
Չինաստանում կանանց պակասը հարևան երկրների աղքատ շրջանները վերածել է միայնակ չինացի տղամարդկանց համար «հարսնացուների ֆերմայի»։ Վիետնամից, Կամբոջայից, Լաոսից, Մյանմայից, Պակիստանից և Բանգլադեշից աղջիկների ու կանանց առևանգում են կամ լավ աշխատանքի խոստումներով տանում Չինաստան, ապա վաճառում միայնակ տղամարդկանց։ Նրանց փակում են տներում, բռնաբարում, ստիպում ծանր աշխատանք կատարել և երեխաներ ունենալ։ Երեխայի ծնվելուց հետո կնոջը կարող են կրկին վաճառել կամ պարզապես փողոց նետել՝ առանց փաստաթղթերի ու գումարի։
Այս անգամ PAN-ը որոշել է հասկանալ, թե ինչպես Չինաստանի ժողովրդագրական քաղաքականությունը երկրում հարսնացուների պակասի հանգեցրեց, և ինչու մարդկանց թրաֆիքինգը դարձավ այդ խնդրի լուծման ամենագործուն մեխանիզմներից մեկը։ Խնդիրը տարիների պատմություն ունի, բայց այս թեմայով Lenta.ru-ի նոր, ծավալուն լրագրողական հետաքննությունն առիթ դարձավ թարմացված տվյալների դիտարկմամբ ծանոթանալ թեմային:
Չինարենում «մերկ ճյուղեր» արտահայտությունն օգտագործում են, երբ ուզում են նկարագրել այն տղամարդկանց, որոնց վիճակված չէ շարունակել տոհմը և սերունդ թողնել։ Դեռ մի քանի տասնամյակ առաջ սա պարզապես կենցաղային վիրավորանք էր, իսկ այսօր այդ արտահայտությունը դարձել է Չինաստանի ամենալուրջ սոցիալական խնդիրներից մեկի բնորոշումը։ 2020 թվականին անցկացված Չինաստանի յոթերորդ համազգային մարդահամարի տվյալներով՝ ամուսնության տարիքի տղամարդկանց թիվը երկրում մոտ 34,9 միլիոնով գերազանցում է նույն տարիքի կանանց թվին։
Այս անհավասարակշռության պատճառներից մեկը ծնելիության սահմանափակման քաղաքականությունն էր, որը Չինաստանի կոմունիստական կուսակցությունը սկսել էր դեռ 1970-ականներին։ Երիտասարդ չինացիներին կոչ էին անում ավելի քիչ երեխաներ ունենալ և ավելի շատ ուշադրություն հատկացնել նրանց դաստիարակությանը։ Վերարտադրողական կյանքի նկատմամբ պետական վերահսկողության գագաթնակետը 1979 թվականին ներդրված «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունն էր։ Այն խիստ սահմանափակեց ընտանիքներում երեխաների թիվը և սկիզբ դրեց երկրի նորագույն պատմության ամենախոշոր ժողովրդագրական փոփոխություններից մեկին։

Ծնելիության սահմանափակումները համընկան որդուն տոհմի գլխավոր ժառանգորդ համարելու դարավոր ավանդույթի ամրապնդման հետ։ Պատմականորեն հենց տղան պետք է շարունակեր ազգանունը, խնամեր տարեց ծնողներին և պահպաներ նախնիների պաշտամունքը։ Աղջիկն ամուսնությունից հետո տեղափոխվում էր ամուսնու ընտանիք և փաստացի այլևս չէր համարվում իր ծնողական ընտանիքի անդամ։ Չինական մի ասացվածք կա, որն ամփոփում է այս մոտեցումը՝
«Ամուսնացրած դուստրը նույնն է, ինչ թափված ջուրը»։
Եվ ահա՝ չնայած պտղի սեռը որոշելու արգելքին՝ ընտանիքները տարբեր եղանակներով փորձում էին ապահովել հենց տղա երեխայի ծնունդը։ Հետազոտողները ամեն տարի արձանագրել են սեռով պայմանավորված աբորտների աճ, ինչպես նաև նորածին աղջիկների սպանության դեպքեր։ Ու արդեն այսօր Չինաստանը բախվել է ժողովրդագրական բարեփոխումների չնախատեսված հետևանքին՝ միլիոնավոր տղամարդիկ պարզապես չեն կարողանում կին գտնել։
