AM
20 Նոյեմբեր 2026 - 08:30 AMT

Բժիշկ Նոուից մինչև Կազինո Ռոյալ ու Սքայֆոլ. Ջեյմս Բոնդի ժառանգությունն ու Ռոբերտ Փեթինսոնը՝ 7-րդ գործակալ 007

20 Նոյեմբեր 2026

Վերջին ամիսներին աշխարհը քննարկում ու գուշակում էր նոր Ջեյմս Բոնդի անունը։ Մի քանի անուն ամենահաճախն էին շոշափվում ու գրեթե հստակ էր, որ Բոնդի դերակատարումը հենց նրանցից մեկին է հասնելու։ Բայց ինչպես սոցցանցային մեմերն են հաստատում՝ երբ որևէ տեղ հայտնվում է Ռոբերտ Փեթինսոնը, մնացածը կարող են տուն գնալ։ Միայն վերջին ռաունդում մրցավազքին միացած դերասանը կարողացավ շրջանցել բրիտանացի բոլոր դերասաններին։ Օրեր առաջ Amazon MGM Studios-ը պաշտոնապես հաստատեց, որ Ջեյմս Բոնդի դերը կմարմնավորի Ռոբերտ Փեթինսոնը։ Փեթինսոնը կդառնա ֆիլմաշարում այս կերպարը մարմնավորած յոթերորդ դերասանը և առաջինը, որի անունը հայտարարվում է Amazon-ի ստեղծագործական վերահսկողության ներքո։

Նոր Բոնդն ու նոր կրքերը

Նոր ֆիլմի շուրջ ձևավորվող ստեղծագործական թիմն արդեն ուրվագծվում է։ «Ժամանումը» (Arrival), «Շեղբի վրայով վազողը – 2049» (Blade Runner 2049) և «Դյունա» (Dune) ֆիլմերի ռեժիսոր Դենի Վիլնյովը կնկարահանի Բոնդի մասին պատմող 26-րդ ֆիլմը՝ «Սուր հովարներ» (Peaky Blinders) սերիալի հեղինակ Սթիվեն Նայթի սցենարով։ Էմի Պասկալը և Դեյվիդ Հեյմանը հանդես կգան որպես պրոդյուսերներ՝ Pascal Pictures և Heyday Films ընկերությունների միջոցով, իսկ Տանյա Լապուանտը կլինի գործադիր պրոդյուսերը։ Ըստ տեղեկությունների՝ դերասանների ընտրության գործընթացը ղեկավարում է ոլորտի ամենապահանջված քասթինգ-տնօրեններից մեկը՝ Նինա Գոլդը։

Այն, ինչ դեռ չի հայտարարվել, ոչ պակաս կարևոր է։ Նկարահանումների մեկնարկի կամ կինովարձույթի պաշտոնական ամսաթվերը դեռ հայտնի չեն, գաղտնի է պահվում նաև ֆիլմի վերնագիրը։ Լրատվամիջոցները կանխատեսում են, որ ֆիլմը էկրան կբարձրանա 2028 թվականին, իսկ նկարահանումները կսկսվեն 2027-ին։

Prime Video-ի և Amazon MGM Studios-ի ղեկավար Մայք Հոփքինսը հայտարարել է, որ Փեթինսոնի դերասանական լայն դիապազոնը ու էկրանային ներկայությունն այն է, ինչ պետք էր նոր ֆիլմին։ Ռեժիսոր Վիլնյովն էլ նշել է, որ Փեթինսոնն ունի «ժամանակից դուրս հոգի», որը լիովին համապատասխանում է գործակալ 007-ին՝ միաժամանակ նոր շունչ հաղորդելով կերպարին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ընտրության փուլին մասնակցած մյուս դերասաններին։ Ինքը՝ Փեթինսոնը, դերն անվանել է իրականացած երազանք և մեծ պատիվ, որի համար խորապես երախտապարտ է։

Ճամայկայում ծնված լրտեսը

Բոնդի մասին ցանկացած պատմություն սկսվում է գրող, լրագրող Յան Ֆլեմինգից, որը համատեղությամբ նաև բրիտանական ռազմածովային հետախուզության նախկին սպա էր։ Իր առաջին վեպը՝ «Կազինո Ռոյալը», Ֆլեմինգը գրել է 1952 թվականին Ճամայկայում։ Գիրքը լույս է տեսել 1953-ին։ Նրա ստեղծած կերպարը կոպիտ էր, սառնասիրտ, իսկ անունը միտումնավոր շատ հասարակ էր հնչում։ Ավելի ուշ Ֆլեմինգը պատմել է, որ անունը վերցրել է ամերիկացի մի թռչնաբանից, քանի որ իր հերոսի համար ուզում էր գտնել հնարավորինս պարզ ու սովորական անուն։

