի այն մածուցիկ մթնոլորտը, որն անհրաժեշտ է անմիջապես դրա մեջ թաղվելու համար։

Ընդ որում, հանճարեղ Դարիուշ Վոլսկու տեսախցիկը պատմության լիիրավ մասնակից է. այն երկրորդ անձի նման հետևում է գլխավոր հերոսի հայացքի ուղղությանը, վախվորած թաքնվում նրա ուսի հետևում (հղում անելով խաղային շարքի լավ ռիմեյքներին) ու անգամ հրազենի կոթի մոտ (հղում անելով յոթերորդ ու ութերորդ խաղին)։ Ֆիլմի առաջին ակտը սասփենս կառուցելու իսկական վարպետաց դաս է. ինչպես ստիպել հանդիսատեսին նյարդային շարժվել ու նույնքան նյարդային ծիծաղել, ինչպես զգալ տալ ձնառատ ամայի անտառի ցուրտն ու խավարը։

Ընթացքում սկսում է նկատելի դառնալ Քրեգերի սպեցիֆիկ հումորը, կամ մետահումորը։ Եթե «Բարբարոսում» (Barbarian, 2022) դա սուր ծաղր էր ամերիկյան տնտեսական երազանքի հասցեին, իսկ «Հրազեններում» (Weapons, 2025) քարը քարի վրա չէր թողնում կրթական համակարգից, ապա այստեղ քրեգերյան հումորը զուտ ինքնանպատակ, պատման մաս է. ծիծաղելին՝ ծիծաղելի, բայց առանց ինտելեկտուալ կշիռի։

Իհարկե, ոչ ոք չի պահանջում, որ հումորը նաև ակտուալ թեմաներով երգիծանք լինի, բայց երբ ռեժիսորը մի քանի անգամ ծաղրում է նույն խաղային պայմանականությունը (կարելի էր բավարարվել միակ անգամով), խելացի ու ծիծաղելին վերածվում է զուտ մեմային բոցի։ Իսկ դա այն չէ, ինչ սպասում ենք մորաքույր Գլեդիսի կերպարը կերտած ռեժիսորից։

Ֆիլմի երկրորդ ու հատկապես երրորդ ակտերում սասփենսը աստիճանաբար, իսկ հետո՝ կտրուկ փոխարինվում է հումորով։ Երկրորդական կերպարները (լավ դերասանների կատարմամբ) հայտնվում են մի քանի րոպեով՝ դաժան ձևով սպանվելու համար, իսկ բուն Ռաքուն սիթիում տիրող մղձավանջը ներկայացված է, թեև խիստ տպավորիչ (միայն զոմբիների «անձրևն» ամեն ինչ արժի), սակայն մինիմալիստական ձևով։ Քաղաքը գրեթե դատարկ է, չկան զոմբիների ամբոխներ, իսկ Umbrella կորպորացիան ընդամենը մի երկնաքեր է։ Ու հենց այստեղ էլ առավել ակնհայտ է դառնում ֆիլմի հակասությունը խաղային լորի հետ։

Իհարկե, Resident Evil ֆրանշիզն առանձնակի ռեալիստիկությամբ երբեք չի փայլել, սակայն այն ունի իր կանոնները։ Umbrella-ն հսկայական կորպորացիա է՝ հարյուրավոր լուրջ գիտնականներով, իսկ տեղի ունեցած աղետը ավելի շատ գիտափորձ է, քան անփութության հետևանք։ Ֆիլմում ընկերության գիտական համայնքը ներկայացնում են մի քանի կարիկատուրային երիտասարդ, որոնք ավելի շատ հիմար հիփսթերներ են, քան գիտնականներ։

Ու այսպիսի ֆինալը, չնայած առատ հղումներին, ֆիլմը լրիվ հեռացնում է էկրանավորումների դաշտից դեպի թեմատիկ պարոդիաների դաշտ։ Քրեգերի ֆիլմը նույնքան կապ ունի Միկամիի հիմնած խաղային ֆրանշիզի հետ, որքան «Ճիչ» (Scream) ֆրանշիզը՝ որևիցե կոնկրետ սլեշերի։ Իհարկե, այն չի գլորվում դեպի «Վախենալու կինո» (Scary Movie), բայց երբեմն վտանգավոր մոտ է դրան։ Ու այստեղ հատկապես հասկանալի է խաղային շարքի երկրպագուների զայրույթը։

Քրեգերը առատորեն հղումներ է անում խաղերին, բայց դրանք զուտ էլեմենտներ են՝ հղումներ հղվելու համար։ Ոչինչ ֆիլմում չի հուշում, որ մենք խաղի աշխարհում ենք, որում կան Քրիս Ռեդֆիլդը, Լեոն Քենեդին ու Ալբերտ Վեսքերը։ Քրեգերի մոտ ալտերնատիվ տիեզերք է, որը նա կառուցել է մի կողմից ընդհանրապես survival horror ժանրին սեր խոստովանելու, մյուս կողմից՝ համակարգչային խաղերի վրա ծիծաղելու համար, ու այս հակասական սուպերպոզիցիան որոշ մարդկանց կարող է դուր գալ, իսկ որոշների մոտ կառաջացնի կոգնիտիվ դիսոնանս։

Ընդհանուր առմամբ, «Չարի կացարանը» վիզուալ խիստ տպավորիչ, շքեղ հրեշներով, անդադար ակտիվ գործողության մեջ գտնվող զվարճալի պրոդուկտ է։ Միանշանակ՝ հեղինակային պրոդուկտ խելացի ստեղծագործողից, ով չի հասկանում, թե ինչ պիտի անի սկզբնաղբյուրի հետ։
Եթե ուզում եք միաժամանակ ծիծաղել ու վախենալ, անպայման դիտեք հենց կինոթատրոնում, որովհետև սա, նաև իր ձայնային էֆեկտների շնորհիվ, հենց մեծ էկրաններին նայելու ֆիլմ է։ Բայց եթե սպասում եք սիրելի խաղային շարքի նորմալ էկրանավորում, այս անգամ ևս հիասթափվելու եք։

Համակարգչային խաղերն արդեն շատ վաղուց թե՛ իրենց բարդությամբ, թե՛ դրամատուրգիական խորությամբ գերազանցում են կինոյին։ Լավ կլինի, կինեմատոգրաֆիստները հասկանան այս պարզ ճշմարտությունը ու վերաբերվեն արվեստի այդ տեսակին անհրաժեշտ լրջությամբ, որովհետև եթե վաղը խաղերը սկսեն ծիծաղել կինոյի վրա, վերջինի համար շատ տխուր կլինի։