Տղամարդկանց գերակշիռ թիվն ինքնին գուցե ճգնաժամի չհանգեցներ, եթե դրան չգումարվեին չինական հասարակության խորքային փոփոխությունները։ Ուրբանիզացումը և խոշոր քաղաքներում ռեսուրսների կենտրոնացումը երիտասարդներին ստիպում են լքել գյուղերը՝ կրթության, աշխատանքի և ավելի լավ ապագայի փնտրտուքով։ Հեռավոր շրջաններում այս միտումը հատկապես նկատելի է աղջիկների շրջանում։ Նրանց վրա տոհմը շարունակելու պարտավորություն չի դրվում, հետևաբար աղջիկներն ավելի ազատ են գյուղերից հեռանալու հարցում և հաճախ չեն ցանկանում իրենց կյանքը կապել աղքատ գյուղական շրջանների հետ։
Տղամարդիկ հայտնվում են կրկնակի ծանր վիճակում։ Անկախ նրանից՝ հեռանում են գյուղից, թե մնում այնտեղ, կրթության պակասը և քաղաքային գրանցում չունենալը նրանց հիմնականում ցածր որակավորում պահանջող աշխատանքի շրջանակում է թողնում։ Իսկ գյուղ վերադառնալը շատերի համար նշանակում է փակուղի և հարկադրված միայնություն։
Այն գյուղերում, որտեղ նախկինում ամուսնությունները հիմնականում հարևան բնակավայրերի բնակիչների միջև էին, այժմ ավելի ու ավելի շատ միջին տարիքի միայնակ տղամարդիկ են ապրում։ Խնդիրն ավելի է խորացնում «ցայլիի»՝ հարսնացուի ընտանիքին վճարվող գումարի ավանդույթը։ Շատ շրջաններում փեսայի ընտանիքից ակնկալվում է ապագա կնոջը ապահովել բնակարանով, ավտոմեքենայով և զգալի գումարով։

Հարսնացուի համար պահանջվող չափազանց բարձր վճարների խնդիրը Չինաստանում այնպիսի մասշտաբների է հասել, որ կառավարությունը ստիպված է եղել պաշտոնական առաջարկներ հրապարակել, որոնք կօգնեն նվազեցնել հարսնացուների ընտանիքների պահանջները։ Գյուղական շրջաններում ցայլին կարող է հասնել 15-40 հազար դոլարի, այն դեպքում, երբ աղքատ գյուղերի բնակիչների տարեկան եկամուտը կազմում է մոտավորապես 1.5-2.5 հազար դոլար։
Հեռավոր գյուղերի ընտանիքների համար նման ծախսերը գրեթե անհնար են, հատկապես երբ յուրաքանչյուր կնոջ համար բազմաթիվ հավանական փեսացուներ են մրցում։ Արդյունքում կենտրոնական և հարավային Չինաստանի գյուղերում ձևավորվել են «ավելորդ» տղամարդկանց՝ շեննանների բնակավայրեր։ Այլ կերպ ասած՝ «տունը մնացած» այս տղամարդիկ գրեթե զրկված են ընտանիք կազմելու հնարավորությունից ու կարծում են, որ միակ լուծումը հարևան երկրներից ավելի քիչ պահանջներ ունեցող օտարերկրացի կանանց գտնելն է։
Տեղացի կանանց պակասը՝ զուգորդված աղքատության հետ, կայուն պահանջարկ է ստեղծել հարևան երկրներից ժամանող կանանց նկատմամբ։ Իսկ հարևան որոշ երկրներում, օրինակ՝ Վիետնամում, Կամբոջայում և Մյանմայում, երկարատև զինված հակամարտությունները, տնտեսական անկայունությունն ու գործազրկությունը հազարավոր կանանց ստիպում են եկամուտ ստանալու ցանկացած հնարավորություն փնտրել։ Մինչև 2020 թվականը ամուսնական այս շուկայի աշխարհագրությունն արդեն զգալիորեն ընդլայնվել էր՝ ներառելով նաև Պակիստանն ու Բանգլադեշը, որտեղ սոցիալ-տնտեսական նմանատիպ խնդիրները նույնպես նպաստում են «հարսնացուների» առաջարկի աճին։