Մինչև իր մահը՝ 1964 թվականը, Ֆլեմինգը գրեց Բոնդի մասին տասներկու վեպ և պատմվածքների երկու ժողովածու։ Առաջին տարիներին գրքերը վաճառվում էին կայուն, բայց ոչ գլխապտույտ տեմպերով։ 1958 թվականին՝ վեցերորդ վեպի՝ «Բժիշկ Նոուի» լույսընծայման ժամանակ, Բոնդն արդեն լավ վաճառվող գրքերի հերոս էր, բայց դեռ համընդհանուր ճանաչում չուներ։ Ամեն ինչ փոխվեց, երբ կինոպրոդյուսերներից մեկը որոշեց, որ այս կերպարի տեղը մեծ էկրանին է։

Առաջին փորձն արել էր հենց Ֆլեմինգը։ 1950-ականների վերջին նա պրոդյուսեր Քևին ՄակՔլորիի և սցենարիստ Ջեք Ուիթինգհեմի հետ աշխատում էր ֆիլմի համար նախատեսված սցենարի վրա, բայց նախագիծը շարունակություն չունեցավ։ Այդ անավարտ գործը դարձավ իրավական քաշքշուկների պատճառ և այդ վեճը տասնամյակներ շարունակ ձևավորեց կինոշարքի իրավական մոտեցումները։

Կար նաև էկրանավորման մեկ այլ վաղ փորձ, որի մասին երկրպագուների մեծ մասը չգիտի։ 1954 թվականին «Կազինո Ռոյալի» մեկժամանոց ամերիկյան հեռուստատեսային ադապտացիայում հերոսին դարձրել էին «Ջիմի» Բոնդ անունով ամերիկացի, որին մարմնավորում էր Բարի Նելսոնը։

Ինչպես Բոնդը հայտնվեց մեծ էկրանին

Այս ֆիլմաշարը գոյություն ունի, որովհետև երկու պրոդյուսեր, որոնք չէին հավանում միմյանց աշխատելաոճը, համաձայնեցին համագործակցել։ Կանադացի շոումեն Հարի Զալցմանը ձեռք էր բերել Ֆլեմինգի վեպերի էկրանավորման իրավունքը, իսկ ամերիկացի պրոդյուսեր Ալբերտ «Քաբի» Բրոքոլին նույնպես հետաքրքրված էր դրանցով։ Պայքարելու փոխարեն նրանք հիմնեցին երկու ընկերություն՝ Eon Productions-ը՝ ֆիլմերը նկարահանելու, և Danjaq-ը՝ հեղինակային իրավունքները տնօրինելու համար։

Խոշոր ստուդիաների մեծ մասից մերժում ստանալուց հետո նրանք գործարք կնքեցին United Artists-ի հետ։ Ստուդիայի առաջին ներդրումը համեստ էր։ United Artists-ը «Բժիշկ Նոու» ֆիլմի համար տրամադրել էր մոտ մեկ միլիոն դոլար, ինչը փոքր գումար էր աշխարհով մեկ ճամփորդող լրտեսի մասին ֆիլմի համար։

Գլխավոր դերակատարի ընտրությունն առանձին պատմություն էր։ Պրոդյուսերները, ըստ տեղեկությունների, դիտարկել էին ավելի քան հարյուր դերասանի։ Ֆլեմինգը, որն այդ դերում պատկերացնում էր Դեյվիդ Նիվենին, բացահայտորեն դեմ էր շոտլանդացի Շոն Քոններիին։ Ասում են՝ նրան համարում էր «ոչ այնքան նրբաճաշակ»։ Բայց հետագայում՝ ֆիլմում նրա խաղը տեսնելուց հետո գրողը փոխել է կարծիքը և հետագա վեպերում կերպարին շոտլանդական ծագում է տվել։ «Բժիշկ Նոու» ֆիլմի պրեմիերան կայացավ Լոնդոնում 1962 թվականի հոկտեմբերին։ Ի դեպ՝ այդ նույն շաբաթվա ընթացքում The Beatles-ը թողարկեց իր առաջին սինգլը։

Վեց դերասան ու մեկ գործակալ

Շոն Քոններին կերպարի չափանիշը սահմանեց 1962-ից 1971 թվականներին թողարկված վեց ֆիլմերում։ Նա միահյուսեց սրամտությունն ու վտանգավոր լինելու զգացողությունը և ստեղծեց համաշխարհային ֆենոմեն։ Նրան հաջորդեց Ջորջ Լեզենբին՝ 1969 թվականի մեկ ֆիլմով՝ «Նորին Մեծության գաղտնի ծառայությունում»։ Այնուհետև Ռոջեր Մուրը ստանձնեց դերը յոթ ֆիլմերում՝ 1973-ից 1985 թվականներին։ Սա կինոշարքում ամենաերկար շրջանն է որևէ դերասանի համար։ Դերասանը ֆիլմին ավելի թեթև ու կատակերգական երանգներ հաղորդեց։

