
Վերջին մի քանի տարում աշխարհի տարբեր հատվածներում պարբերաբար բռնկվում են բողոքի ակցիաներ, որոնք լրատվամիջոցներն անվանում են «զումերների հեղափոխություններ»։ Այս անգամ դեռահասների դժգոհությունից սկիզբ առած զանգվածային անկարգությունները սկսվել են Եվրոպայի սրտում՝ Ֆրանսիայում։ Զայրացած երիտասարդները վնասում են քաղաքային ենթակառուցվածքները, հրկիզում լիցեյները և անգամ հարձակվում ուսուցիչների վրա։ PAN-ը պատմում է՝ ինչպես այս ամենը հնարավոր դարձավ և ինչ հետևանքներ կարող են լինել։
Ֆրանսիայում դպրոցականների զանգվածային բողոքի ցույցեր են։ Լիցեյների՝ ֆրանսիական կրթական համակարգի ավագ դպրոցների աշակերտները բողոքում են գերբեռնված դասարաններից, ուսուցիչների պակասից, ուսումնական հաստատությունների անմխիթար վիճակից և, իրենց գնահատմամբ, չափազանց ծանր դասացուցակից։ Որոշ խոշոր քաղաքներում ցույցերը վերաճել են դպրոցականների և ոստիկանության բախումների։

Փարիզի աղքատ արվարձաններում սկսված դպրոցականների բողոքի ակցիաները հաշված օրերի ընթացքում տարածվեցին ամբողջ երկրով՝ Լիլից մինչև Մարսել, և պարբերաբար ուղեկցվում են անկարգություններով։ Երկրի 3700 միջնակարգ դպրոցից առնվազն 1027-ը ներգրավված է բողոքի ակցիաներում։ Ձերբակալվածների թիվը հասել է մոտ 5000-ի, մեծ մասը՝ 15-18 տարեկաններ։ Բողոքի շարժման ընդլայնմանը զուգահեռ ցուցարարներին միացել են նաև արմատական խմբեր, ինչի հետևանքով սկսվեցին ավերածություններ և վանդալիզմ։ Արմատական տրամադրություններով ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրա, իսկ ուժայիններն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Ամենաթարմ տվյալների համաձայն ուժայինները դադարեցրել են լուսաձայնային նռնակների կիրառումը, երբ այս շաբաթվա սկզբին 15-ամյա պատանին պայթյունից կորցրել է ձեռքը։ Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պահանջել է ժամանակավորապես կասեցնել դրանց օգտագործումը, մինչև տեղի ունեցած միջադեպի հանգամանքների «պարզաբանումը», քանի որ ցուցարարներն ու պաշտոնյաները կատարվածի վերաբերյալ հակասական վարկածներ են ներկայացնում։
Տեղեկություններ կան նաև ուսումնական հաստատությունների ղեկավարների վրա հարձակումների մասին։ Փարիզում և Մարսելում դպրոցների մի քանի տնօրեն վնասվածք է ստացել, իսկ 59-ամյա մանկավարժի վրա բենզին են լցրել և ծեծել։ Բողոքի այս ալիքն անակնկալի է բերել երկրի իշխանությանը և Էմանուել Մակրոնի համար դարձել է վերջին շրջանի ամենալուրջ ճգնաժամերից մեկը։

Սկզբում ազգային մասշտաբի վերածված այս խնդիրը բավական անվնաս էր թվում։ Տեղային բողոքի ակցիաներ սկսվեցին Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, որտեղ աշակերտները դժգոհում էին «մարդկային և նյութական խնդիրներից»։ Այնուհետև՝ սեպտեմբերի 15-ին, շարժումը հասավ այլ լիցեյներ: Աշակերտների դժգոհության հիմնական պատճառը ծանրաբեռնված դասացուցակն էր։
«Մեր դասերը սկսվում են առավոտյան 8-ին և ավարտվում երեկոյան 6-ին։ Մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում դասերի վրա, քան քնի»։
Ինչ-որ փուլում բողոքի ակցիաներին միացան նաև որոշ ուսուցիչներ։ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի լիցեյի ուսուցիչները գործադուլ հայտարարեցին, աշակերտներն էլ աջակցեցին մանկավարժներին և միացան բողոքի ակցիային։
Սոցիալական ցանցերի շնորհիվ տեղային հավաքները շատ արագ դարձան համազգային։ Սեպտեմբերի 21-25-ն ընկած ժամանակահատվածում ցույցերը տարածվեցին ամբողջ Իլ դը Ֆրանս շրջանում, իսկ մինչև սեպտեմբերի 28-ը շարժումն արդեն դուրս էր եկել Փարիզի սահմաններից՝ հասնելով Լիոն, Լիլ, Նիս և այլ քաղաքներ։ Ավագ դպրոցների աշակերտներn աղբամաններով պատնեշել էին երկրի 180 լիցեյի մուտքերը։ Մեկ օրվա ընթացքում ուժայինները ձերբակալել էին 164 մարդու։

