
Մտնում եք կամայական որևէ դեղատուն և ձեզ առաջարկում են մի դեղահաբ, որը երկարացնում է կյանքը, բարելավում հոգեկան առողջությունը, մեղմացնում քրոնիկ ցավը, կարգավորում է զարկերակային ճնշումը, ամրացնում իմունային համակարգը և օգնում ավելի լավ հասկանալ ու կառավարել բարդ հույզերը։ Երազանքի պես է հնչում, չէ՞։ Բայց, անշուշտ, այդպիսի հաբ դեղատանը չեք գտնի։ Համենայն դեպս՝ գիտությանն ու բժշությանը հայտնի նման հաբ չկա։ Բայց Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Դեյզի Ֆանկորթն այլ պնդում ունի։
Պրոֆեսորը համոզված է, որ նման դեղամիջոց գոյություն ունի և այն մեզնից շատերի համար արդեն հասանելի է՝ թանգարանի սրահում, թատրոնի դահլիճում, գրքի էջերում կամ էլ վրձնահարվածների միջոցով։ Նա այնքան համոզված է այս պնդման մեջ, որ հետազոտական մեծ աշխատանք է տարել ու գիրք է հրատարակել։ Ուղերձը մեկն է՝ արվեստը բուժում է։ Թեմայի վերաբերյալ նրա սիրելի ձևակերպումներից մեկն այսպիսին է.
«Եթե արվեստը հաբ լիներ, մենք այն կընդունեինք ամեն օր»։
Սա Ֆանկորթի նոր՝ «Արվեստի բուժում» գրքի գլխավոր միտքն է։ Գիրքը լույս է տեսել UCL-ի հիմնադրման 200-ամյակի շրջանակում, և համալսարանն այն ներկայացնում է որպես հստակ օրինակ, թե ինչպես հետազոտությունները կարող են իրական ազդեցություն ունենալ հասարակության վրա և օգնել ձևավորել ավելի առողջ համայնքներ՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակով։ Ժամանակն էլ պատահական չի ընտրված։ Բարեկեցության թեման այսօր ընդհանուր օրակարգի առաջին տողերում է, և հետևաբար հենց այս պահին է հնչում ոչ հռետորական հարցը, թե ինչու է ստեղծագործելը կարևոր առողջության համար։

Գիրքը գրված է ոչ միայն մասնագետների, այլև ցանկացած մարդու համար, ով հետաքրքրված է արվեստով կամ ուզում է դրա հետ ավելի շատ առնչվել։ Այնտեղ կան գործնական ու մատչելի եզրակացություններ, որոնք կարելի է կիրառել առանց հատուկ պատրաստվածության։ Ի դեպ, գիրքը վերջերս ընդգրկվել է Կանանց մրցանակի ոչ գեղարվեստական գրականության կարճ ցուցակում։
Բայց այս հետազոտությունը նորություն չի ասում, երբ պնդում է, որ արվեստը դրական ազդեցություն ունի մարդու վրա։ Այս մասին գիտեին Ֆանկորթից շատ առաջ, և մարդկությունը սա միշտ էլ ինչ-որ զգայական մակարդակում իմացել է։ Ֆանկորթի աշխատության առանձնահատկությունն այն է, որ նա այդ զգացողությունը փորձում է հիմնավորել հետազոտություններով։ Նա դարձել է «դեղատոմսով արվեստ» մոտեցման ամենահեղինակավոր հետազոտողներից և ջատագովներից մեկը, թեև նրա գործունեությունը միայն այս մեթոդով չի սահմանափակվում։