Միջնորդների համար իդեալական միջավայր է ձևավորվել։ Միայնակ չինացի տղամարդկանց նրանք առաջարկում են «մատչելի գնով կին», իսկ աղքատ օտարերկրացի կանանց՝ բարեկեցիկ կյանք ու լավ աշխատանք հարուստ Չինաստանում։ Բայց մի կարևոր հանգամանք կա՝ այդ միջնորդները լռում են իրական պայմանների ու իրական նպատակների մասին։ Չինաստանում օտարերկրացի «հարսնացու» գնելու միջին գինը 8-18 հազար դոլար է։ Գինը կախված է տարածաշրջանից, կնոջ տարիքից և միջնորդների ներգրավվածության աստիճանից։

Այս սխեմայում չինացի տղամարդը, որը փորձում է ազատվել միայնությունից և դրա հետ կապված սոցիալական պիտակից, միջնորդներին վճարում է երաշխավորված կերպով կին ստանալու համար։ Հաճախ նա ապագա կնոջն առաջին անգամ տեսնում է միայն լուսանկարով։ Միջնորդներն ու գնորդները գնահատում են կնոջ տարիքը, արտաքինը, ազգությունը, երեխա ունենալու ենթադրյալ կարողությունը և կենցաղային աշխատանք կատարելու պատրաստակամությունը։ Նրա սեփական ցանկություններն ու համաձայնությունը դադարում են նշանակություն ունենալ, իսկ ամուսնական ծանոթությունների շուկան վերածվում է մարդկանց առևտրի։
Անկախ ծագման երկրից՝ նման «հարսնացուների» պատմությունները շատ նման են։ Աղքատ ընտանիքների և խոցելի համայնքների կանանց Չինաստանում աշխատանք են խոստանում՝ սովորաբար գործարաններում, հյուրանոցներում, ռեստորաններում կամ մարզային խանութներում։ Միջնորդը կարող է լինել հեռավոր ազգականը, հարևանուհին կամ ծանոթը, որն արդեն մի քանի տարի ապրում է սահմանի մյուս կողմում։ Բայց ճանապարհորդությունը միշտ չէ, որ ավարտվում է աշխատանք գտնելով։
Որպես կանոն՝ կանանց սահմանով տեղափոխում են անօրինական ճանապարհով։ Նրանցից վերցնում են հեռախոսներն ու անձնագրերը՝ ուժով կամ իբր փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով։ Երբեմն կանանց տեղափոխում են անգիտակից վիճակում՝ նրանց կամքին հակառակ թմրեցնող նյութեր ներարկելուց հետո։ Դրանից հետո զոհերը հայտնվում են մի իրականության մեջ, որտեղ նրանց վաճառքն արդեն կատարված փաստ է։ Խարդախ սխեմաների, երբեմն էլ ուղղակի առևանգումների զոհ են դառնում անչափահասներ, հղի և ամուսնացած կանայք, նույնիսկ՝ մայրեր՝ իրենց երեխաների հետ։

2019 թվականին միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հրապարակեց «Մեզ երեխա տուր, և մենք քեզ բաց կթողնենք» (Give Us a Baby and We’ll Let You Go) զեկույցը՝ նվիրված Մյանմայի Կաչին նահանգից կանանց թրաֆիքինգին։ Զեկույցի հեղինակներն անձամբ հարցազրույցներ էին անցկացրել հարկադրված կերպով ամուսնացած կանանց հետ և մանրամասն նկարագրել տասնյակ դեպքեր։ Աղջիկներին խաբեությամբ տանում էին Չինաստան, վաճառում գյուղական շրջանների տղամարդկանց, ապա պահում փակված, տանջում և բռնաբարում՝ մինչև երեխա ունենալը։ Գրեթե նույն պատմություններն արձանագրվել են Կամբոջայից, Վիետնամից, Բանգլադեշից և Պակիստանից ժամանած կանանց շրջանում։
