AM
12 Օգոստոս 2026 - 08:30 AMT

Այբուբենի «40-րդ տառը» ու քաղաքը՝ ժամանակների խաչմերուկում. Գյումրին՝ ժամանակակից արվեստի միջազգային կենտրոն

12 Օգոստոս 2026

Ժամանակակից արվեստի միջազգային հարթակները սոսկ ցուցադրությունների վայրեր չեն։ Դրանք այն տարածքներն են, որտեղ արվեստագետների, համադրողների ու ինստիտուտների միջև նոր կապեր են ձևավորվում, շրջանառվում են գաղափարներ և, ի վերջո, որոշվում է նաև, թե որ քաղաքներն ու երկրներն են համաշխարհային արվեստային քարտեզի վրա իրենց տեղն ունենալու։ Հայաստանի համար նման հարթակների ձևավորումը հատկապես կարևոր է՝ տեղական ժամանակակից արվեստը միջազգային մասնագիտական միջավայրի հետ կապելու, արտերկրի արվեստագետներին ու համադրողներին Հայաստան բերելու և երկիրը ոչ միայն սեփական մշակութային ժառանգությամբ, այլև այսօր ստեղծվող արվեստի միջոցով ներկայացնելու համար։ Այս առումով վերջին տարիներին մեծ ներդրում ունի Gyumri Art Week-ը։ Փառատոնն իրեն դիրքավորում է որպես Հարավային Կովկասում ժամանակակից արվեստի միջազգային հարթակ՝ միաժամանակ նպատակ ունենալով ապակենտրոնացնել Հայաստանի մշակութային կյանքը և Գյումրին կապել միջազգային արվեստային միջավայրի հետ։

Քաղաքի և ժամանակի բարդ ու բազմաշերտ հարաբերություններն են այս տարվա Gyumri Art Week-ի ստեղծագործական մանրադիտակի տակ։ Օգոստոսի 7-20-ը Հայաստանում անցկացվում է միջազգային ժամանակակից արվեստի փառատոնի՝ International Gyumri Art Week-ի 5-րդ հոբելյանական թողարկումը։ Այն Գյումրիում հյուրընկալել է արվեստագետների Հայաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Կանադայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից։ Փառատոնի համադրողներից են Սարգիս Հովհաննիսյանը (Gyumri Art Week), Նազարեթ Կարոյանը (ICA), Վիկտորիա Իլյուշկինան (CYLAND), Գոռ Մարգարյանը (Muthesius), Յան-Նիկլաս Թապեն (Kunstakademie Münster), Կարեն Բարսեղյանը (Ասլամազյան քույրերի պատկերասրահ)։

Gyumri Art Week 2026-ի 5-րդ թողարկումը կրում է «Քաղաքը և ժամանակը» խորագիրը՝ ուսումնասիրելու քաղաքը որպես տարածք, որտեղ անցյալը, ներկան և ապագան տարբեր շերտերով վերածվում են միմյանց։ Ցուցահանդեսների, ինստալացիաների, ներկայացումների և հանրային ծրագրերի միջոցով փառատոնը հրավիրում է վերաիմաստավորելու քաղաքային հիշողությունը, փոխակերպումները և ապագայի նոր պատկերացումները։

Առհասարակ, Հայաստանում նման մասշտաբի միջազգային փառատոն ունենալը վստահաբար հպարտանալու առիթ է ու տարիներ տևած աշխատանքի արդյունք։ Հինգ տարի առաջ այն սկսվել էր որպես գաղափար՝ ստեղծելու միջազգային հարթակ, որտեղ ժամանակակից արվեստը կհանդիպի Գյումրիին, իսկ Գյումրին՝ աշխարհին։ Հինգերորդ թողարկման բացմանը փառատոնի գեղարվեստական ղեկավար Սարգիս Հովհաննիսյանն արդեն այդ գաղափարի իրականացման մասին էր խոսում։

«Այսօր արդեն կարող ենք փաստել, որ այդ գաղափարն իրականություն է և փառատոնը միավորում է արվեստագետների, համադրողների, ճարտարապետների և այլ մասնագետների, որոնք մեկ շաբաթ շարունակ Գյումրի քաղաքը դարձնելու են համաշխարհային արվեստի երկխոսության շատ կարևոր կանգառ»։

Gyumri Art Week-ը միաժամանակ շարունակում է Գյումրիում ժամանակակից արվեստի շատ ավելի երկար պատմությունը։ Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը բացման խոսքում հիշեց 1998-ի Գյումրու բիենալեն։ Նրա խոսքով՝ հենց այդ բացառիկ մշակութային իրադարձությունը ստեղծեց մի նոր սերունդ, որի շնորհիվ ժամանակակից արվեստը կարողացավ «անցնել ժամանակների միջով և հասնել մեր օրեր»։ Այդ շարունակականության մեջ Կարոյանը հատկապես կարևորում է ինստիտուցիոնալ մոտեցումը։ Gyumri Art Week-ը, նրա գնահատմամբ, իր մեջ կրում է այդ էներգիան և փորձում առաջ մղել նոր ինստիտուցիոնալ գաղափարներ։