Երբ բժիշկը հիվանդին ոչ թե դեղահաբ է նշանակում, այլ խորհուրդ է տալիս մասնակցել ստեղծագործական հանդիպումների ու դասընթացներրի, սա հենց «դեղատոմսով արվեստ» է։ Նույն տրամաբանությամբ աշխարհի ավելի քան 40 երկրում արդեն գործում են սոցիալական դեղատոմսի ծրագրեր, որոնք մարդկանց կապում են առողջությանը նպաստող ոչ բժշկական ծառայությունների՝ այդ թվում արվեստի հետ։
Ֆանկորթն այս թեմային հանգել է հիվանդանոցի միջանցքներում իր շփումների արդյունքում։ Տարիներ առաջ նա կազմակերպել ու ղեկավարել է հիվանդանոցներում իրականացվող երաժշտական ծրագրեր և այդպես առաջին անգամ սեփական աչքերով տեսել, թե ինչ ազդեցություն է թողնում երաժշտությունը մարդկանց վրա։ Տպավորությունից կոնկրետ ապացույցների հասնելու համար անհրաժեշտ եղան տարիներ։ Զգացողությունը պետք էր գիտական հետազոտություններով արձանագրել։ Այսօր նա ղեկավարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արվեստի և առողջության ուսումնասիրության կենտրոնը, ինչպես նաև UCL-ի վարքագծային գիտությունների և առողջության ամբիոնը։

Գրքում Ֆանկորթը գրում է. «Արվեստը առողջության մոռացված՝ հինգերորդ սյունն է»։ Տրամաբանությունը պարզ է։ Մենք վաղուց գիտենք ու մասնագետներն էլ մշտապես հիշեցնում են, որ առողջությունը կախված է ճիշտ սնունդից, քնից, ֆիզիկական ակտիվությունից և բնության հետ շփումից։ Ֆանկորթի պնդմամբ՝ այս շարքում պետք է լինի նաև արվեստը, որը կարող է ամրապնդել ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջությունը և նույնիսկ երկարացնել կյանքը։ Այդպիսով նա ավելացնում է ևս մեկ փաստարկ այն պնդումներին, որոնք հաստատում են մարդկության ինտուիտիվ հավաստումը՝ արվեստը նպաստում է լավ ինքնազգացողությանը։
Այս պնդումները կառուցված են մեծածավալ ապացույցների վրա։ Գիրքը հենվում է UCL-ի վերջին տասնամյակի հետազոտությունների վրա և օգտագործում է հազարավոր ուսումնասիրությունների տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե որքան մեծ ներդրում կարող են ունենալ արվեստն ու ստեղծագործությունը մարդու առողջության և բարեկեցության համար։

Ամենաշատ մեջբերվող օրինակներից մեկը 2019 թվականի ուսումնասիրությունն է։ Պարզվել է, որ ամիսը գոնե մեկ անգամ արվեստով զբաղվող մարդկանց մոտ, այդ թվում նրանց, ովքեր գնում են թանգարան, թատրոն կամ կինո, դեպրեսիա ունենալու ռիսկը գրեթե կիսով չափ ցածր է։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատճառն այլ է։ Այդ մարդիկ, ասենք, ավելի հարուստ են կամ ավելի առողջ, կամ առհասարակ առողջ սովորություններ ունեն։ Ֆանկորթը այս հարցին ևս անդրադարձել է.
«Սա միայն այն պատճառով չէ, որ այդպիսի մարդիկ սովորաբար ավելի հարուստ կամ առողջ են կամ առհասարակ առողջությանը նպաստող այլ վարքագծով են աչքի ընկնում։ Դա իրականում կախված չէ սոցիալ-ժողովրդագրական հատկանիշներից, ապրելակերպից և նույնիսկ գենետիկայից»։
Ըստ էության, արվեստի ազդեցությունը գործուն է նույնիսկ այն դեպքում, երբ վերացվում են «այլ բացատրությունները»։ Ֆանկորթի համար արվեստը շատ լայն հասկացություն է։ Նա վստահ է, որ մենք բոլորս, այս կամ այն չափով, ստեղծագործող մարդիկ ենք, ուստի արվեստը միայն պրոֆեսիոնալների մենաշնորհը չէ։ Սակայն նա նաև բավական համարձակ համեմատությունների սիրահար է։ Օրինակ՝ նա արվեստի ազդեցությունը երբեմն նմանեցնում է իբուպրոֆենի ազդեցությանը և ենթադրում, որ արվեստն իր մեջ պարունակում է «բաղադրիչներ», որոնք բարելավում են մեր ինքնազգացողությունը։
«Դեղահաբի» փոխաբերությունը գրավիչ է, բայց արվեստն, այնուամենայնիվ, դեղահաբ չէ։ Ինքը՝ հեղինակը, չի թաքցնում, որ արվեստը սուբյեկտիվ երևույթ է, հետևաբար իր աշխատանքում մշտապես հղում է տալիս նյարդաբանության, համաճարակաբանության, հոգեբանության ու վարքագծային գիտության հետազոտություններին, որոնք հաստատում են արվեստի ազդեցությունը։