Kachin Women’s Association Thailand կազմակերպության գնահատմամբ՝ միայն 2013-2017 թվականներին Մյանմայի Կաչին նահանգից Չինաստան է տեղափոխվել մոտավորապես 7.4 հազար կին և աղջիկ։ Նրանցից մոտ 4 հազարը, ենթադրաբար, հարկադիր ամուսնության նպատակով մարդկանց թրաֆիքինգի զոհ են դարձել։ Զեկույցներում և հետազոտություններում սովորաբար ներկայացվում են միայն մոտավոր գնահատականներ, որոնք հիմնված են հայտնի դեպքերի վրա։ Հարկադիր ամուսնությունների նպատակով կանանց վաճառքի վերաբերյալ հավաստի վիճակագրություն հավաքելը չափազանց դժվար է ոչ միայն շուկայի անօրինական բնույթի, այլև համակարգային խոչընդոտների պատճառով։

Այս տեղաշարժերի մեծ մասը պաշտոնական վիճակագրության մեջ ընդհանրապես չի հայտնվում։ Կանայք Չինաստան են մտնում մեկամսյա զբոսաշրջային վիզաներով կամ առհասարակ առանց փաստաթղթերի, սահմանը հատում են ջունգլիներով ու լեռնային տարածքներով կամ կոռումպացված պաշտոնյաների օգնությամբ։ Ամուսնությունները չեն գրանցվում, իսկ երկրների միջև իրավական համագործակցության մեխանիզմները գործնականում չեն աշխատում։ Արդյունքում նման միությունների մեծ մասը պաշտոնական վիճակագրության համար մնում է «անտեսանելի», իսկ զոհերի ճշգրիտ թիվը հաշվարկել գրեթե անհնար է։
Պետք է նաև նշել, որ չափազանց պարզունակ կլիներ սահմանամերձ գյուղերում հայտնված բոլոր «հարսնացուներին» համարել առևանգված զոհեր։ Որոշ կանայք իսկապես Չինաստանում հայտնվում են իրենց կամքին հակառակ։ Մյուսները գիտակցաբար են հատում սահմանը՝ հույս ունենալով աշխատանք գտնել կամ ամուսնանալ։ Սա է պատճառը, որ կամավոր միգրացիայի և կանանց թրաֆիքինգի սահմանը շատ նուրբ է։ Բայց, թե ում հետ են պատրաստվում ամուսնացնել իրենց, կանայք հաճախ իմանում են միայն տղամարդու տան շեմն անցնելուց հետո։ Շատերն ամուսնանում են իրենցից զգալիորեն մեծ տղամարդկանց, հաշմանդամություն ունեցող անձանց կամ ընտանեկան բռնության հակված մարդկանց հետ։
Նման գործարքներին մասնակցող չինական ընտանիքները հաճախ հասկանում են, որ կանայք իրենց տանն են հայտնվել սեփական կամքին հակառակ։ Դրա մասին են վկայում փախուստը կանխելու համար ձեռնարկվող միջոցները։ Այդուհանդերձ, միջնորդին վճարելու փաստն ինքնին բազմաթիվ գնորդների աչքում նրանց «սեփականության իրավունք» է տալիս կնոջ նկատմամբ։ Հատկապես գյուղական բնակչությունը նման ամուսնությունը, ինչպես առհասարակ շատ ամուսնություններ Չինաստանում, ընկալում է որպես տնտեսական գործարք, որից երկու կողմերն էլ որոշակի օգուտ են ստանում։ Այդ պատճառով օտարերկրացի հարսնացուի համար վճարելուց հետո փեսայի հարազատները համարում են, որ նրա հիմնական կարիքներն արդեն ապահովված են, իսկ բարոյական հարցը՝ լուծված։

Պաշտոնապես Չինաստանի օրենսդրությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում կանանց և երեխաների թրաֆիքինգի համար, այդ թվում՝ ազատազրկման երկար ժամկետներ։ Ոստիկանությունը պարբերաբար գործողություններ է իրականացնում մարդկանց առևանգող և սահմանով տեղափոխող հանցավոր խմբավորումների դեմ։ Բայց սա՝ պաշտոնապես։
Իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ ուշադրություն են հրավիրում խնդրի մյուս կողմի վրա։ Ամուսնական թրաֆիքինգի զոհ դարձած կանայք պատմել են, որ ոստիկանություն դիմելը միշտ չէ, որ խնդրին լուծում է տալիս։ Ոստիկանական բաժանմունք հասնելուց հետո հաճախ հենց այդ կանանց են մեղադրանք առաջադրում՝ Չինաստանում անօրինական գտնվելու համար։ Նրանցից ոմանց մի քանի օրից մինչև մեկ տարի ժամկետով պահել են կալանքի տակ, տարել ոստիկանական բաժանմունքներ, բանտեր և նույնիսկ հոգեբուժական հաստատություններ։
Հետո նրանց արտաքսել են երկրից։ Արտաքսումը, որը պետք է փրկություն լիներ, փաստացի վերածվել է պատժի։ Կանանց երկրից դուրս են ուղարկել առանց փաստաթղթերի, ապրուստի միջոցների և անվտանգության երաշխիքների՝ հաճախ բաժանելով իրենց երեխաներից և առանց պատշաճ քննություն իրականացնելու։

Որոշ տուժածներ պատմել են, որ ոստիկանությունում իրենց առաջարկել են վերադառնալ «ամուսնու» մոտ կամ հաշվի առնել ընտանիքի և երեխայի շահերը։ Իրավապաշտպաններն ընդգծում են, որ այս օրինակներով հնարավոր չէ դատել ոստիկանություն դիմելու բոլոր դեպքերի մասին, բայց դրանք ցույց են տալիս զոհերի պաշտպանության համակարգի լուրջ բացերը։
Կարևոր դեր ունեն նաև առողջապահական համակարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցումը։ Թեև կանայք փաստաթղթեր չունեն, տեղական հիվանդանոցները նրանց բուժօգնություն են տրամադրում, իսկ երեխաներին գրանցում են որպես Չինաստանի լիիրավ քաղաքացիներ։
Հատկանշական է նաև պաշտոնական տեղեկատվական քաղաքականությունը։ Տեղական իշխանություններն ու պետական լրատվամիջոցները պարբերաբար չինացի տղամարդկանց զգուշացնում են միջնորդների միջոցով օտարերկրացի կին գտնելու վտանգների մասին։ Սակայն այդ զգուշացումների հիմնական թեման հաճախ ոչ թե կնոջ ճակատագիրն է, այլ ֆինանսական խարդախության վտանգը։ Տղամարդկանց կոչ են անում զգույշ լինել ամուսնական գործակալությունների հետ՝ գումար չկորցնելու և խարդախության զոհ չդառնալու համար։

Մեծ հաշվով, ստացվում է, որ աշխատանքային միգրացիայի և ամուսնության համար հասանելի օրինական ուղիների պակասը կանանց մղում է օգտագործել կիսաօրինական և անօրինական սխեմաներ ու վտանգել սեփական կյանքը։ Առանց փաստաթղթերի Չինաստանում հայտնվելուց հետո նրանք ամբողջությամբ կախված են լինում իրենց «ամուսիններից»։
Տեղական իշխանությունները կարող են աչք փակել նրանց կարգավիճակի վրա, բայց միաժամանակ գրանցում են երեխաներին ու այդպիսով ստեղծում «նորմալ ընտանիքի» պատկեր։ Սա էլ, իրր հերթին, դժվարեցնում է կատարվածը որպես մարդկանց թրաֆիքինգ որակելը։ Երեխաներից բաժանվելու կամ էլ արտաքսվելու վախից՝ կանայք ստիպված են հանդուրժել բռնությունը և ընդունել իրենց պարտադրված «կնոջ» դերը՝ այդպես էլ անտեսանելի մնալով թե՛ վիճակագրության, թե՛ իրավական պաշտպանության համակարգի համար։