AM
28 Հոկտեմբեր 2026 - 08:30 AMT

Հումանիստական արվեստն ու հայ նկարիչները. Սուրենյանցի «Լքյալը» առաջին անգամ Հայաստանում է

28 Հոկտեմբեր 2026

Կողոպտված ու լքված եկեղեցու առջև կուչ եկած աղջնակը ոտաբոբիկ է, կողքին՝ փոքրիկ կապոց, ինչը հուշում է, որ աղջնակն ապաստան փնտրող որբ է։ Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» դիտելիս այս մանրամասներն արդեն իսկ բավական են՝ հասկանալու համար, թե ինչ նախապատմություն կա պատկերի հետևում։ Բայց «Լքյալը» պետք է ուսումնասիրել անշտապ ու մանրամասն, որովհետև բազմաշերտ աշխատանքն այլ մանրամասներ ևս պարունակում է։ Խնամքով կարված ասեղնագործ հագուստը, եկեղեցու պատն ու փորագրված դուռը կորսված կյանքի ու վտանգված մշակույթի վկան են։ Հայաստանի ազգային պատկերասրահում ընթանում է «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» ցուցահանդեսը: Իսկ հիմա՝ ամեն բան առավել մանրամասն։

Ցուցահանդեսի առիթն ինքնին բացառիկ է։ 1894 թվականին Մոսկվայում ստեղծված «Լքյալը» ավելի քան 130 տարի անց առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում՝ Աբիլխան Կաստեևի անվան Ղազախստանի Հանրապետության արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ։ Հայ արվեստի պատմության համար կարևոր այս ստեղծագործությունը Հայաստանում ո՛չ ստեղծվել էր, ո՛չ էլ երբևէ ներկայացվել։

Դրա տեղափոխությունը, ինչպես պատմում է Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, երկար սպասված ու մինչև վերջին պահը լարվածության մեջ պահող նախաձեռնություն էր։ Կտավը Հայաստան բերելու փորձերը շուրջ երկու տասնամյակի պատմություն ունեն, իսկ այս փոխառությունն իրականացնելու ուղղությամբ աշխատել են շուրջ երկու տարի։ Ղազախստանի թանգարանի մշտական ցուցադրության ամենաարժեքավոր գործերից մեկը ժամանակավորապես տրամադրելու որոշումը բարդ էր ու դրա հետևում մշակութային դիվանագիտության զգալի աշխատանք կա։

«Լքյալի» ճանապարհը դեպի Ալմաթի անցել է տարբեր հավաքածուներով ու քաղաքական փոփոխություններով։ Կտավը ձեռք էր բերել Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահ, կոմս Ալեքսեյ Բոբրինսկին։ 1917 թվականի հեղափոխությունից հետո այն ազգայնացված ստեղծագործությունների հետ հայտնվել է Ռուսական թանգարանում, իսկ 1930-ականների կեսերին՝ խորհրդային հանրապետությունների թանգարանային հավաքածուները համալրելու ծրագրով, փոխանցվել Ալմաթիի Արվեստի պետական թանգարանին։

Այդ ժամանակից ի վեր Ղազախստանում մշտապես ցուցադրվող աշխատանքի հայաստանյան ցուցադրությունը հնարավորություն է տվել նաև առաջին անգամ մեկ ցուցահանդեսի շրջանակում միավորել Սուրենյանցի թեմատիկ երեք խոշոր կտավները՝ «Լքյալը», «Ոտնահարված սրբություն» և «Ջարդից հետո» կտավները։

Այդուհանդերձ, պատկերասրահը չի սահմանափակվել միայն մեկ աշխատանքի շուրջ ցուցադրություն կազմակերպելով։ Մարինա Հակոբյանն ընդգծում է, որ այս առումով թանգարանի մոտեցումը շատ հստակ է.

