
Այս օրերին Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում ցույցերից ու անկարգություններից հետո տարածվող լուսանկարներում կոտրված ցուցափեղկերի ու այրված մեքենաների կողքին հայտնվել են նաև վնասված պատմական շենքեր։ Լիմոժում, օրինակ, հրկիզվել է 1883 թվականի քաղաքապետարանի շենքը։ Տեսարանը հիշեցնում էր Նոտր Դամի հրդեհը, միայն թե այս անգամ շինությունը հատուկ հրկիզվել էր։ Նման դեպքերում վնասի չափը հաշվարկվում է վերականգնման ծախսերով, բայց կորուստն այդ հաշվարկից շատ ավելի մեծ է։ Շենքի հետ վտանգվել են նաև այն իրերն ու փաստաթղթերը, որոնցով քաղաքը հիշում է իր անցյալը։

Ավելի քան երկու դար առաջ Ֆրանսիան արդեն ստիպված էր որոշել, թե ինչ անել անցյալից մնացած արվեստի հետ, երբ կտրուկ փոխվում էր այդ անցյալի քաղաքական գնահատականը։ Հեղափոխության տարիներին թագավորի արձանը, եկեղեցու դամբարանը կամ ազնվական տոհմի զինանշանը կարող էին ընկալվել որպես տապալված իշխանության ներկայություն։ Ու այդ պայմաններում Ալեքսանդր Լենուարը Փարիզի վանքերից մեկում սկսեց հավաքել վտանգված քանդակներն ու հուշարձանների բեկորները։ Նրա պահեստը ժամանակի ընթացքում դարձավ թանգարան, իսկ այնտեղ տեղափոխված նմուշներից շատերը պահպանվում են մինչև օրս։ Նրա աշխատանքը հնարավոր դարձավ նաև հեղափոխական իշխանությունների ստեղծած հանձնաժողովների, պետական պահեստների ու թույլտվությունների շնորհիվ։

1789 թվականին նախ բռնագրավվեց եկեղեցու ունեցվածքը, հետագայում բռնագրավումները տարածվեցին նաև արքունիքի և երկրից հեռացած ազնվականների գույքի վրա։ Գործնականում սա նշանակում էր, որ շենքերի, հողերի և եկամուտների հետ պետության ձեռքն էին անցնում նկարներ, քանդակներ, ձեռագրեր, կահույք ու եկեղեցական սպասք։ Դրանք նախկինում որոշակի գործառույթ ունեին, բայց սեփականության փոփոխությունից հետո հարկավոր էր որոշել՝ այդ առարկաներից որոնք վաճառել, որոնք օգտագործել այլ նպատակով և որոնք առանձնացնել պահպանության համար։ Հենց այդ անհրաժեշտությունից էլ առաջացան պետական պահեստները։
Արվեստի բազմաթիվ նմուշներ այդ ընթացքում վնասվեցին, անհետացան կամ էլ ոչնչացվեցին։ Միապետության ու եկեղեցու հետ նույնացվող պատկերները վնասում էին, մյուսները վաճառվում էին որպես եկամտի աղբյուր, իսկ շենքերն օգտագործվում էին ոչ ավել, ոչ պակաս՝ որպես շինանյութի պաշար։ Պատերազմի պայմաններում մետաղը նաև ռազմական նշանակություն ուներ․ բրոնզե քանդակը կարող էր հալեցվել, կապարը՝ վերածվել զինամթերքի։ Սեն Դենիի տաճարում 1793 թվականին թագավորական դագաղներից վերցնում էին կապարը, իսկ հաջորդ տարի Զենքի և վառոդի հանձնաժողովը հրամայեց հանել նաև տանիքի կապարե թիթեղները։

Միևնույն ժամանակ հեղափոխական միջավայրում ձևավորվում էր նաև հակառակ փաստարկը։ Եթե որևէ նմուշ այժմ պատկանում է ազգին, ապա դրա ոչնչացմամբ վնասվում է հենց ազգի ունեցվածքը։ Աբբա Անրի Գրեգուարը 1794 թվականին իր զեկույցներում դատապարտում էր մշակութային արժեքների ավերումը՝ գործածելով «վանդալիզմ» բառը։ Նույն տարվա մարտին հրապարակվեց նաև հրահանգ, ըստ որի հանրապետության ամբողջ տարածքում պետք է հաշվառեին և պահպանեին այն առարկաները, որոնք կարող էին ծառայել արվեստին, գիտությանը և կրթությանը։ Հետևաբար պահպանության խնդիրն այլևս սոսկ մի քանի հավաքորդի անձնական նախասիրությունը չէր։
Բայց հավաքորդները բազմաթիվ մարտահրավերներ պիտի հաղթահարեին։ Թագավորի դամբարանը պահելու առաջարկը կարող էր ներկայացվել որպես հին իշխանության պաշտպանություն, իսկ եկեղեցական քանդակի նկատմամբ հետաքրքրությունը՝ մերժված կրոնական կարգերի հանդեպ համակրանք։ Պահպանողները ստիպված էին բացատրել, որ առարկայի արժեքը չի սպառվում այն մարդու հեղինակությամբ կամ հաստատության իշխանությամբ, որի պատվերով այն ստեղծվել է։

