
Եթե Յայոի Կուսամայի արվեստից ընդամենը մեկ տարր ընտրելու լինենք, ամենայն հավանականությամբ դա կետը կլինի։ Մեծ ու փոքր, կարմիր, դեղին, սև, սպիտակ, կտավի կամ էլ հագուստի վրա, դդումների, կահույքի, պատերի, նաև մարդկանց մարմինների վրա։ Տասնամյակների ընթացքում Կուսաման այնքան հետևողականորեն բազմապատկեց այդ կետերը, որ դրանք վաղուց արդեն դադարել են սոսկ գեղարվեստական հնարք լինելուց։ Այդ ճանաչելի ու այսօր նաև շատ «ինստագրամյան» վիզուալ աշխարհի հիմքում ոչ այնքան գունավոր պատմություն էր։
Ճապոնացի նկարչուհին դեռ մանկուց տեսողական հալյուցինացիաներ և կպչուն մտքեր է ունեցել։ Նրա աչքերում շրջապատող աշխարհը երբեմն պատվում էր կրկնվող նախշերով, որոնք առարկաներից տարածվում էին պատերին, պատերից՝ ամբողջ տարածությանը, ապա կարծես հասնում իրեն։ 1954 թվականի իր տեսիլքներից մեկը Կուսաման նկարագրել է այսպես.
«Նայում էի սեղանի կարմիր ծաղկավոր սփռոցին, հետո հայացքս բարձրացրեցի և նույն ծաղիկները տեսա առաստաղին, պատուհաններին, պատերին, ամբողջ սենյակում, մարմնիս ու ամբողջ տիեզերքի վրա։ Այդ պահին թվում էր, թե անհետանում եմ՝ լուծվելով անվերջ ժամանակի և անսահման տարածության մեջ։»

Այդ զգացողության համար Կուսաման նաև իր սեփական բառն ու կոնցեպտն ուներ՝ self-obliteration՝ «ինքնաոչնչացում» կամ սեփական «ես»-ի վերացում։ Նրա արվեստի մեծ մասը կարելի է ուսումնասիրել հենց այս գաղափարի միջոցով։ Եթե կետը շարունակ կրկնես, տարածես կտավից դուրս՝ պատին, հատակին ու մարմնին, ինչ-որ պահից սահմանները կձուլվեն։ Նույնը տեղի է ունենում հայելային սենյակներում։ Մարդն իրեն է տեսնում, բայց միաժամանակ տեսնում է իր արտացոլման անվերջ կրկնությունները և աստիճանաբար դադարում է իրեն ընկալել որպես այդ տարածությունից առանձնացված միավոր։ Կուսամայի համար սա սեփական հոգեկան վիճակի հետ ապրելու միջոց էր։ Նա բացահայտ ասում էր, որ նկարելն օգնում է իրեն հաղթահարել տագնապը։ Իսկ տարիներ անց այդ անձնական պայքարը ձևակերպելու էր շատ ավելի հավակնոտ պնդմամբ՝
«Ես արվեստ եմ ստեղծում ամբողջ մարդկության ապաքինման համար»։

