AM
14 Հոկտեմբեր 2026 - 08:30 AMT

Բնության հանդեպ նորաձևության մահաբեր սերը, կամ ինչպես թռչունները վերածվեցին գլխարկների

14 Հոկտեմբեր 2026

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել կենսաբազմազանության COP17 համաժողովը, որը կկայանա հոկտեմբերի 19-30-ը։ Բայց բնության հետ մեր հարաբերությունների մասին ամենախոսուն պատմություններից շատերը սկսվում են բանակցությունների սեղանից շատ հեռու: Ու գլխավոր դերերից մեկն այստեղ վերապահված է նորաձևության ոլորտին։ 19-րդ դարի վերջին Փարիզում կամ Նյու Յորքում թռչունների փետուրներով պատրաստված գլխարկի վաճառքը միանգամայն սովորական երևույթ էր դարձել, բայց այդ մոտեցման «սովորական» լինելը երկար չտևեց։

Սա խթանեց նոր շարժում, որը փոխելու էր թռչունների պաշտպանության մոտեցումները։ Ինչպե՞ս գեղեցիկի գնահատումն ու արժևորումը վերածվեցին շուկայական հարաբերությունների, ինչպե՞ս բնությունն ու կենսաբազմազանությունը դարձան դիզայներների ու արվեստագետների ոգեշնչման աղբյուր, բայց, այս անգամ՝ դրանց վնասելու գնով։ Բնության հանդեպ նորաձևության մահաբեր սերը վերջին հարյուրամյակների ընթացքուն արտահայտվել է բազաթիվ օրինակներով:

Փետուրները հագուստի մեջ կիրառում են շատ վաղուց, այդ թվում՝ նախքան վիկտորյական դարաշրջանի գլխարկների գլխապտույտ հաջողությունը: Ջայլամի փետուրները, օրինակ, դարեր շարունակ զարդարում էին սոցիալապես բարձր խավի տղամարդկանց գլխարկները, իսկ մեծահարուստ կանայք դրանք սկսեցին կրել 17-րդ դարում: Անշուշտ, փետրավոր գլխարկն այս դեկորատիվ ճաշակի զարդն էր։ 19-րդ դարում աքսեսուարներն այլևս չէին բավականացնում և մարդիկ թռչունների, ծաղիկների և խեցիների կոմպոզիցիաները օգտագործում էին որպես տան ինտերիերի բաղկացուցիչ մաս։

Փարիզյան գեղանկարչությունն այս աշխարհին ուղղված տպավորիչ անդրադարձեր ունի: Էդգար Դեգայի «Գլխարկավաճառի մոտ» պաստելային կտավում, որն արվել է մոտ 1882 թվականին և այժմ պահվում է Ժամանակակից արվեստի թանգարանում, մի կին ուղղում է փետուրներով զարդարված շագանակագույն գլխարկի ժապավենները, մինչ աշխատակցուհին այլ տարբերակներ է առաջարկում: Փետուրները տեղադրված են ժապավենների, թավիշի և ժանյակի ավելի մեծ կոմպոզիցիայի մեջ, և դրանց նրբությունը փոխանցված է պաստելի փափուկ վրձնահարվածներով: Ըստ թանգարանի, Դեգայի կտավների ստեղծման տարիներին Փարիզը մոտ հազար գլխարկի խանութ ուներ, և գլխարկները կարևոր աքսեսուարներ էին բոլոր սոցիալական խավերի համար:

Այս իրերը պատրաստող մարդիկ հմուտ դիզայներներ էին, ովքեր աշխատում էին պահանջկոտ նյութերի հետ: 2017 թվականին Սենթ Լուիսի արվեստի թանգարանը և Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստի թանգարանը կազմակերպեցին «Դեգան, իմպրեսիոնիզմը և փարիզյան գլխարկների առևտուրը» ցուցահանդեսը, որտեղ դարաշրջանի գլխարկները համադրվել էին գեղանկարների և պաստելների հետ: Ցուցահանդեսն ուսումնասիրում էր գլխարկագործների, այդ թվում Կարոլին Ռեբուի, տիկին Ժորժետի և Ժաննա Լանվենի աշխատանքները, իսկ դրան զուգահեռ ցուցադրված էին Մանեի, Ռենուարի, Դեգայի և այլոց ստեղծագործությունները:

Այժմ այդ գլխարկները ևս արվեստի նմուշ են դարձել ու իրենց տեղը գտել թանգարանների ցուցասրահներում։ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի գլխարկներից մեկն, օրինակ, ցույց է տալիս, թե որքան ստեղծարար կարող էր լինել այդ աշխատանքը, բայց և որքան դաժան: Գլխարկը պատրաստել է Փարիզի Modes du Louvre նորաձևության տունը՝ մոտ 1885 թվականին, և իր մեջ ներառում է մի սարյակ, որի արտաքին տեսքն էապես փոփոխվել է: Դրան ամրացրել էին լրացուցիչ փետուրներ, հավանաբար սագի կամ կարապի, իսկ փետրածածկույթը գունաբացել և նկարազարդել էին, որպեսզի ավելի մեծ և էկզոտիկ թռչնի տպավորություն թողնի: Նույնիսկ կտուցն էր փոփոխվել։

Այս շրջանում թռչունները հայտնվեցին նաև զարդատուփերում: Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը պահպանում է 19-րդ դարի վերջի ականջօղեր, որոնք պատրաստված են կարմրաոտ թռչունների գլուխներից, որոնց փետուրները պահպանել են կապույտի ապշեցուցիչ երանգները: Կառուցվածքն անսովոր բարդ է՝ մետաղե միջատը ականջօղի կեռիկը միացնում է թռչնի գլխին, մինչդեռ պղնձե ուլունքների ծոպերը կախված են դրա կոկորդից: Կոմպոզիցիան այնպես է ստեղծված, որ միջատը կարծես թռչնի որսը լինի։