Այս տարվա Gyumri Art Week-ի խորագիրը՝ «Քաղաքը և ժամանակը», պատահական ընտրություն չէ։ Քաղաքները միայն ներկայի մասին չեն։ Դրանք կրում են հիշողությունների, պատմությունների, կորուստների և սպասումների շերտեր։ Անցյալը պահպանվում է ճարտարապետության, հանրային տարածքների և առօրյա սովորույթների մեջ, ներկան ձևավորվում է մարդկանց շարժումների, հանդիպումների և փորձառությունների միջոցով, իսկ ապագան մշտապես ուրվագծվում է ծրագրերի, ցանկությունների և երևակայության մեջ։ Այս տարբեր ժամանակայնությունները միաժամանակ գոյակցում են քաղաքում՝ երբեմն ներդաշնակորեն, երբեմն՝ հակասության և լարվածության մեջ։

Այսօր քաղաքները գտնվում են արագ և հաճախ հակասական վերափոխումների պայմաններում։ Թվայնացումը, կլիմայական փոփոխությունները, տնտեսական և սոցիալական փոփոխությունները վերաձևավորում են ոչ միայն քաղաքային միջավայրերը, այլև ժամանակի ապրումը։ Որոշ հիշողություններ և տարածքներ դառնում են ավելի տեսանելի, մյուսները՝ անհետանում կամ մղվում լուսանցք։ Այս գործընթացներում քաղաքը հանդես է գալիս որպես բազմաժամանակային իրականություն, որտեղ տարբեր անցյալներ, ներկաներ և ապագաներ մշտապես հանդիպում են միմյանց։

Սարգիս Հովհաննիսյանի ձևակերպմամբ՝ թեմայի կարևոր տեսական հղումներից է Անրի Լեֆևրի քաղաքային տարածության և քաղաքային ժամանակի ընկալումը։ Համաձայն այս մոտեցման՝ քաղաքը ոչ միայն կառուցված միջավայր է, այլ սոցիալական հարաբերությունների միջոցով շարունակաբար արտադրվող տարածություն։ Նրա «քաղաքի իրավունքի» գաղափարը հիշեցնում է, որ քաղաքը ձևավորվում է ոչ միայն պլանավորման և կառավարման, այլև ապրելու, օգտագործելու և վերաիմաստավորելու միջոցով։

«Լեֆևրի ռիթմանալիզությունը միաժամանակ հնարավորություն է տալիս քաղաքը դիտարկել որպես տարբեր ժամանակների և կյանքի ռիթմերի համակցություն։ Քաղաքը չի ապրում մեկ ժամանակի մեջ։ Այն տարբեր ռիթմերի, ժամանակայնությունների և փորձառությունների համակցված տարածք է, որտեղ հիշողությունը, առօրյան և ապագայի պատկերացումները մշտապես վերաձևավորվում են միմյանց»։

Այս համատեքստում արվեստը դառնում է հետազոտության, քննադատության և երևակայության գործիք։ Այն կարող է բացահայտել քաղաքի անտեսանելի շերտերը, վերականգնել մոռացված պատմությունները, արձանագրել առօրյա կյանքի ռիթմերը կամ առաջարկել ապագայի այլընտրանքային պատկերացումներ։

Թեման առանձնահատուկ հնչեղություն է ստանում հենց Գյումրիում։ Քաղաքը կրում է տարբեր պատմական ժամանակաշրջանների հետքերը՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ հիշողությունը, վերափոխումները և ապագայի պատկերացումները մշտապես համադրվում են միմյանց հետ։ Այդ իմաստով Գյումրին ոչ միայն փառատոնի անցկացման վայրն է, այլ կենդանի հետազոտական դաշտ։

Այս ընդհանուր գաղափարը փառատոնի ընթացքում բաժանվում է տարբեր պատմությունների՝ քաղաքի լեզվից ու ճարտարապետական հիշողությունից մինչև պատերազմների հետքերը, սպասման զգացողությունն ու անհատի ներքին շարժումները։

Այբուբենի 40-րդ տառը

Հիմա հերթով անդրադառնանք փառատոնի շրջանակում ներկայացվող ցուցադրություններից մի քանիսին։ Ամենատպավորիչը հայոց այբուբենի երևակայական շարունակությունն է՝ «40-րդ տառը»։

