AM
27 Նոյեմբեր 2026 - 08:30 AMT

Արցունքներ, մեմեր ու բաժնետոմսեր. Ջենսեն Հուանգը կրկին Nvidia-ի ղեկավարն է

27 Նոյեմբեր 2026

Nvidia-ն նորից չեն ղեկավարում, ղեկավարում են կրկին…

Այո՝ ամեն բան ճիշտ եք կարդացել, ու այս վերնագիրն էլ ուղղակի ուշադրություն գրավելու համար չէ։ Ջենսեն Հուանգն իսկապես կրկին ղեկավարում է Nvidia-ն։ Բորսաներն ու աշխատակիցները ցնծության մեջ են, Թրամփը՝ գլխավոր դերերում, իսկ Կոնգրեսում Հուանգին վերադարձնելու որոշումն անվանում են «անխոհեմ քայլ»։ Հասկանաք մանրամասները։

Նախապատմություն՝ մի քանի բառով

Նոյեմբերի 23-ին Nvidia-ի տնօրենների խորհուրդը Ջենսեն Հուանգին վերականգնել է ընկերության գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոնում։ Դրանից 11 օր առաջ Հուանգը հեռացվել էր պաշտոնից։ Ենթադրում ենք, որ եթե կարդում եք այս նյութը, ապա հեռացման պատճառն էլ գիտեք։ Բայց, ամեն դեպքում, լրագրողական մեր պարտքն ենք համարում մի քանի բառով հիշեցնել։

Եթե կարճ՝ Հուանգի արտաամուսնական կապերը դարձել են ամբողջ աշխարհի քննարկման առարկան, որովհետև զուգընկերուհին ենթադրյալ չինացի լրտեսուհի է։ Ինչո՞ւ է Nvidia-ի ղեկավարի անձնական կյանքն ընդհանրապես հասել ազգային անվտանգության քննարկումների։ Ընկերության արտադրած գերհզոր չիպերն օգտագործվում են արհեստական բանականության մոդելներն ուսուցանելու և գործարկելու, սուպերհամակարգիչներ ստեղծելու և հսկայական ծավալի տվյալներ մշակելու համար։

Այսինքն՝ խոսքը միայն հերթական հաջող տեխնոլոգիական բիզնեսի մասին չէ։ Սրանով է նաև որոշվում, թե որ երկիրը որքան արագ կարող է զարգացնել իր տեխնոլոգիաները։ Հենց սա է պատճառը, որ ԱՄՆ-ն սահմանափակում է ամենահզոր ԱԲ պրոցեսորների արտահանումը Չինաստան՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են ուժեղացնել Պեկինի նաև ռազմական հնարավորությունները։ Հուանգն այս հեռակա հակամարտության մեջ կողքից դիտորդ չէ։ Նա հանդես է եկել Չինաստան չիպերի մատակարարումների սահմանափակումները մեղմելու օգտին և այդ հարցով փորձել է ազդել Թրամփի վարչակազմի դիրքորոշման վրա։

Մատակարարումների շղթայի վերահսկողության արդյունքում ամերիկացիներին հասանելի է դարձել Ալիս Հուանգի էլեկտրոնային հաղորդակցությունը։ Հենց այդ ընթացքում էլ, ըստ ներկայացված վարկածի, հայտնաբերվել են Ալիսի պարբերական ու անձնական շփումները ԱՄՆ քաղաքացու հետ։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ անձը Ջենսեն Հուանգն է։

Հետախուզության հիմնական վարկածն այն է, որ Ալիսը կարող էր հավաքագրված լինել Չինաստանի պետական անվտանգության նախարարության կողմից և անձնական կապն օգտագործել երկու նպատակով՝ տեղեկություններ ստանալ ամերիկյան ԱԲ տեխնոլոգիաների մասին ու ազդել Հուանգի դիրքորոշման վրա՝ Չինաստան մատակարարումների հարցում։

Այս ամենին, անշուշտ, հետևեցին ներողությունները, ափսոսանքի խոսքերը, սկանդալային նոր բացահայտումները, բայց այդ մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր անցած շաբաթվա հոդվածում։ Ի դեպ, Հուանգի հեռացումից հետո Nvidia-ի բաժնետոմսերը բառացիորեն գահավիժել էին 28 տոկոսով, և ընկերությունը դուրս էր մնացել շուկայական կապիտալիզացիայով աշխարհի խոշորագույն ընկերությունների եռյակից։

Հոդվածում – https://www.pan.am/love/632445

Հուանգի վերադարձը

Financial Times-ը գրում է, որ Հուանգին հրապարակային և ոչ հրապարակային աջակցություն են հայտնել բարձր տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ, այդ թվում՝ Իլոն Մասկը, Uber-ի հիմնադիր Թրևիս Կալանիկը և Սիլիկոնյան հովտի այլ ներկայացուցիչներ։ Համացանցում հայտնվել էր Հուանգին աջակցող ստորագրահավաք, որը հավաքել էր տասնյակ հազարավոր ստորագրություններ։ Այնուամենայնիվ, Nvidia-ի տնօրենների խորհուրդը հայտարարում էր, որ չի ծրագրում վերադարձնել նրան։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Հուանգի վերադարձի հարցում գլխավոր դերը խաղացել է ԱՄՆ նախագահի վարչակազմը։ Թրամփը փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որը նախկինում վենչուրային ներդրող է եղել, ուղարկել է բանակցելու Nvidia-ի տնօրենների խորհրդի և անձամբ Հուանգի հետ։ NYT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վենսը տնօրենների խորհրդին խոստացել է, որ ԱՄՆ իշխանությունները հրապարակավ կհայտարարեն, թե Հուանգը սպառնալիք չի ներկայացնում ազգային անվտանգության համար, և նրա դեմ որևէ քրեական մեղադրանք առաջադրված չէ։