Գործընթացին միացավ նաև Ֆրանսիայի լիցեիստների խոշորագույն արհմիությունը՝ Union Syndicale Lycéenne-ը (USL), որը կոչ արեց սեպտեմբերի 29-ին «արգելափակել բոլոր լիցեյները»։ Այդ օրը երկրում նախատեսված էր պետական ծառայողների համազգային գործադուլ՝ կառավարության բյուջետային քաղաքականության դեմ։ Արհմիությունն իշխանություններից պահանջում էր լուծել ուսուցիչների և այլ աշխատակիցների պակասի, դպրոցների վատ պայմանների, բեռնված դասարանների և ծանրաբեռնված դասացուցակների խնդիրները։ Արհմիության 19-ամյա նախագահ Ռիադ Ռանին հայտարարել էր, որ Իլ դը Ֆրանսի աշակերտների բարձրաձայնած խնդիրները բնորոշ են ամբողջ երկրին։ Աշակերտների բողոքներին միացան նաև համալսարանների ուսանողները՝ արգելափակելով մոտ 30 համալսարանական շենք Փարիզում, Ստրասբուրգում, Մարսելում, Լիոնում և այլ քաղաքներում։ Ակցիայի մասնակիցները որոշել են ցույցերը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը հստակ քայլեր չի ձեռնարկել բարձրաձայնված խնդիրները լուծելու համար։
«Ուսանողներ և ավագ դպրոցների աշակերտներ, քանի դեռ իշխանությունները փորձում են մեզ դուրս մղել ուսումնական հաստատություններից՝ բյուջետային կրճատումների, հաստատությունների փակման, կիսաքանդ շենքերի, ընտրության սահմանափակումների կամ ճնշումների միջոցով, եկեք դա թույլ չտանք։ Եկեք արգելափակենք և վերադարձնենք մեզ մեր համալսարաններն ու դպրոցները»։
Իշխանությունները կատարվածի համար մեղադրում են քաղաքական ակտիվիստներին։ Ահա Ֆրանսիայի կրթության նախարարի մեկնաբանությունը.
«Ակտիվիստները, հատկապես ձախ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ներթափանցել են ուսանողական կազմակերպություններ, ներսից իրենց վերահսկողության տակ վերցրել դրանք և դրդել ծայրահեղ գործողությունների։ Այս ամենը վտանգ է ստեղծում մանկավարժների և աշակերտների համար»։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ բողոքները բռնկվել են նաև 2027 թվականի պետական բյուջեի քննարկումների ֆոնին։ Պետական պարտքը նվազեցնելու նպատակով կառավարությունը ծրագրում է կրճատել սոցիալական հատկացումները, այդ թվում՝ կրթության ծախսերը, միաժամանակ մեծացնելով ռազմական բյուջեն։
Տարիներով կուտակված խնդիրները հատկապես սրվեցին նոր ուսումնական տարվա սկզբին։ Ֆրանսիայի կրթության նախարարության տվյալներով՝ 2024-2025 ուսումնական տարում պետական միջնակարգ դպրոցներում նախատեսված դասաժամերի 9,8 տոկոսը չի կայացել։ Դրանցից 7,5 տոկոսը չեղարկվել է ուսուցիչների բացակայության պատճառով, ևս 2,3 տոկոսը՝ ուսումնական հաստատությունների ամբողջական փակման հետևանքով։ Ահա, թե ինչ են պատմում երկրի տարբեր քաղաքներում սովորող աշակերտները.
«Այսօր մեր դպրոցը փաստացի կաթվածահար է ռեսուրսների, ուսուցիչների և նույնիսկ նստարանների պակասի պատճառով»։
«Դասասենյակներում առնետներ են վազվզում, ջուր և զուգարանի թուղթ չկա։ Մենք պարզապես ուզում ենք, որ մեզ լսեն»։
«Ամեն դասարանում 35 աշակերտ կա, նույնիսկ աթոռները չեն բավականացնում»։
«Ամռանը, երբ ջերմաստիճանը հասնում է 35°C-ի, այնտեղ մնալն անտանելի է։ Զուգարանները քիչ են, իսկ որոշ սենյակներում ջուր է կաթում»։
«Շենքը քանդվում է, իսկ ճաշարանը չափազանց փոքր է»։
«Կրթության բյուջեն հասցնում են նվազագույնի, մինչդեռ հսկայական լրացուցիչ միջոցներ են ուղղվում բանակին»։
«Ֆրանսիան աղետալի ցուցանիշներ ունի միջազգային կրթական վարկանիշներում և միևնույն ժամանակ մեր ուսումնական օրը ամենաերկարներից մեկն է։ Կառավարությունը չի ուզում հասկանալ, որ խնդիրը կրթության որակի մեջ է, ոչ թե դասաժամերի քանակի»։
«Երիտասարդները պարզապես ուզում են սովորել և գիտելիք ստանալ արժանապատիվ պայմաններում։ Իշխանությունը կարծես զարմացած է դպրոցների արդյունքների վատթարացմամբ, բայց իրավիճակը շտկելու համար ոչինչ չի անում»։

