AM
23 Հոկտեմբեր 2026 - 08:30 AMT

Այրվող շենքերը, դեղին ժիլետով արձաններն ու Թրամփ-Մակրոն հեռակա մենամարտը. Ինչ է կատարվում Ֆրանսիայում

23 Հոկտեմբեր 2026

Եթե կարծում էիք, որ դպրոցականների դժգոհությունը չի կարող երկրի համար լուրջ ճգնաժամի վերածվել, Ֆրանսիայի վերջին օրերը հակառակն ապացուցեցին։ Սեպտեմբերի վերջին դպրոցականները դուրս եկան փողոց, իսկ հոկտեմբերի 17-ին Փարիզում, Մարսելում և այլ խոշոր քաղաքներում արդեն այրվում էին մեքենաներ, ցուցարարները թալանում էին խանութները, ջարդում քաղաքապետարանների ու ոստիկանական բաժանմունքների շենքերը։ Իշխանությունը խոստանում է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում չի հաջողվել ձերբակալել դեպքի վայրում։ Այս քաոսը կարող է շրջադարձային դառնալ Ֆրանսիայի համար։ Առաջարկում ենք հերթով հասկանալ՝ ինչից սկսվեց ամեն ինչ և ինչ քաղաքական ու ոչ այնքան քաղաքական կարծիքներ կան այս ամենի մասին։

Ինչից սկսվեց ֆրանսիական այս կինոն

Ամեն ինչ սկսվեց դեռ սեպտեմբերի վերջին։ Դպրոցականները դժգոհ էին գերծանրաբեռնված դասացուցակից, ուսուցիչների պակասից և մարդաշատ դասարաններից, ուսանողներն էլ պահանջում էին բարելավել ուսման պայմանները։ Բայց վերջին օրերին երիտասարդներին միացան արհմիությունների ներկայացուցիչները, տաքսու վարորդները, բուժաշխատողները և «դեղին ժիլետների» շարժման նախկին մասնակիցները։

Վերջիններս երիտասարդական բողոքին գումարեցին իրենց օրակարգը՝ պայքար կենսապայմանների ու վառելիքի գների աճի, ինչպես նաև խիստ խնայողության քաղաքականության դեմ։ Թե որ պահից համեմատաբար խաղաղ ակցիաները վերաճեցին սև հագուստով ու դիմակով խռովարարների հավաքի՝ հստակ չէ, բայց հրկիզված մեքենաներն ու շենքերը, թալանված խանութները և բախումները իրավիճակը խիստ լարված են պահում։

Վերլուծաբանների կարծիքով՝ իշխանությունները, ըստ երևույթին, թերագնահատել էին հասարակության մեջ կուտակված դժգոհության չափը։ Ֆրանսիայի տնտեսությունը լճանում է, գործազրկությունը՝ աճում, բյուջեում փողը չի բավականացնում, եկամուտների վերաբաշխման շուրջ հակասությունները սրվում են, իսկ արդյունքում օգուտ են քաղում արմատական քաղաքական ուժերը։

Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ կառավարությունը մտադիր է կրճատել հաջորդ տարվա բյուջեի ծախսերը և պակասուրդը նվազեցնել 54 մլրդ եվրոյով։ Պաշտոնական Փարիզին խիստ խնայողության է մղում ահագնացող ճգնաժամը։ Երկիրը ժամանակին չդադարեցրեց համավարակի և էներգետիկ ճգնաժամի ժամանակ սահմանված աջակցության միջոցները, որոնց վրա ծախսվել էր համապատասխանաբար 190 և 72 մլրդ եվրո։ Իսկ երբ Մերձավոր Արևելքում պատերազմ սկսվեց, Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրեց տոկոսադրույքները, ինչը ևս սրեց իրավիճակը։ Մի խոսքով՝ Մակրոնի կառավարությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնած միանգամից մի քանի ուղղությամբ։

Փողոցային պայքարի հետևանքները

Փողոցային ակցիաները Ֆրանսիայում հազվադեպ երևույթ չեն, բայց այս անգամ ավերածությունների մասշտաբը, այդ թվում՝ որոշ պատմական վայրերի նկատմամբ վանդալիզմը, ցնցեց շատերին։ Ըստ տարբեր տվյալների՝ ակցիաներին մասնակցել է 550-ից մինչև 800 հազար մարդ, որոնցից 110 հազարը՝ Փարիզում։ Որոշ քաղաքներում բողոքի ալիքը շատ արագ դուրս է եկել վերահսկողությունից։ Մարսելում ցուցարարները կողոպտել են մի քանի տասնյակ խանութ, ապա ներխուժել են քաղաքապետարանի շենք։ Վնասվել են նաև մշակութային կոթողներ։ Մարսելի քաղաքապետն այս առիթով իր մտահոգությունն է հայտնել.