Յայոի Կուսաման շատ վաղ տարիքից գիտեր, որ ուզում է նկարիչ դառնալ, բայց ընտանիքում այդ որոշումն առանձնապես մեծ ոգևորությամբ չէին ընդունում։ Մայրը, հակառակը, ցանկանում էր, որ աղջիկը մտածի հարուստ ամուսին և ապահով կյանք գտնելու մասին։ Կուսամայի հիշողություններում տպավորվել է, որ մայրը պարբերաբար հանդիմանում էր նրան նկարելու համար և նույնիսկ դեն էր նետում նկարչական պարագաները։ Ի դեպ, տասը տարեկանում Կուսաման ստեղծել է իր ամենատպավորիչ դիմանկարներից մեկը։ Նկարել էր մորը, բայց դիմանկարի դասական կանոններից սա շատ հեռու էր։ Նկարում մոր դեմքն ու հագի կիմոնոն պատված էին կետերով, իսկ գլխավերևում նույն կետերով լցված էր գիշերային երկինքը։
1948 թվականին, չնայած մոր դիմադրությանը, Կուսաման ընդունվեց Կիոտոյի արվեստի և արհեստների դպրոց։ Այնտեղ սկզբում ուսումնասիրեց ճապոնական ավանդական նիհոնգա նկարչությունը, բայց քիչ ժամանակ էր պետք հասկանալու համար, որ ավանդական ձևերն իր հետաքրքրությունների շրջանակում չեն։ Կուսաման շատ արագ շարժվեց դեպի աբստրակցիա՝ նկարում էր օրգանական կառուցվածքներ, կրկնվող գծեր և կետերի խիտ ցանցեր։ 1950-ականների սկզբին Մացումոտոյում արդեն նրա առաջին անհատական ցուցահանդեսն էր։ Բայց Կուսամայի հավակնությունները Մացումոտոյից անհամեմատ ավելի մեծ էին։

Կուսաման երիտասարդ տարիքում հայտնաբերել ու ոգեշնչվել է ամերիկացի նկարիչ Ջորջիա Օ’Քիֆի աշխատանքներով։ Նա այնքան էր տպավորվել, որ որոշել էր գտնել նկարչուհու հասցեն և պարզապես նամակ գրել նրան։ Ու ո՞վ կմտածեր, որ հենց ինքը՝ Օ’Քիֆը, անձամբ կպատասխաներ այդ նամակին ու այն ճակատագրական կդառնար։ Երկուսի միջև նամակագրություն սկսվեց։ Երիտասարդ ճապոնուհու համար, որը ցանկանում էր դուրս գալ հետպատերազմյան Ճապոնիայի սահմաններից և հասնել միջազգային արվեստի կենտրոն, այդ կապը որոշիչ դարձավ։
Կուսաման անգլերեն գրեթե չգիտեր, Նահանգներում ծանոթություններ չուներ, բայց մարտական էր տրամադրված։ Իր հետ վերցրեց մոտ 200 գծանկար, մեկ ճամպրուկ, ու միակողմանի տոմսով մեկնեց ԱՄՆ։ 1957 թվականին Կուսաման հասավ Սիեթլ։ Այնտեղ կարողացավ համեստ ցուցահանդես կազմակերպել, բայց շատ արագ հասկացավ, որ եթե իսկապես ուզում է հայտնվել ամերիկյան ժամանակակից արվեստի կենտրոնում, պետք է Նյու Յորք մեկնի։ Կրկին դիմեց Օ’Քիֆին, լսեց նրա խորհուրդները, և մեկ տարի անց արդեն Նյու Յորքում էր։

Նոր քաղաքում ամեն ինչ շատ արագ զարգացավ։ Կուսաման սկսեց անհատական ցուցահանդեսներ ունենալ Նյու Յորքում և ԱՄՆ արևելյան ափի այլ քաղաքներում։ 1959 թվականին Brata պատկերասրահում նրա առաջին նյույորքյան անհատական ցուցահանդեսը բարձր գնահատականների արժանացավ։ Աստիճանաբար ձևավորվում էր նաև ճապոնուհու ընկերական միջավայրը, որտեղ ճնշող մեծամասնությամբ ժամանակի ամենատպավորիչ արվեստագետներն էին։ Կարելի է պնդել, որ Յայոի Կուսաման մտավ այն միջավայր, որտեղ ծնվում էին հաջորդ տասնամյակների ամերիկյան արվեստի կարևորագույն շարժումները։
Անսահմանության տպավորություն թողնող կետերն ու այսպես կոչված կետային ցանցերը շարունակում էին ճապոնուհու արվեստի առանցքում մնալ, բայց 1963 թվականին նրա արվեստում մի կարևոր շրջադարձ ուրվագծվեց։ Կուսաման սկսեց աշխատել հայելիների ու արտացոլանքի հետ։ Փակ սենյակի բոլոր մակերեսները հայելապատելով և ներսում լույսեր, կետեր կամ կետերով պատված առարկաներ տեղադրելով՝ հնարավոր էր մի քանի տասնյակ առարկայից ստեղծել միլիոնների պատրանք։ Հայելիները մեկը մյուսի մեջ արտացոլում էին նույն պատկերը, և այն տարածվում էր այնքան հեռու, որքան մարդու աչքը կարող էր տեսնել։ Այսպես ծնվեց Կուսամայի արվեստի ամենահայտնի ուղղություններից մեկը՝ Infinity Mirror Room-ը։ Իրականում այդ սենյակները կարծես շարունակում էին մանկական հալյուցինացիաների տրամաբանությունը։