Դպրոցականների հետ համաձայն է նաև ուսուցիչների արհմիության ղեկավար Սոֆի Վենետիտեն, որն աջակցել է բողոքի ակցիաներին։
«Մակրոնի տասը տարվա կառավարման արդյունքում պետական կրթական համակարգը աղետալի վիճակում է։ Այնտեղ բառացիորեն ամեն ինչի պակաս կա»։
Բողոքներին միացած համալսարանական ուսանողներն իրենց հերթին դժգոհություն են հայտնել Ֆրանսիայի համալսարաններ դիմելու ազգային առցանց համակարգից, որը նախատեսված է դիմումների կենտրոնացված ներկայացման և բուհ ընդունվելու գործընթացի համար։ Ուսանողները այն անվանում են սթրեսի և կրթական համակարգի նկատմամբ անվստահության աղբյուր։

Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն ընդունել է, որ ուսման պայմանների վերաբերյալ դպրոցականների պահանջները հիմնավորված են, բայց միաժամանակ հայտարարել է, որ ավագ դպրոցի աշակերտների ինքնաբուխ շարժումը «պատանդ է դարձել ծայրահեղ բռնի խմբերի ձեռքում»։
Նախարարը նաև խոստացել է միջոցներ ձեռնարկել բացակայող ուսուցիչներին փոխարինելու և դպրոցական դասացուցակները կարգավորելու ուղղությամբ՝ միաժամանակ ընդունելով, որ ավագ դպրոցի աշակերտների հետ «հաճախ խորհրդակցում են, բայց հազվադեպ են նրանց լսում»։
«Ես լսում և հասկանում եմ այն անհանգստությունն ու զայրույթը, որ կարող են զգալ մեր երիտասարդները։ Սակայն այդ քննարկումներից և այդ մտահոգություններից ոչ մեկը չի կարող արդարացնել բռնությունը»։

Անկարգությունների պատճառած վնասը, կախված տարածաշրջանից, գնահատվում է 7-38 միլիոն եվրո։ Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենն արդեն առաջարկել է վնասի արժեքը գանձել անմիջապես բողոքներին մասնակցած դեռահասների ծնողներից։
Ընդդիմության ներկայացուցիչներն էլ շարժումն անվանել են հասարակության դժգոհության ինքնաբուխ արտահայտություն և իշխանություններին մեղադրել երեխաների նկատմամբ ոստիկանական կամայականության մեջ։
«Ոստիկանության դաժանությունն անպատասխանատու է և ակնհայտորեն ունի նաև ռասիստական հիմք։ Ձեռքներդ հեռու երիտասարդներից»։
Այս պահի տվյալներով Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներին մասնակցել է մինչև կես միլիոն մարդ։ Մակրոնը կառավարության արտակարգ նիստ է հրավիրել։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է մոտ 6000 մարդ։ Թե ինչ հետևանքներ ու արդյունք կունենան ցույցերը՝ դժվար է կանխատեսել։ Հստակ է, որ Z սերունդը բողոքի ակցիաների նոր շրջափուլ է բերել։