Հատուկ գյումրեցիների համար ստեղծված քանդակ-ինստալացիան առաջարկում է հայոց այբուբեն պաշտոնապես «ներմուծել» 40-րդ տառը։ Այն խորհրդանշում է Գյումրու ինքնատիպ խոսքը, հումորը, մտածողությունը և մշակութային ինքնությունը՝ այն ամենը, ինչը երբեմն հնարավոր չէ արտահայտել գոյություն ունեցող 39 տառերով։

«40-րդ տառը դառնում է Գյումրու խորհրդանշական նշանը՝ քաղաքի ստեղծարար ոգու, լեզվական յուրահատկության և անվերջ ինքնավերաստեղծման արտահայտությունը»։

Խաղային և հեգնական ձևով նախագիծն առաջարկում է վերաիմաստավորել այբուբենը ոչ թե որպես ավարտուն համակարգ, այլ՝ կենդանի մշակութային տարածք, որը շարունակաբար ձևավորվում է մարդկանց, քաղաքների և ժամանակի ազդեցությամբ։ Այս դեպքում ժամանակը ոչ թե պարզապես անցնում է քաղաքի վրայով, այլ փոխում է նույնիսկ այն լեզուն, որով քաղաքը պատմում է ինքն իր մասին։

Քարերի հիշողությունը

Եթե «40-րդ տառը» քաղաքի ինքնությունը փնտրում է լեզվի մեջ, «Քարերի հիշողությունը» այն որոնում է Գյումրու ճարտարապետության մեջ։ Նվարդ Դալյանի «Քարերի հիշողությունը» նախագիծը ներկայացնում է Գյումրու 19-րդ դարի այն շենքերը, որոնք մասամբ ավերվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով։

Յուրաքանչյուր ստեղծագործություն միավորում է նույն շենքի երկու ժամանակային շերտերը․ վերևում նրա գունավոր, վերականգնված կերպարն է, ներքևում՝ գլխիվայր շրջված, սև-սպիտակ ներկայիս վիճակը։ Երկու պատկերները բաժանված են հստակ գծով, որը դառնում է անցյալի և ներկայի, կորստի և վերածննդի սահմանը։ Սակայն աշխատանքները պատմական վերակառուցում չեն։ Դրանք քաղաքի հիշողության տեսողական մեկնաբանություն են՝ մշակութային ժառանգության, հավաքական հիշողության և ժամանակի թողած հետքերի մասին։

Նվարդ Դալյանն այստեղ միավորում է իր երկու ստեղծագործական ուղղությունները՝ ճարտարապետությունն ու լուսանկարչությունը։ Եթե նախկինում դրանք չէին հատվում, այս նախագծում մեկը սկսում է սպասարկել մյուսին՝ ընդ որում շրջված ֆունկցիաներով։ Լուսանկարչությունն այստեղ ոչ թե փաստագրական, այլ նախագծային աշխատանքի մեջ է․ դրա միջոցով Դալյանն իրականացնում է անցյալը վերականգնելու յուրօրինակ ճարտարապետական նախագիծ, իսկ ճարտարապետության միջոցով՝ ներկան փաստագրելու լուսանկարչական աշխատանք։ Ինչպես ձևակերպում է համադրող Նազարեթ Կարոյանը՝

«Նախագծի նպատակն անշուշտ պատմական վերակառուցումը չէ, այլ ավելի շուտ քաղաքի հավաքական, կենդանի հիշողության տեսողական մեկնաբանությունը, որտեղ քարերը շարունակում են կրել ժամանակի, մարդկանց և մշակույթի հետքերը»։

Սպասելով ժամանակին

Իսկ ի՞նչ է նշանակում սպասել ժամանակին։ Հենց այս հարցի շուրջ է կառուցված «Սպասելով ժամանակին» խմբային ցուցադրությունը, որը միավորում է Արնաուտ Միկի, Ալեքսեյ Մանուկյանի, Տիգրան Պասկևիչյանի, Սամվել Սաղաթելյանի, Վիկտորիա Իլյուշկինայի, Լևոն Ֆլջյանի և Լաշա Ճրելաշվիլիի աշխատանքները։

Հայ և միջազգային արվեստագետներն ուսումնասիրում են տարբեր ժամանակային շերտերի միջև գտնվող քաղաքներն ու հասարակությունները։ Ինստալացիաների, վիդեոների, գեղանկարչության և ժամանակակից արվեստային այլ ձևերի միջոցով ցուցադրությունն անդրադառնում է հետարդյունաբերական միջավայրերին, քաղաքային վերափոխումներին, համակարգերին և պատմության թողած անտեսանելի հետքերին։

Այստեղ ժամանակն այլևս չափման միավոր չէ։ Այն միջավայր է, որի ներսում քաղաքն ու հասարակությունը փոխվում և վերաիմաստավորում են սեփական անցյալը։

