
1926 թվականի հոկտեմբերին Փարիզից Նյու Յորք մի քանի հարյուր ուղևորից բացի Միացյալ Նահանգներ ժամանեց յուրօրինակ մի քանդակ։ Փայլեցված բրոնզե քանդակի ողորկ մակերեսը հայելային անդրադարձմամբ պատկերում էր շրջապատող տարածությունը։ Քանդակի վրա չկային ոչ փետուրներ, ոչ թևեր, ոչ էլ, օրինակ՝ աչքեր։ Ընդհանրապես՝ գրեթե ոչինչ, ինչը կարելի էր կապել թռչունների մասին սովորական պատկերացման հետ։ Եվ, այնուամենայնիվ, քանդակը կոչվում էր «Թռչունը տարածության մեջ»։
Դրա հեղինակը՝ Կոնստանտին Բրանկուզին, այդ ժամանակ արդեն հայտնի անուն էր եվրոպական և ամերիկյան ավանգարդիստական շրջանակներում։ Նրա աշխատանքները ցուցադրվել էին 1913 թվականի հայտնի Armory Show-ում, իսկ ինքը տարիներ շարունակ աշխատում էր մի սկզբունքով, որը շատերի համար դեռևս անսովոր էր՝ նա աստիճանաբար մարդկանց, կենդանիների և առարկաների պատկերներն ազատում էր մանրամասներից ու դրանք հասցնում հնարավորինս պարզ, սեղմ ձևերի։

Բայց Նյու Յորքի մաքսային ծառայության աշխատակիցների համար այս ամբողջ գեղարվեստական համատեքստը չէր լուծում շատ գործնական մի խնդիր։ Ամերիկյան օրենքով բնօրինակ քանդակները կարող էին առանց մաքսատուրքի երկիր մտնել, մինչդեռ մետաղից պատրաստված արտադրական առարկաները հարկման ենթակա էին։ Եվ այսպես՝ մաքսային ծառայության աշխատակիցներն ուսումնասիրեցին Բրանկուզիի փայլուն բրոնզե օբյեկտն ու որոշեցին, որ այն քանդակ չի համարվում։ Համենայն դեպս՝ իրենց չափանիշներով։ Այն դասակարգեցին որպես մետաղական արտադրանք և իր արժեքի 40 տոկոսին չափով մաքսատուրք գանձեցին։
Ու այսպես շատ սովորական վեճը վերածվեց շատ ավելի տարօրինակ ու հետաքրքիր պատմության։ Դատարանը պետք է որոշեր՝ տվյալ օբյեկտը համարվո՞ւմ է արվեստի նմուշ, թե՝ ոչ։ Ու, փաստորեն, ամերիկյան դատարանը ստիպված էր պատասխանել մի հարցի, որը սովորաբար տրվում էր արվեստագետներին, արվեստաբաններին և փիլիսոփաներին՝ ի՞նչն է կամայական օբյեկտը դարձնում արվեստ։
Առհասարակ, Բրանկուզիի աշխատանքները փոխանցում են առարկայի բնույթը, շարժումը կամ գաղափարը, և խիստ հազվադեպ դեպքերում՝ դրա ֆիզիկական պատկերը։ «Թռչունը տարածության մեջ» քանդակն ուսումնասիրրելիս այս մոտեցումն անհրաժեշտ է հստակ հասկանալ։

Արվեստագետը երկար տարիներ հետաքրքրված էր թռչնի թեմայով։ Մինչև «Թռչունը տարածության մեջ» շարքը նա ստեղծել էր Măiastra և Golden Bird շարքերը, և 1920-ականներից մինչև 1940-ականները կրկին ու կրկին վերադառնում էր նույն թեմային՝ մարմարից ու բրոնզից տարբեր տարբերակներ ստեղծելով։
Յուրաքանչյուր նոր աշխատանքում թռչնի անատոմիական հատկանիշներն ավելի ու ավելի էին անհետանում։ Թևերը, փետուրները և ոտքերը վերանում էին, մարմինը վերածվում էր երկարավուն, դեպի վեր ուղղված ձևի, իսկ գլուխն ու կտուցը գրեթե ամբողջությամբ միաձուլվում էին ընդհանուր ուրվագծին։ Արդյունքում մնում էր մի մակերես, որն ավելի շատ հիշեցնում էր վեր սլացող շարժում, քան կենդանի օրգանիզմ։ Այլ կերպ ասած՝ հեղինակին հետաքրքրում էր ոչ այնքան թռչունը, որքան թռիչքը։

