AM
30 Հոկտեմբեր 2026 - 08:30 AMT

Սերբիայում հաղթեցին ուսանողները. Վուչիչի դարաշրջանն ավարտվո՞ւմ է

30 Հոկտեմբեր 2026

Վերջերս տարբեր երկրների օրինակներով ենք համոզվում, որ քաղաքական որոշումները ու շրջադարձային պատմությունները հաճախ գրվում են փողոցում՝ հազարավոր մարդկանց ու նրանց ձեռքերում պարզած պաստառների միջոցով։ Սրա ամենաթարմ օրինակը Սերբիան է։ Երկու տարի շարունակ փողոց դուրս եկած ուսանողական շարժումը հասավ գրեթե անհավատալի արդյունքի։ «Ուսանողական ցուցակը» հաղթեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում, իսկ տասներկու տարի իշխանության ղեկին մնացած Սերբական առաջադեմ կուսակցությունն այսուհետև ընդդիմության շարքերում կլինի։ Ալեքսանդր Վուչիչն իր կուսակցության պարտությունը ճանաչեց դեռ վերջնական արդյունքների հրապարակումից առաջ։ Ինչպե՞ս ուսանողները քաղաքական հայտ ներկայացրին և ի՞նչ է սպասվում հիմա Սերբիային։ Քննարկենք հերթով։

Հաղթական վերջնագիծը

Սկսենք թվերից։ Նախնական տվյալներով՝ «Ուսանողական ցուցակը» հավաքել է ձայների կեսից ավելին և կարող է ինքնուրույն կառավարություն կազմել։ Վուչիչի գլխավորած ուժը ստացել է ընտրողների 40,41 տոկոսի վստահությունը։ Սերբիայի խորհրդարանը 250 տեղ ունի, և ինչպես հայտնել է հենց Վուչիչը՝ իր կողմնակիցներին ուղղված խոսքում, ուսանողները կստանան 135-140 մանդատ, իսկ իր կուսակցությունը՝ մոտ 105։ Ի դեպ, առաջին անգամ խորհրդարան չի անցել Սերբիայի սոցիալիստական կուսակցությունը, որն այսքան տարի համարվում էր քաղաքական դաշտի անբաժան մասը։ Ավելին՝ մյուս խոշոր ուժերը նույնպես չեն հաղթահարել նվազագույն շեմը։

Նախընտրական հարցումները ո՛չ ուսանողների, ո՛չ էլ Վուչիչի կուսակցության վստահ հաղթանակ չէին խոստանում։ Երկու ճամբարների միջև պայքարը թեժ էր ու ոչ ոք, կարծես, չէր համարձակվում վերջնական կանխատեսում անել։

Որպեսզի հասկանանք, թե ինչու է այս պարտությունը այդքան խորհրդանշական, պետք է հիշել, թե ով է Վուչիչը։ 2014-2017 թվականն ընկած ժամանակահատվածում նա երկրի վարչապետն էր, իսկ 2017-ից մինչև 2026 թվականը՝ նախագահը։ Երկու ժամկետ անընդմեջ նախագահի աթոռին նստած քաղաքական գործիչը երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չուներ, ուստի որոշեց վերադառնալ վարչապետի պաշտոնով։

Սեպտեմբերին Վուչիչը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և ինքն էլ գլխավորեց Սերբական առաջադեմ կուսակցության ցուցակը։ Այս ընտրությունները նա կազմակերպել էր իր իսկ նախաձեռնությամբ, և ակնհայտորեն հույս ուներ վերահաստատել իր իշխանությունը։ Ու ահա՝ արդյունքում ստացվեց հակառակը։ Շատերի համար հատկանշական է նաև այն, որ Վուչիչը չսպասեց բոլոր քվեաթերթիկի հաշվարկին ու ճանարչեց իր պարտությունը։

«Մենք դեռ վերջնական արդյունքներ չունենք, բայց պարզ է, որ պարտվել ենք այս ընտրություններում։ Հաղթեց բողոքի շարժման մասնակիցների կազմած ուսանողական ցուցակը»։