Այս ամենի «էսթետիկ» կողմը մի պահ անտեսենք ու հասկանանք, թե ի՞նչ պայմաններում էին ստեղծվում աշխատանքները։ Պատրաստի գլխարկի հետևում միջազգային առևտրային համակարգ էր կանգնած: Լոնդոնը փետուրների առևտրի գլխավոր կենտրոնն էր, մինչդեռ Փարիզը և Նյու Յորքը փետրավոր զարդերի արտադրության կարևոր կենտրոններ էին:

Fashioning Feathers հետազոտական ցուցահանդեսը ներկայացնում է ժամանակակիցների վկայություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էին իրարից հեռու գտնվող շրջանների թռչունները մտնում նույն առևտրային ցանցի մեջ: Աճուրդի ցուցակներում թռչունների մարմիններ, մորթիներ, փետուրներ էին գրանցում։ Համակարգը կապում էր որսատեղիները, վաճառականներին, արհեստանոցները և խանութները՝ բաշխելով և՛ աշխատանքը, և՛ պատասխանատվությունը։

1886 թվականին ամերիկացի թռչնաբան Ֆրենկ Չեփմենն անսովոր հարցում անցկացրեց Նյու Յորքի փողոցներում: Ծառերին նայելու փոխարեն նա ուսումնասիրում էր կանանց գլխարկները: Սմիթսոնյան ինստիտուտի զեկույցն արձանագրում է տեղական թռչունների 40 տեսակ՝ Չեփմենի ուսումնասիրած 700 գլխարկների մոտավորապես երեք քառորդի վրա: Հարցման մեջ ներկայացված թռչունների ցանկում կային նաև հազվագյուտ տեսակներ: Կային փետուրներ, որոնց համար շատ ավելի մեծ մրցավազք ու պայքար էր գնում։ Միևնույն ժամանակ, այդ պահանջարկը վտանգում էր թռչնատեսակի գոյությունը։

Այս առևտուրը զսպելու մեխանիզմներ էին պետք ու դա էր նաև պատճառը, որ Մեծ Բրիտանիայում ստեղծվեց թռչունների պաշտպանության առաջին խումբը։ Սկզբում այն կանանց շարժում էր, որոնք մտահոգված էին նորաձև հագուստներում թռչունների կիրառմամբ: Ահա այսպես՝ ստեղծվեց ու զարգացավ Թռչունների պաշտպանության ընկերությունը: Օրենսդրական իշխանություն չունեցող մարդիկ կարողացան հավաքագրել անդամների և հասարակական ճնշում գործադրել՝ դեկորատիվ նորաձևությունը քաղաքական քննարկման հարց դարձնելու համար:

Նմանատիպ նախաձեռնություն ձևավորվեց Բոստոնում՝ 1896 թվականին։ Երկու կանայք պարզապես սկսեցին այլ կանանց թեյի հրավիրել և խնդրել նրանց դադարել կրել վայրի թռչունների փետուրներ: Սմիթսոնյան ինստիտուտի տվյալներով՝ նրանց բոյկոտը և թեյախմությունները համոզեցին մոտ 900 կանանց հրաժարվել փետրավոր գլխարկներից և աջակցել թռչունների պաշտպանությանը: Ու այս մտերմիկ զրույցները տարիների ընթացքում վերաճեցին բնապահպանական մեծ շարժումների։

Հակասություններն անգամ Վիրջինիա Վուլֆին ներքաշեցին հանրային բանավեճի մեջ: 1920 թվականի հուլիսին Woman’s Leader ամսագրում հրապարակված «Փետուրների մասին օրինագիծը» հոդվածում նա պատասխանեց լրագրող Մասինգհեմի՝ փետուրներ կրող կանանց ուղղված քննադատությանը: Վուլֆն ինքը դեմ էր այդ երևույթին, բայց վիճարկում էր մեղքի բաշխումը: Նրա էսսեն ուշադրություն էր հրավիրում այն տղամարդկանց վրա, ովքեր սպանում և առևտուր էին անում թռչուններով, ինչպես նաև այն քաղաքական համակարգի վրա, որը չէր կարողացել ապահովել առաջարկվող սահմանափակումները: Այսպիսով Վուլֆի միջամտությունն ընդլայնեց պատասխանատվության շուրջ քննարկումը՝ առանց ստորադասելու թռչունների ճակատագիրը։

Կենսամիջավայրի պաշտպանությունը զարգացավ առևտրի դեմ արշավներին զուգահեռ: 1903 թվականին ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտն ընդառաջեց բնապահպաններին և Ֆլորիդայի Ինդիան Ռիվեր ծովածոցում գտնվող Պելիկան կղզին հայտարարեց որպես թռչունների առաջին դաշնային արգելավայր։ Այս որոշմամբ հաստատվում էր, որ թռչուններին հավաքվելու և բազմանալու համար ապահով վայրեր են անհրաժեշտ։ Այս առումով ամերիկյան օրենսդրությունը ժամանակի ընթացքում զարգացավ ու լրամշակվեց:

Այսօր ևս թե՛ թռչուններն ու փետուրները, թե՛ բնությունն ընդհանրապես, նորաձևության տների ոգեշնչման աղբյուր են։ Բայց նորաձևությունը գտել է բնությունը վերարտադրելու բազմաթիվ այլ ուղիներ ևս, որոնք բացառում են կենդանիներին ու թռչուններին վնաս հասցնելու մեխանիզմները: Չնայած դրան, կենդանիների պաշտպանության հարցում դեռ շատ անելիք կա ու այս մասով նորաձության պատասխանատուներն առաջին շարքերում են։