
Իսպանական Տեներիֆեի հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է 30 տարեկանում։ Նա Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի խաղի ժամանակ գնդակի համար պայքարում ծանր վնասվածք էր ստացել: Ֆուտբոլիստին հարվածել էր Անդորրայի դարպասապահը։ Ողբերգական ելքով այս միջադեպը ցնցել է ֆուտբոլային աշխարհը։ Ցավակցական ու ափսոսանքի խոսքեր են գրում ակումբները, ֆուտբոլիստներն ու ֆուտբոլային կառույցները։ Նախ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել խաղադաշտում, իսկ հետո կմանրամասնենք ֆուտբոլային խաղի ընթացքում մահվան ելքով այլ դեպքերի մասին ևս։
Խաղը Տեներիֆեի և Անդորրայի միջև էր։ Հանդիպման ավարտին րոպեներ էին մնացել։ Ավելացված ժամանակի յոթերորդ րոպեին հաշիվը 2:2 էր։ Ողբերգական ավարտով դեպքը գրանցվել է, երբ Անդորրայի դարպասապահ Խեսուս Օվոնոն ծնկով հարվածել է Խեսուս դե Միգելին։ Հարվածից հետո Դե Միգելն անշարժ պառկել է խոտածածկին։

Բժիշկները առաջին օգնությունը ցույց են տվել անմիջապես խաղադաշտում։ Այնուհետև նրան շտապօգնության մեքենայով «Էլիոդորո Ռոդրիգես Լոպես» մարզադաշտից տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքը ցնցել է երկու թիմերի խաղացողներին։ Դե Միգելի թիմակիցներից մի քանիսն այդ պահին չեն կարողացել անգամ զսպել արցունքները։ Մրցավարը Օվոնոյին կարմիր քարտ է ցույց տվել, այնուհետև որոշում է կայացրել դադարեցնել խաղը։
Ֆուտբոլիստը վնասվածքներ էր ստացել գլխի և կրծքավանդակի հատվածում։ Իսպանական լրատվամիջոցները նախ հայտնեցին, որ հիվանդանոցի ճանապարհին Դե Միգելի մոտ սրտի կանգ է գրանցվել, բայց շտապօգնության բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը։ Արդեն հիվանդանոցում ֆուտբոլիստի վիճակը գնահատվում էր «կայուն ծանր»։ Բայց ընդամենը ժամերի ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ մահվան ելքով։

Մահվան մասին Տեներիֆեն հայտնեց պաշտոնական հայտարարությամբ.
«Կոտրված սրտով, կսկիծով, չկարողանալով հավատալ տեղի ունեցածին՝ «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբը հաղորդում է Խեսուս դե Միգել Ալամեդայի ողբերգական մահվան մասին»։
Ակումբը նաև նշել է.
«Չկան բառեր, որոնք կարող են մխիթարել մեզ։ Չկա ոչինչ, ինչը թեկուզ փոքր-ինչ կմեղմեր այս անտանելի վիշտը։ Մենք կիսում ենք նրա ընտանիքի, մերձավորների և Տեներիֆեի բոլոր բնակիչների վիշտը, ովքեր այսօր սգում են այս ծանր կորուստը»։
Անդորրայի հայտարարության մեջ ասվում է.
«Մեծ ցավով և ցնցված տեղի ունեցածից՝ ցանկանում ենք հայտնել մեր անկեղծ ցավակցությունը Խեսուս դե Միգելի ընտանիքին, նրա բոլոր թիմակիցներին, ընկերներին և Տեներիֆե ֆուտբոլային ակումբին»։
Անդորրայի համասեփականատերերից մեկը՝ Բարսելոնայի նախկին պաշտպան Ժերար Պիկեն, գրել է.
«Սգում եմ ամբողջ սրտով։ Հանգչիր խաղաղությամբ, Խեսուս»։
Դե Միգելի նախկին ակումբը՝ Կաստելյոնը, նույնպես հայտարարություն տարածեց.
«Դժվար է բառեր գտնել, երբ իրականությունն այսքան անարդար հարված է հասցնում։ Մենք ամբողջ սրտով կիսում ենք նրա ընտանիքի և մերձավորների վիշտը ու հայտնում ենք մեր խորին ցավակցությունը»։
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է.
«Այսօր բոլորս կիսում ենք անտանելի այս կորստի ծանր վիշտը։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, մերձավորներին, թիմակիցներին և ամբողջ ակումբին»։
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը հայտարարել է.
«Մենք բառեր էինք փնտրում և գտանք միայն լռություն։ Այդ լռության մեջ մեր սրտերն ու մտքերը նրա ընտանիքի, թիմակիցների, Տեներիֆեի բոլոր բնակիչների և այս ողբերգական կորուստը սգացող բոլոր մարդկանց հետ են»։
Ցավակցություն են հայտնել բազմաթիվ այլ կառույցներ, ֆուտբոլիստներ, ֆուտբոլային ակումբներ։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Իսպանիայի Գավաթի խաղերի հետաձգման մասին։ ՈՒԵՖԱ-ն որոշել է այս շաբաթ եվրոպական գավաթների բոլոր խաղերից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել Դե Միգելի հիշատակը։
Դարպասապահ Խեսուս Օվոնոն խաղադաշտում կարմիր քարտ ստացավ, բայց սա, ամենայն հավանականությամբ, նվազագույնն էր։ Իսպանական մամուլը հայտնում է, որ Օվոնոն խորապես ցնցված է Դե Միգելի մահից։
Այժմ դարպասապահը հանրային աննախադեպ ճնշման տակ է։ Նա մարզադաշտի տրիբունաներից լսել է «մարդասպան» վանկարկումներ, իսկ հետո ստացած հաղորդագրությունների ու սպառնալիքների պատճառով որոշել է փակել իր Instagram-ի հաշիվը։ Դարպասապահը նախատեսում է անձամբ կապվել Դե Միգելի ընտանիքի կամ նրա մերձավորներից որևէ մեկի հետ՝ ցավակցություն հայտնելու համար։
Ըստ պարբերականների՝ Օվոնոյին սպառնում է որակազրկում, չի բացառվում նաև քրեական հետապնդումը։ Իսպանիայում անզգուշությամբ մահվան հանգեցնելու համար նախատեսված է մինչև չորս տարվա ազատազրկում։ Բայց, անշուշտ, այս մասով քննությունը մանրակրկիտ աշխատանք պիտի տանի։
Դե Միգելի մահը հիշեցրեց ֆուտբոլի պատմության այլ ողբերգական դեպքեր ևս։ Ռուսական ֆուտբոլի համար, օրինակ, ամենածանր դեպքերից մեկը տեղի ունեցավ 2001 թվականի օգոստոսին։ Ռուսաստանի առաջնության խաղում՝ Անժիի և ЦСКА-ի հանդիպմանը, բանակայինների դարպասապահ Սերգեյ Պերխունը և Բուդուն Բուդունովը բախվեցին գլուխներով։ Պերխունը ծանր գանգուղեղային վնասվածք ստացավ և տեղափոխվեց հիվանդանոց։ Տասն օր անց՝ օգոստոսի 28-ին, 23-ամյա դարպասապահը մահացավ։ Թիմի կազմում Պերխունը հասցրեց անցկացնել ընդամենը 13 խաղ։