The Wall Street Journal-ն էլ իր աղբյուրներին հղում անելով հայտնում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշը հանգստյան օրերին Սպիտակ տանը ներկայացրել է համապատասխան զեկույց, որում նշվում է, որ Արդարադատության նախարարությունը Հուանգի նկատմամբ հետաքննություն չի վարում և չունի որևէ ապացույց, որ Nvidia-ի նախկին ղեկավարը խախտել է օրենքը կամ սպառնում է ազգային անվտանգությանը։

Հաղորդվում է, որ գլխավոր դատախազը նման եզրակացության է հանգել այն հետաքննության արդյունքներով, որն Արդարադատության նախարարությունն անցկացրել էր Nvidia-ի հետ համատեղ։ Հետաքննության ընթացքում պարզվել են չինական ընկերություններին չիպերի վաճառքի հանգամանքները։ Ուսումնասիրվող ընկերություններից մեկը սինգապուրյան Megaspeed-ն էր։ Nvidia-ի ղեկավարը հարաբերությունների մեջ էր հենց այդ ընկերության աշխատակցուհի Էլիս Հուանգի հետ։

WSJ-ի տվյալներով՝ Թրամփը, Վենսը և ԱՄՆ նախագահի վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ երկու օր շարունակ համոզել են Nvidia-ի տնօրենների խորհրդին վերադարձնել Հուանգին և ի վերջո հասել են իրենց ուզածին։ Հանգստյան օրերին Nvidia-ի տնօրենների խորհուրդը երկու անգամ նիստ է գումարել՝ Հուանգի վերադարձը քննարկելու համար։ Այդ նիստերից մեկին հեռախոսով միացել է նաև անձամբ Թրամփը։

Երբ, ի վերջո, տնօրենների խորհուրդը քվեարկել է Հուանգին վերադարձնելու օգտին, Թրամփը, իր իսկ խոսքերով, զանգահարել է Nvidia-ի ղեկավարին և ասել.

«Քեզնից միայն մի բան եմ խնդրում, Ջենսեն, աշխատիր ջանասիրաբար»։

Արցունքներ ու ցնծություն

Nvidia-ի գլխամասային գրասենյակում աշխատակիցները վերադարձած Հուանգին դիմավորել են ծափահարություններով ու անսպասելի գրկախառնություններով։

«Շնորհակալություն բոլորիդ երկրորդ հնարավորության համար»։

Հուանգն իր խոսքում նաև նշել է, որ խոստանում է երկրորդ փորձից դառնալ «լավագույն գլխավոր տնօրենը»։

Հուանգի վերադարձը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին ողջունել է նաև ֆոնդային շուկան։ Կարճ ժամանակում ընկերության բաժնետոմսերը թռիչք են գրանցել ավելի քան 30 տոկոսով։ Forbes-ի հաշվարկներով՝ Հուանգի անձնական կարողությունը մի քանի ժամվա ընթացքում աճել է ավելի քան 30 միլիարդ դոլարով՝ հասնելով 143,8 միլիարդ դոլարի։ Սա գնահատել է նաև Թրամփը.

«Շուկայի արձագանքը շատ դրական էր: Սա իրոք ցույց է տալիս, որ որոշումը ճիշտ էր»։

Ի դեպ, Nvidia-ի ղեկավարի պաշտոնում Հուանգի վերականգնումից հետո ԱՄՆ նախագահն իր սոցիալական էջերում հրապարակել է այս պատմության գուցե ամենաարտառոց լուսանկարը։ Թրամփի դեմ մահափորձից հետո արված հայտնի լուսանկարում ԱՄՆ նախագահին փոխարինել էին Հուանգով, որը վեր պարզած բռունցքի փոխարեն թափահարում էր կարմիր կրծկալ։

ԱՄՆ Կոնգրեսում, սակայն, Հուանգի վերադարձը Nvidia-ի ղեկավար կազմ շատ ավելի քիչ խանդավառություն է առաջացրել։ ԱՄՆ Սենատի բանկային կոմիտեի գործող նախագահ Թիմ Սքոթը հայտարարել է, որ Nvidia-ի գլխավոր տնօրենը ստիպված է լինելու ցուցմունք տալ Կոնգրեսում՝ Չինաստանին չիպեր վաճառելու գործով։ Լսումները նշանակված են դեկտեմբերի 3-ին։ Դեմոկրատական կուսակցության սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը 2027 թվականի սկզբին կփոխարինի Սքոթին բանկային կոմիտեի նախագահի պաշտոնում, Հուանգի վերադարձը Nvidia անվանել է «անխոհեմ» որոշում։

Ներկայացուցիչների պալատի վերահսկողական կոմիտեի անդամ, դեմոկրատ կոնգրեսական Ռոբերտ Գարսիան հայտարարել է, որ Nvidia-ի որոշումների կայացմանը Թրամփի անմիջական մասնակցությունը «ազգային անվտանգության և կոռուպցիայի հետ կապված լուրջ հարցեր է առաջացնում»։

Ակնհայտ է, որ այս կինոյի նոր եթերաշրջանը նույնքան դիտարժան է լինելու, հետևաբար մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը ու ձեզ էլ տեղյակ կպահենք ամենաանսպասելի որոշումների, շրջադարձային իրավիճակների ու Թրամփի նոր մեմերի մասին։