
1986 թվականին Հոնոլուլուի դաշնային դատարանի դահլիճը դարձավ ամերիկյան արվեստի պատմության ամենատարօրինակ հեղինակային վեճերից մեկի թատերաբեմը։ Երդվյալ ատենակալները պետք է որոշեին, թե ով է հեղինակել այն գործերը, որոնք ընդամենը երկու տասնամյակ առաջ վերարտադրվել ու վաճառվել էին այնպիսի քանակությամբ, որ հայտնվել էին հոլիվուդյան աստղերի հյուրասենյակներում ու ծայրամասային փաբերում։ Խոսքը հսկայական, փայլուն ու տխուր աչքերով անապաստան երեխաների դիմանկարների մասին է։
Դատարանի դահլիճի մի կողմում նստած էր 58-ամյա Մարգարեթ Քինը, որը պնդում էր, որ այդ բոլոր կտավներն ինքն է նկարել։ Մյուս կողմում նրա նախկին ամուսինն էր՝ 70-ամյա Ուոլթեր Քինը, որը դեռ 1950-ականների վերջից իրեն էր վերագրում այդ կտավները, դատավարությունից առաջ զրկվել էր իր փաստաբաններից ու ինքն էր պաշտպանում իր շահերը։ Դատավորը հարցը լուծեց ճիշտ այնպես, ինչպես դպրոցում ուսուցիչը կհարթեր աշակերտական վեճը։ Երկուսին էլ առաջարկեց հենց դատարանի դահլիճում մեծ աչքերով երեխա նկարել։ Մարգարեթն իր աշխատանքն ավարտեց 53 րոպեում։ Ուոլթերը դատարանին հայտարարեց, որ ուսն այնքան ուժեղ է ցավում, որ չի կարող նկարել։

Եթե այս տեսարանը ձեզ ծանոթ է թվում, ապա պատճառն, ամենայն հավանականությամբ, այն է, որ Թիմ Բարթոնն այն դարձրեց իր 2014 թվականի «Մեծ աչքեր» ֆիլմի առանցքներից մեկը։ Դատարանի դահլիճը, սակայն, պատմության վերջին հատվածն է միայն, իսկ շատ ավելի հետաքրքիր իրադարձություններ տեղի են ունեցել դրան նախորդող տասնամյակներին։ Ինչպե՞ս հմայիչ վաճառականը մարկետինգի զոհ դարձրեց հազարավոր արվեստասերների, ինչո՞ւ էին քննադատներն այս գործերն անվանում ցածրորակ սենտիմենտալ աղբ ու որքա՞ն կարող է գոյատևել սուտը։
Մարգարեթ Քինը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 15-ին։ Վաղ տարիքում վիրահատական միջամտության հետևանքով վնասվել է նրա լսողությունը, և լսելու այդ «պակասը» նա լրացնում էր՝ ուսումնասիրելով մարդկանց դեմքերը, հատկապես աչքերը։ Տասը տարեկանում նա արդեն նկարում էր ու գեղանկարչության դասերի հաճախում։ Նրա ուրվագծած կերպարներն արդեն այն ժամանակ շատ մեծ աչքեր ունեին։
Հետագայում Մարգարեթն իր խոսքում «չափազանց մեծ աչքերի» մի քանի բացատրություն էր տալիս։ Գործնական բացատրությունն այն էր, որ աչքերը դեմքի ամենաարտահայտիչ մասն են, և երբ նա երեխաների դիմանկարներ էր անում, դրանք ամեն հաջորդ կտավի հետ պարզապես ավելի էին մեծանում, մինչև դարձան նրա գործերի այցեքարտը։ Հուզական բացատրությունը այն էր, որ տխուր երեխաների միջոցով նա կտավին էր հանձնում այն զգացմունքները, որոնք այլ կերպ արտահայտել չէր կարողանում։

Ո՞վ էր նրա ամուսինը։ Ուոլթեր Սթենլի Քինը ծնվել է 1915 թվականի հոկտեմբերի 7-ին։ 1950-ականներին նա Բերքլիում անշարժ գույքի գործակալ էր, որը նաև շատ էր ուզում նկարիչ լինել։ Նրա և Մարգարեթի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1955 թվականին։ Նույն թվականին զույգն ամուսնացել է։
Ուոլթերի կենսագրությունն այնքան անբիծ ու հղկված էր, որքան նրա վաճառքի հմտությունները։ Նա պատմում էր, թե արվեստ է ուսանել Եվրոպայում, իսկ դիմանկարների այս շարքը սկսել է պատկերել 1946 թվականին Բեռլինում, որտեղ հանդիպել էր սոված որբերի, որոնք ուտելիք էին փնտրում աղբի մեջ։ Պատմությունն այնքան համոզիչ էր, որ տարիներ շարունակ հայտնվում էր գովազդային նյութերում ու ամսագրերի հոդվածներում։ Իրականում այս պատմությունը սկզբից մինչև վերջ հորինված մի մեծ սուտ է։ Ուոլթերը երբևէ չի ուսանել Եվրոպայում, իսկ Բեռլինի որբերը դեպքն, ըստ էության, պատրաստի հուզական ենթատեքստ էր այն կտավների համար, որոնք Մարգարեթը ստեղծում էր Կալիֆոռնիայում։