«Մեկ ստեղծագործության շուրջ մշտապես ավելի մեծ պատմություն ու ցուցադրություն ենք ստեղծում՝ դրանցում ներկայացված թեման առավել համապարփակ քննարկելու համար։ Այս դեպքում ցուցադրության հիմքում մարդն է։ Հատկապես այն մարդը, ում հասարակությունը չի նկատում, դուրս է թողնում իր շրջանակից կամ էլ զրկում է իրեն պաշտպանելու հնարավորությունից։»

Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանն այս աշխատանքներն առաջարկում է դիտարկել 19-րդ դարավերջին տարածվող մարդասիրական գաղափարների համատեքստում։ Արդյունաբերական զարգացումը, սոցիալական անհավասարությունը, դասակարգային հակասություններն ու գաղութատիրությունը փոխում էին նաև արվեստի ուշադրության շրջանակը։ Կանանց, երեխաների, աշխատավորների և փոքրամասնությունների կյանքը դառնում էր գեղարվեստական քննության առարկա՝ իր իրական խնդիրներով ու հակասություններով։

«Այն, ինչ ի հայտ է գալիս այս պատումի մեջ, ոչ թե անարդարության և կորստի փաստագրման վրա սևեռումն է, այլ կարեկցանքի, մշակույթի և մարդկային կապի գովերգումը՝ որպես ոչնչացմանը դիմադրելու ձև և կյանքի բացարձակ նախապայման։ Ընդգծելով այս կենսահաստատող ուղին՝ ցուցահանդեսը շեշտում է հայկական արդի արվեստի առաջադիմական և սոցիալապես ներգրավված կողմերը՝ ցույց տալով ոչ-արևմտյան արվեստագետների առանցքային դերը հումանիստական գաղափարների առաջընթացում։»

Սուրենյանցի ստեղծագործական ծիրում «Լքյալը» կարևոր շրջադարձ է նաև այս իմաստով։ Մյունխենում կրթություն ստացած նկարիչը մինչև այդ աշխատել էր պատմական, դիցաբանական ու օրիենտալիստական թեմաներով։ 1894 թվականին ստեղծված կտավում նրա ուշադրության կենտրոնում արդեն իր ժամանակի քաղաքական իրականությունն է՝ 1894-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության համիդյան կոտորածներն ու դրա հետևանքները։ Նկարիչը պատմությունը կառուցել է մեկ որբացած երեխայի շուրջ, որովհետև աղջնակի մենությունն ու միջավայրն արդեն փոխանցում են կատարվածի հետևանքները։

Թերևս կտավը պատկերելիս Սուրենյանցի ամենաառանցքային որոշումներից է աղջկա դեմքը թաքցնելը։ Նկարիչը չի ցանկանում «չափել» տառապանքը։ Փոխարենն ընտրում է կերպարի ապրումները չցուցադրելու և արժանապատվության զգացմանն ապավինելու լեզուն։ Ի վերջո, կարեկցելու համար անհրաժե՞շտ է տեսնել ուրիշի ցավի բոլոր մանրամասները։ «Լքյալը» հուզական ներգործության է հասնում կեցվածքի, տարածության և պատկերների միջոցով։

Միաժամանակ Սուրենյանցը պահպանում է կերպարի մշակութային որոշակիությունը։ Աղջիկը կոնկրետ միջավայրից դուրս եկած անհատ է, որի կյանքին միջամտել է պետական բռնությունը, և այդ հանգամանքը խիստ կարևոր է նրա պատմությունը հասկանալու համար։ Ի դեպ, Սուրենյանցի հերոսուհու կերպարը ներշնչված է Սանդրո Բոտիչելլիի հանրահայտ «Լքյալը» կտավից, որը հումանիստական արվեստի առաջին գործերից է։

Կտավում ոչ պակաս կարևոր բաղադրիչ է եկեղեցու ու դրա հետ կապված դետալների ընտրությունը, որովհետև դրանք առանձին, ինքնուրույն պատմություն են պատմում։ Պատկերում համադրված են հայկական մշակույթի տարբեր դրսևորումներ և հատկանշական է, որ Սուրենյանցը հիմնվել է իրական հուշարձանների վրա, որոնցից մեկը Սևանավանքի՝ 1486 թվականի փայտե դուռն է։ Այդ դուռը Հայաստանի պատմության թանգարանից բերվել և ներառվել է այս ցուցադրության մեջ։ Իրական դուռն ու «Լքյալը» սրահում դեմ հանդիման են։