Պատմությունից հետո

Պատմությունն ավարտվում է այն պահին, երբ ավարտվում է պատերա՞զմը, փոխվում է իշխանությունը կամ անհետանում է մի որևէ գաղափարախոսությո՞ւն։ Թե՞ այն շարունակում է ապրել այն տարածքներում, որտեղ մենք ապրում ենք։

«Պատմությունից հետո․ քաղաքներ» խմբային ցուցադրությունում Նոա Էվենիուսը, Յան-Նիկլաս Թապեն և Զաուրի Մատիկաշվիլին քաղաքները, հուշարձանները, ճարտարապետությունն ու վիճարկվող լանդշաֆտները դիտարկում են որպես հիշողության կենդանի արխիվներ։

Անձնական, քաղաքական և պատմական պատմությունների միջոցով արվեստագետները հետազոտում են, թե ինչպես են պատերազմները, գաղութատիրությունը և փոփոխվող գաղափարախոսությունները շարունակում ձևավորել քաղաքային տարածքը և հավաքական հիշողությունը։

«Պատմությունն այստեղ ներկայացված չէ որպես ավարտված անցյալ, այլ որպես շարունակաբար վերաիմաստավորվող գործընթաց»։

Հայրաքաղաքից՝ մայրաքաղաք

Gyumri Art Week-ի ծրագիրը չի սահմանափակվում հայրաքաղաք Գյումրիով։ Օգոստոսի 12-ին՝ ժամը 19։00-ին, Երևանում՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտում կբացվի Վահան Թոփչյանի անհատական ցուցահանդեսը։ Այստեղ քաղաքի ու ժամանակի լայն թեմատիկայից ուշադրությունը տեղափոխվում է մարդու մարմնի, շարժման և զգայական փորձառության գրեթե անտեսանելի շերտերին։

Կարելի՞ է գծանկարի միջոցով փոխանցել աննյութականը, անորսալին՝ ժպիտը կամ մտահոգության թեթև ամպը, մարդու տրամադրությունն ընդհանրապես՝ առանց պատկերելու մարդու դեմքը։ Կարելի՞ է որսալ օդի տատանումը՝ քամին կամ անդորրը՝ առանց պատկերելու ծառ ու թուփ, մարդ ու կենդանի, քար ու ծաղիկ, դաշտ ու անտառ, լեռներ ու ձորեր։

Վահան Թոփչյանն իր նկարներում հազարավոր, տասնյակ հազարավոր մանրագծերով՝ զուգահեռ կամ հատվող, թանձր կամ նոսր, ուղիղ կամ կոր, պատկերում է աշխատանքի պահին իր մարմնի միկրոշարժումների հետքերը՝ աչքերը կկոցելը, հոնքերը կիտելը, ձեռքի ցնցվելը, նյարդերի լարվելը։

«Ասել, թե արվեստագետի նպատակը սոսկ իրեն համակող զգայական հոսանքների փոխանցումն է թղթի վրա, թերևս պարզունակ կլիներ։ Նրա ստեղծագործության մեջ ընթեռնելի են ինչպես ձևաստեղծման խորքային տրամաբանությունը արդի արվեստում, այնպես էլ իր տրամադրվածությունը մշակութային այն միջավայրի նկատմամբ, որտեղ ապրում է»։

Այդպիսով քաղաքի և ժամանակի ուսումնասիրությունը հասնում է ամենափոքր մասշտաբին՝ մարդու մարմնին և այն գրեթե աննկատ շարժումներին, որոնց միջոցով ժամանակը հետք է թողնում թղթի վրա։

Gyumri Art Week-ի հինգերորդ թողարկման տարբեր ցուցադրությունները նույն հարցին տարբեր պատասխաններ են տալիս։ Գյումրին այս համատեքստում հատկապես խոսուն տարածք է։ Ալեքսանդրապոլը, Լենինականը, երկրաշարժի քաղաքը և այսօրվա Գյումրին տարբեր քաղաքներ չեն, որոնք հերթով մեկը մյուսին փոխարինել են։ Դրանք շարունակում են ինչ-որ ձևով գոյակցել նույն փողոցներում, շենքերում, հիշողություններում և մարդկանց առօրյա փորձառության մեջ։

Եվ ահա՝ հստակ է, որ ժամանակը կարծես «կուտակվում» է այդ քաղաքներում։ Փառատոնի ցուցահանդեսների, ինստալացիաների, ներկայացումների և հանրային ծրագրերի միջոցով այդ շերտերից մի քանիսը ժամանակավորապես դառնում են տեսանելի ու հիշեցնում, որ քաղաքի պատմությունը գրվում է ամեն նոր րոպեի հետ։ Gyumri Art Week-ը մշակութային հարուստ ու ընդգրկուն ծրագրով կգործի մինչև օգոստոսի 20-ը։