Մարգարեթն իր նկարները ստորագրում էր ամուսնու ազգանունով՝ «Քին», որովհետև ամուսնանալուց հետո վերցրել էր Ուոլթերի ազգանունը։ Իսկ Ուոլթերը սկսել էր դրանք վաճառել իր անվան տակ։ Այս մասին կինն իմացել է խիստ պատահաբար, երբ հերթական վաճառքի ժամանակ Մարգարեթը նստած էր սրահի մի անկյունում, իսկ ամուսինը գնորդների հետ առանձին զրուցում էր նկարների մասին։ Այդ ժամանակ մի անծանոթ մոտեցել է Մարգարեթին ու հարցրել՝ արդյոք ի՞նքն էլ է նկարում։ Միայն այդ պահին կինը հանկարծ հասկացել է, որ իրականում Ուոլթերը մարդկանց ասում է, թե գործերն իրենն են։ Միայն տասնամյակներ անց կինը պիտի խոստովաներ, որ հայտնվել էր թակարդում ու գնալով ավելի խորն էր խրվում՝ չունենալով բավարար համարձակություն այն կանգնեցնելու համար։
Այնպես չէ, որ Ուոլթերն անտաղանդ էր։ Գուցե նա նկարել չգիտեր, բայց տղամարդու իրական տաղանդը հանրային կապերն էին, և դժվար է գերագնահատել, թե որքան հմտորեն էր նա օգտագործում դրանք։ Կնոջ ստեղծագործություններն իր անվան տակ ներկայացնելով նա ցուցահանդեսներ էր կազմակերպում, գումարներ աշխատում, լուսանկարվեց հոլիվուդյան աստղերի հետ ու անգամ պատկերասրահներ բացում Սան Ֆրանցիսկոյում և Նյու Յորքում։ Բայց սրանով նա չէր սահմանափակվում։

Ուոլթերը հասկացավ, որ մեկ աշխատանքն ընդամենը մեկ անգամ վաճառելու փոխարեն կարելի է պատկերները վերարտադրել պաստառների, վերատպությունների և բացիկների տեսքով։ Սրանք արդեն հասանելի էին հասարակ մարդկանց գրպանին։ Դրանք վաճառքի հանվեցին սուպերմարկետներում, բենզալցակայաններում, շինանյութի խանութներում։ 1960-ականների կեսերին վաճառքի ծավալներն ապշեցուցիչ էին։ Միայն 1964 թվականին Քինի վերատպությունների վաճառքից ստացված եկամուտը կազմել է 2 միլիոն դոլար։
Այդ ընթացքում Մարգարեթն աշխատում էր գրեթե ամբողջական մեկուսացման մեջ։ Կնոջ խոսքով՝ նա օրական մինչև 16 ժամ նկարում էր փակ վարագույրներով ու կողպված դռնով արվեստանոցում։ Մարգարեթի խոսքով Ուոլթերը նաև շատ խանդոտ էր ու կարծես բռնակալ լիներ, արգելում էր շփվել այլ մարդկանց հետ, օրվա ընթացքում զանգահարում էր ստուգելու, թե ինչ է անում, և հետևում էր, եթե կինը տնից դուրս էր գալիս։ Մարգարեթի խոսքով՝ ամուսինը մեկ անգամ չէ, որ սպառնացել էր սպանել իրեն, եթե երբևէ բացահայտեր ճշմարտությունը։

Արվեստի ակադեմիական շրջանակներն առանձնապես բարյացակամ չէին Քինի ոճի նկատմամբ։ Կտավներից մեկում օրինակ՝ մի քանի տասնյակ երեխա կա։ The New York Times-ից Ջոն Քենեդեյնն այդ գործին անդրադառնալով՝ իր հոդվածում գրել էր, թե նկարում մոտ հարյուր երեխա կա և, հետևաբար, այն մոտ հարյուր անգամ ավելի վատն է, քան Քինի միջին վիճակագրական գործը։ Բայց քննադատների արհամարհանքը չէր ազդում վաճառքների ցուցանիշների վրա, իսկ որոշ ազդեցիկ դեմքեր նույնիսկ պաշտպանում էին այդ աշխատանքները։