Ուստի ընդունենք, որ մաքսային աշխատակցի շփոթությունը դժվար չէ հասկանալ։ Եթե նա ակնկալում էր թռչուն պատկերող քանդակում հենց թռչուն էլ տեսնել, ապա Բրանկուզիի քանդակն այդ ակնկալիքներից ոչ մեկը չէր բավարարում։ Այնտեղ ամեն ինչ որոշվում էր չոր հաշվարկով ու մաքսային օրենսդրությամբ։ Ամերիկյան իրավական նախադեպերում «քանդակ» հասկացությունը ձևավորվել էր հիմնականում դասական արվեստի տրամաբանությամբ։ Իրավական համակարգին կոնկրետ դասակարգում էր անհրաժեշտ, իսկ «մոդեռնիստական քանդակ, որը ոչ մի իրական առարկայի նման չէ» կատեգորիա գոյություն չուներ։
Բայց քանդակը պատահական մարդու ձեռքերում չէր հայտնվել։ Այն գնել էր հեղինակին անձամբ ճանաչող լուսանկարիչ Էդվարդ Սթայհենը։ Նա շատ լավ հասկանում էր գեղարվեստական այն միջավայրը, որտեղ ստեղծվել էր քանդակն ու հարկային այս պահանջը նվաստացուցիչ դասակարգում համարեց։ Նա որոշեց վիճարկել որոշումը և արդյունքում հարցը հասավ դատարան։

Brancusi v. United States գործի շրջանակում իրավապահ համակարգի ներկայացուցիչները ստիպված էին քննարկել հարցեր, որոնք սովորաբար դատարանի օրակարգ չեն մտնում. Ի՞նչ է քանդակը։ Ի՞նչ է արվեստի գործը։ Պե՞տք է քանդակն ամբողջությամբ արտացոլի բնության մեջ գոյություն ունեցող որևէ օբյեկտ։ Կարո՞ղ է արվեստագետի մտադրությունը որոշիչ լինել։ Հեղինակի հեղինակությունը կարևո՞ր է։ Եթե արվեստագետներն ու արվեստաբանները որևէ առարկա արվեստ են համարում, դատարանը պե՞տք է հաշվի առնի նրանց կարծիքը։ Եվ գուցե ամենաբարդ հարցերից մեկը՝ ո՞վ ունի իրավասություն որոշելու, թե ինչն է արվեստ, իսկ ինչը՝ ոչ։
Բրանկուզիի աշխատանքը պաշտպանելու համար դատարան ներկայացավ արվեստի աշխարհի բավական ազդեցիկ մի խումբ։ Վկաների թվում էին լուսանկարիչ Էդվարդ Սթայհենը, բրիտանա-ամերիկացի քանդակագործ Ջեյքոբ Էփսթայնը, Vanity Fair-ի խմբագիր Ֆրենկ Քրաունինշիլդը, The Arts-ի խմբագիր Ֆորբս Ուոթսոնը, Բրուքլինի թանգարանի տնօրեն Ուիլյամ Հենրի Ֆոքսը և արվեստի քննադատ Հենրի Մակբրայդը։ Նրանց առջև բավական անսովոր խնդիր էր դրված։ Այս մարդիկ ժամանակակից արվեստի տրամաբանությունը պետք է վերածեին իրավական փաստարկի և բացատրեին դատարանին, թե ինչու թռչնի տեսք չունեցող օբյեկտը կարող է թռչուն պատկերող քանդակ համարվել։ Դատավարության ընթացքում հարցը կրկին ու կրկին վերադառնում էր նույն կետին․ եթե սա թռչուն է, որտե՞ղ են թևերը, փետուրները կամ կտուցը։