Կուսամայի համար կետը տիեզերքի հետ հաղորդակցվելու միջոց էր։ Կարելի է ասել, որ նկարչուհին այն կապում էր տիեզերքի կառուցվածքի հետ՝ աստղերից ու մոլորակներից մինչև առանձին մարդ։ Նրա պատկերացմամբ՝ տարբեր առարկաները կարող են տարբեր տեսք ունենալ, բայց դրանց հիմքում նույն նյութն է։ Հետևաբար կետերով ծածկել որևէ առարկա նշանակում էր այն վերադարձնել ընդհանուր համակարգի մեջ, քանդել դրա «մեկուսացված» շղարշը։
Իր Infinity Nets ինքնակենսագրական գրքում Կուսաման գրում էր, որ կարմիր, կանաչ կամ դեղին կետերը կարող են լինել Երկիրը, Արեգակը կամ Լուսինը, և իրականում դրանց կոնկրետ նշանակությունն այնքան էլ կարևոր չէ։ Երբ կետերը հայտնվում են մարդու մարմնի վրա, մարդը, նրա պատկերացմամբ, «ինքնաոչնչանում» է և վերադառնում տիեզերքի բնությանը։

Կուսամայի արվեստը նաև արտաքին տեսքի և ներքին բովանդակության միջև տարբերության մասին է։ Արվեստաբանների դիտարկմամբ նրա աշխարհն առաջին հայացքից կարող է չափազանց գունավոր և նույնիսկ մանկական թվալ, բայց դրա հիմքում մշտապես անհետացման գաղափարն է։ Ու խոսքն այստեղ ամենևին էլ մահվան մասին չէ, այլ սեփական «ես»-ի սահմանը կորցնելու։ Կուսաման իր տեսիլքներից չէր խուսափում և դրանք օգտագործում էր որպես իր արվեստի հումք։ Նա այդ տեսիլքներին անգամ գաղափարական իմաստ էր հաղորդել ու պնդում էր, որ մարդիկ առանձին, ինքնաբավ միավորներ չեն, այլ նույն՝ անսահման տիեզերքի հավասար բաղկացուցիչներ։
Սա է նաև պատճառը, որ Կուսամային արվեստի մեկ ուղղության մեջ տեղավորելը միշտ էլ բարդ է եղել։ Նրա աշխատանքներում միախառնվում են մինիմալիզմի, սյուրռեալիզմի, փոփ արտի, աբստրակտ էքսպրեսիոնիզմի և ֆեմինիստական արվեստի տարրեր։ Դրանցում գրեթե միշտ նաև ինքնակենսագրական ու հոգեբանական շերտեր կան։
1966 թվականին Վենետիկում Կուսաման ստեղծեց իր ամենահայտնի աշխատանքներից ևս մեկը՝ Narcissus Garden-ը՝ «Նարցիսի այգին»։ Խոտածածկ տարածքի վրա նա հարյուրավոր փոքր հայելային գնդեր դասավորեց։ Անվանումը հղում էր հունական դիցաբանությունից հայտնի Նարկիսոսին՝ երիտասարդին, որն այնքան էր տարվել սեփական արտացոլանքով, որ այլևս չէր կարողանում դրանից կտրվել։