«Լքյալը» կտավում մշակութային այս բոլոր մանրամասներն ասես օգնում են հասկանալ մարդու ինքնությունը և նրա կրած կորուստը։ Ուստի եկեղեցու ճարտարապետությունը պետք չէ առանձնացնել այդ միջավայրում ապրողի ճակատագրից։ «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898) ուղեկցող կտավներում Սուրենյանցը զարգացրել է այս պատմության ամենացավոտ ու ողբերգական շերտերը։ Վիգեն Գալստյանի մեկնաբանմամբ՝ չնայած այս գործերի ազգային և պատմական առանձնահատկություններին՝ նկարիչը ստեղծել է պատկերներ, որոնք զանցում են մշակութային սահմանները և ձեռք են բերում ապրումակցում արթնացնող համամարդկային հնչեղություն։

««Լքյալի» նշանակությունը հայկական և ընդհանրապես ռեալիստական արվեստի գանձարանում անհերքելի է։ Կարելի է պնդել, որ այն աննախադեպ անցում է նշանավորում 19-րդ դարի արդի գեղանկարչության մեջ՝ Արևելքի օրիենտալիստական և էկզոտիկացնող եվրոպական տեսլականներից դեպի տեղական փորձառության և հրամայականների վրա հիմնված արդի իրականության քննադատական պատկերումներ։»

Ցուցահանդեսի մյուս աշխատանքները նույն հարցադրումը տեղափոխում են մարդկային տարբեր իրավիճակներ։ Պետրոս Սրապեանի «Հայ մուրացիկը Վանից» կտավի մասին խոսելիս Մարինա Հակոբյանն առաջարկում է նախ հասկանալ ստեղծման ժամանակաշրջանը։ Այսօր սոցիալապես անապահով մարդու կերպարը պատկերասրահում տեսնելը կարող է ինքնին անսովոր չթվալ։ Բայց այն ժամանակ հասարակության ուշադրությունից դուրս մնացած մարդու խնդիրներն արվեստի լեզվով ներկայացնելը համարձակ և շրջադարձային ընտրություն էր։ Եվ այդ ընտրությունը փոխում է նաև դիտողի վերաբերմունքը։

Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից այս ցուցադրության շրջանակում ներկայացված է նաև Գ. Նահապետյանցի «Հայ կնոջ դիմանկարը», որն այս թեման զարգացնում է մեկ այլ, ոչ պակաս դրամատիկ ուղղությամբ։ 19-րդ դարավերջին ստեղծագործած նկարչի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, բայց այս աշխատանքն ամբողջովին տեղավորվում է հումանիստական արվեստի պրիզմայում։

Դիմանկարում պատկերված է մասամբ տեսողությունը կորցրած միջին տարիքի կին, որը, հավանաբար ջավախեցի կամ էրզրումցի է։ Բայց արտաքին առանձնահատկությունը կենսապատկերի մի մասն է միայն։ Մտախոհ դիմագծերը, ձեռքերի դաջվածքները, զուսպ հագուստն ու ոսկեղենը կարողանում են պատկերել կնոջ սոցիալական միջավայրը։ Նկարիչը կնոջը ներկայացնում է իր բնավորությամբ և հասարակական պատկանելությամբ։

Դե, իսկ հիշողության ու սիրո թեման առանձնահատուկ կերպով ներկայացված է Ղուկաս Չուբարյանի «Լույս իջնի հոգուդ» քանդակում։ Այն նվիրված է քանդակագործի անհետ կորած եղբոր հիշատակին։ Անձնական կորուստն այստեղ վերածվել է հավաքական կերպարի։

Մարդկային վիճակի հանդեպ մտահոգությունը դարձել է բազմաթիվ հայ նկարիչների, այդ թվում՝ Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլ արվեստագետների ստեղծագործական ուղենիշներից։ Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ընդգծում է, որ հումանիստական արվեստը ներկայացնող այս ցուցադրությունը չի սահմանափակվում միայն բռնության, արտագաղթի ու զրկանքի պատկերներով։

Ցուցադրության մեջ տեղ են գտել նաև սերը, հույսը, կյանքը վերականգնելու ու սեփական անձը վերգտնելու ձգտումները։ Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» ստեղծագործությունը կարծես այս ամենի եզրափակիչ ակորդն է։ Ինչպե՞ս անցնել ցավի ու ողբերգության միջով, բայց պահպանել ստեղծելու և հոգ տանելու կարողությունը։ Ինչպե՞ս ցանել հույսի սերմերն ու ոտքի կանգնելու ուժ գտնել։