
«Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին կինն ու գինին»
Nvidia-ի համահիմնադիր և այժմ արդեն նախկին գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը թումանյանական այս տողերին հաստատ ծանոթ չէ։ Գուցե նաև սա՞ է պատճառը, որ Հուանգի անձնականը ազգային անվտանգության հարց դարձավ։ Միլիարդատիրոջ արտամուսնական կապն ինքնին այն լուրը չէ, որից տեխնոլոգիական աշխարհը պիտի կորցնի քունն ու հանգիստը։ Բայց իրավիճակը միանգամից փոխվում է, երբ այդ միլիարդատերը արհեստական բանականության ոլորտի առանցքային ընկերություններից մեկի ղեկավարն է, իսկ նրա հետ կապ ունեցած կնոջը կասկածում են Չինաստանի հետախուզության հետ համագործակցելու մեջ։
Եվ որքան էլ գայթակղիչ լինի այս ամենը «լրտեսի հետ սիրավեպ» անվանել, գլխավոր հարցն ավելի բազմաշերտ է՝ ի վերջո, հնարավո՞ր էր անձնական հարաբերությունների միջոցով հասնել այն տեխնոլոգիաներին ու որոշումներին, որոնց շուրջ Վաշինգտոնն ու Պեկինը տարիներ շարունակ պայքարում են։
Նախ՝ մի փոքր այն մասին, թե ինչու է Nvidia-ի ղեկավարի անձնական կյանքն ընդհանրապես հասել ազգային անվտանգության քննարկումների։ Ընկերության արտադրած գերհզոր չիպերն օգտագործվում են արհեստական բանականության մոդելներն ուսուցանելու և գործարկելու, սուպերհամակարգիչներ ստեղծելու և հսկայական ծավալի տվյալներ մշակելու համար։ Այսինքն՝ խոսքը միայն հերթական հաջող տեխնոլոգիական բիզնեսի մասին չէ։ Սրանով է նաև որոշվում, թե որ երկիրը որքան արագ կարող է զարգացնել իր տեխնոլոգիաները։ Հենց սա է պատճառը, որ ԱՄՆ-ն սահմանափակում է ամենահզոր ԱԲ պրոցեսորների արտահանումը Չինաստան՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են ուժեղացնել Պեկինի նաև ռազմական հնարավորությունները։
Հուանգն այս հեռակա հակամարտության մեջ կողքից դիտորդ չէ։ Նա հանդես է եկել Չինաստան չիպերի մատակարարումների սահմանափակումները մեղմելու օգտին և այդ հարցով փորձել է ազդել Թրամփի վարչակազմի դիրքորոշման վրա։ Բացի այդ, ըստ The Guardian-ի տվյալների, Թրամփի երկրորդ նախագահական շրջանի սկզբից ի վեր նրանք հանդիպել են առնվազն յոթ անգամ։ Nvidia-ի ղեկավարն այսպիսով հնարավորություն է ունեցել նախագահի հետ անմիջականորեն քննարկելու թե՛ արհեստական բանականության քաղաքականությունը, թե՛ պրոցեսորների արտահանումը։

Վերադառնանք չինացի գեղեցկուհուն։ Ինչպե՞ս են անվանում հազարամյակների պատմություն ունեցող այն հնարքը, երբ սիրային կամ ինտիմ հարաբերությունն օգտագործվում է տեղեկություններ ստանալու կամ մարդու որոշումների վրա ազդելու համար։ Չինական «36 ռազմավարական հնարքներ» ժողովածուում նկարագրվող «գեղեցկուհու հնարքի» տրամաբանությունը հուշում է, որ երբ հակառակորդի ուժի դեմ ուղիղ պայքարելը դժվար է, կարելի է փորձել ազդել նրա առաջնորդի զգացմունքների վրա։ Ու կարծես հենց այդպես էլ չինացի կինը հայտնվել է Nvidia-ի ղեկավարի կողքին։
Ալիս Հուանգը պատմության առանցքային հերոսներից է։ Նա նաև հայտնի է Հուանգ Լե անունով։ Համաձայն կենսագրական տվյալների՝ նրա կարիերան սկսվել է տեխնոլոգիական ոլորտից բավական հեռու՝ հեռուստատեսությունում։ Նա աշխատել է որպես թղթակից ու հաղորդավար, իսկ աշխատանքային փորձի մեջ նշվում են չինական Hunan TV-ն և պետական CCTV հեռուստաընկերությունը։ Հետո լրագրությանը փոխարինել են ֆինանսները։ Ալիսը հայտնվել է բանկային ոլորտում։ Հաջորդ կանգառը Shanghai Hexi Investment Management-ն էր, որտեղ նա զբաղվել է մասնավոր ներդրումային ֆոնդերի կառավարմամբ։ Հենց այդ շրջանում է նա ծանոթություններ ձեռք բերել Չինաստանի տեխնոլոգիական ոլորտում։
Ներդրումներից դեպի արհեստական բանականություն անցումը տեղի է ունեցել 7Road խաղային ընկերության սինգապուրյան ստորաբաժանման միջոցով։ 2023 թվականին 7Road-ը վաճառել է 7Road International ստորաբաժանումը Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության։ Նույն տարվա մարտին այդ ստորաբաժանումը վերանվանվել է Megaspeed International, իսկ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Ալիս Հուանգը։ Այսպիսով, խաղային բիզնեսից ծագած ընկերությունը հայտնվել է շատ ավելի թանկ ու ռազմավարական նշանակություն ունեցող շուկայում՝ տվյալների կենտրոնների և ԱԲ-ի համար հաշվարկային ծառայությունների ոլորտում։