Ըստ վերլուծաբանների, այս «հեշտ համակերպման» պատճառներից մեկն ընտրողների աննախադեպ մասնակցությունն էր։ Քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների գրեթե 70 տոկոսը։ Սա Հարավսլավիայի փլուզումից ի վեր՝ 1992 թվականից հետո, ամենաբարձր ցուցանիշն է։

Ինչի՞ց էր սկսվել դժգոհության ալիքը

Որպեսզի հասկանանք, թե ինչպես Սերբիան հասավ այս կետին, պետք է երկու տարի հետ գնալ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ին Սերբիայի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Նովի Սադում, փլուզվեց վերջերս վերանորոգված երկաթուղային կայարանի ծածկը։ Զոհվեց 16 մարդ։ Ու անմիջապես տարածվեց կոռուպցիայի շուրջ մեղադրանքների շղթան։ Շինարարական պայմանագրերի բաշխման կարգը և ենթակապալառուների դերը հարցեր էին առաջացնում գործարքների թափանցիկության և իշխանական կառույցների հետ հնարավոր կապերի մասին։ Բացի այդ, ենթադրվում էր, որ իշխանությունները գիտակցաբար անտեսել էին անվտանգության նորմերի խախտման մասին զգուշացումները։

Սա էր այն կայծը, որից բռնկվեց ամբողջ երկիրը։ Սկզբում ողբերգությանը հաջորդեց սուգը, անմիջապես հետո՝ զայրույթը։ Ուսանողները փողոց դուրս եկան՝ «Կոռուպցիան սպանում է» կարգախոսով։ Հաջորդող երկու տարիների ընթացքում ուսանողները ոտքով շրջում էին ամբողջ Սերբիայում, խոսում մարդկանց հետ և կազմակերպում երկրի պատմության ամենախոշոր բողոքի ակցիաներից մի քանիսը։

Գործընթացի ավարտին նրանք որոշեցին չսահմանափակվել փողոցով և մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Արդեն շուրջ երկու տարի էր՝ Սերբիայում սուր քաղաքական և հասարակական բևեռացում էր։ Վուչիչի կողմնակիցներն իրենց հերթին ուսանողներին մեղադրում էին արտասահմանյան դրամաշնորհներով ֆինանսավորվող «գունավոր հեղափոխություն» նախապատրաստելու մեջ։

Հաջողության գաղտնիքը

Վերլուծաբանները կարծում են, որ նման արդյունքի հիմքում քարոզարշավի բացառիկ կազմակերպվածությունն էր։ Նոր քաղաքական ուժի հաջողության բանալին հրաշալի կազմակերպված «դռնեդուռ» քարոզարշավն էր։ Ուսանողներն ասես արթնացրին սերբական հասարակությանը, դուրս բերեցին անտարբերության թմբիրից, ինչպես նաև քաղաքական ներգրավվածության ու քաղաքացիական ակտիվության դրդեցին։

«Ուսանողական ցուցակի» կազմում գրեթե չկան ո՛չ քաղաքական գործիչներ, ո՛չ էլ հենց ուսանողներ։ Ցուցակը գլխավորում է սրտաբանության պրոֆեսոր Իլյա Սրդանովիչը։ Նրա կողքին են նախկին բասկետբոլիստ Դեյան Բոդիրոգան, դերասան Տիհոմիր Ստանիչը, օպերային երգիչ Նիկոլա Միչիչը և Սերբիայի Ազգային բանկի նախկին նախագահ, տնտեսագիտության պրոֆեսոր Դեյան Շոշկիչը։ Վերջինիս անունն ամենից հաճախ է հնչում որպես հնարավոր նոր վարչապետի թեկնածու։

Ցուցակը շատ գունեղ է նաև գաղափարական առումով։ Այստեղ կան և նրանք, ովքեր Սերբիան տեսնում են Եվրոպական միության կազմում, և նրանք, ովքեր ավելի մոտ են Ռուսաստանին։ Կան ձախեր ու աջեր, առաջադեմներ ու պահպանողականներ։ Նրանց պնդմամբ՝ իրենց միավորում է մեկ նպատակ՝ Սերբիայում վերականգնել օրենքի գերակայությունը։ Շատ դիտորդներ համոզված են, որ միայն այսպիսի դաշինքը, որը հաղթահարում է գաղափարական պատնեշները, կարող էր հնարավորություն տալ հաղթել Վուչիչին։

