AM
21 Օգոստոս 2026 - 08:30 AMT

2000-ականների Երևանը, Համահայերենն ու մոտ 20 տարի՝ առանց վերջակետի. FairWind-ն առաջարկում է սեր, կրակ և ռաքնռոլ

21 Օգոստոս 2026

«Սեր, կրակ և ռաքնռոլ». Ահա, թե ինչ է առաջարկում իր ունկնդրին երիտասարդական էներգիայով հայկական ամենաերկարակյաց ռոք խմբերից մեկը՝ FairWind-ը։ «Երկարակյաց» բառն իրենց ականջին մի քիչ խորթ ու անգամ պաթետիկ է հնչում, բայց փաստը մնում է փաստ։ Իսկ երիտասարդ լինելը տարիքի հետ ընդհանրապես կապ չունի՝ հոգեվիճակ է։

Կարելի է պնդել, որ FairWind-ի պատմությունը սկսվել է 2007-ի սեպտեմբերի 1-ից։ Սա խմբի հիմնադրման պաշտոնական ամսաթիվն է։ Բայց FairWind-ի հիմնադիր ու ֆրոնթմեն Վարդգես Հովեյանի դիտարկմամբ՝ այդ պատմությունն իրականում շատ ավելի վաղ է սկսվել՝ դպրոցից, դեռահասությունից, ընկերներից, միասին լսած երաժշտությունից, միասին ապրած օրերից ու միասին երազելու և ստեղծելու ձգտումից։ Նաև այն տարիներից, երբ երաժշտական խումբ ստեղծելը նշանակում էր ինչ-որ կերպ գործիք ու փորձատեղի գտնել և համոզել ինքդ քեզ, որ այս ամենն արժե շարունակել։

Հաջողության համընթաց քամին FairWind-ին ուղեկցում է մոտ երկու տասնամյակ։ 19 տարեկան խումբն այսօր ստեղծագործական բավական ակտիվ շրջանում է։ Խմբի անդամների համար սա full time job չէ, բայց ներդրած էներգիան, ժամանակն ու ստեղծագործական ավյունը իրենց գործն արել են՝ արդյունքներն ավելի քան տպավորիչ են։

Երկու ամիս առաջ խումբը 2.5 տարի տևած մանրակրկիտ աշխատանքից հետո թողարկեց «Սեր, կրակ և ռաքնռոլ» ալբոմը, իսկ արդեն այսօր ունկնդիրը կարող է վայելել նրանց նոր աշխատանքը՝ «Համահայերեն» EP-ն։ Բայց առաջարկում ենք նախ մի պահ վերադառնալ 2000-ականներ, իսկ «Համահայերենի» մասին անպայման մանրամասնելու ենք։

ՈՒ ՍՏԵՂԾՎԵՑ FAIRWIND-Ը

«Մի խոսքով՝ ֆանտաստիկ ժամանակներ էին»

Խմբի պաշտոնական կենսագրությունն սկսվում է 2007-ից, բայց մենք կհետևենք Վարդգեսի անձնական ժամանակագրությանը։ Իսկ այդ պատմության մեջ առաջին հերթին անուններ են՝ մարդիկ, որոնց հետ նախ ձևավորել են երաժշտական ճաշակ, ընկերություն ու հետո այն միջավայրը, որից արդեն կարող էր ծնվել FairWind-ը։

Վարդգես Հովեյանը (Վակոն), Մկրտիչ Քալաջյանը (Մկոն), Տիգրան Խաչատրյանը (Տիգոն) և Ալեքսան Արշամյանը (Ալիկը) խմբի հիմնադիր անդամներն են։ Տարիների ընթացքում նոր երաժիշտներ են միացել, նոր գույն ու հնչյուն բերել խմբին։ 2010-ականներին օրինակ, խմբին միացավ կիթառահար Բեն Ֆրունջյանը, 2022-ին՝ Ռոբերտ Խուդավերդյանը։