Վերադառնանք Լենուարին։ Մասնագիտությամբ նկարիչ էր, բայց պատմության մեջ նրա անունը հայտնի դարձավ հիմնականում ուրիշների ստեղծած աշխատանքների շնորհիվ։ Կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ այդ աշխատանքները փրկելու շնորհիվ։ 1790 թվականին Սեն գետի ձախ ափին գտնվող վանքը հատկացվեց բռնագրավված արվեստի նմուշների պահպանությանը, իսկ 1791-ին Լենուարը նշանակվեց պահեստի պատասխանատու։
Այստեղ էին տեղափոխվում Փարիզի եկեղեցիներից ու այլ հաստատություններից հանված քանդակները և ճարտարապետական տարրերը։ Հավաքածուն ձևավորվում էր որոշումների, տեղափոխությունների և վտանգի մեջ հայտնված գործերի հոսքի համաձայն։ Լենուարի ընտրում ու ընդունում էր նմուշները, կազմակերպում ապամոնտաժման աշխատանքներն ու փաստերով ներկայացնում պահպանության հիմնավորումը։
Հսկայական դամբարան կամ եկեղեցու քանդակազարդ հատված տեղափոխելը համեմատության եզր չունի կտավների պահպանման հետ։ Հարկավոր էր հասկանալ, թե ինչպես են այդ բարդ կառույցները հավաքված, որ մասերը կարելի է բաժանել, ինչպես տեղափոխել ծանր քարը և հետո ինչ հարաբերակցությամբ տեղադրել բեկորները։

Թանգարանում ցուցադրված արձանը սովորաբար շատ ավելի մեծ համալիրի մասն էր՝ սյուների, կամարների, պատվանդանների ու գրությունների հետ։ Եթե այդ մանրամասները հավուր պատշաճի չգրանցվեին, պահպանված քանդակը կարող էր կորցնել իր նշանակությունը։ Լենուարը պարբերաբար կազմում ու վերանայում էր ցուցակները և հրատարակում հավաքածուի նկարագրությունները։
1795 թվականի հոկտեմբերի 21-ին Լենուարը ստացավ պահեստը թանգարանի վերածելու պաշտոնական թույլտվությունը։ Լուվրի բացումից ընդամենը երկու տարի անց հիմնադրվեց Ֆրանսիական հուշարձանների թանգարանը։ Դրա անվան «հուշարձան» բառը շատ ավելի լայն իմաստ ուներ։ Խոսքը անցյալի նյութական վկայությունների մասին էր, որոնց միջոցով կարելի էր ու պետք էր պատմությունը ներկայացնել։

Թանգարանի սրահները նվիրված էին հաջորդական դարերին։ Այդ դասավորությամբ միջնադարյան և ավելի ուշ շրջանի քանդակները պատմական ընթացքի մաս էին դառնում։ Լենուարը մեծ ուշադրություն էր դարձնում նաև միջավայրին։ 15-րդ դարի սրահում գերակշռում էին մանուշակագույն ու կապույտ երանգները և ոսկեզօծ շրջանակները, իսկ 16-րդ դարի սրահի առաստաղը զարդարված էր համապատասխան ժամանակաշրջանին բնորոշ մոտիվներով։ Սրահներին լրացնում էր այգին, որտեղ տեղադրված էին նշանավոր մարդկանց դամբարաններն ու հուշակոթողները։
Լենուարի թանգարանում ցուցադրվող նմուշներից որոշները պահպանվել էին միայն մասնակիորեն։ Նա երբեմն տարբեր ծագում ունեցող նմուշները միավորում էր նոր հուշարձանի մեջ՝ բացակայող ամբողջությունը լրացնելով սեփական պատկերացմամբ։ Լենուարն ուզում էր այդ կերպ պատմություն պատմել և երբեմն այդ նպատակի համար ավելի ազատ էր վարվում պատմական նյութի հետ, քան ընդունելի կլիներ ժամանակակից վերականգնողի համար։ Նրա թանգարանը միաժամանակ պահպանության վայր էր և անցյալի մասին հեղինակային պատկերացում։

Լենուարի թանգարանը գոյատևեց հեղափոխության ավարտը և Նապոլեոնի իշխանությունը, բայց փակվեց Բուրբոնների վերադարձից հետո՝ 1816 թվականին։ Վերականգնված միապետությունն ու եկեղեցին ձգտում էին դամբարանները վերադարձնել իրենց նախկին տեղերը։ Բայց փակումը չէր նշանակում, որ բոլոր գործերը ոչնչացվեցին կամ պարզապես վերադարձան ելման կետին։ Դրանց հետագա ուղիները տարբեր էին։ Մի մասը հայտնվեց Լուվրում, հետագայում առանձին գործեր հայտնվեցին նաև Վերսալի ու Կլյունիի հավաքածուներում։