AM
16 Հոկտեմբեր 2026 - 08:30 AMT

Breaking Bad-ից Ուոլթեր Ուայթ կրտսերի մասին հուշերն ու հուզական աջակցության կարևորությունը. 34 տարեկանում մահացել է Ար Ջեյ Միթը

16 Հոկտեմբեր 2026

«Ես քեզ կկարոտեմ, տղա՛ս»․ Բրայան Քրենսթոնն այս բառերով հրաժեշտ տվեց Ար Ջեյ Միթին։ «Ամբողջ ծանրությամբ» (Breaking Bad) հեռուստասերիալում Միթը մարմնավորել էր Քրենսթոնի որդուն։ Տարիներ առաջ նկարահանման հրապարակում սկսված նրանց ծանոթությունը շարունակվել էր նաև սերիալի ավարտից հետո։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրանք նամակագրվում էին ու փորձում պայմանավորվել միասին ճաշելու մասին։ Օրեր առաջ՝ հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Միթը մահացել է 34 տարեկանում։ Լուրը հաստատեցին նրա ներկայացուցիչները։ Դերասանն ինքնասպան է եղել։

Ար Ջեյ Միթը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին՝ Լուիզիանա նահանգի Լաֆայեթ քաղաքում։ Դեռ մանկության տարիներին նրա մոտ ախտորոշվել էր մանկական ուղեղային կաթված։ Այդ ախտորոշմամբ ապրելը հետևողական աշխատանք էր պահանջում։ Նրա առօրյայի մաս էր կազմում, օրինակ, ֆիզիկական թերապիան, որն օգնում էր զարգացնել շարժողական հմտությունները։

Հետագայում, երբ դերասանն արդեն ճանաչում ուներ, նա հաճախ էր խոսում հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունների մասին։ Նրա համար հարցն անձնական էր՝ սեփական փորձից գիտեր թե՛ առողջական դժվարությունները, թե՛ այն սահմանափակումները, որոնք կարող են սահմանվել ուրիշների կանխակալ պատկերացումների պատճառով։ Դերասանական ճանապարհին նրան ուղեկցելու էր նաև այդ պատկերացումները փոխելու ցանկությունը։

Միթի ընտանիքի՝ Լոս Անջելես տեղափոխվելու որոշումը սկզբում կապված էր նրա կրտսեր քրոջ՝ Լասիան Քարիերի հետ։ 2006 թվականին աղջիկը ֆիլմում նկարահանվելու առաջարկ էր ստացել, և ընտանիքը տեղափոխվել էր քաղաք, որտեղ շուտով իր առաջին քայլերն էր անելու նաև Ար Ջեյը։ Նա սկսեց փոքր էպիզոդիկ դերերից, այդ թվում՝ Դիսնեյի «Հանա Մոնտանա» հեռուստասերիալում։

Նկարահանումների փորձը հետաքրքրություն առաջացրեց դերասանության նկատմամբ, և Միթը որոշեց դերասանական վարպետության դասեր անցնել։ Այնուհետև ստացավ այն առաջարկը, որը պիտի դառնար նրա մասնագիտական կյանքի շրջադարձը։ Նրան ընտրեցին AMC-ի «Ամբողջ ծանրությամբ» սերիալում Ուոլթեր Ուայթ կրտսերի դերի համար։ Պատանի դերասանը հայտնվեց մի նախագծում, որի հետ նրա անունը կապվելու էր երկար տարիներ։

Բրայան Քրենսթոնն իր հրաժեշտի տեքստում հիշում է, որ իրենց ծանոթության ժամանակ Միթն ընդամենը 14 տարեկան էր։ 2007 թվականի փետրվարին, երբ սկսվեցին սերիալի փորձնական էպիզոդի նկարահանումները, տղան դեռ գրեթե անփորձ էր։ Էկրանային ծնողները՝ Քրենսթոնն ու Աննա Գանը, նրա կողքին էին նաև աշխատանքային առօրյայում, օգնում էին իրենց փորձով ու խորհուրդներով։ Միթը հաճախ էր հետևում այդ խորհուրդներին, բայց երբեմն, ինչպես ցանկացած դեռահաս, անտեսում էր դրանք՝ նախընտրելով ամեն ինչ ինքնուրույն փորձել։ Հանրահայտ դարձող սերիալի նկարահանումների ու մեծահասակների աշխատանքային ռիթմի մեջ նա շարունակում էր երեխա մնալ։

Ուոլթեր Ուայթ կրտսերը, որին հեռուստադիտողները ճանաչում են նաև Ֆլին անունով, գլխավոր հերոսի որդին էր։ Նրա կերպարի միջոցով սերիալի մութ պատմությունների մեջ տեղ էին գտնում նաև ընտանեկան ջերմությունը, խոցելիությունն ու հարազատների միջև զգայական կապը։ Միթին հաջողվում էր այդ ամենը փոխանցել անկեղծ, զուսպ խաղով՝ առանց դրամատիկ շեշտադրումների։ Այդ դերը դարձավ Միթի այցեքարտը, իսկ տարիներ շարունակ նույն կերպարի վրա աշխատելը նրան տվեց մասնագիտական փորձ, որը չէր կարող ստանալ որևէ դերասանական դասընթացի արդյունքում։