Վաղ շրջանում մեծ ստեղծագործական մանիֆեստ կամ երկարաժամկետ ծրագիր չկար։ Ամեն ինչ շատ ավելի պարզ էր՝ ընկերներով լավ ժամանակ անցկացնել, երաժշտություն ստեղծել ու, եթե ստացվի, դրանով կիսվել մարդկանց հետ։ Վակոն է հիշում՝

«Ստեղծագործական հեռահար նպատակներ որպես այդպիսին չունեինք, բայց ասելիք ունեինք ու շատ սիրում էինք մեր երիտասարդությունը»

Բայց այնպես էլ չէ, որ ամեն ինչ թողել էին համընթաց քամու հայեցողությանը։ Վարդգեսը, օրինակ, լավ գիտեր, որ երևանցու, արցախցու ու վանեցու իր արմատները երբեք թույլ չէին տալու, որ հանձնվեր։ Հետո անմիջապես ավելացնում է, որ միայն համառությունն էլ չէր բավականացնի. այդ ճանապարհին ճիշտ մարդիկ էին կողքին։

2000-ԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԸ

«Դու քո ռաքնռոլի համար պետք ա պատասխան տաս»

2000-ականների երևանյան միջավայրում տարբերվելն ու սեփական ճաշակը թելադրելը բարդ էր. պետք էր «պատասխան տալ» յուրօրինակ լինելու համար: Այս առումով FairWind-ի պատմությունը նաև 2000-ականների Երևանի պատմության մի դրվագ է, եթե կուզեք՝ փազլի մի մասնիկ։ Տեխնիկական առումով որևէ բան հեշտ չի տրվել։ Փորձատեղիները քիչ էին, որակյալ տեխնիկան՝ դժվար հասանելի, գործիքները հաճախ մեկը մյուսին էին փոխանցում։ Փոխարենը միջավայրն էր իրական ու անմիջական։ Համերգների մասին տեղեկանում էին քաղաքում կախված պաստառներից, մարդկանց հետ օֆֆլայն էին շփվում, կյանքն ապրում էին իրական, ֆիզիկական միջավայրում։

«Հիշում եմ, երբ մեր տնից տատիկիս տուն էի գնում, անպայման նստում էի 24 համարի երթուղայինը, որովհետև 24-ն անցնում էր Տիկնիկային թատրոնի դիմացով, իսկ Տիկնիկայինում ռոք համերգներ էին տեղի ունենում։ Հատուկ անցնում էի, մտածում էի գուցե մի նոր աֆիշ տեսնեմ»։

Այսօր հնարավորություններն անհամեմատ ավելի շատ են, բայց Վակոյի համոզմամբ այն ժամանակվա դժվարություններն ինչ-որ իմաստով նաև օգտակար էին. չափազանց մեծ հարմարավետություն չկար, հետևաբար քիչ էր նաև ամեն ինչ կիսատ թողնելու գայթակղությունը։ Նաև հստակ էր՝ կա՛մ դու բոլորից մեկն ես, կա՛մ էլ պիտի պատասխան տաս, թե ինչու բոլորից մեկը չես.

«Մենք վստահ էինք էն ամենի վրա, ինչ սիրում էինք ու մինչև օրս էլ շատ վստահ ենք։ Էդ ռաքնռոլը, որի մասին մենք խոսում ենք, որի հետ կապված երգեր, ալբոմներ ու դաջվածքներ ունենք, էդ ռաքնռոլի մասին էր հին Երևանը։ Մենք պիտի պատասխան տայինք ու տեր կանգնեինք ու մենք շատ սիրով դա անում էինք»։

«ՀԱՄԱՀԱՅԵՐԵՆ»

«FairWind-ը հայերենի մասին ա»

Fairwind-ի կարևորագույն առանձնահատկություններից մեկը մայրենի լեզվով ստեղծագործելու գիտակցված ընտրությունն է: Վարդգեսը գրում է այնպես, ինչպես մենք խոսում ենք առօրյայում՝ առանց արհեստական, «ոսկեղենիկ» բառապաշարի՝ չվախենալով ժարգոնից կամ սլենգից.