Ֆանկորթը շեշտում է, որ «արվեստն ամենակարող դարման չէ», բայց միաժամանակ այն պլացեբո էլ չէ, քանի որ գիտական հետազոտությունները հայտնաբերել են կենսաբանական մեխանիզմներ, որոնք գործարկվում են արվեստի հետ փոխազդեցության ընթացքում։
Մոդայիկ հավելվածները, որոնք նախատեսված են ուղեղը մարզելու համար, առայժմ շոշափելի արդյունք չեն տվել։ Դրանց հակադրվում է արվեստը, որը, ըստ նույն վերլուծության, նեյրոպլաստիկությունը պահպանելու և ճանաչողական կարողությունների անկումը դանդաղեցնելու ավելի արդյունավետ այլընտրանք է։ Այսինքն՝ ուղեղը մարզելու համար պարտադիր չէ հեռախոսով խաղեր խաղալ։ Նկարելը, երաժշտությունը կամ արվեստի այլ ուղղություններ շատ ավելի լավ են աշխատում։ Բայց գրքի ամենահամոզիչ հատվածը թվերը կամ մեխանիզմները չեն, դրանք մարդկանց պատմություններն են։ Իհարկե, մեկ մարդու պատմությունը վիճակագրություն չէ, և Ֆանկորթը ինքն էլ դա չի թաքցնում, բայց պատմությունները հստակ ցույց են տալիս, թե ինչ տեսք ունի վիճակագրությունն իրական կյանքում։
Հարց է ծագում, թե ինչու է այս թեման առանձնահատուկ կարևոր հատկապես այսօր։ UCL-ի և Ֆլորիդայի համալսարանի հետազոտողների 2025 թվականի ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ-ում ամեն օր որպես ժամանց գիրք ընթերցողների թիվը 2004 թվականի 28 տոկոսից իջել է մինչև 16 տոկոս։ Արվեստը որոշ չափով վերածվել է շքեղության, մինչդեռ գրքի հիմնարար փաստարկն այն է, որ այն կարող է և պետք է կիրառելի լինի ամբողջ հասարակության համար։
Առհասարակ, արվեստի ու առողջության կապն աշխարհում օրեցօր ավելի ու ավելի առանցքային տեղ է գրավում տարբեր կազմակերպությունների օրակարգերում։ ԱՀԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և տարբեր երկրների կառավարությունները ստեղծագործական մոտեցումները ներմուծում են առողջապահական համակարգերի մեջ։ «Սոցիալական դեղատոմսի» ծրագրերը գործում են ավելի քան 40 երկրում, և UCL-ի հետազոտությունները՝ Ֆանկորթի գլխավորությամբ, շարունակում են ազդել այս շարժման վրա։ Այնպես որ, եթե մինչև այժմ արվեստի գեղագիտական բաղադրիչը ձեզ համար բավարար չէր՝ ահա ևս մեկ պատճառ՝ ավելի հաճախ այցելելու թանգարաններ ու հաղորդակցվելու արվեստի հետ։