Անվանափոխությունից ընդամենը օրեր անց Megaspeed-ը ստացել է Nvidia-ի պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ։ Գործընկերությունը ընկերության համար ճանապարհ էր բացում դեպի պահանջված սարքավորումներ, իսկ Ալիսի համար՝ դեպի տեխնոլոգիական փակ հանդիպումներ, կառավարական ընթրիքներ և ոլորտի ղեկավարների նեղ շրջանակ։ Անգլերենի լավ իմացությունն ու ԱԲ շուկայի մասին պատկերացումները, ըստ ամենայնի, օգնել են նրան ամրապնդվել այդ միջավայրում։ Միայն թե նման կենսագրությունն ու ազդեցիկ ծանոթություններն ինքնին լրտեսության ապացույց չեն։
The New York Times-ի համաձայն՝ ամերիկյան հետախուզության տվյալով կա վարկած, որ տարածաշրջանի համար գնված չիպերի մի մասը հայտնվել է Չինաստանում՝ արտահանման սահմանափակումները շրջանցելով։ Բայց կա նաև երկրորդ՝ ավելի խրթին ճանապարհը։ Megaspeed-ը հաճախորդներին առաջարկում էր Nvidia-ի պրոցեսորներով աշխատող տվյալների կենտրոնների հաշվարկային հզորությունից օգտվելու հնարավորություն։ Պարզ ասած՝ չիպը կարող է ֆիզիկապես մնալ մի երկրում, իսկ դրա կատարած հաշվարկներից օգտվող ընկերությունը լինել մեկ այլ երկրում։ Վաշինգտոնի մտահոգությունները հասկանալու համար այս տարբերությունը տեսնելը խիստ կարևոր է։ Megaspeed-ը հերքել է արտահանման կանոնների խախտումները, Nvidia-ն՝ իր սարքավորումների ապօրինի վերաուղղորդման պնդումները։
Բայց ԱՄՆ հետախուզությունն ունի իր տվյալները։ Ըստ վարկածի՝ ամերիկացիներին մտահոգել է Megaspeed-ի մալայզիական Speedmatrix կառույցի՝ կարճ ժամանակում կատարված միլիարդավոր դոլարների գնումները։ Սա գրավել է ԱՄՆ ֆինանսական և մաքսային վերահսկողության ուշադրությունը։ Այնուհետև, Կուալա Լումպուր են ուղարկել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ներկայացուցիչների, պահեստներում հայտնաբերվել են չբացված սերվերներ, և ստուգումները ծավալվել են այդ ուղղությամբ։

Մատակարարումների շղթայի վերահսկողության արդյունքում ամերիկացիներին հասանելի է դարձել Ալիս Հուանգի էլեկտրոնային հաղորդակցությունը։ Հենց այդ ընթացքում էլ, ըստ ներկայացված վարկածի, հայտնաբերվել են Ալիսի պարբերական ու անձնական շփումները ԱՄՆ քաղաքացու հետ։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ անձը Ջենսեն Հուանգն է։
Հետախուզության հիմնական վարկածն այն է, որ Ալիսը կարող էր հավաքագրված լինել Չինաստանի պետական անվտանգության նախարարության կողմից և անձնական կապն օգտագործել երկու նպատակով՝ տեղեկություններ ստանալ ամերիկյան ԱԲ տեխնոլոգիաների մասին ու ազդել Հուանգի դիրքորոշման վրա՝ Չինաստան մատակարարումների հարցում։ Հետևաբար հետաքրքրության առարկան միայն չիպի կառուցվածքը չէր, այլև այն պայմանները, որոնցով այդ չիպը կարող էր հասանելի դառնալ։
Բաց նամակում Հուանգը խոսում է կնոջն ու երեխաներին պատճառած ցավի մասին, ընդունում է, որ ներողությունը չի կարող փոխել կատարվածը, և հույս հայտնում, որ ժամանակի ընթացքում կկարողանա վերականգնել նրանց վստահությունը։ Միաժամանակ Հուանգը ընդգծել է իր նվիրվածությունն ընկերությանն ու երկրին և հայտնել, որ քննության ընթացքում չի պատրաստվում թողնել գլխավոր տնօրենի պաշտոնը։ Նա նաև աջակցություն է հայտնել անկախ քննությանը և խոստացել համագործակցել։ Այս հոդվածը գրելիս թարմ-թարմ ստացանք լուրը, որ չնայած այս հայտարարությանը՝ Հուանգն ամեն դեպքում հրաժարական է ներկայացրել ու հեռացել է պաշտոնից։