«Ես «ա»-երով եմ գրում, տեղ-տեղ կարող եմ սլենգային ինչ-որ բառեր օգտագործել, որի համար պարբերաբար քարկոծվում եմ, բայց դա ինձ ընդհանրապես չի նեղացնում, որովհետև ես ուզում եմ, որ տարիներ անց մարդիկ լսեն FairWind-ի երգերը ու հասկանանք, թե այսօր մենք ինչով ենք ապրել, ինչի մեջ ենք եղել»

Հայերենով գրելը հեշտ չէ, բայց առանցքային է.

«Ես կարծում եմ, որ մեզ շատ անհրաժեշտ ա հայերեն լեզվով այլընտրանքային կոնտենտ, մասնավորապես՝ ռոք երաժշտություն»

Որպեսզի պատկերացնեք, թե FairWind-ի համար որքան առանցքային է լեզուն, միայն ասենք, որ խմբի նոր, տաք-տաք ձեզ հանձնված EP-ն նվիրված է հայոց լեզվին։ «Համահայերենը» միավորում է արևելահայերենն ու արևմտահայերենը ու հիշեցնում, որ դրանք ոչ թե բացառում, այլ փոխլրացնում են միմյանց։

Վարդգեսի մտքում գաղափարը ծնվել է ընկերոջ հետ ընթրիքի ժամանակ։ Զրուցում էին Հայաստանից, հայրենիքից ու հայերենից։ Արդյունքում գաղափարը միս ու արյուն է ստացել մեկ այլ ընկերոջ՝ Ափօ Սահակեանի հետ համագործակցության շնորհիվ։ Ալբոմը հստակ ուղերձ ունի՝ համահայերենը միավորում է արևելահայերենն ու արևմտահայերենը, և դրանց միավորումն է՛լ ավելի արժեքավոր, նպատակային ու էսթետիկ փորձառություն է ստեղծում։

«Սա պարզապես ալբոմ չի, սա կոնցեպտ, մտածողություն ու գաղափարախոսություն ա»։

«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԾԵՐԱՆԱԼՈՒ» ՄԱՍԻՆ

«Մենք պրպտուն տղերք ենք»

FairWind-ը հաջորդ տարի կդառնա 20 տարեկան ու որքան էլ տղաները երիտասարդ են ու էներգիայով լի, բայց շատ պարզ մաթեմատիկական հաշվարկով հայկական ռոքի վետերաններից են։ Անխուսափելիորեն «արժանապատիվ ծերանալու» մասին հարց է առաջանում։ Ու, ի դեպ, այս հարցը ցավոտ է աշխարհում բազմաթիվ համաշխարհային ռոք խմբերի համար։

Վարդգեսը նախ ասում է, որ FairWind-ը չի պատրաստվում երիտասարդ ձևանալ։ Խումբն ու հանդիսատեսը միասին մեծանում են։ Փոխարենն ուզում են պահել այն, ինչ տարիքի հետ պարտադիր չէ կորցնել՝ էներգիան, հետաքրքրասիրությունը, ջերմությունը։ FairWind-ի առանցքային ուղերձը, վերջիվերջո, կյանքը սիրելն է։ Ու սա ամենևին էլ չի նշանակում չնկատել բացասականը.