Ի՞նչ կփոխվի Սերբիայում

Հաղթանակի բերկրանքը մի կողմ թողնելով՝ հիմա սկսվում է ամենադժվար փուլը։ Իրենց նախընտրական ծրագրում «Ուսանողական ցուցակը» խոստացել էր պայքար կոռուպցիայի դեմ, լրատվամիջոցների բարեփոխում (այդ թվում՝ ազգային հեռարձակողին քաղաքական վերահսկողությունից ազատելը) և ներքին գործերի նախարարության «մաքրում» այն մարդկանցից, ովքեր մասնակցել են բողոքի ցույցերի դաժան ճնշմանը կամ կապված են կազմակերպված հանցավորության հետ։

Ընդդիմադիրներն ակնկալում են նաև Վուչիչի կողմնակիցների, ինչպես նաև հենց նախկին նախագահի հետապնդումը։ Նրանց կարծիքով՝ Վուչիչը չպետք է վերածվի սովորական ընդդիմադիր քաղաքական գործչի, այլ ընդհակառակը՝ պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին։

Արտաքին քաղաքականության մասին ուսանողական շարժումը խոսում է շատ ավելի քիչ, քան ներքին բարեփոխումների մասին։ Մինչդեռ նոր կառավարության համար սա առանձին գլխացավանք է լինելու։ Պետք է փորձել հավասարակշռել հարաբերությունները մեծ ներդրումներով հայտնի Չինաստանի, ավանդական դաշնակից Ռուսաստանի և գլխավոր առևտրային գործընկեր Եվրամիության մեջ։

ԵՄ-ում արդեն հայտնել են «Ուսանողական ցուցակին» իրենց աջակցությունը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում գրել է.

«Այսօր սերբերը ռեկորդային թվով մասնակցեցին ընտրություններին՝ որոշելու իրենց երկրի ապագան։ Շնորհավորում ենք «Ուսանողական ցուցակին» խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել բարեփոխումներին օրենքի գերակայության, լրատվամիջոցների ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցերում։»

Մոսկվան ևս բաց չի թողել արձագանքելու առիթը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ «Ուսանողական ցուցակի» գործողությունները կուղղվեն հարաբերությունների հետագա կառուցողական զարգացմանը, և որ այս նոր քաղաքական ուժը կհասկանա՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը Սերբիայի շահերից է բխում, քանի որ այն առաջին հերթին Սերբիայի համար է շահավետ։ Պեսկովն ավելացրել է.

«Տանգոն երկուսով են պարում»։

Հաղթանակից հետո հարցերը ոչ թե պակասել, այլ ավելացել են։ Որքա՞ն ժամանակ «Ուսանողական ցուցակը», որը միավորում է տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների, կկարողանա պահպանել միասնությունը։ Ի՞նչ կհասցնի անել այդ ընթացքում։ Ինչպիսի՞ ուղղություն կընտրի Եվրոպական միության, Ռուսաստանի և Կոսովոյի հետ հարաբերություններում։ Որքանո՞վ կկարողանա մանևրել, եթե հաշվի առնենք, որ սերբական քաղաքներն ու համայնքները դեռևս մնում են Սերբական առաջադեմ կուսակցության վերահսկողության տակ։ Անշուշտ, շատ բան կախված է նաև վարչապետի թեկնածուի ընտրությունից։ Այսպիսով, Սերբիան կանգնած է խաչմերուկում։ Տասներկու տարվա իշխանությունից հետո երկիրն առաջին անգամ իրական հնարավորություն ունի փոխելու ընթացքը։ Հիմա մնում է տեսնել՝ այս հաղթանակը կվերածվի՞ կայուն փոփոխության, թե՞ պատմության մեջ կհշվի սոսկ հաղթական գիշերով։