Կուսաման աշխատանքի կողքին տեղադրել էր Your Narcissism for Sale՝ «Ձեր նարցիսիզմը վաճառվում է» գրությունը և առաջարկում էր հայելային գնդերը գնել երկուական դոլարով։ Բիենալեի կազմակերպիչներին այդ առևտուրը դուր չեկավ, և ցուցանակը ստիպեցին հանել, բայց մինչև այդ որոշ այցելուներ արդեն հասցրել էին գնել իրենց «նարցիսիզմը»։
Այդ տարիներին Կուսաման շատ հայտնի էր նաև իր հակապատերազմական կոչերով, ակցիաներով և արվեստի նմուշներով։ Նրա ձայնը լսելի էր դառնում հատկապես իրեն հատուկ ձևակերպումների ու մոտեցումների շնորհիվ, առանց կաղապարների ու վախերի ճշմարտության մասին խոսելու շնորհիվ։ Օրինակ 1968 թվականին Կուսաման բաց նամակ գրեց ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնին և Վիետնամի պատերազմը դադարեցնելու դիմաց նրան առաջարկեց սեռական հարաբերություն ունենալ իր հետ։
1972 թվականին մահացավ Ջոզեֆ Քորնելը՝ Կուսամայի ամենամոտ մարդկանցից մեկը։ Նրա կորուստը ծանր հարված էր նկարչուհու համար։ Իսկ արդեն 1973 թվականին վատացավ նաև Կուսամայի առողջական վիճակը։ Նա վերադարձավ Ճապոնիա՝ հոգնած, ընկճված և ֆիզիկապես ու հոգեպես քայքայված։ Կազդուրվելու համար ժամանակ էր պետք, բայց այդ ժամանակը ևս ճապոնուհին օգտագործեց հօգուտ արվեստի։ Վիզուալ արվեստից զատ սկսեց վեպեր ու պատմվածքներ գրել, աշխատեց կինոյի ու նորաձևության ոլորտներում՝ այդպիսով ընդլայնելով ստեղծագործական կենսագրությունը։

Բայց այդ ամբողջ ընթացքում շարունակվում էին հալյուցինացիաներն ու տագնապային հոգեվիճակը։ Ու ահա՝ 1977 թվականին Կուսաման սեփական որոշմամբ տեղափոխվեց Տոկիոյի հոգեբուժական հիվանդանոց։ Նա, վստահաբար, չէր «պարտվել» հիվանդությանը։ Հակառակը՝ կլինիկան հենց այն անհրաժեշտ ֆիզիկական միջավայրն էր, որը թուլ տվեց նրան շարունակել ապրել ու աշխատել։ Հաջորդող տասնամյակների ընթացքում ու մինչև նկարչի կյանքի վերջը՝ հոգեբուժական կլինիկան դարձավ նրա տունը, իսկ մոտակայքում էլ գտնվում էր արվեստանոցը։

Ամեն առավոտ Կուսաման գնում էր այնտեղ աշխատելու, իսկ երեկոյան վերադառնում էր հիվանդանոց։ Նա երբևէ չի թաքցրել իր հոգեկան առողջության խնդիրները։ Ընդհակառակը՝ մշտապես խոսում էր դրանց մասին և բացատրում, թե որքան անմիջականորեն են դրանք կապված իր արվեստի հետ։
Յայոի Կուսաման մահացավ օգոստոսի 14-ին՝ 97 տարեկանում։ Կուսաման շարունակել է նկարել մինչև կյանքի վերջին օրերը ու մինչև վերջ էլ հավատարիմ է մնացել իր համոզմանը, որ աշխարհը կարելի է փրկել սիրով։ Յայոի Կուսաման իր տեսիլքների աշխարհից չէր կարող փախչել։ Փոխարենը նա ստիպեց աշխարհին տեսնել այն։