Բայց մի ներողությունով ընտանիք չես փրկի, հատկապես, որ Հուանգի հրապարակային կերպարը երկար տարիներ կառուցվել էր նաև կայուն ամուսնության շուրջ։ Նա Լորի Միլսի հետ ծանոթացել է համալսարանում, ամուսնացել 1985 թվականին, նրանք ունեն երկու երեխա։ Լորին, ըստ տվյալների, զբաղվում է ամուսնու ֆինանսական գործերով, ղեկավարում ընտանեկան բարեգործական հիմնադրամը և հաճախ ուղեկցում ամուսնուն հանրային միջոցառումներին։
Ի դեպ, սկանդալային այս բացահայտումների ֆոնին հիմա էլ ի հայտ է եկել մեկ պատմություն, ըստ որի Հուանգը ենթադրյալ արտամուսնական կապ է ունեցել նաև Nvidia-ի փոխնախագահ Քիմբերլի Փաուելի հետ, որը պատասխանատու է առողջապահության ոլորտում ընկերության գործունեության համար։ Փաուելը Nvidia-ում աշխատում է 2008 թվականից, իսկ այդ պաշտոնը զբաղեցնում է 2017-ից։ Նա Հուանգի անմիջական ենթակայության ներքո է, և, ըստ աղբյուրների, նրանց ենթադրյալ կապի մասին ընկերությունում իմացել են։ Ստացվում է, որ քննության առարկա կարող են դառնալ նաև որոշումների ընդունման կարգը, բացահայտված կամ չբացահայտված շահերը և մի շարք այլ հանգամանքներ։
Թրամփը, կարծես, նույնքան խիստ չէ իր ձևակերպումներում, որքան ամբողջ աշխարհը։ ԱՄՆ նախագահը Nvidia-ի նախկին ղեկավարին բնութագրել է որպես լավ մարդ, որը երկրի համար մեծ աշխատանք է կատարել, և ասել, որ նա պետք է մնա պաշտոնում։ Թրամփը նշել է, որ այդ թեմայով Հուանգի հետ չի խոսել, բայց ենթադրում է, որ նա բացատրություն ունի։ Ի դեպ, աղբյուրների պնդմամբ, Թրամփը տեղեկացված է եղել Հուանգի արտամուսնական կապերից ու խուսափել է միջազգային սկանդալից։ Հուանգին աջակցել է նաև Իլոն Մասկը՝ նրան անվանելով Միացյալ Նահանգների համար ԱԲ ոլորտում անփոխարինելի ղեկավար։

Պաշտոնական Պեկինն, իր հերթին, բավականին կտրուկ էր ձևակերպումներում։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը լրտեսության մասին պնդումներն անվանել է անհիմն և դրանք որակել որպես Չինաստանին վարկաբեկելու արշավ։ Չինական կողմը կտրականապես հերքել է նաև այն վարկածը, թե Ալիս Հուանգը հատուկ ուղարկվել է Nvidia-ի ղեկավարի մոտ՝ նրան սիրային կապի միջոցով օգտագործելու համար։
Դե, իսկ Հուանգի հայրենի Թայվանում հիասթափության մեծ ալիք է։ Վերջին տարիներին Հուանգն այնտեղ ասես առասպելական կերպար լիներ, հանրային կուռք։ Նրան անվանում էին «արհեստական բանականության կնքահայր», «Թայվանի փարոս» ու «հայր Հուանգ»։ Հիմա այդ նույն մարդիկ հիասթափված են։ Ու այստեղ հարցը միայն բիզնեսը ու տեխնոլոգիական անվտանգությունը չէ։ Նրանք չեն հասկանում, թե ինչպես կարող էր ընտանիքի օրինակելի հայր համարվող մարդը հայտնվել նման պատմության մեջ։
Ֆինանսական շուկաներին, մինչդեռ, հետաքրքրում է այս հիասթափության հաշվելի ու չափելի մասը։ Միլիարդավոր դոլարների շուկայական արժեքի անկումը, թերևս, սրա ամենադիպուկ գնահատականն է։ Հուանգի անձնական կարողության կորուստը ևս առանձին ցուցանիշ է։ Forbes USA-ի հաշվարկով՝ այն նվազել է 7.4 միլիարդ դոլարով, և նա դուրս է մնացել աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց ցանկից։ 63-ամյա գործարարինն է Nvidia-ի մոտ 3.6 տոկոս բաժնեմասը, ուստի ընկերության բաժնետոմսերի տատանումներն ուղղակիորեն ազդում են նաև նրա կարողության վրա։ Քննարկվում է նաև հնարավոր ամուսնալուծության ֆինանսական գինը։ Ամուսնալուծության դեպքում Լորին կարող է ստանալ տասնյակ միլիարդավոր դոլարներ։

Վստահաբար, այս պատմության մեջ ամենահեշտը բարոյական դատավճիռ տալն է, իսկ ամենաբարդը՝ պարզել, թե անձնական կապն ինչպես է ազդել բիզնես, քաղաքական ու անվտանգային որոշումների կայացմանը։ Հետևաբար՝ մեզ մնում է միայն սպասել ու ամբողջ աշխարհի հետ միասին հետևել իրադարձությունների զարգացմանը։