
Փարիզի ոստիկանության արխիվներում ժամանակին պահվում էր վարչական մի փոքրիկ փաստաթուղթ։ Այն օրիորդ Ռոզա Բոնյորին թույլատրում էր տաբատ հագնել։ Հիմա այդ փաստաթղթի պատճեններից մեկը տուն-թանգարանում է պահվում, մյուսը՝ Բոնյորի անունը կրող սրճարանում։ 19-րդ դարի ամենահայտնի կին նկարիչներից մեկի տաբատ կրելու ցանկությունը բողոքի կամ նորաձևության ակտ չէր։ Սա զուտ գործնական անհրաժեշտություն էր, առանց որի Ռոզա Բոնյորը չէր կարողանա ժամերով կանգնել աղմկոտ ու վտանգավոր սպանդանոցներում, շուկաներում, տղամարդկանց ու նրանց ժամանցին «ծառայող» վայրերում և ուսումնասիրել կենդանիների անատոմիան ու շարժումները։ Իսկ սա նկարչուհու համար պարտադիր պայման էր, որովհետև կենդանիների պատկերումը նրա արվեստի առանցքում էր։

Բայց Փարիզի ոստիկանության թույլտվությունն իր պայմաններն ուներ։ Նկարչուհուն արգելվում էր տաբատով ներկայանալ թատրոն, պարահանդեսների կամ հանրային որևէ այլ հավաքի, իսկ փաստաթուղթն ուժի մեջ էր ընդամենը վեց ամիս, որից հետո պետք է կրկին դիմեր։ Կարևոր է նկատել, որ Բոնյորն այն մարդկանցից չէր, որոնք անտեսում էին կանոններն ու մարտահրավեր նետում ոստիկանությանը։ Նա ուշադիր ուսումնասիրեց կանոնները, գտավ այն «թույլ կետը», որի միջոցով կարող էր խուսանավել պարտադրանքից և օգտվեց այս բացառությունից՝ ստեղծագործական ամբողջ կյանքի ընթացքում։
Այս թույլտվությունն առաջին անգամ ստանալիս նա արդեն Եվրոպայի ամենավաճառվող նկարիչներից էր։ Ձիերի, խոշոր եղջերավոր անասունների նրա պատկերները զարդարում էին բրիտանական և ամերիկյան հյուրասենյակներն ու պատկերասրահները։ Հետևաբար տրամաբանական է, որ այս կտավները ստեղծելու համար նկարչուհին հաճախ գնում էր այնպիսի վայրեր, որտեղ երկար կիսաշրջազգեստն անհարմարություն էր ստեղծում, իսկ միայնակ կինը՝ թիրախ դառնում։

Այն կանոնը, որը նկարչուհին շրջանցում էր, ընդունվել էր դեռևս 1800 թվականին։ Փարիզի ոստիկանության կարգադրությունը սահմանում էր, որ յուրաքանչյուր կին, որը ցանկանում է «տղամարդու պես հագնվել», պարտավոր է ներկայանալ և ստանալ համապատասխան թույլտվություն։ Միակ ընդունելի հիմնավորումը բժշկական ցուցումն էր՝ բուժաշխատողի տեղեկանքով, իսկ առանց փաստաթղթի տղամարդու հագուստով հայտնաբերված կնոջը սպառնում էր ձերբակալություն։
Պատմաբանները սովորաբար այս կարգադրությունը կապում են հեղափոխության տարիների հետ, երբ փարիզուհիները տաբատ կրելու իրավունք էին պահանջում։ Իշխանություններն արձագանքեցին՝ հարցը վերցնելով ոստիկանական վերահսկողության տակ։ Գործնականում «առողջական» պահանջը մեկնաբանվում էր շատ լայն՝ ընդգրկելով ամենատարբեր իրավիճակներ։

Պատմաբան Ռեյչել Մեշի վկայությամբ, արձանագրված ամենավաղ թույլտվությունը՝ թվագրված 1806 թվականով, մի կնոջ իրավունք էր տալիս տաբատ կրել ձիավարելու համար, մեկ ուրիշը թույլտվություն էր ստացել տպագրատանը տղամարդկանց համար նախատեսված և ավելի բարձր վարձատրվող աշխատանքի անցնելու նպատակով։ Ոչ ոք հստակ չգիտի, թե ընդհանուր առմամբ քանի թույլտվություն է տրվել, որովհետև այս առումով արձանագրությունները կցկտուր են։ Շատ հայտնի կանայք էլ պարզապես անտեսում էին այդ պահանջը։
1892 և 1909 թվականների ոստիկանական բարեփոխումներով պայմանավորված այս կարգավորումը փոքր ինչ մեղմացվեց, որպեսզի հեծանիվ վարող կամ ձիավարող կինը կարողանար տաբատ հագնել։ Փաստաթուղթը պաշտոնապես ուժի մեջ մնաց երկու համաշխարհային պատերազմների, Ֆրանսիայում կանանց ընտրական իրավունքի հաստատման և անգամ նորաձևության հարթակներում տաբատի հայտնվելու ժամանակաշրջաններում։
2013 թվականի հունվարին Կանանց իրավունքների նախարարությունը հայտարարեց, որ կարգադրությունը համարում է փաստացի ուժը կորցրած, քանի որ այն հակասում է կանանց և տղամարդկանց իրավահավասարության սահմանադրական սկզբունքին։ Լուրը տարածվեց ամբողջ աշխարհով՝ վերնագրերով, թե Փարիզը վերջապես թույլատրեց կանանց տաբատ կրել։ Իհարկե, ոստիկանական այս կարգադրությունն արդեն սերունդներ շարունակ որևէ կերպ չէր կիրառվում, բայց մամուլը բաց չթողեց սկանդալային վերնագրեր դնելու իր հնարավորությունը։
Վերադառնանք Ռոզա Բոնյորին ու նրա արվեստին։ Դեռ փոքր տարիքում չարաճճի աղջնակին այբուբենը սովորեցնելու համար մայրը նրան առաջարկեց յուրաքանչյուր տառի համար մի կենդանի նկարել։ Հետագայում նկարչուհին կենդանիներ նկարելու իր սերը վերագրում էր հենց այդ դասերին։ 14 տարեկանում նա արդեն կրկնում էր հայտնի պատկերասրահներում ցուցադրվող կտավները։ Ու արդեն պատանեկության տարիներից տարվել էր իր ամբողջ կյանքի գլխավոր հետաքրքրությամբ՝ կենդանի բնությամբ։