Ֆրենկ Քրաունինշիլդը փորձում էր բացատրել, որ քանդակը չի վերարտադրում թռչնի անատոմիան, այլ առաջարկում է թռիչքին վերաբերող զգացողություն՝ արագություն, դեպի վեր շարժում, ուժ, թեթևություն։ Նրա փաստարկը, ըստ էության, աբստրակցիայի պաշտպանություն էր։ Այսօր այդ փաստարկը բավականին բնական ու տրամաբանական է թվում, որովհետև աբստրակտ արվեստը մեզ շուրջ մեկ դար սովորեցրել է նման պատկերային լեզվին, բայց 1920-ականների մաքսային դատարանի համար այն այդքան ակնհայտ չէր։
Դատավարության ամենահետաքրքիր հատվածները կապված էին քանդակագործ Ջեյքոբ Էփսթայնի վկայության հետ։ Նա տարիների մասնագիտական փորձ ուներ և արդեն իսկ ճանաչված արվեստագետ էր։ Ինչո՞ւ այս աշխատանքը պետք է համարվեր արվեստի գործ։ Էփսթայնը պնդում էր, որ օբյեկտը գեղագիտական նշանակություն ունի, իսկ դրա ձևը մտածել ու ստեղծել է արվեստագետը։ Պետության ներկայացուցիչը հակադարձում է՝ եթե գեղեցիկ փայլեցված մետաղական բազրիքը նույնպես ներդաշնակ ձև ունի, կարո՞ղ է այն ևս արվեստ համարվել։ Էփսթայնը, ըստ էության, ընդունում է, որ որոշ դեպքերում՝ այո։ Բայց որոշիչը ձևի սկզբնական մտահաղացումն է։ Այսպիսով դատավարությունն աստիճանաբար հեռանում էր «թռչնի իրական պատկերին նման լինելու» միտումից ու մոտենում մեկ այլ չափանիշի՝ մտահաղացմանը։

Էփսթայնը նաև անսպասելի, բայց արդյունավետ համեմատություն արեց։ Նա անդրադարձավ հին եգիպտական բազեի պատկերին։ Այդ պատկերները նույնպես միշտ չէ, որ թռչնի յուրաքանչյուր անատոմիական մանրամասն ճշգրիտ էին վերարտադրում։ Փետուրները, ոտքերը կամ թևերը կարող էին խիստ պարզեցված լինել, բայց դիտողը, այնուամենայնիվ, հասկանում էր, որ պատկերվածը թռչուն է։
Ի դեպ, այնպես չէ, որ արվեստագետները միայն Բրանկուզիի շահերն էին պաշտպանում։ Պետությունը նույնպես հրավիրել էր քանդակագործների, որոնք կասկածի տակ էին դնում այն պնդումը, որ Bird in Space-ը համապատասխանում է քանդակ կոչվելու ընդունված սահմանումներին։
Թռչնի նման լինել-չլինելը դատավարության միակ հարցը չէր։ Մաքսատուրքից ազատումը վերաբերում էր միայն բնօրինակ քանդակներին, մինչդեռ Բրանկուզին ստեղծել էր քանդակի մի քանի տարբերակ։ Բացի այդ, բրոնզե քանդակները տեխնիկական առանձնահատկություն ունեն, արվեստագետը միշտ չէ, որ անձամբ է իրականացնում աշխատանքի բոլոր փուլերը։ Նա կարող է ստեղծել մոդելը, իսկ բրոնզի ձուլումը հաճախ մասնագիտացված ձուլարանում է արվում։

Ի վերջո՝ դատարանը կայացրեց իր որոշումը։ Հստակ էր, որ օրենքը բախվել է արվեստի մի նմուշի, որը չի համապատասխանում այն իրավական սահմանումներին, որոնք ձևավորվել էին շատ ավելի վաղ։ Դատավոր Բայրոն Ուեյթի որոշման մեջ նշվում էր, որ ձևավորվել է ժամանակակից արվեստի մի ուղղություն, որի ներկայացուցիչները փորձում են ոչ թե սոսկ ընդօրինակել բնության պատկերներն ու առարկաները, այլ ներկայացնել աբստրակտ գաղափարներ։ Դատարանը չէր պնդում, որ դատավորները պարտավոր են անձամբ հասկանալ այդ արվեստը։ Պարզապես պետք էր ընդունել, որ արվեստի աշխարհում նման ուղղություն գոյություն ունի։
Վերջնական գնահատման ժամանակ դատարանը հաշվի առավ մի քանի հանգամանք։ Բրանկուզին անվիճելիորեն պրոֆեսիոնալ քանդակագործ էր։ Օբյեկտը որևէ գործնական կամ կիրառական նշանակություն չուներ։ Այն ստեղծվել և մշակվել էր որպես գեղարվեստական գործ։ Արվեստի ոլորտի մասնագետները այն ընդունում և դիտարկում էին որպես քանդակ։ Եվ ամենակարևորը՝ այն փաստը, որ ստեղծագործությունը իրական թռչնի նման չէր, այլևս բավարար պատճառ չէր այն քանդակ չհամարելու համար։ 1928 թվականի նոյեմբերի 26-ին դատարանը որոշում կայացրեց հօգուտ Բրանկուզիի։ «Թռչունը տարածության մեջ» ստեղծագործությունն իրավական առումով ճանաչվեց արվեստի գործ։