«Աշխարհի ամենամեծ տերություններից մեկն արժանի չէ այս ամենին։ Աշխարհը մեզ է նայում, այսօր մենք Եվրոպայի ամոթն ենք»։

Լիլում ևս ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք ու ջարդուփշուր կազմակերպել այնտեղ։ Լիոնում հրդեհվել է քաղաքի զբոսաշրջային կենտրոնը, որը գտնվում էր 19-րդ դարի շենքում։ Փարիզում ու Բորդոյում էլ իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից։ Մի կողմից ցուցարարները այրում էին մեքենաներ, զանգվածաբար ներխուժում սուպերմարկետներ և շքեղ բուտիկներ՝ այնտեղից դուրս բերելով թանկարժեք ապրանքներ։ Մյուս կողմից ոստիկանությունն էր՝ արցունքաբեր գազով, լուսաձայնային նռնակներով ու մահակներով։ Անգամ այս պայմաններում՝ ոստիկանությունը դժվարությամբ էր զսպում քաղաքով մեկ շրջող խմբերին։ Այս ամենի ֆոնին ցուցարարներից ոմանք դեղին ժիլետ են հագցրել ֆրանսիական հանրապետության խորհրդանիշի՝ Փարիզի Monument à la République արձանի վրա։

Ամենամեծ վնասը, սակայն, հասցվեց Լիմոժին։ Այնտեղ ցուցարարները հրկիզել են 1883 թվականին կառուցված քաղաքապետարանի պատմական շենքը։ Հրդեհից շենքի մի մասը փլուզվել է, իսկ քաղաքի խորհրդանիշ համարվող 43 մետրանոց զանգակատունը գրեթե ամբողջությամբ ավերվել։

Այս ամենի արդյունքում տասնյակ վիրավորներ կան ոստիկանների ու ցուցարարների շարքերում։ Մի քանի հազար մարդ ձերբակալվել է։ Հասցված վնասը դեռ ճշգրտվում է, բայց խոսքը կարող է գնալ մի քանի հարյուր միլիոն եվրոյի մասին։

Պետության արձագանքը

Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն այս ամենի պատասխանատվությունը դրել է «ծայրահեղ ձախ խմբավորումների» վրա և հայտարարել, որ նրանց չի հաջողվի վախեցնել իշխանություններին։ Անկարգություններով լի հանգստյան օրերից հետո տարբեր վայրերում պարետային ժամ է հայտարարվել։

Պարետային ժամեր են սահմանվել մասնավորապես Փարիզի կենտրոնի մի քանի թաղամասերում, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում, որտեղ շաբաթ-կիրակի հավաքվել էին ցուցարարները։ Երիտասարդների տեղաշարժը և զանգվածային հավաքները սահմանափակող այլ միջոցներ մտցվեցին նաև Մարսելում, Բորդոյում, Լիոնում, ինչպես նաև Լիլում և հյուսիսի այլ քաղաքներում։

Ներքին գործերի նախարարն ավելի վաղ ընդունել էր, որ որոշ քաղաքներում ոստիկանությունը «կորցրել է վերահսկողությունը»։ Նա հրաժարական էր ներկայացրել, բայց նախագահ Էմանուել Մակրոնը այն չէր ընդունել։

Երկու համեմատաբար հանգիստ գիշեր ունենալուց հետո Ֆրանսիան նոր բողոքի ալիքի է սպասում։ Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ մասնակիցներին արգելելու են հավաքվել նախագահական պալատի, Բաստիլի հրապարակի, խորհրդարանի երկու պալատների և մի քանի զբոսաշրջային վայրերի՝ այդ թվում Լուվրի ու Ելիսեյան դաշտերի մոտ։

Մինչ աշխարհը դիտում է այրվող մեքենաների, ջարդված ցուցափեղկերի ու թալանված շենքերի կադրերը, քաղաքական գործիչներն այդ նույն կադրերն օգտագործում են նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած կառավարության վրա ճնշումը մեծացնելու համար։ Ու խոսքը միայն ներքին քաղաքական լարվածության մասին չէ։ Միջազգային կրքերը ևս թեժացել են։

Ամենաշատն, ինչպես միշտ, աչքի է ընկնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա անկարգությունները վերագրել է «միգրանտներին, ջիհադիստներին և կոմունիստներին»՝ ասելով, որ նրանք Ֆրանսիան «նվաճել, թալանել և հողին են հավասարեցրել»։ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը նաև ասել է, որ Մակրոնին զգուշացրել էր ներգաղթի մասին, բայց Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է փակել սահմանները։

Մակրոնն էլ, առանց ավելորդ դիվանագիտական նրբերանգների, պատասխանել է Թրամփին՝ ակնարկելով, որ ԱՄՆ առաջնորդը, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, փորձում են Ֆրանսիայի անկարգությունների հաշվին քաղաքական կապիտալ վաստակել.

«Կան մարդիկ, որոնք քարոզարշավ են անում Ֆրանսիայի հաշվին։ Դրանք հիմնականում քարոզարշավի մեջ գտնվող միջազգային առաջնորդներ են»։

Երբ նրան հարցրել են՝ արդյոք խոսքը Թրամփի մասին է, Մակրոնը պատասխանել է. «Ի թիվս այլոց»։ Մակրոնի պնդմամբ ցույցերի մասին տեղեկատվությունը մանիպուլյացիայի է ենթարկվել, այդ թվում՝ արհեստական բանականությամբ ստեղծված պատկերների միջոցով։

Եվ այսպես՝ Ֆրանսիան պատրաստվում է բողոքի նոր ալիքի։ Հերթական ցույցերը սպասվում են արդեն այս օրերին։ Մի բան, սակայն, պարզ է։ Ակցիաները, որոնք սկսվել էին դպրոցականների դժգոհությամբ, արդեն վաղուց դուրս են եկել միայն կրթական համակարգի շրջանակներից։ Վերլուծաբանների կարծիքով՝ իշխանությունը թերագնահատել է մարդկանց դժգոհության հիմնավոր չափն ու հիմա կրում է դրա ծանր հետևանքները։