Հայրը թույլ էր տալիս կենդանիներ բերել բնակարան, իսկ ընտանիքի հետագա բնակարաններն ընտրվում էին Փարիզի ծայրամասի դաշտերին ու ագարակներին մոտ լինելու սկզբունքով։ Աղջնակը տեղի զբոսայգում զբոսանքի էր հանում իր ընտանի ոչխարին, քաղաքի շրջակա արոտավայրերի ձիերի, կովերի, այծերի ու նապաստակների էսքիզներն էր անում, անատոմիա էր ուսումնասիրում Փարիզի սպանդանոցներում և կենդանիներ հերձում անասնաբուժական դպրոցում։
Փարիզյան սալոնում նա առաջին անգամ հանդես եկավ 1841 թվականին՝ 19 տարեկանում, երկու փոքր նկարներով։ Մեկում նապաստակներ էին պատկերված, մյուսում՝ այծեր ու ոչխարներ։ 1844 թվականին նա սկսեց իր գործերը ստորագրել «Ռոզա» անունով, որով իրեն փաղաքշորեն կոչում էր մայրը։

Նրա հաջորդ նպատակը ձիերի շուկա նկարելն էր։ Շաբաթը երկու անգամ Բուլվար դը լ’Օպիտալ պողոտան լցվում էր բեռնաքարշ ձիերով ու դրանք վաճառող առևտրականներով։ Դա աղմկոտ, փոշոտ ու վտանգավոր մի վայր էր, որտեղ տղամարդիկ իրենց ապրուստն էին վաստակում։ Բոնյորը գնում էր այնտեղ էսքիզների տետրով ու տղամարդու հագուստով, ինչի համար էլ պետք էր ոստիկանության թույլտվությունը։ Հետագայում նա գրում էր, որ այդ հագուստը պաշտպանության միջոց էր, որովհետև այդ կերպ տոնավաճառում իրեն շրջապատող մարդիկ իրեն պատանու տեղ էին դնում, և նա կարողանում էր նկարել առանց այն մեկնաբանությունների ու ուշադրության, որոնք կգրավեր կիսաշրջազգեստով կինը։
Բոնյորի հագուստին նվիրված ուսումնասիրությունների ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն այն է, թե որքան գործնական էր նա այդ հարցում։ Աշխատելիս և տանը նա կրում էր տաբատ և վերնաշապիկ, իսկ հասարակական, գործնական և պետական այն միջոցառումներին, որտեղ պահանջվում էր կանացի հագուստ, հագնում էր զգեստ։ Նրա արվեստանոցի այցելուները երբեմն հիասթափվում էին, երբ ստիպված էին լինում սպասել, մինչև նա կիսաշրջազգեստ կհագներ, քանի որ եկել էին տեսնելու տաբատով հայտնի կնոջը, իսկ Վիկտորյա թագուհու դուստրերից մեկը, ըստ լուրերի, ցանկացել էր ունենալ Բոնյորի՝ տղամարդու հագուստով լուսանկարները։

Իրականում նկարչուհին զգուշանում էր այս ամենը գաղափարախոսական ծրագրի վերածելուց։ Բոնյորը ծխում էր, ինքնուրույն գլանակներ էր փաթաթում, ձի էր հեծնում տղամարդու պես՝ երկու ոտքը տարբեր կողմերում, սովորել էր կրակել, երբեմն նապաստակ էր որսում և անպարկեշտ անեկդոտներ էր պատմում։ Այս ամենն անհարիր էր իր ժամանակի պարկեշտ կնոջ վարքագծին, բայց նա հրաժարվում էր իրեն ներկայացնել որպես կանանց իրավունքների պաշտպան։

1859 թվականին ամերիկյան թերթերից մեկին տված հարցազրույցում Բոնյորը պնդել է, որ կանայք իրենց իրավունքները պետք է նվաճեն լավ ու մեծ գործերով, այլ ոչ թե համագումարներով։ Տղամարդկանց հանդեպ նրա վերաբերմունքն արհամարհանքի ու զվարճանքի խառնուրդ էր, նկարչուհին պնդում էր, թե միակ արուները, որոնց ինքը սիրում է, իր նկարած ցուլերն են։ Այսօր նկարչուհուն հիշում են առաջին հերթին իր տպավորիչ կտավների շնորհիվ, բայց դրանցից անդին՝ Բոնյորի կերպարն ու անհատականությունը նույնքան տպավորիչ ու արտասովոր էին։ Պատկերասրահներից մինչև թանգարաններ, սրճարաններից մինչև առանձնատներ՝ նրա տեսակն ու վրձինը առանձնահատուկ երանգ ու ուղերձ են փոխանցում։