Թիմոթի Դալթոնը նկարահանվեց երկու ֆիլմում՝ 1987 և 1989 թվականներին՝ մարմնավորելով ավելի կոշտ և Ֆլեմինգի գրքերին ավելի մոտ Բոնդի։ Երկար դադարից հետո Փիրս Բրոսնանը կինոշարքը վերադարձրեց մեծ էկրան՝ 1995-ից 2002 թվականներին խաղալով չորս ֆիլմում։ Այս շարքը եզրափակում է Դենիել Քրեյգը՝ 2006-ից 2021 թվականներին նկարահանված հինգ ֆիլմերով։

Ու ահա՝ այս լեգենդար ժառանգությունն իր ուսերին՝ Փեթինսոնը կդառնա կինոշարքի յոթերորդ գործակալ 007-ը։ Դերասանի յուրաքանչյուր փոփոխություն ընթացել է նույն սցենարով՝ նախ երկրպագուների ենթադրությունների շրջանն էր, հետո նրանց կարծիքները երկու մասի բաժանող հայտարարությունը ու վերջում ֆիլմը, որը կա՛մ փակում է բոլոր վեճերը, կա՛մ՝ ավելի սրում դրանք։

Բիզնես՝ սմոքինգի հետևում

Ֆիլմաշարի իրավական պատմությունը նույնքան խճճված է, որքան դրա սյուժեները։ Տասնամյակներ շարունակ Բոնդի ժառանգության առանցքային հատվածները գտնվում էին տարբեր ձեռքերում, և 1999 թվականին MGM-ը հինգ միլիոն դոլար վճարեց Sony-ին՝ վեճը կարգավորելու և ամբողջ ֆիլմաշարի, այդ թվում՝ «Կազինո Ռոյալի» իրավունքներն ամբողջությամբ ստանալու համար։

Սեփականության հաջորդ փոփոխությունը տեղի ունեցավ 2022 թվականին, երբ Amazon-ը գնեց MGM-ը՝ 8,45 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով։ Բայց այս գնումը Amazon-ին ստեղծագործական վերահսկողության իրավունք չէր տալիս։ Վերջինս մնաց Բրոքոլի ընտանիքի ձեռքում։ Կան տվյալներ, որ Բրոքոլին Amazon-ի հետ անհաշտություն ուներ ֆիլմաշարի զարգացման ուղղության հարցում, ինչը փաստացի սառեցրել էր հաջորդ ֆիլմի ստեղծման աշխատանքները։

Փակուղին հաղթահարվեց 2025 թվականի փետրվարին։ Amazon MGM Studios-ը, Բրոքոլին և Ուիլսոնը հայտարարեցին համատեղ ձեռնարկության ստեղծման մասին, որը կտնօրինի Բոնդի մտավոր սեփականությունը։ Ընտանիքը համասեփականատեր մնաց, իսկ Amazon-ը ստանձնեց ստեղծագործական վերահսկողությունը։ Եթե ապակոդավորենք սա՝ ապա Amazon-ը հասավ իր մուրազին։

Արձագանքները բուռն էին ու հակասական։ Marvel-ի չորս ֆիլմերի համառեժիսոր Ջո Ռուսոն Amazon-ին հրապարակայնորեն հորդորեց չվերածել Բոնդին կինոտիեզերքի, իսկ սոցցանցերում օգտատերերը սգում էին կերպարի «մահը»։ Խաղասեղանին դրված գումարները մեղմ ասած տպավորիչ են։ Տարբեր տվյալներով՝ կինոշարքի համաշխարհային ընդհանուր դրամարկղային մուտքերը գերազանցել են 7 միլիարդ դոլարը։ Ֆիլմաշարը երբևէ ստեղծված ամենաեկամտաբեր նախագծերից է ու խոստանում է նույնքան հաջողված լինել։

Անշուշտ, դեռևս բազմաթիվ անպատասխան հարցեր կան, որոնք պիտի սահմանեն Ջեյմս Բոնդի նոր փուլը։ Պետք է հասկանալ նաև, թե որքա՞ն ազատ է իր գործողություններում Amazon-ը ու որքանո՞վ դա կխանգարի բնույթով ավանդական ու կայացած Ջեյմս Բոնդին։ Ու խոսքն ընդհանրապես սյուժեի մասին չէ։ Առջևում ֆիլմի ցուցադրման, զարգացման ուղղությունների ու այլ ռազմավարական հարցերի շուրջ որոշումների փուլն է։