Միթին և նրա հերոսին միավորում էր նաև մանկական ուղեղային կաթվածով ապրելու փորձը, բայց դերը մարմնավորելու համար անձնական փորձը բավարար չէր։ Նա պետք է սովորեր հենակներով շարժվել և վերարտադրել կերպարին բնորոշ խոսքի առանձնահատկությունները։ Իր կյանքում Միթը թերապիայի միջոցով աշխատում էր զարգացնել շարժումներն ու առօրյա գործողությունները կառավարելու կարողությունը, իսկ նկարահանման հրապարակում պետք է ճշգրիտ ներկայացներ մեկ ուրիշ մարդու վիճակը։ Միթի համար հետագայում ևս կարևոր էր, որ հաշմանդամություն ունեցող կերպարները լիարժեք հերոսներ լինեն՝ սեփական ցանկություններով և ներքին մղումներով։

Գործընկերները հիշում են, որ երիտասարդ դերասանը հաստատակամորեն դիմանում էր նկարահանումների ծանր գրաֆիկին և մեծ ոգևորությամբ էր խաղում իր դերը։ Թեև «Ամբողջ ծանրությամբ» սերիալը մնաց նրա ամենաճանաչված աշխատանքը, Միթի գործունեությունը չէր սահմանափակվում մեկ հեռուստասերիալով։ 2011 թվականին նա նկարահանվեց «Դրոշմ» կարճամետրաժ սարսափ ֆիլմում։ Նույն թվականին ստանձնեց նաև «Անհետացում. Թարա Կալիկոյի պատմությունը» վավերագրական նախագծի գործադիր պրոդյուսերի աշխատանքը։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում տեղ էին գտնում և՛ գեղարվեստական դերերը, և՛ իրական դեպքերին անդրադարձող նախագծերը։

2013 թվականին Միթը նկարահանվեց «Մոռացված իրերի տուն» թրիլլերում, իսկ նույն տարվա նոյեմբերին մասնակցեց «Դաշտային ծաղիկներ» ֆիլմի նկարահանումներին։ Այդ նախագծում նա նաև պրոդյուսերներից մեկն էր։ Ֆիլմի գլխավոր դերը խաղում էր Ֆրենսիս Ֆիշերը, դերասանական կազմում էր նաև Միթի քույրը։ Նրա աշխատանքների շարքում կային երաժշտական տեսահոլովակներ ևս՝ Hollywood Undead խմբի Dead Bite-ը, Steel Panther-ի Party Like Tomorrow Is the End of the World-ը և Nothing But Thieves-ի If I Get High-ը։

Միթի համար դերեր ընտրելիս կարևոր էր նաև այն, թե ինչ կերպ են պատմությունները ներկայացնում հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Նա ցանկանում էր, որ հերոսները սեփական երազանքները, նպատակներն ու հակասություններն ունենան, և նրանց ամբողջ կյանքը չսահմանափակվի ախտորոշմամբ։ Այս մոտեցումն արտացոլվում էր նաև նրա հասարակական գործունեության մեջ։ Դերասանը մասնակցում էր իրազեկման արշավների, ելույթ ունենում թեմատիկ համաժողովներում և համագործակցում հաշմանդամություն ունեցող մարդկանց աջակցող կազմակերպությունների հետ։ Հայտնիությունը նրան հնարավորություն էր տալիս բարձրաձայնել այն հարցերը, որոնց բախվել էր նաև ինքը։

Մասնագիտական միջավայրում տեղ գտնելը, հավասար հնարավորություններ ունենալը և ուրիշների կանխակալ վերաբերմունքը հաղթահարելն այս ցանկում առաջիններից էին։ Միթն ընդգծում էր, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում խոչընդոտները հաճախ ստեղծվում են շրջապատի վերաբերմունքի ու հասարակական պատկերացումների պատճառով։

Ար Ջեյ Միթն իր ամբողջ կյանքի ընթացքում փորձել է օգտակար լինել այլոց ու սա փաստում են նրան ճանաչող մարդիկ։ Իրենց կրտսեր ընկերոջ ու գործընկերոջ մահվանն ադրադարձել են բոլոր այն մարդիկ, որոնք էկրանի առջև ու դրանից այն կողմ տեսել և զգացել են Միթի էներգիան, տաղանդն ու աշխատասիրությունը։ Իրենց ցավակցական խոսքերում հանրային մարդիկ չեն մոռանում նաև հիշեցնել, որ որևէ մեկն այս աշխարհում մենակ չէ, ու որ լուծում միշտ էլ կա՝ անգամ ամենածանր իրավիճակներում։ Լուծումներ չկան միայն մեկ դեպքում՝ երբ մարդը որոշում է վերջ տալ կյանքին։ Եթե դուք կամ ձեր սիրելի մարդիկ նման հոգեվիճակում են՝ անպայման դիմեք մասնագետի։ Հայաստանում գործում է նաև հուզական աջակցության թեժ գիծ, հեռախոսահամարը՝ 0800 00 900։