Կամերունցի Մարկ-Վիվյեն Ֆոեի դեպքն այլ սցենար ունի։ 2003 թվականի հունիսի 26-ին Կամերունը Ֆրանսիայի Լիոն քաղաքում Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում խաղում էր Կոլումբիայի հետ։ 71-րդ րոպեին 28-ամյա կիսապաշտպանը հանկարծակի ընկավ խոտածածկին։ Նրա մոտակայքում այլ խաղացող չկար, բախում տեղի չէր ունեցել։ Բժիշկները փորձեցին առաջին բուժօգնություն ցույց տալ, բայց Ֆոեն մահացավ։ ՖԻՖԱ-ն հետագայում հայտնեց, որ պատճառը նախկինում չախտորոշված սրտի խնդիրն էր։ Կամերունը հաղթեց այդ կիսաեզրափակիչը 1:0 հաշվով, բայց ֆուտբոլիստները Ֆոեի մահվան մասին իմացան միայն խաղից հետո։

2004 թվականի հունվարի 25-ին Բենֆիկա ընդդեմ Վիտորիա Գիմարայնշ խաղը հիշարժան էր, բայց ցավոք՝ ողղբերգական դեպքի պատճառով։ Հունգարացի հարձակվող Միկլոշ Ֆեհերը երկրորդ խաղակեսում փոխարինման էր դուրս եկել։ Հանդիպման վերջում մրցավարը նրան դեղին քարտ ցույց տվեց։ Ու ընդամենը վայրկյաններ անց՝ ժպտացող ֆշուտբոլիստը մի քանի քայլ արեց ու ընկավ խոտածածկին։ 24-ամյա Ֆեհերի մոտ սրտի կանգ գրանցվեց։ Նրան շտապ տեղափոխեցին Գիմարայնշի հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները արձանագրեցին մահը։ Ֆեհերի վերջին վայրկյանների կադրերը եվրոպական ֆուտբոլի պատմության ամենահայտնի ողբերգական դրվագներից են։

2007 թվականի օգոստոսին Սևիլյայի 22-ամյա կիսապաշտպան Անտոնիո Պուերտան Խետաֆեի դեմ խաղի ժամանակ կորցրեց գիտակցությունը։ Որոշ ժամանակ անց նա ուշքի եկավ և նույնիսկ ինքնուրույն լքեց խաղադաշտը։ Հանդերձարանում ֆուտբոլիստի վիճակը կրկին կտրուկ վատացավ։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Պուերտան երեք օր ծայրահեղ ծանր վիճակում էր և մահացավ օգոստոսի 28-ին։

Խորվաթ ֆուտբոլիստ Հրվոյե Չուստիչի մահը կապված էր մարզադաշտի ենթակառուցվածքի հետ։ 2008 թվականի մարտի 29-ին Զադարի և Ցիբալիայի խաղի ընթացքում 24-ամյա Չուստիչը խաղային դրվագից հետո հայտնվեց դաշտի սահմաններից դուրս։ Իներցիայով նա գլխով բախվեց բետոնե պատին, որը գտնվում էր խոտածածկին չափազանց մոտ։ Չուստիչը գլխի ծանր վնասվածք ստացավ, կորցրեց գիտակցությունը և տեղափոխվեց հիվանդանոց։ Ապրիլի 3-ին նա մահացավ՝ այդպես էլ ուշքի չգալով։

Այս դեպքերը միավորող հիմնական թեմաներից մեկը մարզադաշտերում շտապ բժշկական օգնության կատարելագործումն է։ ՈՒԵՖԱ-ն պահանջում է, որ իր մրցաշարերի բոլոր խաղերի ընթացքում մարզադաշտում առկա լինեն վերակենդանացման համար անհրաժեշտ սարքավորումները։ Կազմակերպության տարեկան հաշվետվության մեջ հատուկ ընդգծվում է, որ իր հովանու ներքո անցկացվող որևէ խաղ չի կարող մեկնարկել, եթե մարզադաշտում չկան ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր, արհեստական շնչառության պարկ և տուժածին անվտանգ տեղափոխելու համար անհրաժեշտ միջոցներ։