«Հավատացեք, մենք շատ լավ տեսնում ենք նեգատիվը, անցկացնում ենք մեր միջով, փոխակերպում ենք դրական էներգիայի ու փոխանցում ենք մեր սիրելի մարդկանց, մեր սիրելի հանդիսատեսին»։

ՄԵՆՔ ՄԵՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԱՆՆՈՐՄԱԼ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ

«Մեզ միայն մեր հանդիսատեսն ա հավատացել»

FairWind-ի հետ տարիների ընթացքում փոխվել է նաև խմբի հանդիսատեսը, բայց կորիզը նույնն է մնացել։ Կան մարդիկ, որոնք խմբի հավատարիմ ունկնդիրն են դեռ առաջին համերգներից։ Վարդգեսը այս թեմայով մի հին հումոր է հիշում.

«FairWind-ի առաջին համերգներին զուգարանում տեղի ունեցած սեքսի արդյունքում ծնված երեխաները հիմա գալիս են FairWind-ի համերգին»

Սիրելի հանդիսատեսի մասին առանց զգայական նոտաների խոսել չի լինում։ Վակոն հիշում է, որ առաջին տարիներին հանդիսատեսից ավելի շատ վստահություն ու աջակցություն են ստացել, քան ոլորտի մարդկանցից։ Ու այսօր էլ համերգների ընթացքում արդեն ծանոթ ու հարազատ դարձած դեմքերից բացի նոր դեմքեր ու դեպքեր, նոր պատմություններ են ծնվում։ Gen Z-ն ևս լսում է FairWind, որովհետև FairWind-ի ունկնդիրը չունի սահմանված տարիք, FairWind-ի ունկնդիրն ունի ընդհանուր արժեքներ.

«Fairwind-ի ունկնդիրն այն մարդն ա, որը փնտրում ա անկեղծ, իրական զգացմունքներ, իրական երաժշտություն, և ի սրտե ուզում ա սեր և դրական էմոցիաներ փոխանցել մյուսներին»

ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՔ՝ ԱՌԱՆՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ԼԻՆԵԼՈՒ ԲԱՐԴՈՒՅԹԻ

«Թրենդները ժամանակավոր են, իրական լինելը՝ մնայուն»

12-13 տարեկանում Վարդգես Հովեյանը arminrock.am կայքի ադմինն էր ու, այսպես ասենք, ռոքի պատմությանը «կողքից նայող» մարդ չէր։ Այդ ժամանակ ձեռքի տակ ուներ հայկական ռոքի գրեթե ամբողջ ձայնադարանը։ Օրինակ հիշում է, թե ինչպես էր տպավորվել, երբ առաջին անգամ լսեց Գոռ Մխիթարյանի «Գլադիատորը»։

Իսկ ինչպիսի՞ն է հայկական ռոքը հիմա կամ ինչպիսի՞ն պիտի լինի։ Բազմաթիվ խմբեր կան ու սա, Վակոյի դիտարկմամբ, շատ բնական և նույնիսկ անհրաժեշտ վիճակ է։ Դաշտում պետք է ընտրություն լինի, որպեսզի մարդիկ կարողանան իրենց երաժշտական քիմքին հատուկ որևէ բան գտնել։

Դե, իսկ միջազգային դառնալու ձգտումը երբեմն կարող է բարդույթի վերածվել։ Վարդգեսի պատկերացմամբ հայկական ռոքն այլ առաքելություն պիտի ունենա.

«Հայկական ռոքը պիտի լինի անկեղծ, իրական, ու երբ պահը գա՝ կհասնի այնտեղ, որտեղ պետք ա»

ՍԵՐ, ԿՐԱԿ ԵՎ ՌԱՔՆՌՈԼ

«Սա գրեթե 20-ամյա պատմության նոր գլուխ է»

Պաշտոնական ձևակերպումներում FairWind-ն ալբոմը նկարագրում է որպես պատմություն իրականության, սիրո, ներքին կրակի, երազանքների և սեփական «ես»-ին հավատարիմ մնալու մասին։ Վարդգեսի խոսքով՝ «Սեր, կրակ և ռաքնռոլ»-ը սինեմատիկ երաժշտական ստեղծագործություն է, որը կարելի է ընկալել և՛ որպես մեկ ամբողջական ստեղծագործություն, և՛ որպես ինը առանձին երգերի հավաքածու։ Նոր որակ, նոր հնչողություն ու նոր ասելիք՝ հին ու բարի մոտիվներով և 20-ամյա պատմության նոր գլուխը ազդարարելու միտումով։