Մարգարեթը 1964 թվականին վերջապես հեռացավ Ուոլթերից ու դստեր հետ տեղափոխվեց Հավայան կղզիներ։ Բայց այս տհաճ պատմությունն այդքանով չավարտվեց։ Կինը Հավայան կղզիներից շարունակում էր նկարել Ուոլթերի համար։ Հինգ տարվա ընթացքում նրան 20-30 կտավ է ուղարկել, որովհետև վախենում էր Ուոլթերի հաշվեհարդարից։ Իր հարցազրույցներից մեկում Մարգարեթը նշում է, որ միայն 2000 թվականին՝ նախկին ամուսնու մահից հետո է դադարել վախենալ նրանից։ Ֆիզիկական հաշվեհարդարն ու սպանելու պատվերը նրա գլխավոր վախերն էին։
Տարիներ պահանջվեցին, մինչև ճշմարտությունը դուրս եկավ այդքան ամուր փակված կապանքներից։ Նկարչուհին վերջապես խոսեց 1970 թվականի հոկտեմբերին՝ ռադիոհաղորդման ժամանակ։ Մարգարեթը հետագայում պատմեց, որ հենց տեղում որոշել է դադարեցնել ձևացնելը և ունկնդիրներին հայտարարել է, որ բոլոր նկարներն ինքն է արել՝ առանց Ուոլթերի կամ որևէ մեկի օգնության։ Ուոլթերի ջղաձգված պատասխանը հրապարակվեց մամուլում, նա Մարգարեթին անվանում էր «հարբեցող, սեքսից խելագարված հոգեկան հիվանդ»։ 1970 թվականի նոյեմբերին հրապարակվեց «Կինը, որը կանգնած է Քինի աչքերով երեխաների հետևում» վերնագրով մի հոդված, իսկ Մարգարեթը սկսեց իր կտավները ստորագրել MDH Keane՝ իր ամբողջական անվան՝ Մարգարեթ Դորիս Հոքինսի սկզբնատառերով։

Բայց այս բացահայտումը վերջնականապես չլուծեց հարցը։ Ուոլթերը Հանրության գիտակցության մեջ 12 տարի շարունակ կերտել էր իր կերպարը, իսկ հերքումը պարզապես չէր տարածվում այն արագությամբ ու մասշտաբով, ինչպես սկզբնական պնդումը։ Ու այստեղ ևս երկար ու ձիգ տարիներ պետք եկան, մինչև Մարգարեթը որոշեց դատի տալ նախկին ամուսնուն։ Պատճառը 1980-ականների կեսերին հրապարակված հոդվածն էր, որտեղ Ուոլթերն ակնարկում էր, թե Մարգարեթը նկարներին հավակնում է միայն այն պատճառով, որ կարծում է, թե ինքը մահացել է։
Դատական նիստերը վերածվեցին մեդիա իրադարձության։ Գլխավոր առանցքը «նկարչական մենամարտն» էր։ Դատարանը երկու կողմերին էլ խնդրեց մեծ աչքերով երեխա նկարել։ Մարգարեթն առաջադրանքը կատարեց հենց դատարանի դահլիճում՝ մեկ ժամից էլ քիչ ժամանակում, մինչդեռ Ուոլթերը հայտարարեց, որ ուսի վնասվածքն իրեն թույլ չի տալիս նկարել։ Ու ահա՝ Մարգարեթի կտավն այլևս իրեղեն ապացույց էր։

Մոտ երեք շաբաթ տևած ցուցմունքներից հետո երդվյալ ատենակալները վճռեցին, որ կինը պետք է 4 միլիոն դոլարի փոխհատուցում ստանա։ Բայց այդ գումարը նա այդպես էլ չտեսավ, որովհետև Ուոլթերը հայտարարեց, որ սնանկ է։ Վաճառքից վաստակած գումարի մեծ մասը նա մսխել էր խմիչքի ու հաճույքների վրա։ Մարգարեթը նախընտրեց ընթացք չտալ գործին, որովհետև փողն իրեն երբեք չէր հետաքրքրել, միակ նպատակն արդարության հասնելն էր։
Մարգարեթը 1991 թվականին վերադարձավ Կալիֆոռնիա և 1990-ականների սկզբին Սան Ֆրանցիսկոյում բացեց «Քին Այզ» անունով պատկերասրահ։ Հետագայում այս պատմությունը վերածվեց ֆիլմի, գրքերի ու բազմաթիվ հոդվածների։ Ուոլթեր Քինը մահացավ 2000 թվականին՝ 85 տարեկանում, և մինչև վերջ պնդում էր, որ նկարներն իրենն են։ Մարգարեթն ապրեց նրանից ավելի քան երկու տասնամյակ երկար։ Նկարչուհին մահացել է 2022 թվականին։