Ալբոմը սկսվում է «Մենք» երգով։ Խմբում բոլորն իրենց սիրելի երգն ունեն ալբոմից, Վակոյի սիրելին հենց «Մենք»-ն է։

«Երգը նվիրել եմ բոլոր նրանց, ովքեր էսքան տարի մեզ հետ են եղել՝ սկսած մեր ծնողներից, որ առաջին գործիքներն են մեզ նվիրել, մինչև այսօր արդեն մեր երեխաները, ովքեր լսում են մեր երգերը»

Հաջորդիվ «Բազմակետ»-ն է՝ երգ սիրո, անսահման ու անհուն սիրո մասին։ «Սերը ամենուր ա»-ն արդեն ուրախանալու, պարելու, տժժալու համար իրական ռաքնռոլ երգ է։ Հետո «Կրակ»-ն է՝ Վակոյի ձևակերպմամբ՝ «մաքսիմալ կարմիր երգ»։

Ալբոմի «Չփախչես ինձանից» երգը հենց այն ստեղծագործությունն է, որն ազդարարեց նոր FairWind-ի սկիզբը։ Դրան հաջորդում է «Խաղը», որն, ի դեպ, շատ տպավորիչ, կինեմատոգրաֆիկ ու փարաջանովյան ուղերձներով տեսահոլովակ ունի։

«Մեռնելուց կգոռամ գոհ եմ, որ ես «Խաղը» գրել եմ, որովհետև իսկապես շատ մեծ իմաստ ունի մեջը»

Հետո պետք է լսել «Սիրի»-ն ու հասկանալ, որ կնոջը պետք է սիրել և փայփայել, նաև ժամանակ առ ժամանակ հասկանալ, թե որքան կարևոր է ասել «խնդրում եմ»։ Ալբոմի նախավերջին, քաղցրիկ, շոկոլադե երգը «Մարմելադ»-ն է։ Ու ալբոմն ամփոփվում է «Քնիր, երազիր»-ով։

ՄՈՏ 20 ՏԱՐԻ՝ ՈՒ ԱՌԱՆՑ ՎԵՐՋԱԿԵՏԻ

«Առաջիկա պլաններում լիքը սեր տարածելն ա»

FairWind-ի առաջիկա պլաններում լիքը սեր տարածելն է, իսկ այս ընթացքում հասցրել են նաև Վրաստանում մասնակցել Lions of Rock փառատոնին, որտեղ բեմը կիսել են ռուսական լեգենդար Сплин և Каста խմբերի և բազմաթիվ այլ արտիստների ու ռոք խմբերի հետ։

Մինչ դուք վայելում եք նոր ալբոմներն ու երգերը՝ տղաները էլի ու էլի նոր երգեր, տեսահոլովակներ ու համերգներ են խոստանում։ Վարդգեսը հույս ունի, որ սիրով լի իրենց այս ճանապարհին դեռ շատ ու շատ նոր մարդիկ են միանալու։ Մարդիկ, որ գուցե առաջին անգամ կլսեն FairWind-ին, կամ էլ նորովի կբացահայտեն նրանց։ Երևանը, հնչողությունն ու մարդիկ գուցե փոխվել են, բայց FairWind-ը մի շատ ուղենիշային դիրքորոշում ունի՝ լինել անկեղծ, չվազել ժամանակավոր թրենդների հետևից ու շարունակել սեր տարածել։


«Մենք մնալու ենք նույն՝ էներգիայով լի, սիրով լի, սիրո մասին երգող, սիրո մասին երազող, անկեղծ, իսկական, հայկական ռոք խումբը»